HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լոռիում աուդիտի ենթարկված 82 կազմակերպություններում արձանագրվել են 55.8 մլն դրամի խախտումներ

Գայանե Սարգսյան

Լոռու մարզպետարանի ներքին աուդիտի բաժինը 2016թ.-ին աուդիտ է իրականացրել մարզային ենթակայության 53 կրթական, 26 առողջապահական ընկերություններում և կազմակերպություններում, ինչպես նաև Լոռու մարզպետարանի աշխատակազմի երեք ստորաբաժանումներում, ուսումնասիրով վերջին երեք տարիների փաստաթղթերը:

Ներքին աուդիտի բաժնի պետ Լյովա Բերոյանի խոսքով՝ իրականացված աուդիտի ընթացքում արձանագրվել են բազմաբնույթ խախտումներ ու թերություններ, որոնց մեծ մասն ընդհանրական են և նույնությամբ կրկնվում են բոլոր կազմակերպություններում:

«Տնօրենների կողմից տրված հրամաններում առանձին դեպքերում բացակայում են իրավական հիմքերը, օրենքներին և կառավարության որոշումներին համապատասխան հոդվածներին հղումները: Առկա են սխալ ձևակերպումներ աշխատողների արձակուրդային հրամաններում, որոշ դեպքերում ժամանակային խախտումներով են վճարվել աշխատողների արձակուրդային գումարները: Գրանցվել են աշխատողների միջին աշխատավարձերի սխալ հաշվարկման դեպքեր, գործուղման գումարների հաշվարկման, վճարման խախտումներ, հրամանագրքերում գույքի դուրս գրման վերաբերյալ հրամանները ներկայացված են առանց գույքի անվանացանկի»,- առավել հաճախ հանդիպող խախտումներն է ներկայացնում բաժնի պետը:

Արձանագրվել են նաև աշխատողների պարգևատրման կարգի խախտումներ: «Պարգևատրման հրամանը կա, բայց չի նշվում, թե կոնկրետ ում ինչքան գումար պետք է տրվի»,- պարզաբանում է  Լ. Բերոյանը:

Աուդիտի ենթարկված մարզային ենթակայության մի շարք հիմնարկություններում ուշացումով են վճարել աշխատողների արձակուրդային գումարները, աշխատանքային պայմանագրերը կազմվել են թերություններով, սխալ են հաշվարկվել ժամանակավոր անաշխատունակության ու մայրության նպաստները:

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս մարզի հանրակրթական ու հատուկ դպրոցներում  գրանցվել են աշակերտների ոչ ճիշտ թվի ներկայացման դեպքեր, ինչի հետևանքով դպրոցները պետբյուջեից ավել ֆինանսավորում են ստացել:

2013թ.-ին Ֆինանսների նախարության կողմից մարզի դպրոցներում իրականացված ստուգումներից հետո հայտնաբերվել էին ավել թվով աշակերտ ներկայացնելու բազմաթիվ դեպքեր: Բացահայտումներից հետո Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հրահանգով աշակերտների թվային տվյալները հայտնվել են աուդիտի բաժնի ուշադրության կենտրոնում, եւ աուդիտի արդյունքում արձանագրվել է. 2014թ.-ին սխալ է ներկայացվել  45, 2015-ին՝ 77, 2016-ին՝ 18 աշակերտի թվային տվյալ:

Առավել կոպիտ խախտումների համար աուտիդի ենթարկված կազմակերպությունների տնօրենները ենթարկվել են տարաբնույթ տույժերի:  2013թ.-ին ազատվել է աշխատանքից՝ 3, խիստ նկատողություն ստացել՝ 7, նկատողություն՝ 6 տնօրեն: 2014թ.-ին նկատողություն է  ստացել 8, 2016-ին՝ ընդամենը 1 տնօրեն:

Մարզի բուժհաստատություններում մատուցված ամբուլատոր գործիքային բուժծառայությունների համար հաշիվ ապրանքագրեր դուրս գրելու փոխարեն կազմվել են փոխադարձ հաշվարկման ակտեր, խախտումներ են գրանցվել նաև գնումների գործընթացում:

Ընդհանուր առմամբ 2016թ.-ին արձանագրվել է 55.8 մլն դրամի խախտում:

Մարզպետի հանձնարարականով 2017թ.-ին աուդիտի բաժինն ուշադրության կենտրոնում կպահի հատկապես մարզի  բժշկական հաստատությունների վճարովի ծառայությունների համակարգը: Արթուր Նալբանդյանն այս ոլորտում կոռուպցիոն ռիսկեր է տեսնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter