HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարիամ Չախոյան

ՀՔԾ-ն Համլետ Գասպարյանին ծեծի ենթարկելու գործով հարազատների ցուցմունքները որակել է որպես «կասկած»

Ոստիկանի դեմ իրեն ծեծի ենթարկելու վերաբերյալ հաղորդում ներկայացրած Համլետ Գասպարյանը ստացել է 2016թ. դեկտեմբերի 29-ին վարույթը կարճելու մասին Հատուկ քննչական ծառայության որոշումը: 

Հիշեցնենք, որ Համլետ Գասպարյանը, քթի վնասվածքի պատճառով կասկածվելով հանցագործության կատարելու մեջ, 2016թ. սեպտեմբերի 5-ին հրավիրվել էր ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժին, որտեղ վերջինս ծեծի էր ենթարկվել քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արման Հովհաննիսյանի կողմից: Միջադեպին Համլետի ականատես են եղել մայրն ու կինը: Սակայն ընտանիքը որոշել էր չբողոքել՝ անսալով ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ա. Շահբազյանի խնդրանքին՝ հանգիստ սրտով գնալ տուն ու մոռանալ եղածը: Համլետը ոստիկանի դեմ հաղորդում էր ներկայացրել սեպտեմբերի 16-ին՝ միայն այն բանից հետո, երբ ոստիկանությունը, «դրժելով խոստումը», նրանց բնակարանում անցկացրել էր խուզարկություն:  

ՀԿԳ քննիչ Ս. Ավետիսյանը, դիտարկելով ապացույցների բավարարության և անձի անմեղության կանխավարկածի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի դիրքորոշումներն ընդգծել է, որ ոստկանության ՔՀԲ պետի կողմից ծեծի ենթարկվելու «հանգամանքը հիմնավորող միակ ապացույցը գործի ելքով շահագրգռված տուժող Նվեր [անունը սխալ է ներկայացված] Գասպարյանի, վերջինիս մոր՝ Գեղեցիկ Գասպարյանի և կնոջ՝ Էմմա Փիլոյանի ցուցմունքներն են, որոնք, ըստ էության իրենցից ներկայացնում են կասկած»:

Անդրադառնալով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի դրույթներին, որով սահմանվում է, որ հանցանք գործելու մեջ անձի մեղավորության մասին հետևությունը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա, ՀՔԾ քննիչը նշում է.

«Փաստորեն, Համլետ և Գեղեցիկ Գասպարյանների հայտնած տեղեկությունները ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնի ՔՀԲ պետ Արման Հովհաննիսյանի կողմից Հ. Գասպարյանի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ, կատարված նախաքննության ընթացքում բացի շահագրգիռ անձանց ցուցմունքներից, այլ ապացույցներով չեն հաստատվել, հետևաբար, չփարատված կասկածները պետք է մեկնաբանվեն հօգուտ պաշտոնատար անձի»:

ՀՔԾ քննիչը համարում է, որ գործով հնարավոր բոլոր ապացույցները ձեռք են բերվել, վերլուծվել և գնահատվել են ու արձանագրում է, որ կատարվել է դրանց «լրիվ, բազմակողմանի և և օբյեկտիվ հետազոտում», որի արդյունքում չի հիմնավորվել  «ՔՀԲ պետ Ա. Հովհաննիսյանի կողմից բռնություն գործադրելով զուգորդված օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակից դուրս գալով Համլետ Գասպարյանին հարվածներ հասցնելու հանգամանքը»,  և եզրահանգել է, որ նրա արարքում  բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածով սահմանված՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու հանցակազմի հատկանիշները:

Այնուհետև, քննիչն անդրադառնում է Գեղեցիկ և Համլետ Գասպարյանների [նկատենք, որ Էմմա Փիլոյանի մասին արդեն չի խոսվում] ցուցմունքներում սուտ մատնության հանցակազմի առկայության հարցին, և նշում, որ՝ «անհրաժեշտ է հիմնավորել, որ անձը գործել է գիտակցաբար և հանցագործության մասին ակնհայտ սուտ հաղորդում է ներկայացրել՝ նպատակ ունենալով հասնել անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելուն» և եզրակացնում, որ «վերջիններիս հայտնած տեղեկությունները գնահատվել են որպես կասկածներ, որոնք չեն փարատվել», ուստի, «այս պայմաններում հնարավոր չէ արձանագրել, որ Հ. և Գ. Գասպարյանները գիտակցաբար հանցագործության մասին սուտ տեղեկություն են տվել», և եզրակացրել է, որ «ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հանցակազմի առկայությունը չի հիմնավորվել»:

Բայց արդյո՞ք ՀՔԾ քննիչը  կատարել է ապացույցների «լրիվ, բազմակողմանի և և օբյեկտիվ հետազոտում» այն դեպքում, երբ վերջինս չի հարցաքննել իր իսկ որոշման մեջ նշված առնվազն երկու ականատեսների՝ ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնի օպերլիազոր Գևորգ Նահապետյանին և նույն բաժնի օպերատիվ գծով տեղակալ Ա. Շահբազյանին:  Այս մասին գոնե որոշման մեջ ոչինչ ասված չէ: Ըստ երկու կողմերի հայտնած տեղեկությունների՝ առաջինը Ա. Հովհաննիսյանի հետ միասին ուղեկցել է Հ. Գասպարյանին դեպի Շահբազյանի սենյակ, որից դուրս գալուց հետո միջանցքում տեղի է ունեցել ենթադրյալ միջադեպը: Ա. Շահբազյանը աղմուկը լսելուց հետո դուրս է եկել, նկարել է ուշագնաց եղած մորը և նրան ուղեկցել է դեպի իր սենյակ:  Փաստորեն, կասկածի  տակ չի առնվել նաև Արման Հովհաննիսյանի ցուցմունքը այն մասին, որ Գեղեցիկ Գասպարյանը ուշագնաց է եղել սոսկ որդու բարձր բղավոցները լսելու արդյունքում:

Գեղեցիկն այժմ զղջում է, որ հավատացել է ոստիկանների խոսքին ու, քաշքշուկներից խուսափելով, անմիջապես չեն բողոքել նրանց գործողությունների դեմ: Դեկտեմբերի վերջին, երբ ՀՔԾ կողմից կազմակերպված առերեսումից հետո Հովհաննիսյանը միջանցքում դիմել էր իրեն՝ ասելով. «Տիկին Գեղեցիկ, ես պրծա, բայց դուք՝ չէ», նա հասկացել է, որ բոլորը «մի սանրի կտավ են», և որ վերջինս արդեն գիտի գործի ելքի մասին:

«Էն լկտի պահվածքը, էն արհամարհանքը, որ դա ուներ՝ ո՞վ կարող է դրանց մի բան ասել», - ասում է Գեղեցիկը:

Համլետ Գասպարյանն իր հերթին նշում, որ չի բողոքարկել ՀՔԾ-ի որոշումը, որովհետև հոգնել է քաշքշուկներից ու չի հավատում դրական արդյունքներին՝ օգուտ չկա:

Առջևում նրան է սպասվում կողոպուտի փորձի մեղադրանքի գործով նախնական դատաքննության առաջին նիստը, որը դեռ նշանակված չէ. հանրային պաշտպան Թամարա Բաղդասարյանը, ով Համլետի պաշտպանն է,  գործում առկա բազմաթիվ հակասություններ է տեսնում և պնդում է, որ այս վիճակով գործը պարզապես չպետք է ուղարկվեր դատարան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter