HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ միջազգային պահուստները 2016թ.-ի դեկտեմբերին ավելացել են մոտ 450 մլն դոլարով՝ տարեկան կտրվածքով հասնելով 2 մլրդ 200 մլն դոլարի

Վիլեն Խաչատրյան 

ՀՀ միջազգային պահուստների ցուցանիշը 2016թ.-ի դեկտեմբերին գերազանցեց 2 մլրդ 200 մլն ԱՄՆ դոլարի սահմանագիծը, որը դեկտեմբերին գրանցված մոտ 450 մլն դոլարի հասնող աճի արդյունք էր:

Հետաքրքիրն այն է, որ այս ցուցանիշը բավականին խոսուն է, քանի որ դրանից կարելի էր ենթադրություններ անել նաև համաշխարհային տնտեսության մեջ տարբեր արժույթների բնագավառում տարվող քաղաքականության վերաբերյալ: Սակայն փաստը մնում է այն, որ Հայաստանում տեղի ունեցող զարգացումները շատ դեպքերում ունենում են ոչ համահունչ ուղղվածություն կամ աշխարհը գնում է այլ ուղղությամբ, իսկ Հայաստանը սկզբունքորեն հակառակ:

Աղյուսակ

ՀՀ միջազգային պահուստների կառուցվածքը

(մլն ԱՄՆ դոլար)

 

2013

2014

2015

2016

 

Դեկտեմբեր

Դեկտեմբե

Դեկտեմբեր

Դեկտեմբեր

Համախառն միջազգային պահուստներ

2251.6

1489.4

1775.3

2200.3

          Ոսկի

0

0

0.0

0.0

          ՀՓԻ ԱՄՀ-ում

1.9

6.2

2.9

3.5

          Պահուստային դիրքը ԱՄՀ-ում

0

0

0.0

0.0

          Արտարժույթ

2249.7

1483.2

1772.4

2196.8

Աղբյուրը` ՀՀ ԿԲ 

Հարկ ենք համարում նշել, որ 2016թ.-ի դեկտեմբերի պահուստների ցուցանիշը 2013թ.-ի դեկտեմբերից հետո գրանցված լավագույն ցուցանիշներից է, քանի որ միայն 2013թ.-ի դեկտեմբերին են մեր պահուստները եղել ավելի շատ` կազմելով 2 մլրդ 251 մլն դոլար:

Իհարկե, մենք ականատես ենք լինում նաև համաշխարհային դրամավարկային քաղաքականության մեջ տեղի ունեցող իրադարձությունների, որոնք, ըստ երևույթին, պետք է որ նվազեցնեն ՀՀ միջազգային պահուստները, օրինակ` ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի կողմից 2016թ.- դեկտեմբերի 15-ին բարձրացված տոկոսադրույքները պետք է որ թանկացնեին դոլարն ամբողջ համաշխարհային տնտեսության մեջ, սակայն այստեղ որպես խաղացող իր դերն ունեցավ Չինաստանը, մյուս կողմից համաշխարհային տնտեսական հանրությանը բավականին երկար էին պատրաստում տոկոսադրույքների բարձրացմանը և այլն: Գրեթե նույն քաղաքականությունն է տարվում նաև 2017թ.-ի համար, քանի որ 2017թ.-ի ընթացքում տոկոսադրույքները ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի կողմից կարող են բարձրացվել ևս 2-3 անգամ: Ամեն անգամ տոկոսադրույքների 0.25 տոկոսով բարձրացումը նշանակում է, որ համաշխարհային տնտեսության մեջ սկսվում է թանկ դոլարի ժամանակահատվածը, որին ֆինանսական աշխարհի ներկայացուցիչներն արդեն իսկ սկսում են պատրաստվել և շատ տրամաբանական է, որ ՀՀ ԿԲ-ի կողմից ևս նման քաղաքականություն է որդեգրվել:

Ինչ նպաստավոր պայմաններ կան ՀՀ ԿԲ-ի կողմից նման քաղաքականության իրականացման համար կամ ում հաշվին է դա արվել: Այս հարցի պատասխանը կապված է արտահանման ծավալների աճի, տրանսֆերտների կրճատման, ներմուծման ծավալների գրեթե նույն մակարդակի վրա մնալու, վերցված դոլարային վարկերի ծավալի կտրուկ աճի, ցածր փոխարժեքի հետ և այլն: Դեկտեմբերի դրությամբ գրանցված դրամի ցածր փոխարժեքը պահուստները համալրելու լիարժեք հնարավորություն է տվել ՀՀ ԿԲ-ին, նման դեր կարող է խաղացած լինել նաև պետական պարտքերի աննախադեպ աճը մինչև 5 մլրդ 935 մլն ԱՄՆ դոլար:

2017թ.-ի ընթացքում ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի կողմից տարվող քաղաքականության արդյունքում ՀՀ դրամը կարող է բավականին արժեզրկվել ԱՄՆ դոլարի հանդեպ, սակայն ինչպես երևում է ՀՀ ԿԲ-ն արդեն իսկ սկսել է քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: Կան արդյո՞ք դրա համար օբյեկտիվ տնտեսական հիմքեր և գործոններ, այս հարցը հետաքրքրում է գրեթե բոլոր ՀՀ քաղաքացիներին, քանի որ վերջիններս իրենց խնայողությունների մեծ մասը պահում են արտարժույթով, ՀՀ առևտրային բանկերում ունեցած ավանդների 2/3-ը արտարժույթով կամ հիմնականում դոլարով են, իսկ վարկերի մոտ 2/3-ն էլ արտարժույթով կամ դոլարով են: Այդ պարագայում 2017թ.-ը արտարժութային ռիսկերի առումով արդեն իսկ կանխատեսվում է լինել բավականին ռիսկային կամ տատանողական:

Դժվարին վիճակում են գտնվում ԱՊՀ, այդ թվում` ԵԱՏՄ երկրները, որտեղից ՀՀ դրամական հոսքերը կամ տրանսֆերտային փոխանցումները կրճատվել են, եթե այս միտումները շարունակվեն չի բացառվում, որ ՀՀ-ում երեք տարի շարունակ դոլարի հոսքերը նվազեն, որն էլ կարող է հանգեցնել պահուստների կրճատման, ինչպես նաև երկրում գնողունակության անկման: Սակայն նավթի գների բարձր մակարդակը և ռուբլու արժևորումը դեռ որոշակի հույսեր արթնացնում են տրանսֆերտների ծավալի վերականգնման հետ կապված:

Արտահանման մակարդակը ՀՀ-ում 2016թ.-ի ընթացքում մոտ 20 տոկոսով աճ է արձանագրել, կարելի է ասել, դա դրական միտում է և փաստում է ՀՀ տնտեսություն արտարժութային հոսքերի ավելացման մասին և նպաստում է դրամի դիրքերի քիչ թե շատ պահպանմանը:

Մյուս կողմից, եթե 2016թ.-ին ներմուծման տեմպերը մնացին գրեթե 2015թ.-ի մակարդակի վրա, իսկ եթե օրինակ հասնեին 2014թ.-ի մակարդակին, ապա ՀՀ միջազգային պահուստներն այժմ կգտնվեին 1 մլրդ ԱՄՆ դոլարի շրջանակում: Այսինքն` ՀՀ միջազգային պահուստների չկրճատմանը նպաստել են ներմուծման տեմպերի ցածր մակարդակն ու դանդաղ վերականգնումը: Ներմուծման անկումը և արտահանման աճը կարելի է դիտարկել որպես դրամի դիրքերի պահպանմանը նպաստող գործոններ: Սակայն դա կարելի է ասել բնակչության բարեկեցության հաշվին տեղի ունեցող գործընթացներն են, մարդիկ քիչ են սպառում, կրճատվում է նրանց կողմից ստացվող տրանսֆերտների գնողունակությունը, որի արդյունքում պահուստներն ավելանում են:

Ինչ վերաբերում է եվրոյի ճակատագրին, ապա այս դեպքում ևս ԱՄՆ-ը և ԵՄ-ը վարում են իրար հակադիր դրամավարկային քաղաքա­կա­նություններ, այսինքն` ԱՄՆ-ը բարձրացնում է տոկոսադրույքները, իսկ Եվրոպական կենտրոնական բանկը 2017թ.-ի սկզբին կրկին հայտարարել է, որ տնտեսության մեջ ավելացնելու է եվրոյի քանակությունը, սակայն 2016թ.-ի 80 մլրդ ամսական ավելացումից անցում է կատարելու 2017թ.-ին` 60 մլրդ եվրոյի ավելացման, որի արդյունքում է եվրոն որոշ արժևորման փուլ է հիմա ապրում:

Ինչ վերաբերում է ռուբլուն, ապա այն մեծապես կախված լինելով նավթի գներից շատ մեծ հավանականություն կա, որ կարժևորվի, քանի որ նոյեմբերի վերջին ՕՊԵԿ-ի հանդիպման ժամանակ ձեռքբերված համաձայնությունները, կարծես թե, կյանքի են կոչվում, իսկ նավթի գներն աճում են, քանի որ նավթի առաջարկը կրճատելու քաղաքականությանը համաձայնություն են տվել Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան: Այժմ բրենդ տեսակի նավթի գինը 55 ԱՄՆ դոլարից բարձր է և կան կանխատեսումներ, որ 2017թ.-ին դրանք կգտնվեն 60-70 ԱՄՆ դոլար միջակայքում, իսկ դա կհանգեցնի ռուբլու արժևորման, սակայն չի բացառվում նաև, որ դրան հակազդի ԱՄՆ տոկոսադրույքների բարձրացման քաղաքականությունը և ռուբլու էական արժևորման փոխարեն պարզապես պահպանվի ներկայիս փոխարժեքին մոտ փոխարժեք:

Մեկնաբանություններ (2)

Վիլեն Խաչատրյան
Վախթանգ Սիրադեղյան, պատասխանեմ Ձեր մեկնաբանությանը` ԱՄՆ-ը ՖԵԴ-ը բարձրացրել է տոկոսադրույքները (2016թ.-ի դեկտեմբերի 15) և պլանավորում է բարձրացնել 2017թ.-ին 2-3 անգամ դա նշանակում է, որ դոլարն արժևորվում է: Հիմա դիտարկենք ԵԿԲ-ի քաղաքականությունը, այստեղ սկզբունքորեն հակառակ մոտեցումն է վերջինս տնտեսության մեջ ավելացնում է Եվրոյի քանակությունը յուրաքանչյուր ամիս 2016թ.-ին 80 մլրդ եվրո էր ավելացնում, իսկ 2017թ.-ից սկսած մի քիչ թուլացրել է մինչև 60 մլրդ եվրո, տնտեսության մեջ փողի քանակության ավելացումը դա արժևորում չէ, դա արժեզրկում է (իսկ եթե այդ տարբերությունը 20 մլրդ եվրոն դիտարկենք փոքր արժևորում, ապա դեռ 60 մլրդ եվրո էլ պետք է իջեցնեն, որ հավասարակշռվի, իսկ եթե դադարեցնեն փող մտցնել տնտեսության մեջ և սկսեն տոկոսադրույք բարձրացնել նոր կարելի է համարել արժևորում, իսկ մինչ այդ դեռ արժեզրկում է կամ դրա հետևանքների վերացում): Մյուս կողմից ԵՄ-ում հիմա դեֆլյացիա է գներն իջել են ու ապրանքը վաճառելու խնդիր կա, դրա համար ԵՄ-ի նպատակն այս պահին եվրոն արժեզրկել, ինֆլացիա ապահովել և արտահանմանը խթանելն է հակառակ պարագայում տնտեսական ակտիվությունը կտրուկ նվազում է:
Վախթանգ Սիրադեղյան
«...Ինչ վերաբերում է եվրոյի ճակատագրին, ապա այս դեպքում ևս ԱՄՆ-ը և ԵՄ-ը վարում են իրար հակադիր դրամավարկային քաղաքա­կա­նություններ...»: Չհասկացա հակադրությունը, եթե 2-ն էլ նույն նպատակին են ծառայում՝ արժևորմանը: Ես դա կդիտարկեի տակտիկական ոչ հակադիր մոտեցում, երբ մի դեպքում տոկոսադրույք է ավելացվում, իսկ մեկ այլ դեպքում՝ քյաշ փողի ծավալը ավելացվում է ավելի պակաս չափով, քան նախկինում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter