HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Մոտ 400 մլն դոլար՝ 10 տարում. Սյունիքում ստեղծվելիք տնտեսական գոտու ծրագրի մանրամասները

Հայաստանի  կառավարությունը ծրագրել է Իրանի հետ սահմանակից տարածքում ազատ տնտեսական գոտի (ԱՏԳ)  ստեղծել։ Ըստ ծրագրերի՝ այն պետք է հիմնվի ՀՀ Սյունիքի մարզում։ Թե երբ ԱՏԳ-ն վերջնականապես պատրաստ կլինի և կսկսի գործել, դեռևս հստակ  հայտնի չէ, քանի որ ամեն ինչ բանակցությունների փուլում է։

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը՝ ի դեմս նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանի, հավաստիացնում է, որ ծրագիրը թղթի վրա չի մնալու։ Նախարարությունը հույս ունի, որ նշված ազատ տնտեսական գոտին կսկսի գործել մինչև այս տարեվերջ։

Լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը նախարարության մեկ այլ ներկայացուցիչ՝ ներդրումային ծրագրերի բաժնի պետ Արամ Վարդանյանը, ներկայացրեց, թե ինչիպիսին պետք է լինի Սյունիքում հիմնվելիք ազատ տնտեսական գոտին՝ ըստ իրենց ծրագրածի։

Այն պետք է գործի Ագարակ քաղաքում։ Սկզբնապես զբաղեցնի 10-15 հա տարածք՝ ունենալով ընդայնման հավելյալ հնարավորություն։ Տնտեսական գոտու կազմակերպիչ ընկերության ծախսերը, ըստ նախարարության հաշվարկների,  10  տարվա կտրվածքով կարժենա շուրջ 32 մլն ԱՄՆ դոլար, որում  ներառված են և կապիտալ ներդրումները, և ընթացիկ ծախսերը։ Ակնկալվում է, որ 10 տարվա ընթացքում ԱՏԳ-ի կազմակերպիչ հանդիսացող ընկերության հասույթը կկազմի շուրջ 52 մլն դոլար, իսկ հիմնական աշխատատեղերի քանակը՝  60-70։

Իսկ ինչ վերաբերում է ներդրումներին, ապա ակնկալվում է, որ 10 տարվա ընթացքում այս գոտում կընդգրկվի 100-120 ընկերություն, տարեկան միջին արտահանումների ծավալը կկազմի 80-100 մլն ԱՄՆ դոլար։ Արդյունքում նույն գոտում կստեղծվեն 2500 և ավելի աշխատատեղեր։ Իսկ համախառն ներդրումները կկազմեն 350-400  մլն ԱՄՆ դոլար։ Շեշտենք՝ այս ամենը 10  տարվա ընթացքում։

 

Առայժմ նաև հայտնի չէ, թե որ ընկերությունն է դառնալու նշված ԱՏԳ-ի կազմակերպիչը։ Ինչպես ասուլիսին հայտնեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը, որպես կազմակերպիչ հանդես գալու հետարքրություն են ցուցաբերել ընկերություններ Ռուսաստանից, Իրանից ու Չինաստանից։ Մեր հարցին, թե ի՞նչ սկզբունքով պետք է ընտրվի կազմակերպիչը, Հ. Ազիզյանը պատասխանեց, որ կարևորը ներկայացվող ծրագրերն են լինելու՝ իրենց արդյունավետությամբ. երկիրը, որը կներկայացնի տվյալ ընկերությունը, սկզբունքային նշանակություն չունի։ Հավանաբար, այս տարվա ապրիլից արդեն պարզ  կլինի կազմակերպչի անունը։

Նշված ԱՏԳ-ում գործող ընկերությունների համար որպես արտահանման թիրախավորված շուկաներ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը դիտարկում է առաջին հերթին Իրանը, ինչպես նաև՝  ԵԱՏՄ երկրները, Մերձավոր արևելքի երկրները, Թուրքմենստանը և այլն։

Նախարարությունը  նախանշել է նաև ԱՏԳ-ի համար գերակա ոլորտներն ու գնային քաղաքականությունը։

Իսկ որպես ծրագրի առավելություններ, նախարարությունը առանձնացրել է ԱՏԳ-ի՝ պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափով հիմնադրման հնարավորությունը, ծրագրի բարձր եկամտաբերությունը և ներդրումների արագ հետգնումը, հարկային արտոնությունները կազմակերպչի և շահագործողների համար,  ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցությամբ բացվող առևտրատնտեսական հնարավորությունները, այդ թվում՝ ԵԱՏՄ և ԻԻՀ միջև բանակցվող ազատ առևտրի համաձայնագիրը, Հայաստանի արտոնյալ առևտրային ռեժիմները ԵՄ, ինչպես նաև ԱՄՆ-ի, Կանադայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի և  Նորվեգիայի հետ։

Հիշեցնենք, որ այսօրվա դրությամբ Հայաստանում գործում է 2  ազատ տնտեսական գոտի։ Երկուսն էլ գտնվում են Երևանում՝  «Ալյանս»-ն և «Մերիդիան»-ը։ Ընդհանուր առմամբ, այս երկու գոտիներում գործում  է 15 ընկերություն։

Հայաստան-Իրան տնտեսական կապերի ներկա վիճակին կանդրադառնանք առաջիկայում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter