HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Araratnews-ի լրագրողի գործունեությունը խոչընդոտելու գործով դատաքննությունը մեկնարկել է

Գայանե Սարգսյան

Այսօր Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր Araratnews.am կայքի լրագրող Շողիկ Գալստյանի գործունեությունը խոչընդոտելու գործով առաջին դատական նիստը:

Հիշեցնենք, որ 2016թ.-ի հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրությունների ժամանակ լրագրողի և վանաձորցի Մարիամ Ավագյանի միջև միջադեպ էր գրանցվել, վերջինս ջարդել էր լրագրողի հեռախոսը:  

Մարիամ Հովիկի Ավագյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության օրը՝ 2016թ.-ի հոկտեմբերի 2-ին, ժամը 13-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի թիվ 30/47 տեղամասում նկատելով ընտրական սենյակում և տեղամասում իր գործողությունները բջջային հեռախոսով տեսաձայնագրող՝ ընտրական գործընթացները լուսաբանող զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչ հանդիսացող Շողիկ Գալստյանին, նպատակ ունենալով ոչնչացնել վերջինիս բջջային հեռախոսով կատարված ձայնագրառումները, տեղամասի մուտքի դիմաց մոտեցել է իր մասնագիտական գործառույթներն իրականացնող Շ.Գալստյանին և վերջինիս ձեռքից խլելով «Սամսունգ» տեսակի «SM-J700H/DS» մոդելի բջջային հեռախոսը, դիտավորությամբ հարվածել է գետնին և վնասել այն, ինչի արդյունքում հեռախոսը, որպես ընտրական գործընթացը լուսաբանող լրագրողական գործիք, կորցրել է իր նպատակային նշանակությունը, իսկ Շ.Գալստյանին դիտավորությամբ պատճառվել է զգալի չափերի՝ 60.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Մ. Ավագյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեկան օրենսգրքի 149 հոդվածի 1-ին մասի և 185-րդ հոդվածի 1-ի մասի հատկանիշներով:

Առաջին դատական նիստին ներկա էին Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազ Ռաֆիկ Երիցյանը, տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Գրիշա Բալասանյանը:

Դատական նիստը վարում էր դատավոր Սուրեն Բաղդասարյանը: Նա ներկաներից հետաքրքրվեց՝ կողմերը դատավորի ինքնաբացարկի միջնորդություն ունեն: Նման միջնորդություն չներկայացվեց:

Դատավորը նախ ճշգրտեց ամբաստանյալի  անձնական տվյալները: Պարզվեց, 33-ամյա Մ. Ավագյանը մասնագիտությամբ կենսաքիմիկ է, ավարտել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի կենսաքիմիա բաժինը, որոշ ժամանակ աշխատել է որպես մանկավարժ, այժմ զբաղվում է երկու անչափահաս երեխաների խնամքով, որոնցից ավագը՝ 8, կրտսերը 7 տարեկան է:

33-ամյա կինը  այրի է, նախկինում դատվածություն չունի:

Դատավոր Բաղդասարյանը մեղադրյալից հետարքրքվեց՝ մեղադրական եզրակացության պատճեն ստացե՞լ եք, ինչին Մ. Ավագյանն արձագանքեց՝ վերջին անգամ չեմ ստացել:

Դատավորը պարզաբանեց, որ մեղադրական եզարկացությունը տրամադրվում է  մեկ անգամ: Վերջինս ցույց տվեց մեղադրական եզրակացությունը ամփոփող փաստաթուղթը, ինչից հետո մեղադրյալը վստահեցրեց, որ շուրջ մեկ ամիս առաջ այն ստացել է:

Մեղադրյալը դատական նիստին ներկայացել էր առանց պաշտպանի: Հարցին՝ ինչո՞ւ չունեք պաշտպան, վերջինս պատասխանեց.

-Առայժմ չեմ ուզում ունենալ՝ ֆինանսապես անվճարունակ լինելու պատճառով:

Դատավորը պարզաբանեց, որ անվճարունակ լինելու դեպքում դատարանը մեղադրյալի խնդրանքով և միջնորդությամբ կարող է կայացնել համապատասխան որոշում և նշանակել հանրային պաշտպան պետության հաշվին՝ հանրային պաշտպանի գրասենյակից:

Հիմա ցանկանո՞ւմ եք պաշտպան ունենալ, թե՝ ոչ. հարցին Մ. Ավագյանը միանգամից չկարողացավ պատասխանել: Եվ միայն այն բանից հետո, երբ դահլիճում ներկա կանանցից մեկը նկատեց՝ հա, ինչի՞ չէ, վերջինս հնչեցրեց իր պատասխանը. «Ես ֆինանսի պատճառով չէի վերցրել, հիմա եթե հանրային կա՝ կօգտվեմ»:

«Քանի որ ամբաստանյալը ցանկանում է պաշտպան ունենալ, կարծում եմ, որ մենք պետք է հաշվի առնենք նրա ընտանեկան վիճակը, որ ունի երկու անչափահաս երեխաներ, չի աշխատում՝ ըստ հայտարության, այրի է, և դիմենք հանրային պաշտպանի գրասենյակ՝ նրան հանրային պաշտպանով ապահովելու համար»,- ներկաներին դիմեց դատավորը՝ նիստը համարելով ավարտված:

Հաջորդ դատական նիստը կկայանա փետրվարի 3-ին:

Գլխավոր լուսանկարում՝ փաստաբան Գրիշա Բալասանյանը եւ լրագրող Շողիկ Գալստյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter