Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

Եռապատկվել է Եվրոպայում ապաստան խնդրած հայաստանցիների թիվը


2016թ-ի օգոստոս և սեպտեմբեր ամիսներին 3 անգամ ավելի շատ ՀՀ քաղաքացի է առաջին անգամ ապաստան խնդրել Եվրոպայից, քան վերջին 9 տարիների միջին ամսական ցուցանիշն է։ Եթե 2008-ից մինչ օրս ամսական միջինը 385 ՀՀ քաղաքացի է փախստականի կարգավիճակ խնդրել ԵՄ երկրներից, ապա միայն 2016թ. օգոստոսին նրանց թիվը հասել է 1110-ի, իսկ սեպտեմբերին՝ 1185-ի (տվյալները՝ ԵՄ վիճակագրական ծառայության, թարմացված 20.01.2017)։  

Նշված ժամանակահատվածը հաջորդում է «Սասնա Ծռեր» զինված խմբավորման կողմից ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի գրավմանը։ Բողոքի ակցիաներ և ցույցեր սկսվեցին Երեւանում, որոնց ընթացքում եղան նաև բախումներ։ 15 օր շարունակ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրավված պահելուց հետո, հուլիսի 31-ին զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապարներին: Ոստիկանության հետ բախումների ընթացքում խմբի մի քանի անդամ վիրավորում է ստացել, զոհվել է 3 ոստիկան։ ՊՊԾ գնդի հարակից տարածքներում ոստիկանության եւ ցուցարարների բախումների ընթացքում 50-ից ավելի վիրավորներ տեղափոխվել են հիվանդանոցներ, ձերբակալվել ցույցերին մասնակցած տասնյակ քաղաքացիներ։

Անցյալ ամառվա իրադարձություններից հետո ավելի շատ մարդ է ապաստան խնդրել Եվրոպայում, քան 2008թ․ մարտի 1-ի դեպքերից հետո։ 

Ըստ Եվրոպական միության վիճակագրական ծառայության տվյալների՝ 2016-ի նշված ամիսներին առաջին անգամ ապաստան խնդրած ՀՀ քաղաքացիների 49 տոկոսը կին է, իսկ 51 տոկոսը՝ տղամարդ։ 5 հոգի սեռը չի նշել։

Ապաստան խնդրածների 33 տոկոսը 35-64 տարեկան է, նրանք իրենց հետ Եվրոպա են տարել մինչև 14 տարեկան երեխաներին, որոնց թիվը կազմում է 28 տոկոս։ Հայաստանից հեռացել են նաև մեծ թվով 18-34 տարեկան երիտասարդներ՝ կազմելով ապաստան խնդրածների 32 տոկոսը։ 14-17 տարեկան փախստականի կարգավիճակ խնդրած ՀՀ քաղաքացիները կազմում են 5 տոկոս, իսկ 66-ից բարձր տարիքայինները՝ 2 տոկոս։

Այսպիսով՝ 2016թ. ներքաղաքական անկայուն վիճակը, իշխանության կողմից ուժի կիրառմամբ բողոքի ալիքը ճնշելը, զանգվածային ձերբակալությունները հանգեցրել են երիտասարդ ընտանիքների՝ ավելի մեծ թափով սեփական երկրից հեռանալուն։

2008-ի հունվարից մինչ 2016թ-ի դեկտեմբեր ամիսը Հայաստանից Եվրոպայում առաջին անգամ ապաստան է խնդրել 41 310 մարդ։

Ստորև ներկայացված քարտեզում կարող եք ծանոթանալ, թե որ Եվրոպական երկրում են ամենաշատը ապաստան խնդրում Հայաստանի քաղաքացիները։

Գլխավոր լուսանկարը՝ Սոնա Քոչարյանի

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի


Գլխավոր էջ

Մեկնաբանություններ (2)
1. Յարութ Մարտիրոսեան10:07 - 24 հունվարի, 2017
Բազմահազարեայ Հայոց Պատմութեան մէջ զանգուածաին արտագաղթները միշտ եղած են օտար ուժերու ճնշումի պատճառով: Այս հանգրուանը աննախադէպ է որ ինքնանկախ եւ « ազատ » հայաստանի իշխանութիւնները գիտակցաբար անուղակիօրէն արտագաղթը կը խրախուսեն վերոյիշեալ տուեալներով: Ուիլեմ Սարոեան անձեալին ըսած է- Ազգերը երբեք օտար ուժերու կողմէ չեն ոչնչանար, բացի անձնասպանութեան պարագային: Արդեօք հասած՞ ենք անձնասպանութեան շեմին:
2. Անանուն12:34 - 29 մայիսի, 2017
Ինչո՞ւ չպիտի եռապատկվի: Երկրում, որտեղ լիակատար ամենաթողություն է: Շատերը կհիշեն Սերժ Սարգսյանի «ներողությունը» լրագրողներից: Ահա այն. «...Ես նաև ներողություն եմ խնդրում մեր լրագրողներից հուլիսի 29-ի՝ լույս 30-ի գիշերվա դեպքերի համար. սա մեր ամենաէական բացթողումն էր այս օրերի ընթացքում: Բոլոր հետևություններն, անշուշտ, արվելու են: Ձեր ներողամտությունը հայցելով՝ միայն լրագրողներին, բայց ոչ իրավապահներին, խնդրում եմ մոռանալ այդ դեպքերի մասին, քանի որ իրոք վստահ եմ, որ այլևս նման բան չի կրկնվելու, և նաև ուզում եմ, որ այդ դեպքերն այսուհետ անգամ ենթագիտակցական որևէ ազդեցություն չունենան ձեր ազատ գործելաոճի վրա»: Ասում եք բոլոր հետևություններն, անշուշտ, արվելո՞ւ են, պարոն նախագահ: Դուք տեղյա՞կ եք, որ ոչ մի փոխհատուցում չի արվել՝ գրեթե ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ, իսկ մարդիկ իրենց առողջական խնդիրները լուծում են իրենց իսկ աշխատավարձի հաշվին (երբեմն վարկ են վերցնում, երբ չի հերիքում): Այո, այն առողջական խնդիրները, որ նրանք ստացել են Սարի թաղի դեպքերի ժամանակ: ՄԵԿ ՏԱՐԻ է անցել արդեն: Արդյո՞ք Երեւանը 20 միլիոնանոց Պեկինն է, որ ոստիկանության շարքերում կանգնած քաղաքացիական հագուստով հանցագործներին ՄԵԿ ՏԱՐԻ անց չեք կարողանում գտնել: Մի համարեք՝ ամեն ինչ պարզ է, նրանց տեղը ես էլ գիտեմ, դուք էլ գիտեք պարոն նախագահ, Վովա Գասպարյանն էլ գիտե, բոլորը գիտեն: Մարդու իրավունքների գրասենյակի, Հատուկ քնչական ծառայության նամակներն ու հայտարարությունները, բժիշկների գրած էպիկրիզները պարզապես ծիծաղելի, իրենցից ոչ բան ներկայացնող, աղբարկղի թղթեր են... Այսքանը... Ուրիշ ի՞նչ է պետք այլեւս մարդուն, որպեսզի հիասթափվի նման մթնոլորտից....
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։