HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

ՀՖՖ-ն հրաժարվել է Թուրքիայում խաղ անցկացնելու մտքից, «Ալաշկերտը»՝ հակառակը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այսօր հաղորդագրություն է տարածել այն մասին, որ փետրվարի 12-ին նախատեսված Հայաստան-Ուզբեկստան խաղը չի կայանա:

Դեռեւս նախորդ տարեվերջին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պայմանավորվածություն էր ձեռք բերել Ուզբեկստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ՝ երկու երկրների ազգային հավաքականների միջև ընկերական հանդիպում անցկացնելու վերաբերյալ:

Հանդիպումը նախատեսված էր անցկացնել Թուրքիայի Անթալիա քաղաքում: Սակայն, ըստ ՀՖՖ հաղորդագրության, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին շրջանում Թուրքիայի տարածքում հաճախակի բնույթ են կրում ահաբեկչական ակտերը, անվտանգության նկատառումներից ելնելով՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել հրաժարվել Ուզբեկստանի հավաքականի հետ ընկերական հանդիպումից:

Թուրքիայում տիրող իրավիճակն ամենեւին էլ չի խառնել Երեւանի «Ալաշկերտի» նախապատրաստական ծրագրերը: Ակումբի ղեկավարությունը նախապես էր ծրագրել՝ հունվարի 31-ին «Ալաշկերտ»-ը կմեկնի Անթալիա, եւ այսօր էլ մտադրությունը չի փոխել:

Ակումբի նախագահ Բագրատ Նավոյանը ասաց, որ հյուրանոցներն արդեն ամրագրված են, դրանք զբաղեցնելու եւ ավիատոմսերի դիմաց վճարումները՝ կատարված, եւ անկախ ամեն ինչից՝ ուսումնամարզական հավաքը կայանալու է: «Ես իմ ակումբի հետ եմ լինելու: Եթե մի բան պատահելու է, թող ինձ էլ պատահի»,-ասաց Բագրատ Նավոյանը:

«Ալաշկերտ»-ն իր հավաքն այնպես էր նախատեսել, որպեսզի փետրվարի 12-ին Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ալաշկերտցի ֆուտբոլիստները մասնակցեն Ուզբեկստանի հետ միջազգային ընկերական հանդիպմանը: Անկախ հավաքականի խաղի չկայանալուց, երեւանյան ակումբը Անթալիայում կմնա մինչեւ հունվարի 31-ը:

Բագրատ Նավոյանը՝ ձախից

«Թուրքիայում 100 տարի է նույն վտանգն է, Երեւանում կարող է մեկ այլ վտանգ լինել: Մենք սուրճի բաժակ չենք նայում, մենք մարզիկներ ենք, ամեն ինչ էլ հնարավոր է: Թուրքիայում հնարավոր է գիշերային ակումբ պայթեցնեն, բայց դա մեր հավաքի հետ կապ չունի: Տեսաք, օդանավն ընկավ խաղաղ բնակչության գլխին, զոհեր եղան: Եթե էդպես մտածենք, տնից չպետք է դուրս գանք: Հետո, ազգային հավաքականի եւ ակումբի կարգավիճակները տարբեր են»:

Վերջին օրերին «Ալաշկերտին» որոշ կողմերից քննադատել են Թուրքիայում հավաք անցկացնելու համար: Բագրատ Նավոյանն ասում է, որ դա հայրենասիրություն չէ, նման քննադատությունները պրոֆեսիոնալ չեն, եւ բացատրում է, թե ինչու են որոշում կայացրել մեկնել Անթալիա:

«Երեւանի եղանակային պայմաններում հնարավոր չէ հավաք անցկացնել: Ասում են՝ ո՞նց կարելի է Թուրքիայում փողեր ծախսել: Էլ չեն մտածում, որ Թուրքիայում ծախսածը այլ երկրներում պահանջվող ծախսի 10 տոկոսն է կազմում: Թուրքիային մեր տվածը կոպեկ ա: Թող մեզ մոտ պայման լինի, փակ դաշտում հավաք անցկացնենք: Բայց որ չունենք՝ մենք ստիպված ենք նման քայլի գնացել, որն ամենամատչելին է այս պահին»:

Նավոյանը հստակեցրեց, որ իր խոսքերը քաղաքական ենթատեքստ չունեն: «Պարզապես մենք ուրիշ տարբերակ չունենք: Ակումբներ կան, որ լավ հնարավորություններ ունեն: «Փյունիկ»-ի ակադեմիան ունի շատ լավ պայմաններ, «Շիրակն» ու «Բանանցը»՝  ակադեմիաներ: «Ալաշկերտը» հիմա մարզվում է «Միկայի» մարզաբազայում, բայց պայմաններն էլի էն չեն: Իսկ մենք չեմպիոնության եւ Չեմպիոնների լիգա անցնելու համար ենք պայքարում, ունենք հրավիրված ֆուտբոլիստներ, եւ պետք է ընկերական խաղեր անցկացնենք: Երեւանի էս պայմաններում դա հնարավոր չէ, իսկ Անթալիայում էս պահին +19 է»:

Անթալիայում «Ալաշկերտն» անցկացնելու է չորս ստուգողական հանդիպում: Մրցակից թիմերն են Ռուսաստանի առաջին դիվիզիոնում հանդես եկող «Տոսնոն», պրեմիեր լիգայում հանդես եկող «Կռիլյա Սովետովը», ինչպես նաեւ Ղազախստանի բարձրագույն լիգայի ներկայացուցիչներ «Ատիրաուն» և «Ակժայիկը»:

Արտասահմանյան հավաքի է նախապատրաստվում նաեւ Երեւանի «Բանանցը»: Թիմը հունվարի 27-ից փետրվարի 5-ն անցկացնելու է Ռուսաստանի Նովոռոսիյսկ քաղաքի հարեւանությամբ գործող «Ֆուտբոլային աշխարհ» մարզաբազայում: Երեւանյան թիմը կխաղա Նովոռոսիյսկի «Չերնոմորեցի» եւ Տամբով քաղաքի համանուն թիմի՝ «Տամբովի» հետ:

Հայաստանի Բարձրագույն խմբի ակումբներից «Փյունիկը» նույնպես սկսել է ուսումնամարզական հավաքները եւ մարզվում է Ավանի ակադեմիայում:    

Լուսանկարները՝ հեղինակի

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter