HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Կրկեսային նախընտրական ներկայացումը սկսված է, կամ քաղաքական մտքի կապիտուլյացիան

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, թե կրկին բացում է 2015թ. փակված իր քաղաքական գործունեության էջը և լայն դաշինքով մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Հայաստանում քաղաքականության դուռը վաղուց արդեն կրկեսի միջանցիկ դուռ է դարձել, որով որպես կանոն ուզած պահին ազատ ելումուտ են անում քաղաքական ձեռնածուները, լարախաղացներն ու ծաղրածուները: Հայաստանյան քաղաքական կրկեսում Ծառուկյանի դերը չի փոխվում գործնականում 2004-ից՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հիմնադրելու պահից: Անցած բոլոր ընտրություններին Ծառուկյանը բուֆերի դեր է կատարել գործող քաղաքական իշխանության համար՝ ապահովելով նրա հարաբերականորեն սահուն վերարտադրումը, դառնալով նրա շարունակականության և անվտանգության պատվարը:  

2012թ. ընտրություններից հետո մի կարճ ժամանակահատվածում միայն ԲՀԿ քաղաքական մասը և հատկապես «բուրժուադեմոկրատական հեղափոխության» ռոմանտիզմով տարված ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը Ծառուկյանին ներշնչեցին, որ ժողովուրդն իրեն ընդունում է որպես «մեսիա», և ինքը բոլոր հնարավորություններն ու իրավունքներն ունի` դառնալու նոր ժամանակաշրջանի «ռեժիսորը»: Նրան ուշքի բերելու համար իշխանությանն ընդամենը ՀՀԿ-ի մեկ նիստ էր պետք, որից հետո գործնականում ընդամենը երկու օրվա ընթացքում Ծառուկյանին հանեցին կրկեսից և փակեցին իշխանության այսպես կոչված «քաղտեխնոլոգիաների պահեստում»: Հիմա եկել է նրան այնտեղից հանելու և կրկին ասպարեզ վերադարձնելու պահը, որտեղ Ծառուկյանը խաղալու է իր թեև բնական, բայց քաղաքական պահի առումով գուցե ամենապատասխանատու դերը:

Իսկ պահն իսկապես պատասխանատու է մի քանի պատճառով: Նախ՝ նոր Ընտրական օրենսգրքի պայմաններում, երբ իշխանությունը համաձայնեց մեծ չափով հրաժարվել ընտրատեղամասերում ընտրախախտումների ավանդական եղանակներից, այդ կարևորագույն և փորձված մեխանիզմի կորուստը ստիպված է փոխհատուցել երկու լծակների ուժեղացմամբ: Մեկը լյումպեն ընտրազանգվածին ընտրատեղամասեր «բերման ենթարկելու» մոբիլիզացիոն աշխատանքն է՝ կազմակերպական, ֆինանսական, մարդկային ու կիսակրիմինալ ահռելի ռեսուրսների գործադրմամբ, իսկ մյուսը քաղաքական լանդշաֆտի վերաձեւումների հնարավորինս ամբողջական վերահսկումն ու կառավարումը: Ընդհանուր առմամբ, ծանոթ մեթոդաբանություն է՝ երկու առանցքային վերապահմամբ: Այդ մեթոդաբանությունը իշխանությունը պետք է ռեալիզացնի խորհրդարանական կառավարման մոդելի, համամասնական չփորձարկված ռեյտինգային ընտրակարգի միջոցով, երբ ցանկացած դիրքային կորուստ այլևս լինելու է անփոխհատուցելի, քանի որ 5 տարիների հեռանկարում այլ համապետական հերթական ընտրություն չի լինելու: Մյուս կողմից՝ ԱԺ պատգամավորների թիվը զգալիորեն նվազում է, ինչը մեխանիկորեն մեծացնում է յուրաքանչյուր տեղի համար մրցակցությունը: Այն գիտակցումը, որ սա իրավիճակը բեկելու միակ շանսն է, քաղաքական կոտորակված, մարգինալացված ուժերին ստիպում է գնալ թե՛ քաղաքական տրամաբանության վրա խարսխված և թե՛ մեխանիկական խոշորացումների, որոնց անվերահսկելի, ինքնահոս ընթացքը կարող է անկանխատեսելիության մեծ էֆեկտ ստեղծել իշխանության համար, որը նման պայմաններում սովորաբար հայտնվում է ցայտնոտի և ներքին ցնցումների մեջ: Եվ Ծառուկյանը մեծ «դիրիժորի» ձեռքին այն «փայտիկի» դերն է կատարում, որը չափ է տալիս նվագախմբին և վերջինիս տանում իր թելադրած տրամաբանությամբ և խաղի կանոններով: Այս համատեքստում Գագիկ Ծառուկյանին խաղադաշտ մտցնելը հետապնդում է ընդդիմադիր դաշտում տեղի ունեցող կենտրոնախույս խոշորացման գործընթացները տապալելու և դրանք բացառապես Ծառուկյանի շուրջ կառուցելու նպատակ:

Պահը վճռորոշ, պատասխանատու է նաև այն պատճառով, որ խորհրդարանական կառավարման համակարգը իշխանական կոնյունկտուրային թելադրում է ֆորմալ ժողովրդավարական ընտրական համակարգի ներքո իրականում ստեղծել իր պահպանումը երաշխավորող իշխանության սահուն և անվտանգ վերարտադրման բացարձակապես նոր պայմաններ և ավանդույթներ: Ավելի պարզ ասած՝ ստեղծել այնպիսի համակարգ, որտեղ ֆորմալ առումով պահպանվում են ընտրությունների հավասար մրցակցային հիմնական կանոնները, բայց կոնյունկտուրան դրանք միշտ հանգեցնում է կոնյունկտուրայի հաղթանակին՝ անկախ դաշտում խաղացող դեմքերից: Այսինքն՝ զոռբայության մեթոդաբանությանը փոխարինելու է գալիս ժողովրդավարության իմիտացիան:

Պատճառն առավել քան ակնհայտ է. գործող իշխանության համար խորհրդարանական կառավարման համակարգի էությունից բխող ամենամեծ ռիսկը քաղաքական անկայունությունն է, նոր քաղաքական կոնֆիգուրացիաների ստեղծումը, որոնք կարող են փոխել ուժերի հարաբերակցությունը և մեծամասնություն ունեցող քաղաքական ուժին մի քանի ժամում ուղղակի վերածել փոքրամասնության: Թե ինչ է դա նշանակում իշխանության համար առնետավազքի «հիանալի» ավանդույթներ ունեցող քաղաքական մշակույթի պարագայում, լրացուցիչ մեկնաբանության կարիք չունի: Եթե մի պահ պատկերացնենք, որ 2008-11թթ. տերպետրոսյանական համաժողովրդական կամ 2014-15թթ. ծառուկյանակենտրոն շարժումները ծավալվեին ոչ թե կիսանախագահական (իրականում գերնախագահական), այլ խորհրդարանական կառավարման համակարգում, որտեղ ուժային բոլոր կառույցները ենթակա են ԱԺ մեծամասնության վստահության մանդատն ունեցող կառավարությանը, ապա Հայաստանում վաղուց արդեն մի քանի անգամ թավշյա հեղափոխություններ կամ հեղաշրջումներ եղած կլինեին:

Նման ընթացք կոնյունկտուրան թույլ տալ չի կարող, որովհետև դա իր փոփոխության ամենակարևոր նախապայմանն է: Հետևաբար, մնում է մեկ բան. առաջնորդվել ողջ քաղաքական դաշտում այսպես կոչված «կառավարելի քաոս» ստեղծելու քաղաքականությունը քաղաքական տրամաբանությունից հանելու սկզբունքով: Իսկ դրա համար արվում է երկու բան: Առաջին՝ հեղինակազրկել գաղափարական ուժերին, քաղաքական դաշտն առհասարակ գաղափարազրկել, մարգինալացնել կայուն արժեհամակարգ, սկզբունքներ, տեսլական ունեցող ուժերին ու անհատներին, զրոյացնել նրանց նկատմամբ քաղաքական ու հասարակական պահանջարկը: Քաղաքական ինտելեկտի, մտքի և սկզբունքների հաղթանակը գործող կոնյունկտուրայի կապիտուլյացիան է, նրա հեռացման, նոր տիպի համակարգի ձևավորման առաջին նախադրյալը: Իսկ միայն ճահճային պայմաններում կենսունակ քաղաքական տոտալ միջակությունը նման մահացու սպառնալիքի ձևավորման հետ համակերպվել չի կարող: Հետևաբար, անհրաժեշտ է քաղաքականությունը և հասարակական պահանջարկը կառուցել անտիարժեքների վրա. փող, վաճառվածություն, անողնաշարություն, անբարոյականություն:

Երկրորդ՝ ամեն ինչ լղոզել, վերածել շիլաշփոթի, անսկզբունքայնությունը դարձնել միակ կայուն  քաղաքական սկզբունքը, ջարդել, ավերել ամեն ինչի ու յուրաքանչյուրի նկատմամբ անգամ չնչին վստահության ռեսուրսը, ձևավորել կայուն համոզմունք, որ բոլորը գործում են իշխանության համար և իշխանության գործակալները, դհոլներն ու հաճախորդներն են:

Այն, ինչ նախընտրական վերադասավորումների անվան ներքո տեղի է ունենում հիմա, այս ամենի կլասիկ արտահայտությունն է: Իշխանությունը ողջունում է ընդամենը երկու տարի առաջ իր կողմից «չարիք» որակված «Ծառուկյան-քաղաքական գործչի» մասնակցությունը ընտրություններին՝ մոռանալով, որ հենց նրա գործոնով պայմանավորված էր հայրենիքը կրկեսի չվերածելու միտք ձևակերպում, և որ առ այսօր օդում կախված են մնում թե՛ հարկերից խուսափելու և թե՛ քրեական ինչ-որ խմբավորումներ ձևավորելու՝ Ծառուկյանի հասցեին հնչած մեղադրանքները: Կարո՞ղ է, արդյոք, այս պայմաններում գտնվել բանական մտածող որևէ մեկը, ով առնվազն չի կասկածում, որ Ծառուկյանը ոչ թե գալիս է, այլ նրան ներդնում են որպես գործակալ: Առավել ևս, երբ Ծառուկյանն ինքն իր վերադարձի հայտարարության մեջ այդ մեղադրանքներին չի անդրադառնում և առհասարակ չի չեզոքացնում իշխանության հետ իրեն նույնացնող գործոնները:

Իշխանությունն ամեն ինչ անում է Ծառուկյանի շուրջ երկակի, շփոթեցնող մթնոլորտ ստեղծելու համար՝ մի կողմից որպեսզի Ծառուկյանն ընկալվի որպես իշխանության այլընտրանք՝ իր առանցք տեղափոխելով ընդդիմադիր դաշտի խոշորացման պրոցեսները, մյուս կողմից՝ որ նրա նկատմամբ ձևավորվի անվստահության և կասկածամտության թունավոր մթնոլորտ: Քաղաքական առողջ համակարգ ունեցող երկրում հնարավոր չէ պատկերացնել, որ պետական առանցքային պաշտոն զբաղեցնող անձը, շարունակելով պաշտոնավարումը, միաժամանակ կդառնա այսպես կոչված ընդդիմադիր կամ «այլընտրանքային» դաշինքի նախընտրական շտաբի պետ: Հայաստանում փլուզվում են անգամ այս՝ մինչև հիմա գոնե ձևականորեն պահպանվող պայմանականությունները, և Վերահսկիչ պալատի նախագահը դառնում է ընդդիմադիր կամ այդպիսին լինելու հավակնություն ունեցող ուժի առանցքային դերակատարներից մեկն այնքան անբռնազբոս կերպով, կարծես ուրիշ էլ ինչպե՞ս կարող էր լինել:

Եվ հիմա ընտրողը, Ծառուկյանի հետ հույսեր կապող բոլոր մեծ ու փոքր ուժերը, անհատները ստիպված են կռահել՝ նա ընդդիմադի՞ր է, թե՞ ոչ, իշխանափոխությու՞ն է ցանկանում իրականացնել, թե՞ ընդդիմափոխություն: Եթե ընդդիմադիր չէ, ապա ի՞նչ են անում իրենց այդպիսին հորջորջողները նրա ճամբարում: Ինչո՞ւ են հանուն այդ դաշինքում տեղ ունենալու գործակցության մեջ մտնում այնպիսիների հետ, ում ժամանակին մեղադրում էին ամենածանր հանցագործությունների համար, ում հետ գտնվում են քաղաքական-գաղափարական բացարձակապես տարբեր հարթություններում: Ո՞րն է նրանց նպատակը. իշխանության վերարտադրման գործիք դառնա՞լը, պատգամավորական մանդատ ձեռք բերելու մանկական երազանքի իրականացո՞ւմը: Իրե՞նք են ծառուկյանական մանիպուլյացիաների գործիքը, թե՞ Ծառուկյանին են իրենց գործիքը համարում: Ո՞ւմ են առհասարակ խաբում՝ հասարակությա՞նը, իշխանությա՞նը, Ծառուկյանի՞ն, թե՞ իրենք իրենց: Հնարավո՞ր է, արդյոք, այսպիսի ուժերի, այսպիսի անհատների հետ հույսեր կապել, եթե նույնիսկ նրանք ինչ-որ հրաշքով խորհրդարանում մեծամասնություն ստանան և վերցնեն իշխանությունը: Ինչո՞վ են նրանք տարբերվում և տարբերվելու գործող իշխանությունից, և այսպիսի որակով ինչպե՞ս են որակական համակարգային փոփոխությունների ենթարկելու պետության կառավարումը:

Այս հարցերի պատասխանները պարզապես չկան: Եվ գուցե հնարավոր չլինի տալ առհասարակ: Որովհետև դրանք ծագում են ոչ թե պատասխան ստանալու, այլ անդադար առկախվելու համար, որովհետև այս պրոցեսների ամբողջ իմաստն էլ հենց անդադար գլուխկոտրուկների առաջադրումն է: Եվ մինչ հանրությունը դրանց վրա գլուխ կջարդի, առաջին հայացքից քաոսային թվացող սիմֆոնիան կավարտվի, և բոլորը հանգիստ կցրվեն տներով՝ հաստատելով, որ սկսվում է իշխանական իսթեբլիշմենթի շարունակականության նոր ավանդույթների ձևավորման ժամանակաշրջանը:

 

Մեկնաբանություններ (7)

Gagik
Ապուշություններ գրելու համար մի հատ եք, ԳագիկԾառուկյանի բոլոր քայլերը պայմանավորված են միայն ու միայն ժողովրդի շահերով, դա չտեսնելը կուրության նշան է:
Պետո
Ես էս պետության հերն եմ անիծել, հերիք ա էս ժողովրդին խառնեք իրար, էս էլ էդ անտեր ՏԻՄ ընտրություննին դառավ: Դե ժողովուրդն ուտելու բան չունի իրար պտի ուտեն: Էղած փողերը նոր տարուն հատացրին հմի էլ թազա սննդակարգ, թազա խայտառակություն.......
Lilit
Շատ դիպուկ է գրված
Կարեն
Անիմաստ նյութերի պակաս այս օրերին իրոք որ չի նկատվում, ժողովուրդը այսօր իր հույսը Ծառուկյանի հետ է կապում, որովհետև միայն նա է տարիներ շարունակ աջակցել բոլորին:
Mard
Ես ինչքան տանջվեցիք, աջով գնացիք, ձախից եկաք որ վերբագրում ասվածը մի հազար ձևով ասեիք,,,իմացած եղեք, որ Գագիկ Ծառուկյնաը եզակի գրշիչա էսօրվա դրությամբ, որին սիրում հարգում ու ընդունումա մեր ժողովուրդը,,,իսկ կրկեսի մասին կասեմ, որ դուք եք ստեղ մի անհասկանալի ու չկարդացվող կրկես խաղում
վզգո
Օխ - ա՜յ, բու՜լ - բու - բու՜լ, հասնի որ խմենք մր ազգ ու տակի կենածը, որ լավ ըլենք, որ մեր աթոռները պինդ ըլեն, որ մեր բալիկները հարուստ ըլեն, որ մեզ չուզողի աչքը ծռվի ...
Lilit
Հա դե իսթեբլիշմենթ բառին համապատասխան հայերեն բառ գոյություն չունի ,չէ՞ -1 մակարդակի վրա է մեդիան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter