HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատարանն առաջարկեց դատավարական կարգի խախտմամբ շարունակել զինված խմբի գործով դատական նիստը

Արաքս Մամուլյան

Դատարանը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից կպահանջի ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի վերաբերյալ բժշկական փաստաթղթերը:

Նորքում ձերբակալված խմբի գործով այսօրվա դատական նիստին Շիրխանյանը դարձյալ չէր ներկայացել: Պատճառաբանությունն, ինչպես նախորդ դեպքերում, նույնն էր. քրեակատարողական հիմնարկից ուղարկված գրության համաձայն՝ Շիրխանյանը հրաժարվել է խցից դուրս գալ և ուղեկցությամբ դատարան ներկայանալ՝  պատգարակ պահանջելով ու պնդելով,  թե ի վիճակի չէ ինքնուրույն տեղաշարժվել: Կալանավորի պնդմանը հակասում է քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկում իրականացնող ծառայության պետի եզրակացությունը. ըստ դրա՝ Շիրխանյանի առողջական վիճակը բավարար է առանց պատգարակի դատարան ներկայանալու համար:

Այս հակասության պատճառով դատարանը որոշեց պահանջել ու հետազոտել կալանավորի  բժշկական փաստաթղթերը:

Այսօրվա դատական նիստին փաստաբան Հայկ Ալումյանը դատարանին հանձնեց  Շիրխանյանի առողջական վիճակի վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի որոշումն ու Արդարադատության նախարարության քրեկատարողական հիմնարկներում  հասարական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի, ինչպես նաև օրեր առաջ արված համակարգչային տոմոգրաֆիա հետազոտության եզրակացությունը:

Ըստ  ՄԻՊ-ի որոշման՝ Շիրխանյանը ՔԿՀ-ում պատշաճ բժշկական օգնություն չի ստանում, դիտորդական խումբն արձանագրել է, որ թեև Շիրխանյանի բժշկական փաստաթղթերում առկա են գրություններ, որ չկա նրան քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն, բայց ՔԿՀ-ում գտնվելու ընթացքում կալանավորի առողջական վիճակը տեսանելիորեն վատացել է:

Ըստ համակարգչային տոմոգրաֆիա հետազոտության պատասխանի՝ Շիրխանյանը «գոտկային մակարդակում ունի ցավային նյարդարմատային համախտանիշ»:

Ամբաստանյալ Արթուր Վարդանյանը (աջից) եւ նրա փաստաբան Լեւոն Բաղդասարյանը

«Այդ մարդու գոտկատեղը ցավում է, չի կարողանում քայլել, էլ ես ո՞նց բացատրեմ: Շիրխանյանի բուժումներն այն անձն է իրականացնում, ով, ըստ էության, աստիճանաբար սպանում է նրան»,- դատարանին դիմելով` ասաց փաստաբան Հայկ Ալումյանը:

Զինված խմբի գործը դատարան է ուղարկվել 2016-ի նոյեմբերին, նշանակված բոլոր դատական նիստերը հետաձգվել են Շիրխանյանի բացակայության պատճառով, ու պաշտպանական կողմն արդեն բարձրաձայնում է կալանավորված անձանց արդար դատաքննության իրավունքի խախտման մասին:

Դատավոր Բեկթաշյանը  դատավարության կողմերին առաջարկեց  Շիրխանյանի բացակայությամբ սկսել գործի նախապատրաստական մասը: Պաշտպանական կողմն առարկեց: Փաստաբան Գիվի Հովհաննիսյանը նշեց, թե դատավորն առաջարկում է  դատավարական կարգի խախտմամբ շարունակել դատական նիստը և որպես ստեղծված իրավիճակի ելք միջնորդեց Շիրխանյանի մասով գործն առանձնացնել:

Փաստաբան Ինեսսա Պետրոսյանը միջնորդեց մեկ ժամով հետաձգել դատական նիստն ու ՔԿՀ-ին հրահանգել պատգարակով դատարան բերել Շիրխանյանին՝ վստահություն հայտնելով, որ ցանկության դեպքում դատարանը կարող է նման որոշում կայացնել: Փաստաբանն ընդգծեց նաև, որ դատական նիստի նախապատրաստական մասն այսօր սկսելու դեպքում կխախտվի Շիրխանյանի դատավարական իրավունքը:

Պաշտպաններից շատերը միացան Ինեսսա Պետրոսյանի միջնորդությանը: Դատարանը, սակայն, առանց այն քննության առնելու հետաձգեց դատական նիստը:

Նշենք, որ նախորդ նիստերից մեկի ընթացքում դատարանը դիրքորոշում էր հայտնել, որ չի կարող որևէ միջնորդություն քննարկվել, երբ դատավարության մասնակիցներից մեկի բացակայության  պատճառով դատական նիստը հետաձգվում է:

Այսօր դատարանում էր նաև Շիրխանյանի կալանվորման և առողջական վիճակի վերաբերյալ ՄԻԵԴ-ում գտնվող գանգատի գործով Շիրխանյանի ներկայացուցիչ Կարիննա Մոսկալենկոն: Փաստաբանը, որը Հայաստան է եկել Ստրասբուրգից, լրագրողների հետ զրույցում դժգոհեց, որ առավոտյան փորձել է տեսակցել իր վստահորդին, սակայն քրեակատարողական հիմնարկն արգելել է՝ չնայած ինքը ներկայացրել է փաստաբանի արտոնագիր ու ՄԻԵԴ-ում Շիրխանյանի շահերը ներկայացնելու հանգամանքն ապացուցող փաստաթուղթ:

«Ես Հայաստանից հեռանում եմ հիասթափված: Հարյուրավոր կիլոմետրեր եմ անցել՝  իմ վստահորդին տեսնելու համար, բայց ինձ թույլ չտվեցին: Սա Եվրոպական կոնվենցիայի լուրջ խախտում է, և ես պատրաստվում եմ այս մասին հայտնել ՄԻԵԴ-ում»,- ասաց Կարիննա Մոսկալենկոն:

Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունից փորձեցինք պարզել, թե ինչու Մոսկալենկոյին չի թույլատրվել տեսակցել  Շիրխանյանին:

Ի պատասխան` ՔԿՀ վարչությունը հայտնեց, թե Մոսկալենկոն չի ներկայացրել  իր անձը և լիազորությունները հաստատող, ստեղծված իրավադրույթով սահմանված փաստաթղթերը և պարզաբանել, որ «պաշտպան չհանդիսացող փաստաբանի հետ տեսակցության թույլտվության վերաբերյալ որոշում կայացնող մարմինը ոչ թե քրեակատարողական հիմնարկն է, այլ վարույթն իրականացնող մարմինը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter