HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրեական գործ՝ ոստիկանության աշխատակիցների կողմից լիազորություններն անցնելու դեպքի առթիվ

Քննչական կոմիտեի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժինը փաստական տվյալներ է ձեռք բերել Հանրապետության հրապարակից բնակչուհուն բերման ենթարկելու ժամանակ ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ըստ տարածված մամուլի հաղորդագրության՝ Մարդու իրավունքների պաշտպանից գրություն է ստացվել առ այն, որ բնակչուհի Ա. Առաքելյանը «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկայում ծեծի է ենթարկվել, ապա նաև Ա. Առաքելյանը հաղորդում է տվել, որ մայիսի 17-ին «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկայում մի խումբ աշխատակիցներ իրեն կապել են մահճակալին ու ծեծի ենթարկել:

Հաշվի առնելով, որ հաղորդումն առերևույթ պարունակում է հանցագործության հատկանիշներ՝ դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Հարցաքննվել են բազմաթիվ անձինք, նրանց թվում՝ նշված կլինիկայի աշխատակիցներ, կատարվել դատավարական այլ գործողություններ, որոնց արդյունքում հաղորդման մեջ մատնանշված հանգամանքը հիմնավորող ապացույցներ ձեռք չեն բերվել։

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, սակայն Ա.Առաքելյանը չի ներկայացել փորձագետներին, չի մասնակցել նաև կլինիկայի աշխատակիցների հետ առերես հարցաքննություններին, ովքեր հերքել էին բռնություն կիրառելու հանգամանքը։

Նախաքննության ընթացքում տուժողը հայտնել է, որ 2016թ. մայիսի 17-ին Հանրապետության հրապարակի շատրվանների մեջ մտնելուց հետո ոստիկանության աշխատակիցների կողմից բերման է ենթարկվել՝ նշելով նրանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու մասին։

Նկատի ունենալով, որ տուժողի հայտնած հանգամանքներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ ՔԿ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով և այն ուղարկվել դատախազություն՝ ըստ քննչական ենթակայության ուղարկելու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter