HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձորի քաղաքապետ. «Ճիշտ կլինի, որ Վանաձորը դառնա միջազգային ու տարածաշրջանային տուրիզմի կենտրոն»

Գայանե Սարգսյան

Հունվարի 21-ին Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը պաշտոնավարման 100 օրը լրանալու կապակցությամբ հրավիրել էր մամուլի ասուլիս:  

Հարցին՝ ո՞րնէ  պատճառը, որ հոկտեմբերի 9-ին կայացած ավագանու առաջին նիստում փակ գաղտնի քվեարկությամբ ի օգուտ Մ. Ասլանյանի քվեարկած 4 ավագանու անդամներն այժմ չեն մասնակցում նիստերին, Մ. Ասլանյանը պատասխանեց՝ հարցը հասցեատերերին ուղղելու առաջարկով:

Նկատառմանը՝ եթե այդ մարդիկ ճնշումների ներքո չեն ընտրել, ապա ինչո՞ւ չեն հիմա գալիս ավագանու նիստերին, քաղաքապետը հակադարձեց՝ իսկ եթե ճնշումների ներքո են ընտրել ձեր ասած, ապա ինչո՞ւ չեն հիմա ճնշված գալիս ընտրության:

Վստահեցնելով, որ ինքը տեղյակ չէ  ի օգուտ իրեն քվեարկած ավագանու չորս անդամների «սպառիչ անվանացանկից», ստեղծված իրավիճակում քաղաքապետը խնդրի լուծման իր տեսլականն է ներկայացնում:  

«Հիմա ես լուծումը  տեսնում եմ, որ միգուցե որևէ պահի ինչքան որ օրենքի առաձգականությունը թույլ կտա, այդ մարդկանց մոտ կարթնանա Վանաձորի նկատմամբ ունեցած սերը, և իրենք կհայտնվեն նիստերի դահլիճում, ու մենք կշարունակենք մեր նորմալ՝ Վանաձորի ապագային ուղղված աշխատանքները»,- նշում է նա:

Հունվարի 11-ին «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական Վերածնունդ»  կուսակցությունները համատեղ դիմումով դիմել էին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին՝  առաջարկելով վաղաժամկետ դադարեցնել Վանաձորի գործող ավագանու լիազորությունները և միաժամանակ նշանակել ավագանու արտահերթ ընտրություններ:

Լրագրողները քաղաքապետից հետաքրքվեցին՝ վարչապետի՝ օրերս Վանաձոր կատարած այցի ժամանակ քննարկվե՞լ է այս հարցը:

«Վարչապետի հետ մենք քննարկել ենք ավելի կարևոր հարցեր՝ կապված քաղաքի ապագայի, Վանաձորում ներդրումային մեծ ծրագրերի հետ, որը կարծում եմ, շատ ավելի լայն ու առարկայական հարց է և չի վերաբերում  միայն 5 տարի պաշտոնավարող քաղաքապետին, այլ վերաբերվում է Վանաձոր քաղաքի ապագային: Վարչապետի հետ նման հարց չենք քննարկել, մանավանդ որ վարչապետն  իրավաբան չէ : Հարցը գտնվում է  իրավաբաննների տիրույթում և ժամկետների մեջ, կարծում եմ, իրավաբանները համապատասխան պատասխան կգտնեն և կարձագանքեն»,- նշեց քաղաքապետը:

Մ. Ասլանյանը խուսափողական պատասխան է տալիս ապրիլին կայանալիք ԱԺ ընտրությունների արդյունքների կանխատեսումներին վերաբերող հարցին:

 «Ուժերի վերադասավորման ներկա փուլում շանսերի ու կանխագուշակությունների դաշտ չմտնենք, բայց հաստատ թեժ կլինի,- նշում է նա, վստահեցնելով՝ կուսակցությունն իր վրա որևէ պարտականություն այս առումով չի դրել,- ես ինքս եմ իմ վրա որոշակի պարտականություններ դրել. ինչքանով  թույլ կտա քաղաքապետի իմ պաշտոնավարումն ու  աշխատանքը, այդքանով էլ ես, բնականաբար, ներգրավված կլինեմ այդ աշխատանքում: Բայց կոնկրետ պարտավորվածություն իմ վրա դրված չէ»:

2016թ.-ին Վանաձորի մանկապարեզներում հայտաբերվել էին խախտումներ՝ կապված թե գնումների գործընթացի, թե հավելյալ աշխատակիցներ պահելու հետ:

 «Իմ խիստ կարգադրությամբ հանձնարարվել է, որ գնումներն այս տարի կազմակերպվեն շատ ավելի բաց և մրցակցային դաշտում»,- ասում է քաղաքապետը:

Հավելյալ աշխատակիցների մասով էլ նշում է.«Այդ ուղղությամբ ևս ես հանձարարել եմ, որ համայնքային ենթակայության մեր կազմակերպություններն ուսումնասիրեն, և եթե որևէ հիմնարկում կան աշխատակիցներ, որոնք ուղղակի սուրճ խմելու համար աշխատավարձ են ստանում, իրենք չպետք է աշխատեն, պետք  է ազատվեն աշխատանքից: Դա իմ վերաբերմունքն է  և՛ քաղաքապետարանի աշխատակազմի, և՛ համայնքապատկան կազմակերպությունների աշխատակազմերի վերաբերյալ: Մենք մեզ չենք կարող թույլ տալ ճոխություն, որպեսզի մեր քաղաքի բյուջեի միջոցները, փոխանակ տնտեսության մեջ որոշակի խնդիրների լուծմանն ուղղենք, ուղղենք պարապ մարդկանց աշխատավարձեր վճարելուն»,-վստահեցրեց նա:

Մ. Ասլանյանի դիտարկմամբ՝ վերջին 15-20 տարիներին Վանաձորը դուրս է մնացել  համապետական ներդրումային դաշտից, և քաղաքը վանաձորցիների ու ներդրողների համար գրավիչ դարձնելու համար անհրաժեշտ է, որ կառավորության կողմից մի քանի խոշոր նախագծեր իրականացվեն : Քաղաքի զարգացման տեսլականը քաղաքապետը կապում է տուրիզմի ոլորտի հետ:

«Ճիշտ կլինի, որ Վանաձորը դառնա միջազգային ու տարածաշրջանային տուրիզմի կենտրոն: Եվ ես մի նոր տերմին եմ մտցրել տուրիզմի բնագավառում, ես դրան կուզեի տալ հանգրվանային տուրիզմ անունը, որ Վանաձորը որպես տարանցիկ ճանապարհ կարողանա առաջարկների այնպիսի փաթեթ տալ զբոսաշրջիկներին, որ մարդիկ ցանկանան 1-2 օր գտնվել Վանաձորում ու իրենց հանգիստն անցկացնել այստեղ»:

Անդրադարձ կատարվեց նաև Վանաձորի քաղաքապետարանի ուռճացված աշխատակազմի մասին հրապարակումներին: Համարելով, որ կատարված քնննադատությունը անառողջ է եղել, Մ. Ասլանյանը նշեց.  

«Եթե կա օպտիմալացման տեղ, բնականաբար, կա նաև ուռճացվածության ֆակտոր: Իսկ քննադատությունները, որ նշվել էին, թե ես աշխատակազմ եմ ավելացրել, քաղաքապետարանում ընդհանրապես տնտեսվար չկար, մի տնտեսվարի հաստիք էի ավելացրել: Իսկ մյուս աշխատակիցները, որ ասում էին 10-11 հոգի, դա օրենքի պահանջն էր, քանի որ նոր օրենսդրությամբ ցանկացած ֆրակցիա պետք է ունենա երկու աշխատակից: 5 ֆրակցիա ունի Վանաձորի քաղաքապետարանը,10 հոգի աշխատակազմի ավելացում էր, որն իմ հետ կապված չէր: Բնական է, անառողջ քննադատության ոլորտ մտա, չուզեցա էլ արձագանքեմ»:

Քանի որ քաղաքապետարանի ուռճացված աշխատակազմին անդրադարձել էր «Հետքը», ստիպված էինք քաղաքապետին հիշեցնել, որ քաղաքապետարանի աշխատակազմի հաստիքացուցակի նախագիծը թվով 18 աշխատակիցների ավելացման ֆոնին ենթադրում էր տարեկան ավելի քան 18 մլն դրամի հավելյալ ծախս: Եվ սա այն դեպքում, երբ դեռևս հոկտեմբերի 17-ին՝ Մամիկոն Ասլանյանի երդմնակալության օրը ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, անդրադառնալով Վանաձորի համայնքապետարանի ուռճացված աշխատակազմին, առաջնահերթ խնդիրներից մեկը համարել էր ուռճացված աշխատակզմից ձերբազատումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter