HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եղնուկյանը բողոքարկում է քննիչի որոշումը

Ամալյա Մարգարյան

Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ շարունակվեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի բողոքի քննությունը:

Եղնուկյանը բողոք է ներկայացրել ընդդեմ քննիչի, որը քրեական գործ չի հարուցել վերջինիս բնակարան ներխուժած ոստիկանության աշխատակիցների դեմ:

Նիստի ընթացքում դատարանում ցուցադրվեց երկու տեսանյութ, մեկը՝ նկարահանված ոստիկանության կողմից, մյուսը՝ Եղնուկյանի հարազատների: Եղնուկյանը պնդում է, որ տեսանյութերի մեջ տարբերություններ կան, և իրենց տեսանյութում երևում է, թե ինչպես է ոստիկանության աշխատակիցը փորձել մուտք գործել բնակարան:

«Ոստիկանությունն ասում է` ներս չենք մտել: Եթե ներս չեն մտել, ապա ինչու՞ է իմ կողմից հնչում հրաման` դուրս եկեք: Դուռը չեմ կարողանում փակել, դա էլ ապացույց է: Դուռը փակելու համար ես ստիպված պիտի հրեի ներս մտած ոստիկանին»,-դատարանում նշեց հայցվորը:

«Մենք ունենք սահմանադրական նորմ` բնակարանի անձեռնմխելիության իրավունքը, և ունենք ոստիկաններ, ովքեր խախտել են այդ նորմը: Եթե խախտում չի եղել, ապա գոնե պիտի քննիչի կողմից պարզաբանում լիներ, որ այդ մեկ քայլ ներխուժելը դեռ չի նշանակում բնակարանի անձեռնմխելիության խախտում»,-ասաց Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը:

Պաշտպանը հավելեց նաև, որ պետք է հստակեցվի` արդյոք կատարվածը սահմանադրական նորմի խախտու՞մ է, և արդյոք ոստիկանը իրավունք ունե՞ր առանց դատարանի համապատասխան որոշման մուտք գործել բնակարան` բնակարանի տիրոջ կամքին հակառակ: Եթե իրավունք չունեին, ապա պետք է քրեական գործ հարուցվեր, նախաքննություն սկսվեր:

Քննիչ Ն. Օսյանը նշեց, որ Սահմանադրության մեջ առկա բնակարանի անձեռնմխելիության նորմից բացի, կա նաեւ Քրեական դատավարության օրենսգրքի 153-րդ հոդվածը, ըստ որի` հետաքննության մարմնի որոշմամբ` ոստիկանության աշխատակիցները կարող են ներս մտնել բանկարան: «Ոստիկանները դռան շեմին կանգնած են, բնակարան մուտք գործելու հանգամանք չեմ նկատում, փորձել են Եղնուկյանին բացատրել, որ կատարել են իրենց ծառայողական պարտականությունները: Բացառապես Կարո Եղնուկյանի հայտարարած նույն սանկցիան չէ, որ հնարավորություն է տալիս բնակարան մուտք գործել»,-ասաց քննիչը:

Նիստի ավարտից հետո Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ ՀՀ Սահմանադրության բնակարանների անձեռնմխելիության մասին օրենքը և Քրեական դատավարության օրենսգրքի 153-րդ հոդվածը միմյանց հակասում են. «Եթե դատավորն ընդունի ներկայացրած բողոքը և կատարի համապատասխան որոշում, ապա սա կարող է դառնալ նախադեպային, բնակարանի անձեռնմխելիության իրավունքը կամրապնդվի և մարդու իրավունքներն ավելի պաշտպանված կլինեն»:

Դատավորը որոշումը կհրապարակի հունվարի 18-ին:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter