HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուսաստանի հիբրիդային պատերազմը ԱլԳ երկրների նկատմամբ

Արմեն Վարդանյան, ՄԱՀՀԻ փորձագետ, քաղաքագետ

ՆԱԽԱԲԱՆ

Երեկ Մոլդովայի նորընտիր նախագահ Իգոր Դոդոնն իր առաջին արտասահմանյան այցը կատարեց Ռուսաստան և երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում կայացած բանակցություններից հետո հույս հայտնեց, որ Եվրամիության հետ այդ երկրի ասոցացման վերաբերյալ համաձայնագիրը կլուծարվի Մոլդովայում կայանալիք հաջորդ խորհրդարանական ընտրություններից հետո: Ինչպես հայտնել է Մոլդովայի նախագահը` իր երկիրը պլանավորում է դառնալ դիտորդ Եվրասիական տնտեսական միությունում: Նա նաև հանդես է եկել ԵՏՄ-ի հետ համագործակցության շրջանակային հուշագիր ստորագրելու նախաձեռնությամբ: Սա նշանակում է, որ Ռուսաստանի վարած հիբրիդային պատերազմի հետևանքով ԵՄ Արևելյան գործընկերության ծրագիրը ձախողման եզրին է:

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

2013թ. համաշխարհային քաղաքականության մեջ նշանավորվեց ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի անդամ չորս երկրների՝ Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի և Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի կիրառած պատերազմի նոր ձևով, որը ռազմական և քաղաքական փորձագետների կողմից ստացել է հիբրիդային պատերազմ անվանումը: Այլ կերպ այն անվանում են նաև ոչ գծային, ոչ ավանդական, ասիմետրիկ պատերազմ և այլն: Պատերազմի այդ նոր տեսակը բացահայտ և գաղտնի ռազմական գործողությունների, սադրանքների և դիվերսիաների համակցություն է, որն ուղեկցվում է քարոզչական և հոգեբանական գրոհներով, տնտեսական պատժամիջոցներով, կիբերհարձակումներով և այլն: Դրա յուրահատկությունն այն է, որ այն պարունակում է պատերազմի մի քանի տարատեսակներ, իսկ այն իրականացնող ագրեսոր-պետությունը հաճախ ժխտում է սեփական մասնակցությունը դրան: Այսինքն պետությունը պաշտոնապես չի գտնվում պատերազմի մեջ և միջազգային իրավունքի տեսանկյունից որևէ պատասխանատվություն չի կրում դրա համար: Հիբրիդային պատերազմի կիրառմամբ Ռուսաստանը խախտում է միջազգային իրավունքի մի շարք հիմնարար սկզբունքներ՝ ուժի  կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, սահմանների անխախտելիության, տարածքային ամբողջականության, այլ պետությունների ներքին գործերին չխառնվելու սկզբունքները և այլն:

2008թ. Եվրամիության նախաձեռնած Արևելյան գործընկերության ծրագիրը սկզբնական շրջանում Ռուսաստանի կողմից սվիններով չէր ընդունվում, սակայն հետագայում Մոսկվան այն համարեց տարածաշրջանում ռուսական շահերին ուղղված սպառնալիք: Հետխորհրդային տարածքի երկրները Ռուսաստանը համարում են իրենց աշխարհաքաղաքական շահերի ազդեցության գոտի, իսկ ԵՄ-ի հետ նրանց մերձեցումը՝ մի գործընթաց, որով այդ պայմանագիրը ստորագրած երկրները դուրս կգան Մոսկվայի ազդեցության գոտուց և քաղաքականապես ու տնտեսապես կինտեգրվեն Բրյուսելի հետ: Ուստի Ռուսաստանն ամեն կերպ ձգտում է թույլ չտալ Արևելյան գործընկերության անդամ երկրներին ավելի խորացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ՝  նրանց իր ուղեծրում պահելու նպատակով:

2012-2013թթ. սկսած Մոսկվայում ավելացան ալարմիստական (ահազանգ հնչեցնող) տրամադրությունները, և Կրեմլը սկսեց ծրագրի ստորագրմանը խոչընդոտելուն ուղղված քայլերը: Դա հատկապես դրսևորվում էր ծրագրի մասնակից չորս երկրների՝ Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի և Հայաստանի նկատմամբ իրականացված աննախադեպ ճնշումներով, որոնք ԵՄ-ի հետ մի քանի տարի բանակցել էին Ասոցացման համաձայնագրերը, իսկ 2013թ. նոյեմբերի 28-29-ը Վիլնյուսի գագաթաժողովում նախատեսված էր Վրաստանի, Մոլդովայի ու Հայաստանի և ԵՄ-ի միջև Ասոցացման պայմանագրի նախաստորագրումը, իսկ Ուկրաինայի դեպքում՝ այդ պայմանագրի ստորագրումը: Իր նպատակներին հասնելու համար Կրեմլը միջոցների առջև խտրականություն չէր դնում և փորձում էր ամեն կերպ խափանել ԵՄ-ի հետ վերոնշյալ երկրների մերձեցման գործընթացը: Այդ ճնշումները չեն դադարել նաև այսօր, և Ռուսաստանի իշխանություններն ամեն կերպ փորձում են թույլ չտալ Ուկրաինային, Մոլդովային, Վրաստանին և Հայաստանին ավելի խորացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ:

Որպես հիբրիդային պատերազմի դրսևորման ձևեր իրականացվում են՝

  • ինֆորմացիոն-հոգեբանական օպերացիաներ, սեփական քայլերն արդարացնելու և հակառակորդին բարոյազրելուն ուղղված քարոզչություն (պրոպագանդա):
  • հակառակորդին տնտեսապես ծնկի բերելու նպատակով իրականացվող տնտեսական էմբարգոներ և պատժամիջոցներ, էներգակիրների մատակարարման ընդհատում և գազի գնի թանկացում:
  • զինված ներխուժում, դիվերսիոն գործողություններ, ազգամիջյան պատերազմի հրահրում, անջատողական ուժերին աջակցություն, թիրախային երկրների ներքաղաքական վիճակի սրում:
  • կիբերհարձակումներ պետական և առևտրային ենթակառուցվածքների վրա, որոնց նպատակը հակառակորդի ռազմավարական նշանակության օբյեկտների շարքից դուրսհանումն է:

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՎԱՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ

Մոսկվայի կիրառած հիբրիդային պատերազմի նպատակը թիրախային երկրներում քաղաքական իրավիճակի ապակայունացումն է, նրանց տնտեսապես կախվախության մեջ գցելը, քաղաքական մի վարչակարգի փոխարինումը մեկ այլ՝ իրեն ավելի հավատարիմ վարչակարգով, հակառակորդ երկրներում անվստահության  մթնոլորտի ստեղծումը, ապակառուցողական գործողություններին դրդելը, թշնամական երկրի քաղաքացիներին սեփական պետության դեմ տրամադրելը, իսկ ագրեսորներին որպես փրկարարներ ընդունելը և այլն:  

Այդ գործում մեծ դեր է խաղում ռուսական քարոզչությունը: Ռուսական մի շարք լրատվամիջոցներ, մասնավորապես՝ LifeNews-ը, Russia Today-ը, РТР-ը, ОРТ-ն և այլն, հանդիսանում են ռուսական քարոզչամեքենայի ծանր հրետանին, և դրանց միջոցով Կրեմլը փորձում է տեղեկատվական պատերազմում իր համար բարենպաստ պատկեր ստանալ:

Քարոզչական այդ պատերազմն ուժգնորեն դրսևորվեց և ներկայումս էլ շարունակվում է իրականացվել Ուկրաինայի նկատմամբ: Նախ՝ ԵՄ-ի հետ Ուկրաինայի սկսած մերձեցման գործընթացը կանխելու համար Կրեմլի ազդեցության տակ գտնվող ԶԼՄ-ները փորձում էին խափանել Ասոցացացման պայմանագրի ստորագրումը՝ Կիևին զգուշացնելով դրա հետևանքների մասին: Այնուհետև Մայդանի սկսելուց հետո ռուսական քարոզչամեքենան զբաղվում էր կեղծ լուրերի տարածմամբ՝ ռուսական բանակի Ուկրաինա ներխուժումը միջազգային հանրության և սեփական քաղաքացիների մոտ լեգիտիմացնելու համար: Այդ նպատակով ռուսական քարոզչամեքենան իրականացնում էր հակառակորդների հրեշայնացում (դեմոնիզացիա) և պիտակավորում՝ նրանց անվանելով ֆաշիստներ, ազգայնամոլներ, արևմուտքի խամաճիկներ և այլն: Կրեմլի ազդեցության տակ գտնվող ռուսական լրատվամիջոցներն իրենց տեսանյութերում սևացնում էին Մայդանը, միլիոնավոր մարդկանց անվանում ֆաշիստներ, Ուկրաինայի իշխանություններին ներկայացնում էին երկիրը ռազմական մեթոդներով կառավարող ֆաշիստական խունտա: Ըստ ռուսական քարոզչամեքենայի՝ այդ խունտան ԱՄՆ-ի խամաճիկն է, նրանք կառավարվում են Արևմուտքից և այլն: Մառազմը հասավ այն աստիճանի, որ ռուսական որոշ լրատվամիջոցներ տեղեկացնում էին, թե իբր Ուկրաինայի նախկին վարչապետ Յացենյուկը ժամանակին պատերազմել է Չեչնիայում:

Այսպես, որպես Ուկրաինա ներխուժելու պատճառներից մեկը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշեց իբր Ղրիմում Ռուսաստանի քաղաքացիներին և ռուս ազգաբնակչությանը սպառնացող վտանգը: Ռուսական մի շարք լրատվամիջոցներ տեսանյութեր տարածեցին, որտեղ երևում էին կրակոցներ Սիմֆերոպոլում: Ինչպես հետագայում պարզեցին լրագրողները, սև շորերով, այսպես կոչված, բանդերականները Սիմֆերոպոլ էին բերվել ղրիմյան համարանիշներով ավտոբուսներով, իսկ նրանց ձեռքի զինատեսակներն առկա են միայն ռուսական բանակում:

Ըստ ռուսական քարոզչամեքենայի՝ Ուկրաինայի արևելքում ուկրաինացի զինվորները վառում էին գյուղեր և խաչում երեխաների: Մասնավորապես, 2014թ. հուլիսին ռուսական առաջին հեռուստաալիքը տեղեկատվություն տարածեց, թե իբր Ուկրաինայի Սլավյանսկ քաղաքում  ուկրաինացի զինվորականները երեքամյա տղայի են խաչել: Հետագայում ապացուցվեց, որ տեսանյութում ցուցադրված կադրերն ամբողջովին սուտ են: Ավելին, պարզվեց, որ Սլավյանսկ մտած ուկրաինական ստորաբաժանումների առաջին գործն այդ քաղաքում հացի և այլ պարենամթերքի բաժանումն էր: Սակայն հեռուստաալիքը դիտող միլիոնավոր մարդիկ թշնամաբար տրամադրվեցին ուկրաինական բանակի նկատմամբ: Իսկ Ուկրաինայում ապրող ազգությամբ ռուս բնակչությունը սկսեց պատերազմել նաև ուկրաինական բանակի դեմ՝ մտածելով, որ վերջինս գալու և խաչելու է նաև իրենց երեխաներին: Կարելի է հիշել նաև Բերկուտի աշխատակիցների կտրած գլուխների, որոնցով իբր ֆուտբոլ էին խաղում, և բռնաբարված էպիլեպտիկ տատիկների մասին տեսանյութերը:

Ռուսական  քարոզչամեքենայի սիրած հնարքներից մեկն էլ հակառակորդներին որպես հրեաներ, §ժիդո-մասոններ¦ ներկայացնելն է: Մայդանի սկսվելուց և հաղթանակից հետո ռուսական լրատվամիջոցներում բազմաթիվ հրապարակումներ եղան, որտեղ նշվում էր՝ իբր Ուկրաինայում իշխանության ղեկին և ընդդիմության ղեկավարների ճնշող մեծամասնությունը ծագումով հրեաներ են:

Մասնավորապես, հրեական ծագում են վերագրում Պետրո Պորոշենկոյին, Կլիչկո եղբայրներին, Արսենի Յացենյուկին, Յուլյա Տիմոշենկոյին և այլն: Դրանով փորձում են ուկրաինական ժողովրդին տրամադրել իրենց երկրի իշխանությունների և ընդդիմության  դեմ:

Ռուսական լրատվամիջոցները նաև  փորձում էին ազգային  երկպառակություններ  մտցնել Ուկրաինայում: Մասնավորապես, 2014թ. Իզվեստիա թերթը մի հոդված հրապարակեց, որտեղ նշվում էր, որ §Աջ սեկտորը¦ Օդեսայում ծեծել է 20 հրեաների և պղծել հրեական գերեզմանատունը[1]: Հոդվածում հղում էր արվում Օդեսայի հրեական համայնքի ղեկավարներից մեկին՝ ոմն Մայմանին: Պարզվեց, որ այդպիսի մարդ գոյություն չունի, և ռուսական լրատվամիջոցն ուղղակի խեղաթյուրում է փաստերը:

Հիբրիդային պատերազմի շրջանակներում Ռուսաստանը տեղեկատվական պատերազմ է վարում նաև Արևմուտքի դեմ և փորձում իրեն ներկայացնել դրական տեսանկյունից, իսկ ԱՄՆ-ը և Եվրոպան՝ որպես այլասերված մի տարածք, գեյերի հավաքատեղի, և որ եվրոպական քաղաքակրթությունը կործանման եզրին է և այլն: Այդ համատեքստում Վիլնյուսի գագաթաժողովից առաջ ռուսական քարոզչամեքենան տարածում էր կեղծ տեղեկատվություն՝ իբր Ասոցացման պայմանագիրը ստորագրող երկրները վիզաների ազատականացման համար պետք է ստորագրեն նույնասեռ ամուսնություններն օրինականացնող օրենսդրությունը, մինչդեռ այդպիսի պարտավորվածություններ ոչ մի երկրի առջև չեն դրվել: Տեղեկատվական այս պատերազմում ռուսական քարոզչամեքենան ակտիվորեն օգտագործում է նաև բլոգերներին:

Նույնանման բովանդակությամբ քարոզչություն, քիչ ավելի մեղմ, վերջին տարիներին իրականացվում է նաև Վրաստանի և Մոլդովայի իշխանությունների նկատմամբ: Այդ երկրների իշխանությունները նույնպես ներկայացվում են իբրև ԱՄՆ-ի և ԵՄ-ի խամաճիկներ, ազգայնամոլներ և այլն:

Ընդ որում, ուշագրավ է, որ ռուսական լրատվամիջոցները նույնիսկ իրենց ոչ ձեռնտու սոցիալական շարժումները պիտակավորելու և վարկաբեկելու համար օգտագործում են մոտավորապես նույն հռետորաբանությունը: Մասնավորապես, 2015թ. ամռանը Երևանում տեղի ունեցած էլեկտրաէներգիայի թանկացման դեմ շարժումը ռուսական լրատվամիջոցներն անվանում էին ամերիկացիների կողմից հովանավորվող §ԷլեկտրաՄայդան¦՝ նշելով, որ Հայաստանում տեղի է ունենում գունավոր հեղափոխություն, Երևանում տեղի ունեցող իրադարձությունները հիշեցնում են Մայդանը և այլն: Պատճառն այն էր, որ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ցուցարարները բողոքում էին Հայաստանի բաշխիչ էլեկտրական ցանցերի սեփականատեր ռուսական «Ինտեր ՌԱՈ»  ընկերության կողմից էլեկտրաէներգիայի սակագներն անհիմն թանկացնելու որոշման դեմ:

Կրեմլի կողմից իրականացվող տեղեկատվական պատերազմից բացի լայնորեն կիրառվում են նաև ինֆորմացիոն-հոգեբանական օպերացիաներ՝ շանտաժի և հոգեբանական գրոհների միջոցով: Դա հատկապես ուժգնացավ 2013թ.՝ Վիլնյուսի գագաթաժողովից մի քանի ամիս առաջ, երբ ռուս բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ, դիվանագետներ, մերձկրեմլյան վերլուծաբաններ բացահայտ և ոչ բացահայտ շանտաժի էին ենթարկում ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագիրը ստորագրել պատրաստվող երկրներին:

Օրինակ, Հայաստանի պարագայում իշխանություններին և հասարակությանը շանտաժի ենթարկելու գործառույթներն իրականացնում էին ծագումով հայ Ռուսաստանի քաղաքացիներ և մերձկրեմլյան գործիչներ, ովքեր հայտարարում էին, որ առանց Ռուսաստանի Հայաստանը կվերանա երկրագնդից, կկորցնի Ղարաբաղը, եթե ստորագրի ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագիրը և այլն: Այդ համատեքստում ուշագրավ են հայազգի քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանի[2], «Միջազգային եվրասիական շարժման» առաջնորդ Ալեքսանդր Դուգինի[3] և Հայաստանում Ռուսաստանի նախկին դեսպան Վիկտոր Կովալենկոյի հայտարարությունները[4]:

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ

Արևելյան գործընկերության անդամ երկրներին «դարձի բերելու» և ԵՄ-ի հետ նրանց մերձեցումը կանխելու համար Կրեմլի կիրառած գործիքներից մեկն էլ տնտեսական պատժամիջոցներն են: Խորհրդային միության երկրները պատմականորեն գտնվել են միասնական տնտեսական տարածության մեջ, նրանց շուկաները կապված են եղել Ռուսաստանի հետ, իսկ վերջինս էլ փորձում է ամեն կերպ օգտվել այդ խոցելիությունից: Հետխորհրդային որոշ երկրներին պատժելու կամ իր աշխարհաքաղաքական ուղեծրում պահելու համար Մոսկվան տնտեսական էմբարգոների կիրառումը սկսեց հատկապես 2000-ական թվականներից: Կարելի է հիշել  2004թ. և 2007թ. նավթագազային պատերազմը Բելառուսի հետ, 2005թ. և 2006թ. մոլդովական գինու արգելումը ռուսական շուկա, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև գազային պատերազմները, Վրաստանի նկատմամբ կիրառած տնտեսական էմբարգոն, որը տևեց 7 տարի (2006թ. մարտից մինչև 2013թ. հուլիսը) և այլն:

Սակայն այդ տնտեսական պատժամիջոցները հատկապես ուժգնացան Արևելյան գործընկերության ծրագրի 4 երկրների և ԵՄ-ի միջև Ասոցացման պայմանագրի ստորագրման համատեքստում: ԵՄ-ի հետ Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի և Հայաստանի ինտեգրման գործընթացը տապալելու համար Ռուսաստանը սկսեց տնտեսական պատժամիջոցների միջոցով շանտաժի ենթարկել այդ երկրներին: Դա հատկապես մեծ ծավալով և խստորեն կիրառվեց Ուկրաինայի և Մոլդովայի նկատմամբ:

Նախ՝ 2013թ. օգոստոսին Ռուսաստանի մաքսատունը թույլ չտվեց ուկրաինական ապրանքների մուտքը Ռուսաստան[5]: Այնուհետև ՌԴ նախագահ Պուտինը հայտարարեց, որ Մաքսային միությունը ԵՄ-ի հետ Ուկրաինայի՝ Ասոցացման պայմանագիրը ստորագրելու դեպքում համապատասխան միջոցներ կկիրառի[6]:

Կարճ ժամանակ անց Մոսկվան խոսքից անցավ գործի: 2013թ. «Ռոսպոտրեբնադզորն» արգելեց ուկրաինական «Ռոշեն» արտադրության հրուշակեղենի վաճառքը Ռուսաստանի տարածքում: Բացի այդ արգելվեց ուկրաինական պտուղների, բանջարեղենի,  կաթնամթերքի, ձկան պահածոների ներմուծումը:

Նույնը տեղի ունեցավ նաև Արևելյան գործընկերության անդամ այլ երկրների հետ: Մասնավորապես, 2014թ. հուլիսի 2-ին Մոլդովայի խորհրդարանը վավերացրեց հունիսի 27-ին Բրյուսելում ստորագրված ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, ինչից անմիջապես հետո՝ հուլիսի 7-ին՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը սպառնաց Մոլդովային հեռացնել ԱՊՀ ազատ առևտրի գոտուց[7]:

Դրանից հետո Տնտեսական զարգացման նախարարությունը կառավարական հրաման պատրաստեց, որի համաձայն՝ Ռուսաստանը միակողմանի կարգով մաքսադրույքներ մտցրեց մոլդովական որոշ ապրանքատեսակների (գինու, մսի, հացահատիկի, շաքարի, մրգերի և բանջարեղենի) նկատմամբ[8]: Նույն թվականի հուլիսի 18-ին ռուսական «Ռոսսելխոզնադզոր» պետական ընկերությունն արգելեց մոլդովական խնձորի, տանձի, սերկևիլի, ծիրանի, բալի և այլ պտուղների ներմուծումը Ռուսաստան[9]:

Իսկ հուլիսի 21-ին Ընկերությունը հայտարարեց Ռուսաստանի Դաշնության տարածքում մոլդովական պահածոյացված պտուղ-բանջարեղենային արտադրանքի կասեցման մասին: Որպես պատճառ նշվում էին սպառողների իրավունքների պաշտպանության բնագավառում օրենսդրության պահանջների խախտումները:

Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ հաճախակի կիրառվող տնտեսական պատժամիջոցը վերջինիս տնտեսության «ցամաքային զարկերակի»՝ Վերին Լարսի պարբերաբար փակելն է՝ որով լուրջ խոչընդոտներ են առաջանում հայկական ապրանքների՝ ռուսական շուկա արտահանման համար: 2012-2014թթ. տարբեր պատճառաբանություններով այդ անցակետը փակվել է մի քանի անգամ: Ժամանակ առ ժամանակ Ռուսաստանն արգելում էր նաև հայկական ապրանքների ներմուծումն այդ երկիր:

ԳԱԶԱՅԻՆ  ՊԱՏԵՐԱԶՄԸ

Ռուսաստանի կիրառած տնտեսական պատժամիջոցների նպատակներից մեկն էլ ազդեցությունն է հասարակության կենսագործունեության վրա: Խոսքն առաջին հերթին էներգակիրների մատակարարման դադարեցման կամ գազի գնի բարձրացման սպառնալիքի մասին է: ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանը գազի գործոնը դարձրել է իր քաղաքական զինանոցի մի մասը, որով նա ճնշումներ է գործադրում այլ երկրների վրա: Ուշագրավ է, որ նույնիսկ «Սառը պատերազմի» ամենաթեժ տարիներին Խորհրդային Միությունը գազը չի օգտագործել իբրև քաղաքական ճնշումների գործիք:

Արևելյան գործընկերության անդամ չորս երկրների նկատմամբ գազային պատերազմի նոր ալիքը սկսվեց 2012-2013թթ.: Մասնավորապես, 2012թ. սեպտեմբերին ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարեց, որ Ռուսաստանը Մոլդովայի համար կնվազեցնի գազի գինը, եթե վերջինս չեղյալ հայտարարի ԵՄ-ի հետ ավելի վաղ ստորագրված էներգետիկ համագործակցության մասին արձանագրությունը[10]:

Նմանատիպ հայտարարություններ արվեցին նաև Ուկրաինայի և Հայաստանի վերաբերյալ: Մասնավորապես, Ռուսաստանի ԱԳՆ-ի Արտաքին համագործակցության բաժնի տնօրեն Ալեքսանդր Գորբանը հայտարարեց հետևյալը՝ Մոսկվան չի պատրաստվում իջեցնել գազի գինն Ուկրաինայի համար, քանի որ Կիևը պետք է ընտրություն կատարի՝ կամ նա մտնում է Եվրամիություն, կամ էլ կմիանա Մաքսային Միությանը և ինքնաբերաբար կստանա իջեցված գներ[11]:

Իսկ Ռուսաստանի «Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի» հիմնադիր և գլխավոր տնօրեն, տնտեսական և քաղաքական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը մայիսի 28-ի իր հարցազրույցում հայտարարեց, որ Հայաստանին տրամադրված գազի ցածր գների արտոնությունների մեխանիզմը հեռանկարում կգործի Հայաստանի քաղաքականությունից կախված. «Եթե Հայաստանն աջակցի այդ նախագծերի հարցում, ապա արտոնությունները կպահպանվեն, իսկ եթե ոչ, ապա արտոնությունները կփոխարինվեն շուկայական գներով, հարաբերություններով և հաշվարկներով: Ես դրանում որևէ խայտառակ, անարդար և ոչ օբյեկտիվ բան չեմ տեսնում, այսինքն դա բնականոն գործընթաց ու հարաբերություններ են»[12]:

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԻԳՐԱՑԻՈՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Մոսկվայի կողմից քաղաքական նպատակներին հասնելու համար ամենակիրառվող գործիքներից մեկը Ռուսաստանում արտագնա աշխատանք կատարող մարդկանց վտարումն է: Այդ մարդկանց թվաքանակով Ռուսաստանն ԱՄՆ-ից հետո աշխարհում զբաղեցնում է երկրորդ, իսկ Եվրոպայում՝ առաջին տեղը: 2013թ. տվյալներով՝  Ռուսաստանում կային մոտ 7 միլիոն լեգալ և ոչ լեգալ արտագնա աշխատանք կատարողներ, որոնց մեծ մասն ԱՊՀ-ից են:

2013թ. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի միգրացիոն ծառայության ղեկավարի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ բացի Մաքսային միության անդամ երկրներից այլ պետությունների քաղաքացիների համար մուտքը Ռուսաստան պետք է լինի արտասահմանյան անձնագրերով:  

Դրան հետևեց հազարավոր արտագնա աշխատանք կատարողների արտաքսումը Ռուսաստանից: Ըստ «Անդրսահմանյան միգրացիա և Ռուսաստանի համար մարտահրավերները» անվանմամբ զեկույցի տվյալների` 2013թ. Ռուսաստանից արտաքսված արտասահմանցիների թիվը գերազանցել է 82,4 հազարը, ինչը 2,3 անգամ ավելի է 2012թ. ցուցանիշներից: 2014թ. այդ թիվն ավելի է մեծացել և կազմել 139 հազար մարդ[13]:

Արտաքսվածներից մեծ մասն արտագնա աշխատանք կատարող էր, իսկ նրանց մեջ մեծ թիվ էին կազմում հատկապես Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի քաղաքացիները:

Ընդ որում, Կրեմլի իրականացրած այդպիսի պատժիչ գործողությունների ներքո հայտնվեց նաև Մաքսային միության կազմի մեջ մտնող Հայաստանը: Մասնավորապես, 2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտան ՌԴ միգրացիոն օրենսդրության որոշ փոփոխություններ, որոնք անմիջականորեն սահմանափակեցին ՌԴ-ում ՀՀ քաղաքացիների գտնվելու և մուտք գործելու պայմանները: Այդ փոփոխությունների համաձայն՝ օտարերկրյա քաղաքացիները ՌԴ-ում կարող են գտնվել ոչ ավելի, քան 90 օրը: ՌԴ միգրացիոն ծառայության կայքէջի համաձայն՝ օրենքի կիրառումից հետո Հայաստանի ավելի քան 170 հազար քաղաքացի երեք տարվա կտրվածքով զրկվեցին Ռուսաստան մուտք գործելու իրավունքից: Այդ նպատակով ՀՀ ԱԱԽ նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանն իր ռուս գործընկերոջը նամակով խնդրեց, որ Ռուսաստանն ըմբռնումով մոտենա հայ միգրանտների հարցին և վիզային նոր ռեժիմը բացառության կարգով մեղմացնի Հայաստանի քաղաքացիների համար[14]։

ՌԱԶՄԱԿԱՆ ՆԵՐԽՈՒԺՈՒՄ ԵՎ ԴԻՎԵՐՍԻԱՆԵՐ

Անշուշտ, Կրեմլի կիրառած հիբրիդային պատերազմի ոչ բոլոր բաղադրիչներն են կիրառվում Արևելյան գործընկերության անդամ բոլոր երկրների նկատմամբ: Այդ երկրների նկատմամբ այն կիրառվում է տարբեր չափաքանակներով: Հիբրիդային այդ պատերազմն իր ամբողջ խստությամբ իրականացվեց հատկապես Ուկրաինայի նկատմամբ:

Իհարկե Կրեմլի կիրառած ազդեցության գործիքները միջազգային հանրության համար վաղուց նորություն չէին, սակայն ամենամեծ անակնկալը Ռուսաստանի ներխուժումն էր Ղրիմ և դրա բռնակցումը: Ռուսաստանը 1994թ. ստորագրված Բուդապեշտի հուշագրով ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ միասին ստանձնել էր Ուկրաինայի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության երաշխավորի դերը: Սակայն պարզվեց, որ Ուկրաինայի անվտանգության գրեթե բոլոր միջազգային երաշխիքները գործուն չեն, մանավանդ, որ դրանք խախտվել են երաշխավորներից մեկի՝ Ռուսաստանի կողմից:

Ընդ որում, պատերազմի հենց սկզբում դա տեղի ունեցավ ոչ թե անմիջական ներխուժման, այլ, այսպես կոչված, «կանաչ մարդուկների» միջոցով: Դրանք զինծառայողներ են, որոնք կրում էին տարբերակիչ նշաններ չունեցող զինվորական հագուստներ, և ովքեր գրավում էին Ղրիմի ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտներ՝ զորամասեր, օդանավակայաններ, պահակակետեր և այլն: Դա միջազգային իրավունքի նորմերի խախտում է: «Կանաչ մարդուկների» որջ հանդիսացավ Ղրիմի ռուսական բազան:

2014թ. փետրվարի 27-ին նրանք գրավեցին Ղրիմի խորհրդարանի շենքը, և դրա վրա բարձրացվեց Ռուսաստանի դրոշը: Ղրիմի խորհրդարանի պատգամավորները պաշտոնաթող արեցին Անատոլի Մոգիլևի կառավարությունը և նոր վարչապետ նշանակեցին «Ռուսական միասնություն» կուսակցության առաջնորդ Սերգեյ Աքսիոնովին: Դրանից հետո այդ «կանաչ մարդուկների» հսկողությամբ Ղրիմում անցկացվեց ապօրինի հանրաքվե, որով Ռուսաստանը Ղրիմը բռնակցեց:

Այնուհետև օգտվելով ռուս-ուկրաինական սահմանի թույլ պաշտպանվածությունից՝ Ռուսաստանը զինված ստորաբաժանումներ ուղարկեց Դոնբաս՝ այնտեղ հռչակելով ինքնահռչակ Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական հանրապետությունները: Չնայած մի շարք երկրներ և միջազգային կազմակերպություններ, ինչպես օրինակ, ԱՄՆ-ը, Եվրախորհուրդը, ԵՄ-ը, ԵԽԽՎ խորհրդարանական վեհաժողովը և այլն դատապարտեցին դա, սակայն Ռուսաստանը համառորեն հերքում էր իր մասնակցությունը դրանում և նշում, որ ինքը հակամարտության կողմ չէ:

Սակայն բազմաթիվ փաստերով ապացուցվել է Ռուսաստանի զինված ուժերի զինծառայողների և չեչեն գրոհայինների մասնակցությունը Դոնբասի մարտերին: Այդ մասին բազմիցս ահազանգել և զեկույցներ են գրել նաև ռուս իրավապաշտպանները և որոշ ընդդիմադիր քաղաքական գործիչներ: Դա իր հրապարակած զեկույցում վկայակոչել է նաև ռուս ընդդիմադիր ՊԱՌՆԱՍ կուսակցության փոխնախագահ Իլյա Յաշինը[15]:

Զեկույցում նշվում է, որ մեծ քանակությամբ ինֆորմացիա կա այն մասին, թե Դոնբասի մարտերին մասնակցել են չեչեն գրոհայիններ, ովքեր իրենց կոչում են կադիրովականներ: Ավելի վաղ Դոնբասում ուկրաինական բանակի դեմ մղված մարտերին չեչեն գրոհայինների մասնակցության մասին զեկույց էր գրել նաև ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը, ում հետագայում Մոսկվայում սպանեցին Չեչնիայի նախագահ Կադիրովի շրջապատի մարդիկ[16]:

Սկզբնական շրջանում Ռուսաստանի նախագահ Պուտինը և Պաշտպանության նախարար Շոյգուն հայտարարում էին, որ  նրանք ռուս զինծառայողներ չեն, սակայն հետագայում բազմաթիվ անառարկելի փաստերի ճնշման ներքո խոստովանեցին, որ Ռուսաստանի զինված ուժերի զինծառայողներ էին:

Մասնավորապես, 2014թ. ապրիլին ուղիղ եթերով պատասխանելով Ռուսաստանի բնակիչների հարցերին՝ Կրեմլի ղեկավարը հայտարարեց, որ Ղրիմում ռուս զինծառայողներն ապահովել են «պայմաններ հանրաքվեի ազատ կամարտահայտման համար»[17]: Ավելին, Պուտինը հայտարարեց, որ Ղրիմում հանրաքվեի անցկացման ժամանակ անվտանգությունն ապահոված ռուս զինծառայողները կարժանանան պետական պարգևների: Քիչ ավելի ուշ համացանցում հայտնվեցին նկարներ, որտեղ Շոյգուն անձամբ պարգևատրում է Դեբալցեվո քաղաքում վիրավորված տանկիստին[18]:

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԿԻԲԵՐՊԱՏԵՐԱԶՄԸ ՈՐՊԵՍ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍ

Հիբրիդային պատերազմի բաղադրիչներից է նաև կիբերպատերազմը: Վերջին տարիներին այն հատկապես դրսևորվել է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի նկատմամբ: 2014թ. արևմտյան մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ ռուսական համակարգչային Snake վիրուսով վարակված են Ուկրաինայի կառավարության և դեսպանատների մոտ մեկ տասնյակ համակարգիչներ:

Այդ կիբերպատերազմի շրջանակներում ռուս հակերները հաջողությամբ հարձակվում են ուկրաինական բարձրաստիճան պաշտոնյաների, հակահետախուզության, սահմանապահ ծառայության և Ներքին գործերի նախարարության կայքերի ու էլեկտրոնային հասցեների  վրա:

Եվրոպացի որոշ փորձագետների կարծիքով՝ կիբերգրոհներ են կատարվել նաև էլեկտրաէներգիայի ուկրաինացի մատակարարների վրա: Ռուսական հատուկ ծառայություններն էլեկտրամատակարարող ձեռնարկությունների ինֆորմացիոն ցանցերում ներդրել են վնասակար ծրագրեր, ինչի հետևանքով խափանվել է համակարգի ամբողջ աշխատանքը:

ՍԱՌԵՑՎԱԾ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՆԻ ԽԱՂԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՍՐՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՃՆՇՄԱՆ ԳՈՐԾԻՔ

Որպես ճնշման գործիք Ռուսաստանը հաճախ օգտագործում է սառեցված հակամարտությունների գործոնը: Այսպես, Մոլդովային ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացից հետ պահելու համար Ռուսաստանը վաղուց խաղարկում է Մերձդնեստրի հարցը: Մոսկվան բազմիցս Քիշնևին սպառնացել է Մերձդնեստրի անկախության ճանաչմամբ, եթե Մոլդովան ստորագրի ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագիրը կամ միավորվի Ռումինիայի հետ: Նման կերպ Մոլդովայի իշխանություններին սպառնացել է նաև Ռուսաստանի հովանավորությունը վայելող Մերձդնեստրի ղեկավարությունը:

Հայաստանի պարագայում դա ղարաբաղյան խաղաքարտի օգտագործումն է: Մասնավորապես, 2010թ.-ից մինչև 2013թ.  Ռուսաստանն Ադրբեջանին վաճառել է ավելի քան 4 մլրդ դոլարի զենք, որով, փաստորեն, խախտվեց Հայաստանի և Ադրբեջանի ռազմական հավասարակշռությունը: Դրա հետևանքով հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում կտրուկ ավելացան բախումները և ադրբեջանական դիվերսիաները: Իսկ Կրեմլին մոտ կանգնած ռուս որոշ պաշտոնյաներ Հայաստանին բացահայտորեն սպառնացին Ղարաբաղի կորստով: Պատահական չէ, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն Ասոցացման պայմանագրի ստորագրումից հրաժարվելը և Մաքսային միություն մտնելը բացատրեց առաջին հերթին երկրի ռազմական անվտանգության նկատառումներով[19]:

ՎԵՐՋԱԲԱՆ

Վերջին տարիների իրադարձությունները ցույց տվեցին, որ Ռուսաստանին, մեծ հաշվով, հաջողվեց լուրջ հարված հասցնել Արևելյան գործընկերության ծրագրին: Այդ մասին ժամանակին խոստովանեց նաև Լեհաստանի արտաքին գործերի նախարար Վիտոլդ Վաշչիկովսկին: Դրա պատճառն այն էր, որ Ռուսաստանն ահռելի ճնշումներ գործադրեց ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագիրը ստորագրել պատրաստվող երկրների վրա, ինչին պատրաստ չէին ո՛չ այդ երկրները, ո՛չ էլ ԵՄ-ը:

Իր նպատակներին հասնելու համար Կրեմլն իրականացրեց տնտեսական պատժամիջոցներ, ագրեսիվ քարոզչություն և նույնիսկ ռազմական ներխուժում: Այդ ճնշումները այս կամ այն փոխակերպմամբ շարունակվում են նաև այժմ: Ուստի ԵՄ-ի հետ ինտեգրվելու ցանկություն ունեցող երկրները պետք է ապագայում մեղմացնեն իրենց տնտեսական կախվածությունը Ռուսաստանից, դիվերսիֆիկացնեն էներգետիկ աղբյուրները (ինչպես ոչ վաղ անցյալում Հայաստանին խորհուրդ տվեց ԱՄՆ դեսպանը) և արդյունավետ հակազդեն ռուսական քարոզչությանը: Իսկ ԵՄ-ը և ՆԱՏՕ-ն պետք է նոր մեխանիզմներ փնտրեն այդ երկրներին Ռուսաստանի ագրեսիայից պաշտպանելու հարցում:

Հայաստանի համար ուսանելի պետք է լինի հատկապես Ուկրաինայում ռուսական ռազմաբազայի փորձը: Ղրիմի իրադարձությունները ցույց տվեցին, որ այն երկրները, որտեղ կան ռուսական ռազմաբազաներ, այդտեղ կան նաև երկրի ներքին իրավիճակի ապակայունացման ռիսկեր: Այդ ամենի խորապատկերին ուշագրավ էր ռուսական ռազմաբազայի զինծառայող Պերմյակովի դեպքը, ով սպանեց հայկական ընտանիքի անդամներին, ինչի հետևանքով մեծ խժդժություններ առաջացան Գյումրիում: Պետք է հաշվի առնել անցյալի փորձը և շարժվել առաջ՝ ԵՄ-ի հետ հարաբերություններն ավելի խորացնելու համար:

«Անվտանգության քաղաքականությունների քննարկումների բարելավումը Հայաստանում» ծրագիր   (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)



[1] «Правый сектор» объявил войну евреям в Одессе, http://izvestia.ru/news/577676

[2] «ԼՂ-ին չի սպառնում ադրբեջանական ագրեսիան, ԼՂ-ին սպառնում է Հայաստանի հնարավոր դավաճանությունը», Սերգեյ Կուրղինյան, http://www.aravot.am/2013/05/27/248007/

[3] Հայաստանը կլինի եվրասիական, կամ չի լինի ընդհանրապես. Ալեքսանդր Դուգին, http://www.1in.am/1430989.html

[4] Ռուսաստանի նախկին դեսպանը սպառնում է Հայաստանին, http://www.azatutyun.am/content/article/26602335.html

[5] Таможня России полностью заблокировала импорт товаров из Украины, http://nbnews.com.ua/ru/news/96702/

[6] Таможенный союз примет меры в случае ассоциации Украины с ЕС – Путин, http://nbnews.com.ua/ru/news/97502/

[7] Шувалов пригрозил исключить Молдавию из зоны свободной торговли СНГ, http://lenta.ru/news/2014/07/07/expel

[8] Россельхознадзор запретил импорт фруктов из Молдавии, http://lenta.ru/news/2014/07/18/fruit/

[9] «Ռոսսելխոզնադզորն» արգելել է մրգերի ներմուծումը Մոլդովայից, http://armenpress.am/arm/news/769925

[10] Россия назвала условия снижения цены на газ для Молдовы, http://www.allmoldova.com/news/rossiya-nazvala-usloviya-snizheniya-ceny-na-gaz-dlya-moldovy

[11] Россия шантажирует Украину - Карл Бильдт, http://fakty.ictv.ua/ru/index/read-news/id/1466595

[12] Եթե Երևանը չմիանա Եվրասիական պրոյեկտներին, Հայաստանի համար գազի ցածր գին չի լինի. Սիմոնով, http://www.1in.am/1308540.html

[13] Россия депортировала более 50 тысяч мигрантов в первом полугодии, https://www.ridus.ru/news/202565

[14] Արթուր Բաղդասարյանը հայ միգրանտների հարցով դիմել է ՌԴ անվտանգության խորհուրդ, http://www.lragir.am/index/arm/0/country/view/94639

[15] "Идем вести войну, чтобы этих хохлов по всему миру разнести". Яшин опубликовал доклад, в котором говорится о чеченцах, воюющих на Донбассе, http://gordonua.com/news/worldnews/idem-vesti-voynu-chtoby-etih-hohlov-po-vsemu-miru-raznesti-yashin-opublikoval-doklad-gde-govoritsya-o-chechencah-voyuyushchih-na-donbasse-121193.html

[16] Доклад Немцова: На Донбассе воюют кадыровцы,

http://gordonua.com/news/war/doklad-nemcova-na-donbasse-voyuyut-kadyrovcy-80544.html

[17] Путин: наши военные "встали за спиной" самообороны Крыма,

http://www.bbc.com/russian/russia/2014/04/140417_putin_phone_line

[18] "Решение о наступлении принимал Путин", http://www.svoboda.org/content/article/27538643.html

[19] Հայաստանը որոշել է ՄՄ-ին անդամակցել տնտեսական և ռազմական նկատառումներով. Սարգսյան, http://newsarmenia.am/am/news/politics/politics-20140619-43070644/

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter