HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բանտում «ազատազրկված» է նաև ժամանակը. ինչպե՞ս «ազատագրել» այն

Մհեր Ենոքյան
«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Թվում է՝ ժամանակն էլ է այստեղ բանտարկյալի կարգավիճակում: Փակ խցերի մեջ նա էլ է բանտված:

Բանտում ժամանակը կանգ է առնում, երևույթներն այլ կերպ են ընկալվում: Տպավորություն է, թե կանգ առած ժամանակը դառնում է անսահման: Պատմվածքներիցս մեկում անգամ բանտային մեկ օրվան 80 ժամ էի հատկացրել. 20-ը առավոտվա, 20-ը ցերեկվա, 20-ը երեկոյի, ևս մեկ 20 գիշերվա համար:

Տեսեք դեռ հեռավոր 1935 թ-ին ինչ է գրել Լեռ Կամսարը բանտային ժամանակի մասին.

«Հակոբ բիձան ինքն իրմե կելլե`կիրակի օրերը սուրբ պահելու ու բանով մը մյուս օրերեն զանազանելու` չի հաջողեր: Կերակուրներն ամենօրյա, վերաբերմունքը ամենօրյա, զգեստն ամենօրյա: Նոր գլխարկ մը ունի, որն ամեն կիրակի կարծած օրը քանի մը ժամով կծածկե: «Կարծած օրը» կըսեմ, ինչու որ իրական օրացույց չունի Հակոբը: Օրերը կհաշվե`պատին վրա խոչեր քաշելով: Խաչեր, որք չարաճճի Լևոնին կողմե հաճախ կավելանան ու կպակսեն`շաբաթվա մեջ քանի մը կիրակիներ պարգևելով մեր բարեպաշտ Հակոբ բիձային…»

Փակ տարածության մեջ կանգ առած ժամանակին «ազատություն» տալու միակ ձևը ինքնազբաղվածությունն է: Բանտարկյալը, որպեսզի չխելագարվի, որպեսզի ազատագրի իր ժամանակը պետք է ինքնուրույն սկսի պտտել ժամացույցի սլաքները… ես այդպես սկսեցի անել դեռ անցած դարի 90-ականներից: Սկսեցի ինքս ինձ զբաղեցնել: Սկզբում միայն գրքեր էի կարդում, դուրս գրում ինձ դուր եկած հատվածները: Այդպիսի մեջբերումներով բազմաթիվ տետրեր կան մեր տան «արխիվում»: Գրում էի, որոշ ժամանակ անց ուղարկում ազատություն:

Հասկացա, որ ինչքան էլ ծանր լինի, մարդ պետք է կարողանա անգամ փակ տարածության մեջ ժամացույցի սլաքները իմաստավորված պտտել`հաջողություններ բերելով բոլոր լավ նախաձեռնություններին՝ աշխատել, սովորել, գրել, նկարել... սպորտով զբաղվել:

Հիմա անընդհատ զբաղված եմ, հսկիչներն էլ են նկատել, որ անգամ զբոսախուց երբեմն գրքերով եմ գնում: Առավոտյան, երբ աշխատակիցները խուց են մտնում, հարցնում են.

-Մհեր, պատրա՞ստ ես:

-Իհարկե,- ասում եմ ես ու նրանց հետ դուրս գալիս խցից, գնում դեպի աշխատասենյակ, որտեղ սկսվում է իմ օրը: 

Ժամը 13:00-ին 3 ժամանոց դասս ավարտվում է, վերադառնում եմ խուց ու արդեն առանց համակարգչի շարունակում պարապել իրավաբանի համար շատ  կարևոր երեք առարկաներ՝ ընտանեկան իրավունք, քաղաքացիական և քրեական դատավարություններ: Իսկ որպես ավարտական աշխատանքի թեմա ընտրել եմ քրեական դատավարությունը, քանի որ 21-րդ տարին անօրեն դատավճռով բանտում լինելով՝ չէի կարող այլ բնագավառ ընտրել: Փետրվարին հանձնելու եմ երեք քննություն և տեղափոխվեմ արդեն վերջին`5-րդ կուրս: 

Անկեղծ ասած՝ բանտում ես ազատ ժամանակ չունեմ, ու դա միակ ճանապարհն է փակի տակ ստեղծել ազատություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter