HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի փոխքաղաքապետ. «Հույս ունենք, որ 2018-ի ավարտին վերաբնակեցումը կլինի»

Երևանի քաղաքապետարանի՝ այս տարվա ընթացքում արվող խնայողությունները հնարավորինս ուղղվելու են 4-րդ կարգի վթարային հանրակացարանների (Արցախի 4-րդ նրբանցքի 10 և 8 շենքերի մասին է խոսքը) խնդրի լուծմանը: Երեկ այս մասին «Հետքի» հետ զրույցում ասել է Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը: Նրա խոսքով՝ քաղաքապետի հանձնարարութունը կա, որպեսզի խնայողություններն ուղղվեն նոր շենք կառուցելու ծրագրի մեկնարկին: «Մենք արագ ուզում ենք նախատեսել շենքի կառուցում, որպեսզի երկու շենքերը վերաբնակեցնենք»,- ասում է Վ. Նիկոյանը:

Այս պահին Երևանի բնակարանային ֆոնդը բավարար չէ երկու շենքերի վերաբնակեցման համար: Սեյսմակայունության տեսանկյունից, ըստ փորխքաղաքապետի, երկու վթարային շենքերն իրարից որևէ բանով չեն առանձնանում: Պարզապես, ըստ նրա, 10-րդ շենքի բնակիչները բողոքում են, իսկ 8-րդ շենքինը՝ ոչ, ինչը, ըստ Նիկոյանի, չի նշանակում, որ սկզբից պետք է 10-րդ շենքի բնակիչների խնդիրը լուծեն: Քանդման ենթակա երկու շենքերի բնակիչների խնդիրը միաժամանակ պիտի լուծվի:

Արցախի 4-րդ նրբանցքի 10 հասցեի հանրակացարանը

Փոխքաղաքապետը նաև ճիշտ չի համարում այս պահին ունեցած բնակֆոնդը սենյակային առավել ծանր պայմաններ ունեցող բնակիչներին տրամադրելը՝ համարելով դա իրավունքների խախտում ու հարցնելով, թե ինչով է մի բնակիչն առավել մյուսից:

Նախնական տվյալներով՝ 1,5 միլիարդ դրամ  է հարկավոր նոր շենքի կառուցման համար

Վ. Նիկոյանը պարբերաբար շեշտում է նախնական բառը, ասում, որ իրենց ունեցած տվյալները դեռևս նախնական են: Շենքի կառուցումը կկազմի մոտ 1,5 միլիարդ դրամ (սա խիստ նախնական թիվ է): «Մենք հույս ունենք, որ 2018-ի ավարտին վերաբնակեցումը կլինի»,- նշում է փոխքաղաքապետը, ապա ավելացնում, որ գուցե իր ասած ժամկետում շեղումներ լինեն, բայց դա միայն ամիսների հարց է լինելու:

Քաղաքապետարանը նոր շենքի կառուցման տեղի խնդիր չունի: Կկառուցեն նախկին վթարային շենքերի տեղերում, այդպիսիք այս պահին երկու վարչական շրջաններում ունեն՝ Աջափնյակում՝ Սիսակյան 3 շենքի և Էրեբունիում՝ Նոր Արեշի հանրակացարանի տեղերում: Այս դեպքում, ըստ Վ. Նիկոյանի, և՛ քաղաքաշինական խնդիրն է լուծվելու, և՛ տարածքի խնդիր չեն ունենա:

Համադրվող հասցեներ՝ ըստ փոխքաղաքապետի

Արցախի 4-րդ փողոցի 10-րդ շենքի բնակիչները պնդում են, որ նախկին գեղարվեստի ուսումնարանի շենքի փոխարեն իրենց շենքը պետք է վերաբնակեցնեին:

«Ուսումնասարանի շենքի հետ կապված կա հասցեի համադրում (թե ուսումնարանը, թե հանրակացարանը կրում են Արցախի 4-րդ նրբանցքի 10 հասցեն- հեղ.), նրանց թվում է, թե երբ մենք ուսումնարանի շենքը վերաբնակեցրել ենք, իրենց շենքի եզրակացությունն է եղել, նման բան չի կարող լինել, որովհետև եթե որևէ մեկը պատկերացնում է, թե ինչ է նշանակում սեյսմիկ եզրակացություն, պատկերացնում է նաև, որ այդ դեպքում պարտադիր կոմպոնենտ են լուսանկարները: Չէր կարող պատահել, որ մի շենքի մասով սեյսմիկ եզրակացություն տրվեր, մի ուրիշ հասցեով քանդեինք: Իրենք, վստահ եմ, գիտեն, որ այդտեղ որևէ շփոթմունք չի եղել, ընդամենը շահարկում են հարցը»,- ասում է փոխքաղաքապետը՝ բացելով սեյսմիկ եզրակացությունների թղթերը: Վերջինիս փոխանցմամբ՝ 2007 թ. սեյսմիկ եզրակացությամբ 4-րդ կարգի վթարային է ճանաչվել նախկին ուսումնարանի շենքը, իսկ հանրակացարանի շենքի սեյսմիկ եզրակացությունները քաղաքապետարանը պատվիրել է երկու անգամ՝ 2015 և 2016 թթ., առաջինի դեպքում եզրակացությունը վթարայնությունը 3-րդ կարգ էր սահմանել, երկրորդի դեպքում՝ 4-րդ:

Հարցին, թե հնարավոր չէր արդյոք հասցեները փոխել՝ շփոթություն չստեղծելու համար, Վ. Նիկոյանը պատասխանում է, որ շենքի հասցե փոխելն իր գործառույթը չէ: Նրա խոսքով՝ բնակիչները մի պատճառ միևնույնն է՝ կգտնեին:

«Եթե ուզում ենք իրականությունն իմանալ, պարզ է՝ թիվ 5 ուսումնարանի շենքը խայտառակ վթարային է եղել, դրա եզրակացությունն է եղել 4-րդ կարգ, դրա բնակֆոնդը ստեղծվել է 2012-ին, վերաբնակեցվել է: 1 շաբաթ անց շենքը փլուզվել է, չենք հասցրել քանդել: Իրենց շենքը (նկատի ունի հանրակացարանը- հեղ.) չի ունեցել 4-րդ կարգի եզրակացություն, մենք պատվիրել ենք իրենց խնդրանքով, տրվել է 3-րդ, մեկ տարի անց՝ 4-րդ կարգ»,- ասում է քաղաքապետի տեղակալը:

Փոխքաղաքապետը հերքում է

Արցախի 4-րդ նրբանցքի 10-րդ շենքի բնակիչ Մարիետա Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ նախորդ ամռանը բնակիչները հանդիպել էին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանին: «Մեզ ասաց՝ գնացեք վրան խփեք, ապրեք: Ասաց՝ դուք լսել եք, որ մենք տուն ենք բաժանում, սկսել եք քանդել շենքը: Ես էլ ասացի՝ օրինակ, ես ինչքա՞ն հիմա պիտի լինեմ, որ իմ մայրն ու բալիկը քնած, առաստաղից պոկեմ, լցնեմ իրենց վրա: Ասացի՝ թող համապատասխան մարմինները գան, ստուգեն»:

Փոխքաղաքապետը հակադարձում է. «Պաշտոնապես ասում եմ՝ դա չի համապատասխանում իրականությանը: Ես ոչ միայն Մարիետային, այլև որևէ մեկին երբևէ չեմ առաջարկել, չեմ կարող առաջարկել, որպեսզի իրենք գնան վրան խփեն, ապրեն: Նման արտահայտություն չի եղել: Մարիետայի ասածը եղել է այն, որ ասել է՝ եթե հենց հիմա լուծում չեք տալիս հարցին, Ձեր կարծիքով՝ հիմա ես ի՞նչ անեմ, վրան գնանք խփե՞նք, թե՞ դուրսը մնանք, ես ասել եմ՝ էս պահին լուծում չունեմ»:

«Ամենատհաճ կետը»

Վ. Նիկոյանը Արցախի 4-րդ նրբանցքի 10-րդ շենքի ներսում եղել է մեկ անգամ՝ նախորդ տարվա նոյեմբերին: Սակայն շենքը դրսից բազմիցս է տեսել գործի բերմամբ: «Էս դարում ապրել առանց սանհանգույցի, առանց խոհանոցի, բոլորը մի սենյակում, սա է ամենատհաճ կետը»,- նշում է քաղաքապետի տեղակալը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter