HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավարտվել է ավազակային հարձակման գործով նախաքննությունը

Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ բացահայտվել են «Բրավո» տաքսի ծառայության տնօրեն, գործարար Լևոն Ավետիսյանի տան վրա ավազակային հարձակման դեպքի բոլոր հանգամանքները:

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Էդգար Մանուկյանը և ՀՀ ոստիկանության աշխատակից Հրաչյա Ֆալանջյանը նախնական համաձայնության են եկել ավազակային հարձակում կատարելու հարցում և ատրճանակով, դանակով, դիմակներով ու ավազակային հարձակման համար նախատեսված այլ գործիքներով զինված` 2016թ.-ի մայիսի 13-ի գիշերը պատուհանից ապօրինաբար մուտք են գործել «Բրավո» տաքսի ծառայության տնօրեն Լևոն Ավետիսյանին պատկանող բնակարան: Այնուհետև, ատրճանակի և դանակի գործադրմամբ բռնություն կիրառելու սպառնալիքով, գույք հանձնելու պահանջ են ներկայացրել ամուսիններ Լևոն և Անուշ Ավետիսյաններին: Հանդիպելով բնակարանատերերի դիմադրությանը` Է. Մանուկյանը դիտավորությամբ կյանքի և առողջության համար վտանգավոր ծակած-կտրած վնասվածքներ է պատճառել Լևոն Ավետիսյանին, ինչպես նաև՝ վերջինիս որդուն` ծնողներին օգնության հասած անչափահաս Դավիթ Ավետիսյանին և նրանց ազգական Սամվել Հարությունյանին: Այդ  ընթացքում Հ. Ֆալանջյանը, զրկվելով դիմակից և բնակարանատերերի համար ճանաչելի դառնալով, իրականացրած հանցավոր արարքը թաքցնելու նպատակով, կատարել է ավազակությամբ զուգորդված երկու և ավելի անձանց սպանության փորձ, այն է՝ ատրճանակից կրակել և կյանքի ու առողջության համար վտանգավոր հրազենային վնասվածքներ է պատճառել Լևոն և Դավիթ Ավետիսյաններին:

Առանձնապես ծանր հանցագործություն կատարելու նպատակով ապօրինաբար բնակարան ներխուժած զինված անձանց՝ Հ. Ֆալանջյանի և Է. Մանուկյանի հարձակումից պաշտպանվելու նպատակով տան բնակիչները դիմադրություն են ցույց տվել և կարողացել վնասազերծել նրանց, ինչի հետևանքով Հ. Ֆալանջյանը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:

Ի դեպ, հետագա քննության ընթացքում բացահայտվել է նաև Է. Մանուկյանի կողմից գողության եղանակով կատարած  գույքի հափշտակության մեկ այլ դեպք:

Կատարած հանցավոր արարքների համար Է. Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 177-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ Հ. Ֆալանջյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 34-104-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդում չի իրականացվել` վերջինիս մահվան հիմքով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter