HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել ռազմական խորհրդի նիստ

Հունվարի 21-ին, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում, ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի նախագահությամբ, տեղի է ունեցել  ռազմական խորհրդի նիստ, որտեղ ամփոփվել են ՊԲ-ի, միավորումների և զորամասերի 2016 թվականի արդյունքերը:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ռազմական խորհրդի նիստին ներկա են եղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում Արցախում գտնվող, ՀՀ  ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, հանրապետության ուժային կառույցների ղեկավարները, բանակի, միավորումների և զորամասերի հրամկազմը, ռազմաիրավապահ մարմինների և զինկոմիսարիատների ներկայացուցիչներ:

2016թ. ողջ ընթացքում, հանուն հայրենիքի պաշտպանության նահատակված հերոսների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելուց հետո, Լևոն Մնացականյանը հանդես է եկել ներածական խոսքով, որում անդրադարձ է կատարել հաշվետու ժամանակահատվածում իրականացված և դեռևս շարունակվող աշխատանքներին, հակառակորդին զսպելու և առավել արդյունավետորեն հակազդելու ուղղությամբ նախատեսվող հետագա գործընթացներին:

Այնուհետև, ըստ առանձին ուղղությունների 2016 թվականին տեղ գտած բանակային կարևորագույն գործընթացների վերաբերյալ, հանգամանալից զեկույցներ են ներկայացրել բանակի հրամանատարի տեղակալները, առանձին ոլորտների պատասխանատու զինվորական պաշտոնյաներ:

Նշված ելույթներում անդրադարձեր են կատարվել ՊԲ-ի մարտական ու զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության և շտաբների պատրաստության արդյունքներին, ներկայացվել են մարտական պատրաստության կարևորագույն ձեռքբերումները, խոսվել զինվորական կարգապահության և զորքերի բարոյահոգեբանական ապահովման, սպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործման, զորքերի տեխնիկական, թիկունքային և ինժեներական ապահովման հարցերից, ներկայացվել առանձին զորատեսակների վիճակը, առկա հիմնախնդիրները և դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքների համալիրը:

Հնչած զեկույցներում և քննարկումներում առանցքային նշանակություն է տրվել հատկապես այն զարգացումներին, որոնք տեղ են գտել 2016 թվականի ապրիլին: Ընդգծվել է, որ չնայած ՊԲ-ը կարողացել է կասեցնել թշնամական մտադրություններն ու լրիվությամբ ձախողել վերջինիս պլանները, սակայն, պետք է ամեն ինչ անել, հետագա հավանական գործողությունների դեպքում առավել արդյունավետորեն գործելու համար:

Նիստի եզրափակիչ հատվածում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն: ԼՂՀ նախագահի հրամանով ‹‹Արիության համար›› մեդալ է հանձնվել ապրիլյան դիմակայության ժամանակ հերոսաբար մարտնչած և ծանր վիրավորված գումարտակի շտաբի պետ, կապիտան Վալերի Իվանի Մեհրաբյանին:

Այնուհետև  հրապարակվել է ՊԲ հրամանատարի հրամանը, որի համաձայն, հաշվետու ժամանակահատվածում լավագույն ցուցանիշներ ապահոված զորամասերը, ստորաբաժանումներն ու անհատ զինծառայողները խրախուսվել են պատվոդրոշներով, անվանական զենքերով, արժեքավոր նվերներով և դրամական պարգևներով:

Պարգևատրման արարողության ավարտից հետո, ամփոփիչ խոսք է  ասել Արցախի հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարը: Եվս մեկ անգամ անդրադառնալով անցած տարվա բանակային կարևորագույն դրվագներին՝ Լևոն Մնացականյանը մասնավորապես նշել է,  որ չնայած տարին եղել է  անչափ բարդ, ՊԲ-ը կարողացել է կյանքի կոչել նախատեսված բոլոր ծրագրային միջոցառումները և քայլ առաջ կատարել, հանրապետության պաշտպանական ներուժի հետագա մեծացման ուղղությամբ:

Ռազմական խորհրդի մասնակից հրամկազմին ուղղված խոսքով հանդես է եկել նաև ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը: Իր գոհունակությունը հայտնելով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների ռազմական համագործակցության արդի մակարդակից՝ Մովսես Հակոբյանը նշել է նաև գործունեության այն կարևոր ոլորտները, որոնք առաջնային կլինեն 2017թ. բանակային տարվա ընթացքում՝ համագործակցության հետագա խորացման առումով:

Վերջում 2016 բանակային ուսումնական տարվա արդյունքներն ի մի է բերել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Գերագույն գլխավոր հրամանատարը հավաստիացրել է, որ այսուհետ ևս պաշտպանական ոլորտին առնչվող խնդիրները կշարունակեն մնալ երկրի ղեկավարության ամենօրյա հոգածության կենտրոնում և կարվի հնարավոր ամեն ինչ, հակառակորդի ռազմական նկրտումների  հավանականությունը ժամանակին չեզոքացնելու ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter