HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Իմ նկատմամբ ռեկետ է իրականացվել»,- ասում է «Ֆ.Ի.Կ.Օ» վարկային կազմակերպության նախկին բաժնետեր եւ տնօրեն Իրինա Սիմոնյանը

Տարեվերջին «Հետք»-ը անդրադարձավ «Ֆ.Ի.Կ.Օ» ունիվերսալ վարկային կազմակերպությանն առնչվող մի պատմության, որում շոշափվում էր Կենտրոնական բանկի անունը: «Ֆ.Ի.Կ.Օ» ՈւՎԿ-ն ներկայացրել էր ընկերության շուրջ ստեղծված դրության իր տարբերակը, որտեղ մեղադրանքներ կան վարկային կազմակերպության հիմնադիր, նախկին բաժնետեր եւ տնօրեն Իրինա Սիմոնյանի հասցեին, թե նա անվճարունակության եզրին է հասցրել ընկերությունը: «Հետքը» զրուցել է Իրինա Սիմոնյանի հետ, որը ներկայացրել է, թե ինչպես եւ ում մասնակցությամբ է ճգնաժամային իրավիճակ ստեղծվել կազմակերպությունում: Նա պատմում է փողերի լվացման դեպքերի մասին:      

2010 թվականի հիմնել եմ «Ֆ.Ի.Կ.Օ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը, դրա իրական հիմնադիրներից եմ, որի 28.5%-ի բաժնետերն եմ եղել հիմնադրման պահին, միաժամանակ զբաղեցրել եմ ընկերության տնօրենի պաշտոնը եւ եղել եմ խորհրդի անդամ:  Ընկերության մյուս իրական շահառուն ԱՄՆ քաղաքացի, Մայամիում բնակվող Մարդիգ Հասրաթյանն էր, որին պատկանում էին մնացած 71.5% բաժնետոմսերը, որոնք նա գրանցել էր իր երկրորդ կնոջ քույրերի՝ Կարինե եւ Վարդիկ Մարգարյանների անուներով: Այսինքն՝ նրանք Հասրաթյանի ներկայացուցիչներն էին: Նորմալ աշխատում էինք մինչեւ 2014 թվականը: 2014-ին կոնֆլիկտ ծագեց իմ եւ Հասրաթյանի միջեւ, քանի որ նա ինձ պարտադրում էր կատարել որոշ գործարքներ, որոնք ուղղված էին փողերի լվացմանը:

Հասրաթյանի հետ ծանոթացել եմ բանկային համակարգում աշխատանքիս ընթացքում, նա եղել է Զարգացման հայկական բանկի բաժնետերերից եւ ավանդատու, 1997-ից այդ բանկի հաճախորդներից էր: Իսկ ես Զարգացման հայկական բանկում մեծ բաժնի ղեկավար էի մինչեւ 2009 թվականը:

Երբ ինձ պարտադրվեց փողերի լվացման գործարք կատարել, անօրեն թղթեր սարքել, ես կտրուկ հրաժարվեցի, եւ մեր միջեւ մեծ կոնֆլիկտ առաջացավ: Ըստ երեւույթին, որպեսզի իր համար լուծվի այդ կոնֆլիկտը, նույն 2014-ի օգոստոսին ասպարեզում հայտնվեց Գարիկ Մուշեղյանը՝ մի լեգենդով, որ այս ներդրված գումարները ոչ թե Մարդիգ Հասրաթյանինն են, այլ իր եղբորինը՝ ամերիկաբնակ Մոսոյինը կամ Մայքլինը, որին Մարդիգը խաբել է եւ «գցել»: Նա ներկայացավ իր հզոր, կրիմինալ շրջապատով, որի կողմից զանգեր էին լինում Կենտրոնական բանկ (ԿԲ), եւ ես դրանց ազդեցությունը զգում էի, որովհետեւ ամբողջ 2014 թվականի ընթացքում ընկերության գործունեության հետ կապված որեւէ գործարք ԿԲ-ն չի գրանցել: Օրինակ՝ կանոնադրության մեջ փոփոխություն՝ ասելով, թե կոնֆլիկտ կա բաժնետերերի միջեւ, եւ մինչ դա չլուծվի, որեւէ գործողություն չի կատարվի: Մարդիգի եւ Գարիկի միջեւ հարաբերությունների մասին ես ոչինչ չգիտեի, առաջին անգամ 2014-ի օգոստոսին նրան տեսա: Օգտագործելով իր կապերը տարբեր կրիմինալ եւ պաշտոնյա անձանց հետ՝ ինձ պարտադրեցին իմ բաժնեմասը, որն այդ պահին կազմում էր 177 մլն դրամ, նվիրել Գարիկին: Նվիրատվության գործարք պարտադրեցին:

«Հետք» - Պարտադրանքն ի՞նչ ձեւով է եղել:

Իր շրջապատն ինձ ասաց, որ լավ չի լինի, չենք թողնի աշխատես, նույնը ԿԲ-ից հնչեցվեց, ինչը եւ տեղի ունեցավ, ԿԲ-ն «Ֆ.Ի.Կ.Օ.»-ից իրենց ուղղված ոչ մի գրություն, օրինակ՝ վարչության անդամներ էին փոխվում, մարդիկ դուրս էին գալիս աշխատանքից եւ այլն, չգրանցեց:

«Հետք» - ԿԲ-ն ունի՞ նման իրավասություն, օրինակա՞ն էր նրա գործողությունը՝ չգրանցելու ՈՒՎԿ-ի հետ կապված գործողությունները:

Այո, դա նրա իրավունքն է:

Պարտադրանքով նվիրատվության պատրաստեցին  իմ բաժնեմասը: Ընդ որում՝ դա կարող էր արվել նոտարում՝ միայն ԿԲ-ի նախնական համաձայնությամբ: Յուրաքանչյուր անձ 10 եւ ավելի տոկոս մասնակցություն կարող է ձեռք բերել միայն ԿԲ-ի նախնական համաձայնությամբ: Մարդիգ Հասրաթյանի քենիներն էլ նվիրատվություն արեցին իրենց բաժնեմասերը Գարիկ Մուշեղյանին՝ դրանով ցույց տալով, որ, այո, դրանք ոմն Մոսոյի գումարներն են: Ու այդ նվիրատվության փաստը մի ամբողջ ֆինանսական կառույցի (նկատի ունի «Ֆ.Ի.Կ.Օ»-ն), որի կանոնադրական կապիտալը այդ պահին կամում էր 600 մլն դրամ, իսկ ակտիվները 1 մլրդ-ից ավելի էին, ԿԲ-ն մեկ ստորագրությամբ թույլ տվեց եւ որեւէ կասկած իր մոտ չառաջացավ, թե այս ինչ կասկածելի գործարք է, ինչ անհիմն հարստացում է: Կարգավորողը, որը պետք է հսկի նման գործարքները եւ կայունություն ապահովի, որեւէ կասկած չունեցավ: Ինձ զանգահարեցին ԿԲ Վերահսկողության վարչության աշխատակցուհիներից եւ ասացին՝ մեզ ասել են, որ դուք էլ ձեր մասը պետք է նվիրեք: Իրենք ոչ միայն տեղյակ էին, այլ ինձ պարտադրում էին, որ արագացնեմ իմ գործարքը, որովհետեւ երբ մենք Հասրաթյանի բաժնեմասի համար դիմել էինք ԿԲ նախնական համաձայնության, ԿԲ-ից ասացին, որ այդ գործը միասին պետք է մտնի Խորհուրդ, դրա համար քանի որ տեղյակ ենք, որ դուք էլ պիտի նվիրատվություն անեք, դուք էլ արեք, նոր դիմեք: Բայց սա ես ապացույցներով փաստել չեմ կարող, սրանք բանավոր խոսակցություններ են եղել: Սրանք են եղել ճնշումները: Գարիկ Մուշեղյանն ինձ խոստացավ, որ եթե ես նվիրատվություն անեմ, ընկերությունը կհանվի վաճառքի, եւ ես իմ մասը կստանամ: Ի դեպ, հավատալով, որ դա է իր նպատակը, ես զբաղվել եմ ընկերության վաճառքով, փորձել եմ հաճախորդներ գտնել: Բայց Հայաստանի տնտեսական վիճակի պատճառով ներդրումները դժվար են գալիս: Գարիկը խնդրեց ինձ շարունակել մնալ ընկերության տնօրեն: Իրեն էլ ընդգրկեցինք Խորհրդի կազմի մեջ, որպեսզի ինքն էլ ընկերության որոշումների ընդունմանը մասնակցի: Այդպես նա 2014-ի դեկտեմբերի 22-ի նվիրատվության փաստաթղթով դարձավ այդ ընկերության բացարձակ բաժնետեր: Նա մաքրեց եւ կանխիկացրեց այն գումարը, որի համար ես ունեցա կոնֆլիկտ նախորդ բաժնետիրոջ՝ Մարդիգի հետ:

«Հետք» - Այսինքն՝ փողերի լվացման գործարքը կատարե՞ց:

Գարիկը կանխիկ հանեց այդ գումարը:

«Հետք» -Եվ դուք ստորագրեցի՞ք որպես տնօրեն այդ փաստաթղթերի տակ:

Ես իրավունք չունեի չստորագրելու, որովհետեւ ես ընդամենը կատարել եմ Խորհրդի որոշումը: Իրենք ասում էին՝ փոխառություն է, բերեցին փաստաթղթերի փաթեթ, որ ցեսսիա է (զիջման իրավունք), ներգրավված միջոցներ են: Կատարել եմ Խորհրդի որոշումը եւ իրազեկել եմ այդ մասին համապատասխան կառույցին՝ ԿԲ-ին: Եվ նրա մոտ հարցեր չեն ծագել:

«Հետք» - Ի՞նչ գումարի մասին է խոսքը:

«Հետք» - 860 հազար ԱՄՆ դոլարի: Մինչ այս պատմությունը ես տեղեկացրել եմ, որ այսպիսի գործարք է արվում, կանխիկով նման գումար է դուրս գալիս, մեր իրավաբանն է այդ մասին խոսել:

«Հետք» - Որքա՞ն ժամանակ աշխատեցիք Գարիկի հետ:

Մինչեւ 2016-ի նոյեմբերը: Այս ընթացքում ինքը դարձյալ գումարներ էր պահանջում ընկերությունից դուրս բերել: Երբ 2016-ի օգոստոսին ես հրաժարվեցի, ասացի՝ այլեւս ոչ մի կոպեկ ընկերությունից դուրս չի գա, որովհետեւ երբ գումարներ են հանվում, ընկերությունը թուլանում է, ես ասացի Գարիկին՝ եթե գումարներ են պետք, ուրեմն ընկերությունը թող ինքնալուծարման գնա, այսպես չի լինի աշխատել, կամ էլ ոչ մի կոպեկ դուրս չի գա: Դրանից հետո գրվեց արտահերթ ժողովի մի որոշում, որը ստորագրեց Գարիկ Մուշեղյանը, եւ այն մուտքագրվեց ԿԲ՝ որպես միջանկյալ որոշում այն մասին, որ մենք աշխատելու ենք արագ լուծարել ընկերությունը ու հանձնել լիցենզիան ԿԲ-ին: Դա նշանակում է եղած ակտիվների արագ օտարում՝ վերածում փողի եւ գործունեության դադարեցում: Ենթադրվում էր, որ ինչքան գումար էլ հավաքվեր, մենք կորուստները կհանեինք, եւ ինչ մնար, մեր բաժնեմասերը կվերցնեինք: Դա կարծես նոյեմբերի 17-ի որոշումն էր: Դրանից հետո՝ մի 10 օրվա մեջ, Գարիկ Մուշեղյանը 4-5 հոգանոց շքախմբով մտավ իմ կաբինետ ու մի շատ հետաքրքիր հարցադրում արեցին: Այդտեղ էր գտնվում ոմն «Իմպերիալի» Հայկ՝ Հայկ Վարդանյան, որը հիմա հայտարարություն է տալիս որպես Խորհրդի նախագահ, նախկին տնօրեն Ռազմիկ Աթանեսյանը, որը երեւի 2 շաբաթ էլ տնօրեն չեղավ, ոմն Միրո, բարեկամներ, որոնց անունով Գարիկը պիտի նվիրատվություն աներ ընկերությունը: «Իմպերիալի» Հայկն ասաց՝ մենք եկել ենք, որ քեզ հանենք գործից: Այս շքախմբի մտնելու եւ խոսակցության տեսաձայնագրությունը ես ունեմ եւ կտրամադրեմ քննչական մարմիններին:

Այս միջադեպից հետո մի իսկական հիստերիա սկսվեց ընկերության հետ կապված: ԿԲ-ից զանգահարեցին ու ճշտեցին, թե ինչ գրություն ենք ուղարկել ինքնալուծարման մասին: Ասացին՝ այդպե՞ս եք որոշել: Ես էլ պատասխանեցի՝ դա բաժնետիրոջ որոշումն է, եթե փող չի ներդնելու, ո՞նց ենք աշխատելու, միայն գումարներ են հանվում: Դրանից հետո Գարիկը բերեց մի անհիմն գրություն ինձ՝ տնօրենիս աշխատանքից ազատելու մասին այն անհիմն պատճառաբանությամբ, թե ես սնանկության եզրին եմ հասցրել ընկերությունը: Դա իրականությանը չէր համապատասխանում, որովհետեւ օրենքով սնանկության շեմը սահմանված է՝ կապիտալի 50 տոկոսի բացակայություն, պարտավորությունների չկատարում եւ այլն, 3 պայման կա: Սակայն մեր ընկերությունը որեւէ չկատարված պարտավորություն չի ունեցել՝ աշխատավարձի պարտք չի ունեցել, պետական մարմինների նկատմամբ պարտավորությունների չկատարում չի ունեցել: Կապիտալից վնաս է կրել ընդամենը 50 մլն դրամի չափով, որը նման հիմնարկի համար մեծ թիվ չէր՝ ընդամենը մեկ խոշոր գործարքի վերադարձ, վարկավորում էր: Ուզում եմ ասել՝ իրենք, հասկանալով, որ ընկերությունը գնում է դեպի առողջացում, որովհետեւ 2016-ին ես բավականին վերադարձներ եմ ապահովել, փորձեցին օգտագործել պահը, քանի ընկերությունը բացասական բալանս ուներ:

Ամենազավեշտալին այն էր, որ երբ իրենք եկան եւ ինձ բերեցին այդ գրությունը՝ ինձ աշխատանքից ազատելու մասին, ոչ թե Գարիկը ինձ հանձնեց, այլ ինչ-որ լիազոր ներկայացուցիչ: Նույն օրը Խորհրդի կազմը ցրելու մասին որոշում կազմեցին եւ Գարիկին ստորագրել տվեցին: Միակ բաժնետերը՝ Գարիկ Մուշեղյանը, նոր խորհրդի կազմի մեջ ինքն իրեն չընդգրկեց: Հարց է ծագում՝ ինչու՞: Ընդգրկվեց Հայկ Վարդանյանը՝ «Իմպերիալի» Հայկը՝ որպես Մարդիգ Հասրաթյանի լիազոր ներկայացուցիչ եւ դարձավ Խորհրդի նախագահ, ի հայտ եկավ Հրայր Հակոբյանը՝ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի եղբոր՝ Կորյունի որդին, որպես Խորհրդի անդամ: Նրանց չեմ ճանաչել եւ մինչ այդ երբեւէ չեմ տեսել: Խորհրդի անդամ դարձավ նախկին բաժնետեր Կարինե Մարգարյանը՝ Մարդիգի քենին: Սա հաստատեց այն փաստը, որ խաբեությամբ եւ մեծ ավանտյուրայով, պետական եւ ոչ պետական  կառույցների աջակցությամբ ռեկետ իրականացվեց:

«Հետք» - Ձեր պատմածից կարելի՞ է եզրակացնել, որ Դուք խանգարում էիք Մարդիգին, եւ նա խաղի մեջ մտցրեց Գարիկին՝ նրա միջոցով ձեզանից ազատվելու համար:

Այո: Բայց հարցն այն է, որ այդ ամենը կատարվեց ԿԲ-ի մեծ հովանու ներքո: Երբ Գարիկն այս ամենը ստորագրեց, նա զանգեց ինձ եւ պատմեց, որ իրեն տարել են եւ ստիպել են, Մարդիգը բարձրացել է ԿԲ եւ մտել Ֆինանսական վերահսկողության վարչության պետ Սուվարյանի մոտ: Քննչական օրգաններին ես այս խոսակցության ձայնագրությունը ներկայացնելու եմ:

«Հետք» - Դուք փորձե՞լ եք ԿԲ պաշտոնյաների հետ հանդիպել այս իրավիճակը ներկայացնելու համար:

Իհարկե, փորձել եմ: 2014-ին, երբ այս պատմությունը սկսվեց, խնդրեցի, որ պրն Սուվարյանը կամ Ջավադյանը ինձ ընդունեն: Բայց այդ դռներն ինձ համար փակ էին: Իսկ վերջին իրադարձությունների առնչությամբ, երբ ինձ ազատեցին, պրն Ջավադյանին գրություն ուղարկեցի՝ սևեռելով իր ուշադրությունը այդ անհիմն որոշման վրա: Ոչ մի պատասխան չստացա: Ավելին՝ ինձ աշխատանքից ազատեցին, երբ ես առողջական խնդիր ունեի եւ բյուլետենի մեջ էի, եւ ԿԲ-ն էլ ինձ՝ որպես տնօրեն հաշվառումից հանեց իմ՝ բյուլետենի մեջ գտնվելու ժամանակ, եւ մինչ օրս վերջնահաշվարկ արված չէ: Հրայր Հակոբյանը հայտարարել է, թե ես ստանալիք չունեմ, իբր՝ ինձ չի հասնում: Սրանք եւս օրենքի խախտումներ են:

Ես անգամ չկարողացա պատշաճ ձեւով փաստաթղթերի հանձնում-ընդունում անել: Ինձ թույլ չտվեցին: Մեկ շաբաթ գնացի ընկերություն, որպեսզի որպես պաշտոնյա անձ, նյութական պատասխանատու նորմալ կազմեմ փաստաթղթերը, Հայկ Վարդանյանը դռնից ներս չթողեց: Ամեն ինչ նպատակադրված է եղել: Դիմեցի Գարիկ Մուշեղյանին, ասացի՝ այս պահին միակ լեգիտիմ անձը դու ես, արի ընդունում-հանձնում արա, ինքը հրաժարվեց: Փաստացի նա դրածո բաժնետեր է ու ոնց թելադրում են, անում է: Բայց ո՞վ է իրեն վախեցնում, չգիտեմ: Կամ՝ արդյոք դա հորինված լեգե՞նդ է՝ թե իբր իրեն վախեցնում են, չեմ կարող ասել:

«Հետք»  - Ովքե՞ր են Մարդիգ Հասրաթյանի թիկունքում:

Չգիտեմ: Բայց հնարավոր է՝ ինքը ինչ-որ պաշտոնյաների հետ ինչ-որ գործեր է անում, դրա համար են նրանք պատրաստ իրեն այդպես աջակցել: Դա ակնհայտ է: Այլապես ինչպե՞ս բացատրել, որ ես, լինելով ֆինանսական կառույցի ղեկավար, չկարողացա մտնել ԿԲ, իսկ ինքը կարողանում է ուղիղ մտնել պրն Ֆինանսական վերահսկողության վարչության պետ Հ. Սուվարյանի մոտ՝ ըստ Գարիկ Մուշեղյանի պատմելու: Կամ թեկուզ նույն Հայկ Վարդանյանը ո՞նց է կարողանում բարձրանալ վերեւ՝ ԿԲ, երբ ինքն ընդամենը Խորհրդի նախագահի հավակնորդ է, ուրիշ ոչինչ:

«Հետք» - Իսկ ինչպե՞ս կազմակերպեցիք Գարիկ Մուշեղյանի կողմից ձեր անունը վերականգնող գրության ստորագրումը՝ ուղղված ԿԲ-ին, երբ դրանից առաջ նա ճիշտ հակառակ բովանդակությամբ գրություն էր ուղարկել ԿԲ:

Այս խումբը աստիճանաբար սկսեց ինձ վարկաբեկել եւ վախեցնել՝ տարբեր անուններ տալով, ակնարկելով, որ ես երեխա ունեմ, որը դպրոցից կարող է տուն չգալ: Ես վախկոտ մարդ չեմ, բայց դա այն աստիճանի հասավ, որ ես մեկ օրվա մեջ որոշում եմ ընդունել, տղայիս վերցրել եւ հեռացել եմ Հայաստանից: Լարվածությունը շատ մեծ էր, եւ ես արդեն չէի դիմանում:

«Հետք» - Կոնկրետ սպառնացողների անուններ կտա՞ք:

Կոնկրետ շատ դժվար է ասել: Մեկը ասում էր, որ էն մյուսն ասաց: Սպառնալիքը երբեք կոնկրետ չէր արվում, դա տողատակերում էի հասկանում, թե ինչ էին նախապատրաստում: Այդ ընթացքում Գարիկն ինձ հետ միշտ կապի մեջ է եղել եւ ասում էր, թե այդ ամենը ինքը չի կազմակերպում: Բայց եթե ինքը չէր, ինչո՞ւ էր ստորագրում ինձ վարկաբեկող այդ գրությունը: Նա ասում էր, թե ինքն էլ է հոգնել եւ ուզում է այս ամենից ազատվել: Հարցրի՝ դու ինձ հետ խնդիր ունե՞ս, ասաց՝ չէ, ես էլ ասացի՝ դե ուրեմն գրիր մի գրություն, որ ինձ հետ կապված խնդիր չունես: Այդ գրությունն իրենից որեւէ բան չէր ներկայացնում այն տեսակետից, որ ֆինանսական ինչ-որ արդյունքի կբերեր կամ իրերի դրությունը կփոխեր, ոչ:  Ընդամենը գրել է հետեւյալը. «Ես՝ քաղաքացի Գարիկ Մուշեղյանս, տեղեկացնում եմ, որ ս.թ. հոկտեմբերի 30-ին ներկայացրած՝ գործադիր տնօրենին աշխատանքից ազատելու հիմքերի մասին գրության մեջ առկա փաստերը ստուգման ընթացքում չեն հիմնավորվել, տնօրենի գործողություններն ուղղված են եղել ընկերության բնականոն գործունեության ապահովմանը եւ սնանկության որեւէ հատկանիշ ընկերությունում առկա չէ»: Այսինքն՝ իրենց ֆինանսական գործունեությանը խոչընդոտող գրություն չէր: Զուտ իմ անունը, համբավը վերականգնելու նպատակ ուներ: Ավելին՝ Մարդիգ Հասրաթյանի քենիները իմ պահանջով նույնպես նման գրություն են գրել պրն Ջավադյանին 2014 թվականին:

«Հետք» - Ի՞նչ եք պատրաստվում անել:

Ես որոշել եմ մինչեւ վերջ կռվել: Դիմում եմ պատրաստում ԱԱԾ՝ հաղորդում հանցագործության մասին: Իմ կռիվը պիտի 2014-ին սկսեի: Կարեւոր հարցն ինձ համար՝ ինչո՞ւ ԿԲ-ի մոտ հարց չծագեց կամ կասկած չառաջացավ նվիրատվության այդ գործարքի վերաբերյալ: Ասեղ չէինք նվիրում: Անհիմն հարստացումը, որը քրեական պատասխանատվության հարց է, իրենց մոտ կասկած չի առաջացնում եւ մեկ հոգու թեկնածությունը արագ գրանցում են, բայց այսօր մի փաստաթուղթ, որն իրավական որեւէ հետեւանք չի կարող ունենալ, հանկարծ կասկած է հարուցում եւ քրեական գործի առիթ դառնում: Սա կարեւոր հանգամանք է: Եվ ո՞վ է կանգնած այս ամենի ետեւում, որովհետեւ մեզ բազմիցս հասկացրել են, որ սա շատ կեղտոտ պատմություն է, ի՞նչ կեղտոտ պատմություն է: Եթե ԿԲ-ն գիտի, որ սա կեղտոտ պատմություն է, ինչու՞ չի կանխում որպես ֆինանսական շուկայի կարգավորող: Ինձ թվում է՝ իրենք նպատակ ունեն, ի վերջո, այդ կեղտը բարդել ինձ վրա: Որպեսզի իրենք բոլորը մաքուր դուրս գան այս կեղտոտ պատմությունից: Ես օրինական գործունեություն եմ վարել, բայց այստեղ մի հանգամանք կա՝ ինձանից փաստաթղթերի ընդունում չեն արել, թույլ չտվեցին ընդունում-հանձնում անել, եւ հիմա եթե սկսեն խարդախություններ անել, ես որեւէ ձեւով չեմ կարող պաշտպանվել: Ամբողջ արխիվն իրենց մոտ է: «Իմ նկատմամբ ռեկետ է իրականացվել օրը ցերեկով:

Հ.Գ. «Հետքը» կանդրադառնա «Ֆ.Ի.Կ.Օ»-ի շուրջ ծավալվող իրադարձությունների զարգացմանը:  

Մեկնաբանություններ (1)

Գոհար Վեզիրյան
http://www.chi.am/index.cfm?objectid=93FC0800-8DC0-11E0-9A42005056A30FF7&year=2008&month=8&legacyURL=100304/10030407& մի 6-7 հրապարակում....հետաքննություն.......վերջում՝ սպառնալիքներ......ասելքս էն ժամանակ սպառվեց,,,,,,ինչ գիտեի գրեցի, ինչ հասցրի իմանալ՝ եւս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter