HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մեր երկիրը դրախտ է։ Այն ուղղակի պիտի մաքրվի, կազմակերպվի ու ճիշտ ներկայացվի»

Էքստրեմալ տուրիզմն այսօր տարբեր երկրներում արագ տերմպերով զարգանում է։ Աշխարհում զբոսաշրջիկների ընդհանուր թվի 10 %-ից ավելին բաժին է ընկնում էքստրեմալ տուրիզմին։ Տուրիզմի այս տեսակի սիրահարների մեծամասնությունը երիտասարդներ են, որոնք, ըստ էության, արկածներ են փնտրում։

Հայաստանն ունի բոլոր նախադրյալները էքստրեմալ տուրիզմի զարգացման համար։
Էքստրեմալ տուրիզմը, ինչպես ընդունված է, բաժանվում է որոշ տեսակների՝ ջրային, ցամաքային, լեռնային, օդային եւ էկզոտիկ։

Չինաստանի Հուաշան լեռը հայտնի է ամբողջ աշխարհին իր էքստրեմալ ճանապարհներով, այն իրենից ներկայացնում է իրար ամրացված տախտակներ,
որոնք չունեն բռնակներ և պատնեշներ, տախտակների լայունթյունը չի գերազանցում 40 սանտիմետրը:

Zorbing –ը վերջերս ստեղծված էքստրեմալ սպորտի տեսակ է, երբ մասնակիցը մտնում է փչովի մեծ գնդակի մեջ և թեք լանջից
գլորվում է դեպի ներքև: Մասնակիցը պետք է կառավարի գնդակի ուղղությունը:

Հիմա անդրադառնանք Հայաստանում այս ոլորտի զարգացման նախադրյալներին։ Ցանկությունը և մի քիչ էլ պետական աջակցությունը, ըստ իս, կտա ցանկալի արդյունք:

Հայաստանի տարածքում կան բազմաթիվ տեղանքներ, որոնք կարելի է վերածել տարածաշրջանում հայտնի լեռնային տուրիզմի վայրերի: Լեռնագնացությունը, որը էքստրեմալ տուրիզմի երևի ամենատարածված տեսակն է, գրեթե, իդեալական համապատասխանում է մեր աշխարհագրական հնարավորություններին: 2010 թվականից Հայաստանում գործում է Ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիա։ Այն կարող է դառնալ այս տուրիզմին օժանդակող օղակ։

Բավականին մեծ ճանաչում ունի ArmGeo ակումբը, որը համակարգում է Տիգրան Շահբազյանը։ Խումբը պարբերաբար արշավներ է կազմակերպում։

Սևանա լիճն իր հարակից տարածքներով էքստրեմալ տուրիզմի տարբեր տեսակների համար կարող է դառնալ յուրահատուկ զբոսաշրջային փաթեթ։ Նույնը կարելի է ասել նաեւ Հայաստանի քարանձավների մասին։ Դժվարամատչելի վայրերում գտնվող քարանձավները մեր երկիր կարող են բերել տասնյակ հազարավոր զբոսաշրջիկների։

Հայաստանի հիմնական խնդիրը ճիշտ և վաճառվող փաթեթ կազմելն է, էքստրեմալ տուրիզմի զարգացման համար ենթակառուցվածքների շատ լավ վիճակն այդքան էլ էական նշանակություն չունի:

 «Էքստերմալ տուրիզմի հայկական ակումբի» հիմնադիր, լեռնային ուղեկցորդ Գոռ Հովհաննիսյան

-Կարծում եմ, որ առաջին հերթին անհրաժեշտ է պետական մոտեցում՝ համակարգային փոփոխություններ և այս ոլորտի իսկական մասնագետների պատրաստում: Չպիտի լինեն սիրողական մակարդակի ուղեկցորդներ` ոչ մասնագետ ինստրուկտորներ: Չի կարող իրավաբանը կամ պատմաբանը զբաղվել լեռնային տուրիզմով: Նման բանի համար նվազագույնը 1 տարի լուրջ սովորել ու վերապատրաստվել է պետք: Չի կարելի մարդկանց տանել ու շրջայց կազմակերպել այսպես կոչված՝ ազգային պարկում, որը չի համապատասխանում ազգային պարկի ցուցանիշներին, այսինքն՝ այնտեղ, որտեղ որս են անում, ամեն 2-3 կմ-ին կարող ես ծառահատման հետքեր տեսնել, ամենուրեք աղբ է և այլն: Արկածային տուրիզմի ամենակարևոր ասպեկտներից մեկը նաև անվտանգությունն է: Էդ հարցում մենք լրիվ զրոյի վրա ենք: Եղել են դեպքեր, երբ Արագածի վրա տուրիստներից մեկը վնասվածք է ստացել, իսկ փրկարարների խումբը եկել է նրան էվակուացնելու «ծիծակ լակիռովաննի» կոշիկներով ու Արագածից համարյա անտեղյակ: Անվտանգության առումով լեռնային տուրիզմի մեջ հույս կարող ես դնել միայն քեզ պես լեռնագնաց ընկերների վրա, որոնք  միգուցե քեզանից շատ հեռու լինեն` մեկ ուրիշ տուրիստների խմբի հետ: Փրկարարների ուղղաթիռ Հայաստանում այսքան ժամանակ ես կամ իմ ծանոթները չենք տեսել, բայց ասում են, որ ԱԻՆ-ը ունի:

Առանց պետական մոտեցման ու առանց լուրջ ներդրումների այս ուղղությունը Հայաստանում ամեն տարի մի քիչ ավելի զարգանում է, բայց համեմատելով նույնիսկ թույլ մրցակիցների հետ, մենք ամեն տարի ավելի ու ավելի հետ ենք մնում մեր աճով ու մի օր ուղղակի կկորենք առաջարկների շուկայում:

Հայաստանը ունի բազմօրյա քայլարշավային հրաշք ուղղություններ` համեմված հազարամյա վիշապաքարերով, ժայռապատկերներով, աննման լճերով ու անհավատալի գեղեցիկ տեսարաններով: Ունենք նաև բացառիկ քարանձավներ՝ շատերը բավականին խորը և վտանգավոր: Ունենք նաև շատ չբացահայտված քարանձավներ, որոնք թե՛ հնագիտական տեսանկյունից, թե՛ ուղղակի արկածների սիրահարների համար հրաշք են ներկայացնում: Ունենք հնարավորություններ Off-Road տուրիզմի, դահուկային տուրիզմի, հեծանվային ու մոտոտուրիզմի զարգացման համար շատ, բայց դրանք գրեթե չեն օգտագործվում:

Կոնկրետ միջազգային որակավորման լիցենզիա տվող ոչ մի մասնագետ կամ դպրոց չկա: Ես իմ լիցենզիաների համար ստիպված եմ եղել տարբեր երկրներում սովորել, որն էլ հայի գրպանի համար ահավոր թանկ տարբերակ է: Կա նաև մի վատ կողմ՝ լիցենզիայով և առանց լիցենզիայի ուղեկցորդները հայկական տուրիստական ընկերությունների կողմից նույն արժեքն ունեն և, բնականաբար, նրանք ընտրում են էժան տարբերակը: Անձամբ ես մեծամասամբ սկսել եմ աշխատել դրսի կազմակերպությունների հետ, որպեսզի առաջարկներս նորմալ տեղ հասնեն ու միայն բիզնեսի համար չլինեն, այլ նաև լինեն ուղղված տվյալ ուղղության զարգացմանը: Կան բազմաթիվ կրթօջախներ, որոնք բավականին որակյալ գիտեիքներ ու որոշակի փորձ են տալիս, բայց երբ հերթը հասնում է աշխատելուն և դրսից գալիս են փորձված տուրիստների խմբերը, այստեղի սկսնակ մասնագետը ուղղակի ամոթից գլուխը կախում է ու չի իմանում, թե ինչպես արդարանա թերությունների համար: Ես էլ եմ ժամանակին այդպիսին եղել:

«Հայաստանի Պարապլաներային սպորտի ֆեդերացիայի» նախագահ Արմեն Սարգսյան

-Մեր երկիրն ունի շատ մեծ պոտենցիալ էքստրեմալ տուրիզմը զարգացնելու համար և հարկ եմ համարում նշել , որ տարեցտարի մեր սպորտով հետաքրքրված զբոսաշրջկների թիվը շատ արագ աճում է: 2016 թվականին, արտակարգ իրավիճակների նախարարության, պաշտպանության նախարարության և առողջապահության նախարարության աջակցությամբ Հայաստանում անցկացվել է պարապլանային միջազգային մրցումների աշխարհի նախագավաթը: Մենք պլանավորում ենք 2017 թվականին Հայաստանում անցկացնել պարապլանային միջազգային մրցումների աշխարհի գավաթը, որն առանց պետական աջակցության գրեթե անհնար է, կան մի շարք շատ կարևոր պահանջներ, օրինակ` պարապլաներային, ինչպես նաև բոլոր այլ արկածային տուրիզմի տեսակները պարունակում են ռիսկի գործոն, և բոլոր մասնակիցները և (զբոսաշրջիկները) պետք է ապահովված լինեն արագ բուժօգնության և տեղափոխման հնարավորությամբ, որի համար անհրաժեշտ է բժշկական սարքավորումներով հագեցած ուղղաթիռ: Հարկ եմ համարում նշել, որ ոլորտը օրենսդրական կարգավորման խնդիր ունի: Այստեղ եկած զբոսաշրջիկներից շատերն ասում են, որ մեր երկիրը ուղղակի դրախտ է, որի մասին ոչ ոք չգիտի: Այն ուղղակի պիտի մաքրվի, կազմակերպվի ու ճիշտ ներկայացվի:

Հայաստանում 2005 թվականից էկոնոմիկայի նախարարությունում (այժմ՝ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն) գործում էր տուրիզմի վարչություն (այժմ այն առանձնացվել է եւ կոչվում է Զբոսաշրջության պետական կոմիտե): Այդ վարչությունը ուներ բավականին լավ ծրագրեր, սակայն վերջին տարիներին սկսել էր զբաղվել սոցփաթեթներով։ Հուսանք, որ նորաստեղծ կոմիտեն կկարողանա զարգացնել Հայաստանում գերակա ճյուղ հայտարարաված զբոսաշրջության ոլորտը: 

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի, Գոռ Հովհաննիսյանի, Արամ Թովմասյանի և Արմեն Սարգսյանի և wikipedia-ի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter