Չորրորդ կարգի վթարային դպրոցում վայրկյանների տարբերությամբ առաստաղի ծեփը չի ընկել աշակերտների գլխին
Գրիշա Բալասանյան
Արմավիրի մարզի Պտղունք գյուղի միջնակարգ դպրոցում այս օրերին մեկ դասաժամի տևողությունը 15-20 րոպե է: Պատճառը ցուրտն է և 10 աստիճանից չբարձրացող ջերմաստիճանը: Դասասենյակներում չեն կարողանում ապահովել նորմային համապատասխան ջերմաստիճան, ուստի դպրոցի տնօրեն Սիլվա Մկրտումյանը մարզպետին տեղեկացրել է, որ ստիպված է կրճատել դասաժամի տևողություն: Օրական 2.5 լիտր հատկացվող սոլյարկայով հնարավոր չէ 18 աստիճան ջերմություն ապահովել:
«Երբեմն, երբ փոքրերը շատ են մրսում ասում եմ հանձնարարություններ տվեք թող գնան տուն, որ վաղն ավելի շատ չբացակայեն»,-ասում է տնօրեն Մկրտումյանը:
Ժամը 11-ի սահմաններում, դպրոցում գրեթե աշակերտ չկար: Ձայներ լսվում էին միայն ուսուցչանոցից: Նրանք հավաքվել էին սոլյարկայի վառարանի շուրջ և զրուցում էին: Այնքան ցուրտ էր, որ սենյակում նստած ուսուցիչները չէին հանում ձեռնոցները, վերարկուներն ու գլխարկները:
Սոլյարկայի բույրը ինձ մի պահ տարավ 90-ականների սկիզբ, երբ աշակերտ էի ու նույն պայմաններում էի սովորում: Մեկ-մեկ դասերից խոսափելու համար սոլյարկայի վառարանի մեջ պարկետ էինք գցում, հրդեհային իրավիճակ ստեղծում և փախչում տուն:
«Դե տեսեք ինչ պայմաններում ենք աշխատում: Երևանում էլ է չէ՞ նույն վիճակը»,-հեգնանքով մանկությունս «ընդհատեց» ուսուցիչներից մեկը:
Դպրոցի տնօրեն Սիլվա Մկրտումյանն արդեն 44 տարի է աշխատում է այս դպրոցում: Ասում է, որ աշակերտների թիվը տարիների ընթացքում պակասում է, քանի որ շենքը ֆիզիկապես քայքայված է: 630 երեխայից այսօր դպրոց է հաճախում 117-ը: Արդեն հաստատվել է, դպրոցը չորրորդ կարգի վթարային կարգավիճակ ունի, ինչը մեծ վտանգ է ստեղծում երեխաների կյանքի ու առողջության համար: Չկան տարրական պայմաններ, ինչը բացասաբար է անդրադառնում երեխաների հոսքի վրա:
Դպրոցը չունի ոչ մի լաբորատորիա: Երեխաները վիրտուալ միայն փորձեր են կատարում: Ձմռան ամիսներինն ֆիզկուլտուրայի մասին խոսք լինել չի կարող՝ դահլիճ չունեն: Իսկ ամառվա ամիսներին մարզադաշտ հիշեցնող տարածքում խաղալու համար մարզագույք չկա: Մի քանի գնդակ նվիրում է համայնքապետարանը, որ գոնե տղաները ֆուտբոլ խաղան:
Տանիքը կաթում է: Տնտեսվարն արդեն չի համարձակվում բարձրանալ թիթեղյա տանիքի վրա, որպեսզի վերանորոգման աշխատանքներ կատարի: «Կանգնելու տեղ չկա տանիքին, ոտքը դնում է ու անմիջապես նոր անցք է բացվում այնքան փտած է»,-ասում է դպրոցի տնօրենը:
Պատերն ու հատակը քանդվում են, իսկ փայտյա տանիքը սկսել է փտել, ծեփը պոկվել: Դպրոցի ներսում չկան զուգարաններ: Դրանք գտնվում են դրսում, ինչը անհարմար է ոչ միայն երեխաների, այլև ուսուցչական կազմի համար:
Այս ամենից ելնելով ծնողները ստիպված իրենց երեխաներին տանում են հարևան գյուղի կամ Էջմիածին քաղաքի դպրոցներ:
Տնօրեն Մկրտումյանը հիշեց, որ միջանցքի առաստաղի ծեփը վայրկյանների տարբերությամբ չի ընկել տարրական դասարանում սովորող երեխաների գլխին: Իսկ նման դժբախտ դեպք կարող է պատահել ցանկացած պահի:
Դպրոցի տարածքում գրեթե չկա մի վայր, որ անվտանգ լինի: Քայլում էի միջանցքում, երբ ուսուցիչները զգուշացրեցին՝ «շատ մի խորացի, հատակը ճոճվում է, կարող է կոտրվել»: Այդ հատվածում ուսուցիչները հերթապահություն են իրականացնում, որպեսզի երեխաները չվազեն ու հատակի կոտրվելու հետևանքով վնասվածքներ չստանան:
Սիլվա Մկրտումյանը ցավով էր նշում, որ ունեն հրաշալի երեխաներ, սակայն չեն կարողանում նրանց ուսման պահանջները բավարարել զուտ շենքային ու գույքային պայմաններից ելնելով: Նշեց, որ մանկավարժները մեծ նվիրումով են աշխատում: Իրենց հայոց պատմության ուսուցչուհին նախորդ տարի ճանաչվել է մարզում լավագույնը, սակայն այդ ամենը ցավոք մղվում է երկրորդ պլան:
Պտղունքի համայնքապետ Կարապետ Արթենյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ դպրոցը կառուցվել է 1940-ական թվականներին և վերջին 30 տարիների ընթացքում չի վերանորոգվել:
Կարապետ Արթենյանն ասում է, որ իր համար գերխնդիր է դպրոցի նոր շենքի կառուցումը: Նա պատմեց, որ դիմել է բոլոր պատկան մարմիններին, սակայն ապարդյուն: 2 տարի առաջ 250 աշակերտի համար նոր դպրոց կառուցելու նախագիծ է արվել: Նախագիծը հաստատվել է և համայնքը սպասել է Ասիական զարգացման բանկի դպրոցաշինական վարկի հաստատմանը: Վարկը հաստատվել է և հույս են ունեցել, որ 2016թ. շենքի շինարարությունը կսկսվի: Անցել է մեկ տարի, բայց որևէ շինարարական աշխատանք չի իրականացվել:
Համայնքապետի խոսքերով՝ այդ նախագծով մոտ 700 միլիոն դրամ էր անհրաժեշտ դպրոցի շենքն ամբողջությամբ շահագործման հանձնելու համար:
«Ցավոք, ինձ համար անհասկանալի ինչ-ինչ պատճառներով, ոչինչ չարվեց: Նորից մնացինք կոտրած տաշտակի առաջ: Քաղաքաշինության նախարարության պատասխանատուները գտնում են, որ այս գյուղի համար նորմալ դպրոց ունենալը երևի ճոխություն է, առաջարկում են 100 տեղանոց դպրոց: Ես դեմ եմ դրան, գյուղն ունի 2000 բնակչություն, գտնվում է մայրաքաղաքին, օդանավակայանին մոտ, աճող գյուղ է: Տարեկան 20-25 երեխա է ծնվում, սակայն ամեն տարի դպրոց է հաճախում 7-8 երեխա: Ծնողներն իրենց ժամանակի, ներվերի հաշվին տաքսի են վարձում, կամ իրար հետ պայմանավորվում են երեխաներին տանում են Էջմիածին կամ հարակից գյուղերի դպրոցներ: Պատկերացնում եք ինչ լրացուցիչ հոգս է»,- ասում է համայնքապետը:
Կարապետ Արթենյանի խոսքերով՝ նամակով դիմել է նաև նորանշանակ վարչապետին, որին իրենց ստորագրություններով միացել են մոտ 100 պտղունքցիներ և ուսուցչական կազմը: Կառավարությունից զանգահարել են իրեն, հետաքրքրվել են, սակայն միայն այդքանը:
«Միթե մեր երեխաներն իրավունք չունեն նորմալ կրթություն ստանալ, ի՞նչ մեղք են գործել այս երեխաները: Դուք ձեր երեխուն դպրոց կուղարկե՞ք՝ +8, 10+ աստիճանի դեպքում՝ սոլյարկայի վառարանի կողքը: Այն պաշտոնյաները, որ գնում են իրենց աշխատանքին իրենց տաքուկ կաբինետներում, իրենց երեխաներին կուղարկե՞ն այս դպրոց սովորելու»,-ասում է Կ. Արթենյանը, հավելելով, որ լավ ուսուցիչներ ունեն, երեխաների մոտ ուսում ստանալու պահանջը կա, սակայն պայմանները բավարար չեն:
Մեր այցելության ժամանակ դպրոց էր եկել նաև Պտղունք համայնքի ընտանեկան բուժքույր Մարինե Գրիգորյանը, ով նաև հսկողության տակ է պահում համայնքի դպրոցի երեխաներին: Մարինե Գրիգորյանն ասաց, որ դպրոցի շենքային պայմաններից ելնելով երեխաների հաճախելիությունը նվազում է հատկապես ձմռան ամիսներին: Երեխաները դպրոցում հիվանդանում են և ծնողները նախընտրում են նրանց չուղարկել դպրոց: «Երեխան հասավ դպրոց հիվանդ է վերադառնում տուն»,-ասում է բուժքույրը:
Թե Պտղունքը երբ նոր դպրոց կունենա, որևէ մեկը հստակ չգիտի, սակայն Արմավիրի մարզպետարանից հավաստիացնում են, որ այդ ուղղությամբ աշխատանքներ կատարվում են:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Դավիթ Բանուչյանի
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել