HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Անբարեխիղճ կատարողներն «անվճարունակ» պարտապանների են փնտրում

2001թ. նոյեմբերի 13-ին Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանը բավարարել է Գրիգոր Հովհաննիսյանի հայցապահանջը վճռելով Երեւանի բնակիչ Կարինե Գրիգորյանից հօգուտ նրան բռնագանձել 2600 ԱՄՆ դոլար: Նշված գումարը Գ. Հովհաննիսյանը նրան տվել էր փոխառությամբ, սակայն Կ. Գրիգորյանը հրաժարվել է սահմանված ժամկետում վերադարձնել այն: 

Մինչեւ վճիռ կայացնելը դատարանի որոշումով, 2001թ. սեպտեմբերի 27-ին ԴԱՀԿ ծառայության Երեւանի ստորաբաժանման հարկադիր կատարող Սողոման Սողոյանը իբրեւ հայցի ապահովման միջոց արգելանք է դրել պարտապանի գույքի վրաª հաշվառելով ընդամենը 4 անուն գույք, 195 հազար դրամ արժողությամբ: 

Մնացյալ գումարը գանձելու հարցը մնացել է առկախ, քանի որ վճռի կատարման ժամանակ պարզվել է, որ պարտապաններին պատկանող Էրեբունի 25 շենքի 19 բնակարանն արդեն իսկ գրավ էր դրված «Հայագրոբանկում» եւ 2002թ. մայիսին բանկը այն վաճառել է ուրիշի: Սակայն, մինչեւ վաճառելը Գրիգոր Հովհաննիսյանը եղել է Կ. Գրիգորյանի բնակարանում եւ անձամբ հաշվառել պարտապանի գույքը` խոհանոցի ու ննջարանի կահույքներ, դաշնամուր, սպասք, ջահեր, գորգեր եւ այլն:

Հարեւանները պատմեցին, որ Կարինե Գրիգորյանը բնակարանն ազատելուց առաջ 3 բեռնատար մեքենա իրեր է տեղափոխել: Նրանց ասելով, տան իրերն ու կահույքը տեղափոխել է հարազատների մոտ, իսկ մի մասը, այդ թվում նաեւ բնակարանից հանած դռներն ու պատուհանները տեղավորել տան նկուղում: Այնուհետեւ, նախկին տանտերերը նաեւ բնակարանի նոր սեփականատիրոջն են առաջարկել գնել նկուղը, որը գնահատել են 500 դոլար եւ բնակարանից ավար վերցրած պատուհանները, որը վաճառում են 100 դոլարով: 

Բայց, քանի որ, հարկադիր կատարող Ս. Սողոյանը ոչ արգելանք դնելու ժամանակ է «տեսել» պահանջատեր Գ. Հովհաննիսյանի թվարկած գույքը, ոչ էլ հետո է «տեղյակ» եղել հարեւանների մատնանշած 3 բեռնատար գույքի մասին` 83 ամյա Գրիգոր Հովհաննիսյանը շարունակելու է դռներ բախել իր գումարը ետ ստանալու ակնկալիքով եւ ամեն անգամ նրան պատասխանելու են, որ պարտապանն անվճարունակ է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter