HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԻՆ-ի Լոռու մարզային ստորաբաժանումները գույքի ու տեխնիկայի թարմացման կարիք ունեն

Գայանե Սարգսյան

Որքանո՞վ է Լոռին պատրաստ արտակարգ իրավիճակներին դիմակայմանը

«Լոռու մարզի տարածքում գտնվող 33 ապաստարաններից և 28 հակաճառագայթային թաքստոցներից ոչ մեկը չի համապատասխանում իրեն ներկայացվող տեխնիկական պահանջներին»,- այս մասին տեղեկացրեց Արտակարգ իրավիճակների նախարարության Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Կարեն Հովհաննիսյանը  2016թ.-ի աշխատանքների տարեկան ամփոփման ժամանակ:

Վերջինիս խոսքով հաշվի առնելով վերը նշվածը, անհրաժեշտության դեպքում մարզի բնակչության 83 տոկոսի պատսպարումը պլանավորված է իրականացնել բազմաբնակարան շենքերի, կազմակերպությունների, մասնավոր տների նկուղներույմ, իսկ պաշտպանական կառույցներով չապահովված մնացած 17 տոկոսինը՝ պարզագույն և արագ կառուցվող թաքստոցներում:

Մարզում պակաս է նաև անհրաժեշտ քանակի էլեկտրական շչակների թիվը, որոնք արտակարգ իրավիճակներում օգտագործվում են աղետների ազդարարման նպատակով:Մարզի ամբողջ տարածքում բնակչության ազդարարման նպատակով անհրաժեշտ է 217 էլեկտրական շչակ, սակայն մարզում առկա է 57-ը, որոնցից 16-ն ըստ պաշտոնական տվյալների անսարք է:

«Այսօրվա դրությամբ 107 համայնքներից տեղային ազդարարում  հնարավոր է իրականացնել միայն 24-ում»,- զեկուցում է վարչության պետը:

Ոլորտի բացերը այսքանով չեն ավարտվում:Պարզվում է, մարզի քաղաքային համայնքներում հաշվառված  183 հրշեջ հիդրանտներից  գործում են 69-ը: Գյուղական համայնքներում դրանք ընդհանրապես բացակայում են: Մարզի տարածքում գտնվող 14 հրշեջ ջրավազաններից էլ գործում է  ընդամենը 10-ը:

 Կ. Հովհաննիսյանի խոսքով՝ նշված հանգամանքները մանավանդ մարզի հեռավոր գյուղերում դժվարեցնում են հրդեհաշիջման աշխատանքների ապահովումը:

Նախորդ տարեվերջին Լոռու մարզի տարածքում գտնվող թվով 25 բենզալցակայաններում ու գազալցակայաններում կատարված  ուսումնասիրության արդյունքում  Լոռու մարզի հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցներն արձանագրել են. գրեթե բոլոր կայաններում առկա են թերություններ և տեխնիկական անվտանգության կանոնների խախտման դեպքեր:

Չնայած վերը նշվածին, թերությունների վերաբերյալ արձանագրություններ են կազմվել 2 գազալցակայանում ու 6 բենզալցակայանում, որոնց  պատասխանատուները ենթարկվել են վարչական պատասխանատվության համապատասխանաբար 200 000 և 150 000 դրամի չափով:

2016թ.-ին Լոռու մարզում գրանցվել է տեխնածին վթարի 3 դեպք, որոնցից երկուսը մահվան ելքով: Նշված երեք դեպքերն էլ գրանցվել են հանքարդյունաբերության ոլորտում:

Չնայած պարբերաբար գրանցվող դժբախտ դեպքերին, մարզում դեռևս քիչ  չեն ինչպես գրանցում ունեցող և փորձաքննություն չանցնող,  այնպես էլ չգրանցված  շահագործվող արտադրական օբյեկտները:

«Խնդիրը վերաբերում է հատկապես լեռնահանքային, նավթամթերքների,  հեղուկ և բնական գազի, հաստատուն և շարժական լցավորման կայանների ոլորտներին: Շատերը օգտվելով անպատժելիությունից, հրաժարվում են մտնել օրինական դաշտ և շարունակում են շահագործումը՝ օրենսդրական նորմերը չպահպանելով: Կան նաև դեպքեր, երբ արտադրական վտանգավոր օբյեկտները ստանում են բացասական եզրակացություններ, սակայն շարունակում են շահագործվել, որը հղի է տեխնածին վթարների ռիսկերով»,- նշում է Լոռու և Տավուշի մարզերի փորձաքննության բաժնի պետ Կարեն Բոյաջյանը:

Վերջինս որպես անպատժելիության վառ օրինակ մատնանշում է Վանաձոր-Ալավերդի մայրուղու վրա գործող 30-ից ավելի քարի արտադրամասերը, փաստելով, որ գրանցված և փորձաքննություն անցնող արտադրամասերի թիվը չի գերազանցում 10-ը:

«Մեկը մյուսին նայելով ու տեսնելով,  որ մյուսը տարիներ շարունակ, 8-10 տարով  չի գրանցվում, փորձաքննություն չի անցնում, ոչ ոք իրեն չի պատժում, հրաժարվում են փորձաքննություն անցնել»,- ասում է բաժնի պետը:

Տարեկան ամփոփմանը ներկա Արտակարգ իրավիճակների  նախարարի տեղակալ Դավիթ Կարապետյանը բաժնի պետին առաջարկում է տնտեսվարողների շրջանում ակտիվացնել բացատրական աշխատանքները:

«Մեր կողմից իմացված, չգրանցված արտադրական օբյեկտների 80 տոկոսից ավելը  ծանուցվել են օրենքի տառի, հետևանքների ու կանխարգելիչ միջոցառումների մասին , սակայն դա ոչ մի արդյունք չի  տվել»,- զեկուցում է Կ. Բոյաջյանը:

Լոռու մարզում գրանցվող  երկրաշարժերի մասին տեղեկատվությունը Երևան է հաղորդվում 15 րոպեի ընթացքում: Պատճառը սարքավորումների հին լինելն է:

«Քանի որ մեր սեյսմիկ եռաչափական համակարգը նունիսկ 30-40 տարվա պատմություն ունի, 15 րոպեի ընթացքում հաղորդում ենք:  Եթե ունենայինք թվային սարքեր, այդ ժամանակահատվածը  կիջներ մինչև 5 րոպեի»,- նշում է սեյսմիկ պաշտպանության Հյուսիսային ծառայության տնօրեն Կարեն Մխիթարյանը, հավելելով, որ մարզի ունեցած միակ թվային սարքը տեղադրված է Ստեփանավանում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter