HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Ով ում բարեկամն է կադաստրում

«Հետք»-ը «ԱԳԿՊԿ աշխատակիցներից» ստորագրությամբ նամակ է ստացել, որում նամակագիրները կամ նամակագիրը պնդում է, որ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում արդյունավետ կառավարման խնդիրներ կան, ծանոթ-խնամի-բարեկամ կապերը շատ ուժեղ են գործում, ծառայողական ավտոմեքենաները սպասարկում են պաշտոնյաների ընտանիքներին եւ այլն:

Նամակում տեղ գտած որոշ ձեւակերպումների վերաբերյալ «Հետք»-ը զրուցել է ԱԳԿՊԿ աշխատակազմի ղեկավար Վարդան Հասրաթյանի հետ:

- Պարոն Հասրաթյան, խմբագրությանն ուղղված նամակում նշվում է, որ Կադաստրի պետական կոմիտեի Վերահսկողության վարչության 3 ծառայողական ավտոմեքենաներից մեկը ծառայում է վարչության պետ Արսեն Բիձյանին, երկրորդը՝ նրա ընտանիքին: 

Քանի՞ ծառայողական ավտոմեքենա ունի վարչությունը եւ ու՞մ են սպասարկում դրանք:   

- Կոմիտեի աշխատակազմի վերահսկողության վարչությանն ամրակցված է 3 ավտոմեքենա, որոնցից մեկը սպասարկում է վարչության պետին, մեկը՝ վարչության սպասարկման գրասենյակների համակարգման բաժնին, իսկ երրորդը՝ անշարժ գույքի հաշվառման տվյալների նկատմամբ վերահսկողության բաժնին:

Աշխատանքային ծանրաբեռնվածությունից եւ պարտականություններից ելնելով՝ հիշյալ ավտոմեքենաներից եւ ոչ մեկը չի կարող սպասարկել որևէ մեկի ընտանիքի անդամներին:

- Նամակում ասվում է, որ կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը թվով 100-120 աշխատակից է ընդունել, ովքեր Առեւտրաարդյունաբերական պալատի աշխատողներ են եւ կոմիտեում էլ ստանում են 100-300 հազար դրամ աշխատավարձ: Եվ որ կոմիտեի հաշվեկշռում գտնվող 026 SS 60 պետհամարանիշով ավտոմեքենան սպասարկում է Առեւտրաարդյունաբերական պալատում նրա տեղակալին: 

Կոմիտեի կազմից քանի՞ անձ է հանդիսանում նաեւ Առեւտրաարդյունաբերական պալատի աշխատակից, եւ ու՞մ է սպասարկում 026 SS 60 պետհամարանիշով ավտոմեքենան:

- 2014թ. հունիս ամսին, երբ Մարտին Սարգսյանը ստանձնել է Կոմիտեի նախագահի պաշտոնը, կադաստրի համակարգը ունեցել է պայմանագրային հիմունքներով աշխատող 160 աշխատակից: Այսօր համակարգն ունի 62 պայմանագրային աշխատող, որոնցից ոչ մեկը Առևտրաարդյունաբերական պալատի աշխատակից չէ:

Համակարգում պայմանագրային հիմունքներով աշխատողների աշխատավարձը տատանվում է 82 000-120 000 դրամի սահմաններում:

Իսկ 026 SS 60 պետհամարանիշով ավտոմեքենան կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ընդհանուր օգտագործման (հերթապահ) ավտոմեքենան է և առանձին որևէ մեկին չի սպասարկում:  

- Ո՞վ է Ալեքսը: Տեղեկություն կա, որ այդ անունով անձը Մարտին Սարգսյանի թիկնապահն է եւ միջամտում է Կոմիտեի կարգուկանոնին:

-  Կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանի՝ որպես քաղաքացիական անձ, և ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության անձի անվտանգության և գույքի պահպանության բաժնի միջև 2014թ-ին կնքվել է անձի անվտանգության և նրա ունեցվածքի պահպանության  իրականացման վերաբերյալ պայմանագիր: Պայմանագրի համաձայն՝ պետական պահպանության վարչության աշխատակից Ալեքս Մինասյանը իրականացնում է կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանի անձի անվտանգության ապահովումը: Նա որևէ կերպ չի միջամտում կոմիտեի աշխատակազմի աշխատանքներին:

- Նշվում է, որ Կոմիտեի Տեղեկատվական կենտրոնում պետ է նշանակվել ղեկավարման փորձ չունեցող անձ: Ո՞վ է կենտրոնի ղեկավարը, ի՞նչ մասնագիտություն ու կրթություն ունի:

-  Տեղեկատվական կենտրոնի ղեկավար Լևոն Ավետիսյանը մասնագիտությամբ տնտեսագետ է: 2008 թվականից աշխատում է կոմիտեում, նախ՝ որպես Անշարժ գույքի կադաստրային գնահատման և համակարգված դիտարկումների վարչության անշարժ գույքի կադաստրային գնահատման բաժնի 1-ին կարգի մասնագետ, այնուհետև՝ Վերահսկողության բաժնի 1-ին կարգի մասնագետ, Գնահատման բաժնի 1-ին կարգի մասնագետ, ապա նույն բաժնի գլխավոր մասնագետ:

2012 թվականից կոմիտեի աշխատակազմի սպասարկման գրասենյակների համակարգման վարչության մարզային սպասարկման գրասենյակների համակարգման բաժնի պետն էր, իսկ 2015-ից՝ գույքի գրանցման վարչության մեթոդաբանության բաժնի պետ:

2015 թվականի մարտի 25-ից մինչև 2015 թվականի սեպտեմբերի 16-ը Լեւոն Ավետիսյանը եղել է Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն ստորաբաժանման տեղեկատվության կառավարման բաժնի գործառույթները համակարգող խորհրդատու, իսկ 2015 թվականի սեպտեմբերի 16-ից առ այսօր զբաղեցնում է ՏՏԿ ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը:

Կարծում եմ նրա աշխատանքային կենսագրությունը պատմում է՝ Ավետիսյանը փորձառու՞, թե անփորձ մասնագետ է:

- Նամակագիրը մեզ հայտնում է, որ Մարտին Սարգսյանի տեղակալ Աշոտ Մուսայանի ընտանիքի անդամները՝ որդին, հարսը, քենին, քենակալը եւ այլ հեռավոր ազգականներն աշխատում են կադաստրի համակարգում եւ ունեն բավականին լուրջ պաշտոններ: Խնդրում եմ պարզաբանեք՝ Աշոտ Մուսայանի ընտանիքի անդամներից եւ բարեկամներից (այդ թվում՝ որդի, հարս, քենի, քենակալ եւ այլն) ով եւ որ պաշտոնն է զբաղեցնում, որքան աշխատավարձ է ստանում:

- Աշոտ Մուսայանը 1997 թվականի օգոստոսի 25-ից աշխատել է անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգում:

1998-1999 թվականներին աշխատել է որպես կադաստրի վարչության պետի տեղակալ, իսկ 1999 թվականի հունիսի 28-ից առ այսօր զբաղեցնում է ԱԳԿՊԿ նախագահի տեղակալի պաշտոնը, ստանում 496 հազար դրամ աշխատավարձ:

Աշոտ Մուսայանի որդին՝  Արմեն Մուսայանը, 1997 թվականիից աշխատել է Կադաստրի պետական կոմիտեի համակարգում, իսկ 2011 թվականի դեկտեմբերի 30-ից առ այսօր զբաղեցնում է Երևանի տարածքային ստորաբաժանման իրավաբանական բաժնի պետի պաշտոնը: Նրա աշխատավարձը՝ 269 հազար դրամ է:

Մուսայանի հարսը՝ Գայանե Մկրտչյանը, 2015 թվականի ապրիլի 17-ից մինչև 2017 թվականի հունվարի 13-ը՝ կոմիտեի «Ուսումնամեթոդական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմավորումը, աշխատել է որպես կազմակերպության փոխտնօրեն: Աշխատավարձը՝ 170 հազար դրամ:

Աշոտ Մուսայանի քենակալ Գրիգոր Ավագյանը 2011 թվականի մայիսի 26-ից աշխատել էանշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգում, իսկ 2014 թվականի դեկտեմբերի 30-ից մինչև 2015 թվականի դեկտեմբերի 30-ը պայմանագրային հիմունքներով՝ «Վաղարշապատ» սպասարկման գրասենյակում: Ավագյանը ստանում է 85 հազար դրամ աշխատավարձ:

- Նույն խոսակցություններն են Ֆելիքս Բաշոյանի ընտանիքի անդամների եւ բարեկամների մասին:

- ԱԳԿՊԿ նախագահի տեղակալ Ֆելիքս Բաշոյանը 1997 թվականի օգոստոսի 20-ից աշխատել է կոմիտեի համակարգում, իսկ 2006 թվականի  հունիսի 23-ից մինչև 2016 թվականի դեկտեմբերի 15-ը՝ զբաղեցրել կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը, ստանալով 496 հազար դրամ աշխատավարձ:

Այս պահին Ֆ. Բաշոյանը աշխատում է «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ում, որպես տնօրենի խորհրդական:

Ֆելիքս Բաշոյանի որդին՝ Աշոտ Բաշոյանը, 1999 թվականի հոկտեմբերի 4-ից աշխատել է կադաստրի պետական կոմիտեի համակարգում, իսկ 2014 թվականի դեկտեմբերի 15-ից առ այսօր զբաղեցնում է Մարզերի միավորված ստորաբաժանման ղեկավարի տեղակալի պաշտոնը, ստանում է 265 հազար դրամ աշխատավարձ:

Ֆելիքս Բաշոյանի եղբայրը՝ Ալեքսանդր Բաշոյանը, 1999 թվականի սեպտեմբերի 29-ից  աշխատում է կոմիտեի համակարգում, իսկ 2011 թվականի դեկտեմբերի 30-ից առ այսօր զբաղեցնում է «Ստեփանավան» սպասարկման գրասենյակի պետի պաշտոնը: Նրա աշխատավարձը 370 հազար դրամ է:

Քրիստինա Մկրտչյանը, ով 2012 թվականի մայիսի 24-ից առ այսօր զբաղեցնում է Անշարժ գույքի կադաստրային գնահատման և համակարգված դիտարկումների վարչության անշարժ գույքի համակարգված դիտարկումների բաժնի 1-ին կարգի մասնագետի պաշտոնը, Ֆելիքս Բաշոյանի որդու քենին է, ստանում է 131 հազար դրամ աշխատավարձ:

- Նամակում խոսք է գնում այն մասին, որ կոմիտեի աշխատակիցներն արդեն երկու տարի է՝ զրկված են խրախուսումներից:

- Ինչ վերաբերում է կոմիտեի աշխատակիցներին տրվող խրախուսումներին, ապա նշենք, որ 2015 թվականի ընթացքում վճարվել է 289,9 միլիոն դրամ, որից 180,3 միլիոնը՝ որպես օրենքով նախատեսված դրամական խրախուսում, իսկ 109,552 միլիոնը՝ օրենքով նախատեսված քաղաքացիական ծառայողների պարգևատրում: 2016 թվականի ընթացքում վճարվել է 429,5 միլիոն դրամ, որից 361,3 միլիոնը օրենքով նախատեսված կերպով վճարվել է որպես դրամական խրախուսում, իսկ 68,1 միլիոն դրամը՝ օրենքով նախատեսված քաղաքացիական ծառայողների պարգևատրում:                  

Մեկնաբանություններ (2)

Arsen
Հարգելի Արմեն, ես հաճախակի օգտվում եմ կադաստրի պետական կոմիտեի ծառայություններից և համաձայն չեմ Ձեր այն դիտարկման հետ, որ տվյալ ոլորտը կոռումպացված է: Ընդհակառակը, պարբերաբար գործարքներ իրականացնելիս իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում կոմիտեի աշխատակիցներին, որակյալ սպասարկման համար: Ամենայն հավանականությամբ Դուք վաղեմի տեղեկություններ եք ներկայացնում Ձեր մեկնաբանությունում:
Armen
Հարգելի Հետք Ձեր բացահայտումները իհարկե նորություն չեն մեզ համար:Իրականում կադաստրի ոլորտը ավելի վատ վիճակում է քան մենք ենք տեսնւմ:Մարզային ստորաբաժանումներում պետերը և ռեգիստրները բառի բոլոր իմաստներով անում են ինչ ուզում են:Նրանք են որոշակի գումարներ,որոնք պետք է վճարեն քաղաքացիները իրենց գործարքը կատարելու համար:Դա էլ ամենը չի չափագրման ծառայությունները այս կամ այն պետի մերձավորին են պատկանում,այսինքն իրենցն է գրանցված բարեկամի անունով և քաղաքացիներին ուղղորդում են տվյալ ծառայությունից օգտվելու,իսկ չօգտվողները զրկվում են պատշաճ ծառայություն ստանալուց: Ես որպես ՀՀ քաղաքացի ցանկանում եմ այս կոռումպացված ոլորտը տեսնել բարվոք վիճակում և Հարգարժան կոմիտեի նախագահի ուշադրությունն եմ հրավիրում մարզային ստորաբաժանումների աշխատանքին:Իրոք տիրող իրավիճակը հարիր չէ մեզ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter