Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

«Արփի լիճ» ազգային պարկի տարածքից 140 հեկտար կհատկացվի Շաղիկ գյուղին, որպես խոտհարք



Կառավարությունը պատրաստվում է «Արփի լիճ» ազգային պարկի տարածքից 140 հեկտար հատկացնել Շիրակի մարզի Շաղիկ գյուղին՝ գյուղատնտեսական նպատակներով: Հարցը կքննարկվի գործադիրի առաջիկա նիստում:

Շաղիկ գյուղի և «Արփի լիճ» ազգային պարկի տարածքների վիճելի հատվածների ուսումնասիրման աշխատանքների արդյունքում պարզվել է, որ համայնքի գյուղատնտեսական նշանակության հողերը ներկայումս չեն բավարարում անասնապահության կարիքները հոգալու համար եւ առաջ են բերել մի շարք սոցիալ-տնտեսական խնդիրներ:

Խնդրին լուծում տալու համար, Բնապահպանության նախարարությունը անհրաժեշտ է համարում համայնքի անմիջական հարակից` ազգային պարկին պատկանող 140 հա տարածքը, որը նախկինում բնակիչների կողմից օգտագործվել է անասնապահության նպատակով, հատկացնել Շաղիկ գյուղին, որպես խոտհարք օգտագործելու համար:

Բնապահպանության նախարարության մշակած նախագծով նախատեսվում է համայնքին ներկայացնել այնպիսի հողատարածք, որը կենսաբազմազանության տեսակետից իրենից էական արժեք չի ներկայացնում:

Կառավարության որոշման նախագծի մշակման աշխատանքների ընթացքում, ըստ Բնապահպանության նախարարության պնդումների, հաշվի են առնվել «Արփի լիճ» ազգային պարկի տարածքի արժեքավոր էկոհամակարգերի տեղաբաշխվածությունը, ֆլորայի եւ ֆաունայի տեսակային կազմը, տարածվածությունը, բնորոշ ապրելավայրերը, լանդշաֆտային առանձնահատկությունները, ինչպես նաեւ տարածաշրջանի համայնքների սոցիալտնտեսական խնդիրները:

Տարածքների վիճելի հատվածների ուսումնասիրման աշխատանքներին մասնակցել են Բնապահպանության նախարարության, «Արփի լճի», կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, Շիրակի մարզպետարանի եւ ՀՀ Շաղիկ գյուղի ներկայացուցիչները:

Շաղիկ գյուղի եւ «Արփի լիճ» ազգային պարկի տարածքների հարցը վաղուց է վիճելի եւ վաղուց ճշգրտման կարիք ունի: Ըստ 2014թ. հողային հաշվեկշռի, Արփի համայնքի Շաղիկ գյուղի վարչական տարածքը կազմում է ընդամենը 5460,6 հեկտար, որից 4225,09 հեկտարը  հատուկ պահպանվող տարածքների հողեր են:

Լուսանկարը՝ Panda.org կայքի


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ