HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Նախազգուշացնող «ապտակ» Բաքվին. ինչի՞ց է վախենում Մոսկվան

Իր ղեկավարած գերատեսչության նախորդ տարվա արդյունքներն ամփոփող ասուլիսի ընթացքում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը չափազանց կոշտ, ըստ էության, սենսացիոն պատասխան է տվել ադրբեջանցի լրագրողի հարցին: Վերջինս հարցրել է, թե արդյո՞ք Ռուսաստանը աչք կփակի կամ կմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին, եթե նա «օկուպացված տարածքներում» հակաահաբեկչական օպերացիաներ ձեռնարկի այդ տարածքները «օկուպացիոն ուժերից և այլ քրեական տարրերից մաքրելու» նպատակով: Ի պատասխան Լավրովն ասել է, թե այդ հարցն արդեն բացառապես Ադրբեջանի ներքին գործը չէ և ավելացրել է. «ԼՂ հիմնահարցի կապակցությամբ առկա է որոշումների մի ամբողջ խումբ, որոնցից են առաջին հերթին հակամարտության ամենաթեժ շրջանում կայացված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից բանաձևերը, որոնք պահանջում էին դադարեցնել կրակը: Եթե հետաքրքրվում եք, կարող եք արխիվներն ուսումնասիրել և տեսնել, թե ինչպես են կատարվել կրակի անհապաղ դադարեցման վերաբերյալ պահանջները և ում կողմից դրանք չեն կատարվել»: Ապա Լավրովը հիշեցրել է, որ չնայած պայմաններից մեկն էլ եղել է «օկուպացված տարածքների» ազատումը, սակայն՝ մի կողմից ոչ մի դեպքում ուժի գործադրմամբ, մյուս կողմից՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշմամբ, որոնք արտահայտվել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի, ՄԽ եռանախագահության, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից բազմիցս ընդունված փաստաթղթերում:

Անդրադառնալով ապրիլյան պատերազմին՝ Լավրովը հիշեցրել է, որ հաշվի առնելով կողմերի փոխադարձ մեղադրանքները՝ Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում անցած տարվա կեսերին կայացած գագաթաժողովներում նախագահներ Ալիևի և Սարգսյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծելու և շփման գծում ԵԱՀԿ դիտորդների թիվն ավելացնելու անհրաժեշտության վերաբերյալ: «Բայց ցավոք, ապրիլյան դեպքերի կրկնությունը բացառող այդպիսի տարրական, անհրաժեշտ պայմանավորվածությունները կյանքի չեն կոչվում, քանի դեռ ԵԱՀԿ-ում կոնսենսուս չկա: Կոնսենսուսի բացակայության պատճառների մասին ևս կարելի է հետաքրքրվել այդ կազմակերպության ներկայացուցիչներից»,-իր պատասխանն ամփոփել է Լավրովը:

Եթե փորձենք ՌԴ արտգործնախարարի մտքերն «ազատագրել» դիվանագիտական պաճուճապատանքից, ապա նա կատարում է մի քանի ուշագրավ շեշտադրում:

1. Առաջին անգամ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներից մեկը՝ Ռուսաստանը, ԼՂ հիմնահարցի կապակցությամբ 1993թ. ընդունված ՄԱԿ ԱԽ չորս բանաձևերին հղում է կատարում ոչ թե բացառապես հայկական ուժերի կողմից զբաղեցված տարածքները թողնելու տեսանկյունից, ինչ լույսի ներքո է տարիներ շարունակ բանձևերը փորձել է մատուցել Բաքուն, այլ դրանցում կրակի դադարեցման առաջնային պայմանի խախտման: Իսկ այդ պայմանը մշտապես խախտել է Ադրբեջանը, ինչի մասին նաև ՄԱԿ-ի ամբիոնից մի քանի անգամ հայտարարել են ՀՀ վերջին երկու նախագահները: Այլ կերպ ասած՝ Լավրովը, բացի այն, որ «զրկում է» Բաքվին այդ բանաձևերը միակողմանիորեն շահարկելու արհեստածին կռվանից, նաև ակնարկում է, որ հենց ադրբեջանական կողմն է մշտապես շահագրգռված եղել պատերազմի միջոցով հարցի լուծման մեջ: Եվ որպես դրա հիմնավորում՝ Լավրովը թափանցիկ կերպով հենց Ադրբեջանին է մեղադրում թե՛ ապրիլյան բլից-քրիգի փորձը ձեռնարկելու և թե՛ դրանից հետո միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման և ԵԱՀԿ դիտորդների թիվը շփման գծում ավելացնելու Վիեննայի և Սանկտ-Պետերպուրգի պայմանավորվածությունները չկատարելու, այս առումով կոնսեսուսի ձեռբերումը վիժեցնելու մեջ: Սա ակնարկ է առ այն, որ եթե նույնիսկ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները խուսափում են հասցեական գնահատականներ հնչեցնելուց, սակայն Ադրբեջանին են համարում կարգավորման խաղաղ գործընթացը ձախողելու, շփման գծում և տարածաշրջանում իրավիճակը լարելու պատասխանատուն:

2. Եթե նկատի ունենանք այն պահվածքը, որը Մոսկվան դրսևում էր ապրիլյան պատերամզի և դրան անմիջապես հաջորդած մի քանի օրերին, Լավրովի այս կոշտ հասցեագրումները կարելի է ինչ-որ իմաստով այդ դեպքերից Ռուսաստանի պատասխանատվության օտարման փորձ համարել: Սա գրեթե բացահայտ ակնարկ է այն մասին, որ Մոսկվան համենայնդեպս ներկա պահին, հակված չէ թույլ տալու ապրիլյան պատերամզի կրկնություն, և զուր են Բաքվում հույսեր փայփայում, թե Ռուսաստանը նորից աչք կփակի նման փորձի դեպքում: Պետք է ենթադրել, որ Լավրովի նման արձագանքը նաև պայմանավորված էր ադրբեջանցի լրագրողի՝ բնույթով ստուգողական, բայց չափից դուրս ցինիկ հարցի ներքո ապրիլյան պատերազմի բռնկման մեջ Ռուսաստանի ունեցած ոչ երկրորդական դերը մատնելու հանգամանքով:  

3. Լավրովը փաստացի ապտակ է հասցնում Բաքվին՝ ԼՂ հիմնահարցն իր ներքին խնդիրը դարձնելու փորձի համար՝ պարզ ակնարկելով, որ այն ոչ թե տարածքային վեճ է, այլև առաջին հերթին ինքնորոշման: Դրա մասին է վկայում նաև Լավրովի կողմից հակամարտությանն առնչվող միջազգային փաստաթղթերում ԼՂ վերջնական կարգավիճակի որոշման պայմանի հիշատակումը: Սա ուշագրավ պահ է այն իմաստով, որ Մոսկվան մինչ այդ մի քանի անգամ հայտարարել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ԼՂ-ն ներառյալ ճանաչելու մասին: Այս ֆոնին Լավրովի արած պնդումը, թե ԼՂ հարցը միայն Ադրբեջանի ներքին թեման չէ, ակնարկ է այն մասին, որ ԼՂ կարգավիճակի որոշման հարցից Բաքուն, միևնույնն է փախչելու տեղ չունի և որ այդ առումով վերջինս չի կարող Մոսկվային և ՄԽ համանախագահող մյուս երկրների դիրքորոշումներն իր համար միակողմանի լուծումներ պարտադրելու և իր պատերազմի քաղաքականությունը սնուցելու գործիք դարձնել:

4. ԼՂ-ն դուրս դնելով բացառապես Ադրբեջանի կոմպետենցիայի դաշտից, խոսելով ԼՂ-ի (ուշադրություն դարձրեք Լավրովի ձևակերպմանը) «վերջնական կարգավիճակի որոշման անհրաժեշտության մասին` Լավրովն ինքը կարծես շրջանառությունից հանում է այսպես կոչված «լավրովյան» այն պլանը, որը ապրիլյան պատերազմից անմիջապես հետո Մոսկվան և Բաքուն փորձում էին փաթաթել հայկական կողմի վզին: Հիշեցնենք, որ «Լավրովի պլան» կոչված կարգավորման ճանապարհային քարտեզով խոսքը գնում էր նախկին ԼՂԻՄ-ին հարակից մի քանի շրջաններն Ադրբեջանին հանձնելու դիմաց ԼՂ-ին ընդամենը միջանկյալ կարգավիճակ շնորհելու և այդ նոր ստատուս քվոյի պայմաններում փաստացի ԼՂ վերջնական կարգավիճակի որոշման հարցն ընդմիշտ մոռացության մատնելու մասին: Ասուլիսում Լավրովի արած հայտարարությունների մեջ այս «քարտեզի» անգամ նվազագույն հետքը չի կարելի գտնել: Դրանով պաշտոնական Մոսկվան, կարծես հաստատում է ավելի վաղ հայկական կողմի արած այն հայտարարությունը, թե նման պլան արդեն գոյություն չունի: Մոսկվային այդ պլանը մոռանալու հարցում օգնել էին, թերևս, «Սասնա ծռեր» խմբի անդամները՝ Երևանի ՊՊԾ գնդի գրավման ժամանակ հենց Մոսկվայից թելադրվող զիջումների նմատմամբ անհանդուրժողականություն դրսևորելով և հասկանալի դարձնելով, թե ինչ հետևանքներ դա կարող է ունենալ Հայաստանում Ռուսաստանի դիրքերի համար:

Մոսկվան նկատելիորեն փոխել է իր մոտեցումը ԼՂ կարգավորման հարցում: Բայց հարց է առաջանում, թե ինչով է այդ փոփոխությունը պայմանավորված: Կարծել, թե Ռուսաստանը հանկարծ հիշել է Հայաստանի անվտանգության երաշխավորման հարցում իր ստանձնած պայմանագրային պարտավորությունների մասին, միամտություն կլիներ: Այդ դեպքում ՌԴ փոխվարչապետ Դմիտրիմ Ռոգոզինը նորից չէր շտապի Բաքու՝ Ալիևի հետ քննարկելու զինտեխնիկայի նոր խմբաքանակների մատակարարման գործարքների հարցը: Իրականում Բաքուն Ռուսաստանի համար տարածաշրջանում հիմա լուրջ սպառնալիքներ է ստեղծում, որոնց ականջները երևում էին նաև ասուլիսի ընթացքում ադրբեջանցի լրագրողի կողմից Լավրովին ուղղված հարցի տողատակից:

Նախ՝ Բաքուն ըստ էության խախտել է Սանկտ-Պետերբուրգում նախագահ Պուտինի հետ եռակողմ գագաթաժողովի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ դրանով իսկ կասկածի տակ դնելով ՌԴ-ի և անձամբ Վլադիմիր Պուտինի հեղինակությունը: Այդպսիով Բաքուն կասկածի տակ է դնում առհասարակ ԼՂ հարցում Մոսկվայի ազդեցությունը, տարածաշրջանում հարաբերական կայունություն ապահովելու նրա ընդունակությունը:

Երկրորդ՝ ԼՂ հարցում Կրեմլի ներկայիս քաղաքականության նպատակը  նոր պայթյուն թույլ չտալն է, իսկ Բաքուն չի ցանկանում այդ հարցում որևէ պարտավորություն վերցնել իր վրա՝ մշտապես պահպանելով նոր լայնամասշտաբ գործողություններ ձեռնարկելու իրական սպառնալիքը: Դրա հետ հաշտվել, Մոսկվան, բնականաբար, չի ուզում, որովհետև կարող է դառնալ նրա անհաշվենկատ քայլերի պատանդը: 

Երկրորդ՝ դեկտեմբերի 29-ին Տավուշի մարզի Չինարի գյուղի մերձակա հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ-ն ձեռնարկեց դիվերսիոն հարձակում՝ երկկողմանի մարդկային կորուստների պատճառ դառնալով: Բաքվի հիմնական նպատակներից մեկն էր շոշափել նոր ռազմական գործողություններ սկսելու, այն Հայաստան-Ադրբեջան շփման գիծ տեղափոխվելու դեպքում Մոսկվայի և ՀԱՊԿ-ի հնարավոր արձագանքը, որևէ ձևաչափով միջամտության հավանականությունը: Բաքուն փորձում էր հասկանալ՝ արդյոք Ռուսաստանը կդրսևորի՞ նույնպիսի լուռ անտարբերություն, ինչպես ապրիլյան պատերազմի առաջին օրերին: Ասուլիսին Լավրովին ուղղված հարցի մեջ ևս առկա էր այդ տրամադրությունները շոշափելու նպատակը, և այդ ազդակները Ռուսաստանում ակնհայտորեն որսացել են: Թերևս դրանով էր պայմանավորված դեկտեմբերյան դիվերսիոն հարձակումից ընդամենը ժամեր անց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի արտահայտած խորը անհանգստությունը, «լեզվի սայթաքումով» «ԼՂՀ» եզրույթի օգտագործումը: Թե՛ Բորդյուժայի աննախադեպ շտապողականությունը և թե՛ այդ եզրույթի օգտագործումը թափանցիկ ակնարկ էր առ այն, որ Մոսկվան հասկանում է Բաքվի հեռահար նպատակները և զգուշացնում, որ դրանց ետևից վազելը և Ռուսաստանին դրանում ներքաշելը կարող է հենց Բաքվի համար անդառնալի հետևանքներ ունենալ, օրինակ, ԼՂ վերջնական  կարգավիճակի որոշման հարցը բանակցային օրակարգի առաջնային խնդիր դարձնելու տեսքով: Այս իմաստով Բորդյուժայի հայտարարությունը պետք է ընկալել որպես Մոսկվայի դիրքորոշում: Լավրովի կողմից ԼՂ հիմնահարցը Ադրբեջանի ներքին հարցը չհամարելու, Ադրբեջանին անուղղակիորեն նախահարձակ լինելու և միջազգային պարտավորությունները խախտելու մեջ մեղադրելու մասին դիտարկումները փաստացի Բորդյուժայի թույլ տված «սայթաքման» տրամաբանական շարունակությունն է. երեքի թիրախն էլ նույն նշանակետն է՝ զսպել Ադրբեջանին ռազմական մասշտաբային գործողությունների անցնելու հարցում, որի պարագայում ՌԴ-ի անկողմնակալությունն արդեն ընդհանրապես հասկանալի չի լինելու և կարող է նրան քաշել անցանկալի ռազմական հակամարտության մեջ և կանգնեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընտրություն կատարելու բացառելի երկընտրանքի առջև:

Ամեն դեպքում Մոսկվայի այս նյարդայնությունը խոսում է այն մասին, որ Ռուսաստանը նոր պատերազմի վերսկսման հավանականությունը փոքր չի համարում:

Մեկնաբանություններ (4)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Վերլուծությունը հետաքրքիր է,բայց միշտ պիտի հիշել,որ Արցախի խնդրի լուծման բանալին...Վրաստանում է,կամ՝ ավելի կոնկրետ՝ նրա ՆԱՏՕ ինտեգրման պրոցեսում:Բոլորին է հայտնի, որ առանց Ադրբեջանի Ռուսաստանն Անդրկովկասում երկար չի կարող մնալ: Վրաստանն արդեն Արեւմուտք/ՆԱՏՕ-ի ազդեցության գոտում է, եւ սա բաց նյարդ է Ռուսաստանի համար: Սրան հակազդելու միայն մեկ միջոց ունի Ռուսաստանը՝ «իրենով անել» Ադրբեջանը, որպեսզի զսպի նաեւ Վրաստանին: Աբխազիայի եւ Հարավային Օսիայի միջոցով Ռուսաստանին սա չհաջողվեց: Ռուսաստանում հասկանում են, որ Հայաստանն առանց Վրաստանի չի կարող, ու, երկարաժամկետ կտրվածքով, Հայաստանն էլ Վրաստանի հետ նույն ճամբարում պիտի լինի: Ադրբեջանն «իրենով անելու» համար Ռուսաստանը, թերեւս, մեկ միջոց ունի՝ ռուս խաղարարարներ մտցնել ԼՂՀ: Ադրբեջանը սրան կհամաձայնի միայն այն դեպքում, եթե Ռուսաստանն Ադրբեջանին խոստանա Արցախի հարցն ի շահ իրեն լուծել: Եթե ռուս «խաղարարարներ» ոտք դնեն ԼՂՀ, այդ պահից Արցախն այլևս երբեք հայկական չի՛ լինելու: ՀԳ. Հոդվածում նշված այդ ՄԱԿ չորս բանաձևերը իրավաբանորեն պարտադրող չեն (դրանք «UN Chapter VII resolutions» չեն):
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հիմա հարցին նայենք մյուս կողմից. ա) Իսկ եթե ՀՀ-ն ԼՂՀ-ին չճանաչի. հետո՞: Ո՞րն է ա՛յդ դեպքում լուծումը:…………………… բ) իսկ ՈՐՏԵ՞Ղ է բանակցությունների 3-րդ կողմը՝ Արցախն ինքը: Հայաստանի կողմից Արցախի անկախությունը ճանաչելուց հետո Մինսկի խումբը իր գործունեությունը թող շարունակի՝ Ադրբեջանի ու Արցախի միջև՝ նույն նպատակներով: ՀՀ-ն իրեն Ի՞ՆՉՈՒ է խցկել բանակցությունների մեջ: ԵՏՄ մտնելիս Հայաստանը պաշտոնապե՛ս հայտարարեց, որ ԼՂՀ-ն ՀՀ-ի մաս չէ: Էհ,բա էլ ինչու՞ եք խառնվում ԼՂՀ-ի ներքին գործերին ու իր սահմանների հարց որոշում,եթե այդպես է: …………………… Արա Պապյանի հղումը ՄԱԿ-ի նախորդ Ազգերի լիգայի 1920 թ. սահմանների որոշմանը վատ չէր լինի, ԲԱՅՑ՝ ՄԱԿ-ի կողմից ներկա սահմաններով ճանաչված Ադրբեջան պետություն կա: Հայաստանը Ի՞ՆՉ ՀԻՄՔԻ վրա կարող է միավորվել ԼՂՀ-ի հետ՝ առանց այն սկզբից ճանաչելու: Արա Պապյանը (կամ մեկ ուրիշը) այս հարցին կպատասխանի՞:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ամեն օր հայկական բնակավայրեր են ռմբակոծվում ու համարյա ամեն օր հայ զինվոր է զոհվում սահմանին: Իրենց դղյակնե՞րը պիտի ռմբակոծեն,որ ՀՀ իշխանությունների համար սա «լայնամաշտաբ պատերազմ» կոչվի:.....................Առանց Արցախի ԵՏՄ մտնելը ՀՀ իշխանությունները բացատրեցին նրանով,որ ԼՂՀ-ն «դե յուրե ՀՀ մաս չէ»: Հարց ՀՀ իշխանություններին՝ այդ դեպքում ո՞ր ԻՐԱՎԱԿԱՆ հիմքի վրա են ՀՀ քաղաքացի զինվորները ծառայում և զոհվում ԼՂՀ-ում: Ի՞նչ եղավ ՀՀ-ԼՂՀ անվտանգության փոխօգնության միջպետակա՛ն պայմանագիրը:
Գեւորգ
Ըստ ամենայնի, խնդիրն արդեն շատ հետաքրքիր չէ արեւմուտքին, իրենք հիմա ավելի կարեւոր հոգսեր ունեն: Ռուսներին էլ ձեռնտու է կախված վիճակը, որի դեպքում երկու կողմերի վրա գործում է լծակը: Լավրովն ուղղակի ասել է, որ 2 - րդ Ապրիլի հնարավորություն չի տրվի իրենց (բազարը վերջացել է:) Այստեղից կարելի է եզրակացնել, որ եթե ազ-երը ինքնագործնեությամբ զբաղվեն (համը շատ հանեն), ապա խիստ հավանական է, որ հայերը պատասխանելու ,,դաբրո,, կստանան (բալանսի բերելու համար:) Այսինքն, խաղը պարզ է ու անվերջ, ուստի հարկավոր է նոր մոտեցումներ փնտրել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter