HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատավորը մերժեց փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի հարցաքննության միջնորդությունը

Ամալյա Մարգարյան

2015թ. «Էլեկտրիկ Երևան» ակցիայի ընթացքում ոստիկանների բռնություններից տուժած լրագրողների գործով այսօրվա դատական նիստին դատախազը հանդես եկավ մեղադրական ճառով: Վերջինս ամբաստանյալներ Տաճատ Նորատունկյանին, Արթուր  Այվազյանին, Կոստան Բուդաղյանին մեղադրանք առաջադրեց Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 2-րդ մասի, իսկ Դավիթ Փերիխանյանին` 164-րդ հոդվածի 1-ին մասով և 185-րդ հոդվածի 1-ին մասով եւ խնդրեց դատարանին պատիժ նշանակել նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով, այսինքն` 500.000 դրամ: Դատախազը որպես մեղմացուցիչ հանգամանք նշեց այն փաստը, որ ամբաստանյալներն իրենց խնամքի տակ ունեն անչափահաս երեխաներ:

Հիշեցնենք, որ ոստիկանության աշխատակիցներ  Տաճատ Նորատունկյանի, Արթուր Այվազյանի, Կոստան Բուդաղյանի և փոխգնդապետ Դավիթ Փերիխանյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել 2015թ. հունիսի 23-ին Ազատության հրապարակում իրենց պաշտոնական դիրքն օգտագործելով` «Ֆոտոլուր» լրատվական գործակալության ֆոտոլրագրող Հայկ Բադալյանի, «Արմենիա» հեռուստաընկերության լրագրող Խաչատուր Եսայանի, «Ուտոպիանա» ՀԿ-ի լրագրող Աշոտ Բոյաջյանի, «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Արթուր Պապյանի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար:

Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ նիստի ընթացքում լսվեցին նաև վկաների` «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Հովհաննես Մովսիսյանի և «ԳԱԼԱ» հեռուստաընկերության լրագրող Փայլակ Ֆահրադյանի ցուցմունքները: Վկա Հովհ. Մովսիսյանը ներկայացրեց, որ 2015-ի հունիսի 23-ին եղել է Բաղրամյան պողոտայում, կատարել իր լրագրողական պարտականությունները և ականատես եղել ոստիկանների կողմից լրագրողների և քաղաքացիների նկատմամբ բռնություն կիրառելուն:

«Չեմ տեսել` ոնց են ուղիղ եթեր ապահովող սարքն անջատել, բայց տեսանկարահանումն անջատվեց, քաղաքացիներին ոստիկանները սկսեցին բերման ենթարկել, մեզ էլ ասացին` իջեք ներքև: Հետո նկատեցի փոխոստիկանապետ Լ. Երանոսյանին , փորձեցի հարցեր ուղղել, նա ձեռքիցս բռնեց և հայհոյեց, դրանից հետո, երբ իմացավ որտեղից եմ, ասաց` «թող ու գնա»,-ներկայացրեց վկան: Ապա ավելացրեց, որ երբ շրջվել է, տեսել է, որ հետ եկած օպերատորին ևս բռնության են ենթարկել, կոտրել տեսախցիկը, նկատել է նաև, որ «Շանթ» հեռուստաընկերության օպերատորին են բռնության ենթարկում` ստիպում ինչ-որ բան ջնջել տեսախցիկից:

Մյուս վկան` Փայլակ Ֆահրադյանը, նույնպես նշեց, որ քաղաքացիական հագուստով ոստիկանների է տեսել Բաղրամյան պողոտայում, ովքեր բռնություն են կիրառել քաղաքացիների և լրագրողների նկատմամբ, ինքը նույնպես բերման է ենթարկվել:

Երկու վկաներն էլ պնդեցին, որ ամբաստանյալներից ոչ մեկին չեն հիշում, չեն ճանաչում:

Նախորդ դատական նիստի ընթացում «Ուտոպիանա» ՀԿ-ի լրագրող Ա. Բոյաջյանի պաշտպան Դավիթ Գյուրջյանը միջնորդություն էր ներկայացրել դատարան ` հարցաքննության կանչելու  նաև ՀՀ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին, քանի որ ըստ լրագրողների ցուցմունքների` վերջինս ներկա է եղել «Ազատության» հրապարակում, իսկ տուժող Աշոտ Բոյաջյանը դատարանին հայտնել է, որ Լ. Երանոսյանն է հրաման տվել խլել լրագրողների տեսանկարահանող սարքերը։ 

Դատավոր Արշակ Վարդանյանը փոխգնդապետի դատակոչվելու և հարցաքննվելու միջնորդությունը մերժեց` պատճառաբանելով, թե վերջինս այս գործով չի կարող հարցաքննվել, քանի որ նրան հարցաքննության միջնորդություն ներկայացրած կողմը փոխոստիկանապետին վերագրում է ամբաստանյալների կողմից կատարված հանցագործության կազմակերպումը:

Դատարանը նաև մերժեց կրկնակի դատափորձաքննություն անցկացնելու և «Ուտոպիանա» ՀԿ-ի գույք հանդիսացող ֆոտոխցիկի արժեքը և վնասը եւս մեկ անգամ որոշելու մասին միջնորդությունը:

Հիշեցնենք, որ լրագրողների նկատմամբ բռնություն գործադրած ոստիկաններն ընդունել են իրենց մեղքը, դատարանում նոր ցուցմունքով հանդես չեն եկել և պնդել են իրենց նախաքննական ցուցմունքները:

Հաջորդ դատական նիստի ընթացքում պաշտպանկան կողմը և տուժողները հանդես կգան իրենց ճառերով: Նիստը նշանակվել է փետրվարի 8-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter