Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Կուրսանտի գործով հրամանատարության հսկողությանը հանձնված զինծառայողը կզորացրվի



Արաքս Մամուլյան

Կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործի նյութերի հիման վրա հարուցված քրեական գործով ամբաստանյալ Վարազդատ Սաֆարյանի ծառայության ժամկետը հունվարի 27-ին լրանում է: Վերջինս ենթակա է զորացրման, ինչը խնդիրներ կարող է առաջացնել կուրսանտի սպանության գործի քննության համար:

Վարազդատ Սաֆարյանը մեղադրվում է սպանության գործով մեղադրյալներ Վաչե Սահակյանի և Մովսես Ազարյանի հետ երկու կուրսանտի՝ Տիգրան Մանասարյանին և Արտուշ Սիմոնյանին ծեծի ենթարկելու մեջ, սակայն նրա գործը քննվում է սպանության գործի հետ միասին: Սաֆարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը: Սպանության գործից հետո վերջինս  չի շարունակել ուսումը ռազմական ինստիտուտում ու զորակոչվել է ծառայության Տավուշի մարզում:

Հաշվի առնելով քրեական գործի՝ Երևան քաղաքում քննվելու հանգամանքը, զինծառայողը գործուղվել է ավելի մոտ զորամաս և դատաքննության ընթացքում դատարան էր ներկայացվում ռազմական ոստիկանության կողմից:

Այսօր դատավոր Դավիթ Հարությունյանը հայտնեց, որ օրեր առաջ ռազմական ոստիկանությունից դատարան գրություն է ուղարկվել, որով առաջարկվում է դադարեցնել Սաֆարյանի գործուղումը, որպեսզի վերջինս ուղարկվի Տավուշ՝ զորացրվելու:

Իրավասու անձինք ամբաստանյալին դատարան չէին ներկայացրել, և դատավորը ենթադրեց, որ դա պայմանավորված է վերը նշված գրությամբ:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունվարի 30-ին, մինչ այդ դատարանը կճշտի Սաֆարյանի բնակության հասցեն և դատական նիստին ներկայանալու համար վերջինիս ծանուցագիր կուղարկի:

Հաջորդ նիստին պետք է քննարկվի նաև Սաֆարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցը՝ հաշվի առնելով, որ նա այլևս չի կարող լինել հրամանատարության հսկողության ներքո:

Հիշեցնենք՝  2015-ի հունվարի 29-ին  Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի բակում  հայտնաբերվել է կուրսանտ Հայկազ Բարսեղյանը՝  պտտաձողից կախված վիճակում: Քրեական գործ է հարուցվել սպանության հոդվածով, և քննություն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել Բարսեղյանի ծառայակից 4 կուրսանտի՝ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Նորիկ Սահակյանին և Գնել Թևոսյանին: Վերջինս ինստիտուտի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի` ինստիտուտի պետի սպառազինությունների գծով տեղակալ Զարմիկ Մարկոսյաի որդին է: Սպանության  դեպքից հետո Զարմիկ Մարկոսյանն աշխատանքից ազատվել է: Նրա նկատմամբ ևս քրեական գործ է հարուցվել՝ ինստիտուտում որդու համար արտոնյալ պայմաններ ստեղծելու համար:

Սպանության գործի նյութերի հիման վրա հարուցվել է մի քանի քրեական գործ ինչպես այլ կուրսանտների, այնպես էլ սպայական կազմի նկատմամբ:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ