HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահագն Հայրապետյան. «Կուզենայի ոչ թե ունեցվածքով միմյանց մասին դատեինք, այլ` ով լինելով»

Նաիրա Հայրապետյան

Ջազի երևանյան ամենասիրելի ու ամենաանկանխատեսելի դեմքերից մեկը՝ Վահագն Հայրապետյանը, վստահաբար կարող ենք ասել, որ քաղաքը գունավորող  ամենավառ անուններից է: Նա մեր մշակութային կյանքի կարևորագույն  անուներից մեկն է և՛ իր երաժշտությամբ, և՛ յուրօրինակ կերպարով: Ստեղծագործական կյանքում նրա բազմաժանր համադրությամբ հայտնություններն արդեն քանի տարի հաստատում են, որ առանձնահատուկ տաղանդով օժտված այս մարդուն բնությունը շնորհել է երաժշտական անսահման զգացողությամբ, որի արդյունքում բեմն ամեն անգամ վերածվում է բուռն ու էմոցիոնալ պայթյունի: Վահագնը մերթ դասական ջազի բարձունքում է, մերթ ավանգարդի, հետո՝ սիմֆոնիկ երաժշտության խառնարանում, հանկարծ հայտնվում է ժողովրդական  երաժշտության ակունքում` դառնալով բոլորովին նոր, անսպասելի ու անպայման, լուսավոր տրամադրություն սփռող ձայն:

Նրա երաժշտական գունապնակում հայտնվող բազմազան երանգները հենց այնպես չեն երևում՝ ինչ-որ նոր բան փորձելու համար: Դրանք ամեն անգամ նորովի բացահայտում ու առավել ընդգծում են նրա ստեղծագործական աշխարհի հարստությունը, ինքնատիպությունն ու երաժշտության մեջ ապրելու կարողությունը:

«Ստեղծագործող մարդը պետք է միշտ նոր որոնումների մեջ լինի,- ասում է Վ. Հայրապետյանը,- նոր ճանապարհներ, փորձություններ, նոր երաժշտական երկխոսություններ գտնի: Իհարկե, մարդ կա, ով վստահ կանգնած է արդեն երկու ոտքի վրա ու իրեն թվում է՝ ինքն այլևս ունի այն ամենը, ինչն ուզում էր գտնել: Բայց հանկարծ մի տեղ լսում է մի նոր բան ու նորից… նոր ճանապարհ է ընկնում: Էն օրը, երբ ստեղծագործ մարդը կանգ առնի ու ասի՝ «Է՛ս է, », այսինքն՝ այլևս հասել է, էդ օրը ինքը վերջանում է»:

Վահագնը բազմաթիվ նոր ու հետաքրքիր նախագծեր է իրականացրել, որոնցում նա հանդես է եկել նոր կերպարով, կտրուկ փոխված, անսպասելի երաժշտական ոճով: Նա նվագել է ջազի այնպիսի մեծությունների հետ, ինչպիսիք են Բարրի Հարիսը, Դանիիլ Կրամերը, Էլվին Ջոնսը, Իգոր Բութմանը և ուրիշներ: Համերգային առանձին նախագիծ-ծրագրերով հանդիսատեսը նրան կարող է հիշել տարբեր համագործակցություններով՝ Արտո Թունջբոյաջյանի «Հայկական նավատորմի խումբ», «Կատուներ» ավանգարդ-ֆոլկ բենդ, «Նյու-Յորք- Երևան» ջազ կվարտետ՝ սաքսոֆոնահար Զայիդ Նասսերի  հետ, ջազային տարբեր տրիոներով ներկայացված համերգներ և այլն: Իսկ այս ճանապարհների ու մեղեդային բազմազանության կենտրոնում կարևորն այն է, որ ոչ թե կատարվում, այլ ստեղծվում են նոր երաժշտություն, նոր ռիթմ ու լուսավոր նոր ուղիներ:

 Վերջին շրջանում նա ներկայացավ նաև բոլորովին նոր տարածքում՝ կինոերաժշտության («Զարե», «Խճճված զուգահեռներ», «Եթե բոլորը», «Լուսաբաց»):

«Իմը երաժշտությունն է, որի մասին խոսելը դժվար է.-ասում է Վ. Հայրապետյանը,- երաժշտությունը կամ պիտի լսես, կամ նվագես»,- ասում է Վահագնը: Երաժշտական իր տարբեր համադրությունների մասին խոսելիս նա նշում է երաժշտության մեջ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ լինելը՝ անկախ անուններից կամ դասակարգումներից:  «Դրանք ինձ համար  տարբեր ուղղություններ չեն, երաժշտություն են: Էս ամեն ինչն իրականում մի մե՜ծ աշխարհ է՝ իր բոլոր գույներով, տարբեր մեղեդիներով, ռիթմերով, մտածողությամբ, իր ամեն ինչով: Մի աշխարհ: Էստեղ նույն նոտաներն են՝ տարբեր համադրությամբ»:


2009թ. ՀՀ պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արամ Ղարաբեկյանի նախաձեռնությամբ իրականացվեց «Բաց երաժշտության փառատոն» նախագիծը: Համերգներից մեկն ամբողջությամբ ներկայացվեց կամերային նվագախմբի և Վահագն Հայրապետյանի «Կատուներ» խմբի համերգով: Ակադեմիականի, ֆոլկի, ջազի, ավանգարրի, էթնիկ հնչյունների գունագեղ այդ համադրումը հավանաբար շատերը կհիշեն: Ապա հաջորդեցին նոր համագործակցություններ՝ սիմֆոնիկ նվագախմբի, իսկ վերջերս՝ «Հովեր» կամերային երգչախմբի հետ: Շուտով նախատեսվում է ներկայացնել նոր ծրագիր՝ Ռ. Հախվերդյանի մեզ քաջ հայտնի ու սիրված երգերը՝ Վ. Հայրապետյանի մշակմամբ:

Այս երաժշտի հետ գրեթե բոլոր զրույցները ընթանում են հայ երաժշտության ու մշակույթի հարստության մասին նրա մեծագույն սիրո խոստովանությամբ ու այդ հարստության հանդեպ մտահոգությամբ: Երաժիշտն ամեն անգամ շեշտում է, որ ունենալով այդքան հարուստ գանձարան, մենք ոչ միայն լիովին չենք օգտվում, այլև չենք գնահատում ըստ արժանվույնս:

«Ախր մենք էդքան մեծ հարստություն ունենք, ու դեռ շարունակում ենք copy-past անել: Դեռ ինչքա՞ն:- ասում է երաժիշտը,- Ո՞նց կարող ենք ուրիշինը ներկայացնել՝ մտածելով, որ էդպես կարող ենք լավ տպավորություն թողնել: Էդ ուրիշը քաղաքավարի կժպտա, բայց կմտածի՝ դրա իսկականը մենք ունենք, հետո՞: Իհարկե, դա կարող է ինչ-որ փուլում ստեղծագործական ընթացքի ձևավորման մեջ որոշակի ազդեցություն ունենալ, բայց վերցնել ու ներկայացնել մեր անվամբ … մենք էդպես ենք վերաբերվում նաև մեր լեզվին, որի գեղեցկությունը ոմանք նոր են սկսում բացահայտել»:

Իր ստեղծագործական գործունեությանը զուգահեռ՝ Վահագն Հայրապետյանը տարբեր տարիներին և տարբեր երկրներում նաև դասավանդել է: Այս առիթով նա հաճախ է ասում, որ ինքը «ամենաաշակերտն է» :                 

«Եթե 10 աշակերտ կա սենյակում, ուրեմն ես այդ պահին 10 ուսուցիչ ունեմ, իսկ իրենք՝ մեկ: Էդպես է, ամբողջ կյանքում սովորելու պրոցեսը անընդհատ լինելու է: Չկա էնպիսի մարդ, ով ամեն ինչ գիտի և սովորելու բան չունենա»:

 Ասում եմ, որ ոչ բոլորն են խոստովանում դրա մասին, մարդիկ կան, ովքեր նույնիսկ վստահ են՝ այլևս սովորեցնելու դերն է իրենցը:

«Նախ ինքն իրեն պիտի խոստովանի,- ասում է Վ. Հայրապետյանը,- Իսկ չխոստովանողների նպատակը բոլորովին այլ բան է, օրինակ՝ հայտնի լինելը, հեռուստատեսությամբ անընդհատ երևալը,  ջրի երեսին մնալ: Իսկ ջրի երեսին դու  գիտես, թե սովորաբար ինչն է մնում՝ թեթևը, դատարկը: Բայց արդյո՞ք դա է քո գործի իմաստն ու էությունը: Հասկանու՞մ եք, տարբեր նպատակներ կան: Մեկինը՝ աստղ լինելն է ու նույն դեմքով, միանման տեսահոլովակներով մարդկանց հոգնեցնելը, մարդ էլ կա՝ երաժշտություն է գրում, որովհետև սիրում է էդ գործը: Սիրում է երաժշտություն ստեղծել և գրում է՝ անկախ նրանից՝ էդ երաժշտությունը կկատարվի մի օր, թե՞ ոչ: Կկատարվի՝ ավելի լավ, չի կատարվի՝ էլի ավելի լավ»:

Երաժշտությունից դուրս, իբրև մարդ, քաղաքացի, Վահագնը բազմաթիվ մտահոգություններ ունի: Նրա կարծիքով՝ մեր ունեցած բազմաթիվ խնդիրների պատճառը մեծ մասամբ մեր խառնվածքն է ու միմյանց հանդեպ անհարգալից վերաբերմունքը: Իր դիտարկումների, քննադատության ու հումորով լի օրինակների մեջ անգամ նա տեսնում է լույսի նշույլներ: Լավատեսությունը երբեք չի զիջում իր դիրքերը այս երաժշտի մտահոգություններում:

«Մեր թշնամին մենք ենք:- ասում է նա,-  մեր ամեն մի խնդրի պատճառը մեր ներսում ունենք, բայց ամբողջ կյանքում դրսում ենք մեր թշնամուն փնտրում և ոչ թե մեր մեջ: Բայց էդ դրսի թշնամուն հաղթելուց առաջ նախ պետք է մեր ներսը հասկանանք ու մաքրենք: Ու դա միայն մենք պետք է անենք, ուրիշ ոչ ոք: Քո տունը ո՞վ պիտի մաքրի, ուրի՞շը, իհարկե՝ ոչ: Իսկ ամեն ինչից առաջ, պետք է գիտակցենք, որ էդ տունը նախ չպետք է աղտոտենք: Հենց էստեղից է պետք սկսել: Ամեն ինչ մեզնից է կախված և դա պետք է յուրաքանչյուրը գիտակցի»:

Բայց ե՞րբ և ինչպե՞ս կարող ենք հասնել այդ գիտակցությանը, ընդ որում բոլորս, ոչ թե, ինչպես միշտ, անհատները միայն: Վահագն Հայրապետյանի առաջարկած դեղատոմսը հավասարաչափ հնարավոր ու անհնարին է թվում:

«Իմ կարծիքով իրար հանդեպ հարգանքի, վստահության ու սիրո միջոցով: Մենք մեր ներսում իրապես ագրեսիա ունենք հավաքած: Էդ ագրեսիան պետք է վերջնականապես դուրս նետենք ու գնանք ոչ թե միմյանց դեմ, այլ հանուն միմյանց: Սա պիտի լինի մեր ապրելու ձևը: Ոչ թե իրար «ինադու», այլ իրար համար, իրար լրացնելով: Ընդամենը էդքան բան: Մեկը մի գործ սկսում է, մյուսը նոր բան անելու ու նրա սկսածը ավելի առաջ տանելու փոխարեն, նույն բանն անում է, որ ապացուցի՝ ինքն էլ կարող է: Արդյունքում էն մեկի արածն էլ է խամրում, իրենն էլ: Մեզ մոտ տոներն ու արարողություններն էլ են արդեն ինադուի շարքն անցել. հարևանի խոզի բդի ինադու ես էլ եմ սեղանին խոզի բուդ դնելու»:

լուսանկարը վերցված է akhif.am-ից 

«Ես կուզենայի, որ վերջապես մեր վերաբերմունքն իրար հանդեպ փոխվեր:  Գիտեմ, որ միանգամից հնարավոր չէ, բայց գոնե կամաց-կամաց հասկանանք, որ դիմացինն էլ նույն մեզ նման, նույն հողի վրա քայլող, նույն օդը շնչող, լեզվով խոսող ու նույն զգացմունքներից ունեցող մարդն է: Կուզենայի ոչ թե ունեցվածքով միմյանց դատեինք, այլ ով լինելով: Մարդուն չի կարելի մեքենայի համարներով գնահատել: Էդպես նա ինքն էլ է  վերածվում  համարի: Քայլ առ քայլ այս փոփոխությունը պետք է լինի և ես հավատում եմ, որ կլինի»:

«Դու ինչպես միշտ լավատես ես,-ասում եմ,- իսկ ես հուսով եմ, որ ոչ ոք քո այդ լուսավոր հավատը չի կոտրի»:

«Ես միշտ լավատես եմ եղել և էդպիսին էլ մնալու եմ:- ասում է երաժիշտը,- կյանքում  կոտրելու փորձեր միշտ էլ լինում են, տարբեր բնագավառներում, տարբեր տեսանկյուններից, բայց ես վստահ եմ, որ չկոտրվող բանը երբեք չի կոտրվի: Դա ոչ միայն լավատեսությանն է վերաբերվում, այլև մարդուն՝ իր տեսակին ու ներքին դիմանկարին: Իսկ առհասարակ նման փորձերը իմ կարծիքով երբեմն նույնիսկ անհրաժեշտ են, որովհետև դրանք հնարավորություն են տալիս ինքդ քեզ ճանաչելու, քո ամրությունը, համբերությունն ու պայքարելու ներուժը վերանայու  կամ հասկանալու: Էդտեղից էլ ես շատ բան սովորում»:

 Լուսանկարները` Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter