HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Կառավարության ներկայացուցիչը հավաստիացնում է, որ մայիսին տունը կհանձնվի Բադալյանների բազմանդամ ընտանիքին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Հակարի գյուղի բնակիչ Գայանե Բադալյանը 8 երեխա ունի։ Նրանցից երկուսը ժամկետային զինծառայողներ են, 6-ը՝ անչափահասներ, որոնցից երեքը դպրոցահասակ են, երեքն էլ՝ ավելի փոքր տարիքի, իսկ  ամենափոքրը 8 ամսական է։ Գայանեն ասում է, որ վեցերորդ երեխայի ծնունդից հետո պետական աջակցությամբ իրենց համար նույն գյուղում պետք է տուն կառուցվեր, սակայն մինչ օրս շինարարությունը չի ավարտվել, արված աշխատանքներն էլ, նրա գնահատմամբ, անորակ են։

Գայանեի փոխանցմամբ՝ շինարակական աշխատանքները սկսվել են 2015 թվականի հունվարի 19-ին, և, ըստ պայմանագրի, պետք է ավարտվեին 2016-ի դեկտեմբերին։ Սակայն 2016-ի մարտի 25-ից վերսկսված շինաշխատանքների արդյունքում միայն տանիքն է տեղադրվել, և Գայանեն չի կարողանում պարզել, թե որն է դրանց դադարեցման պատճառը։

Դիմել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին, վարչապետին, քաղաքաշինության նախարարություն, հայտնել, որ  շինարարական աշխատանքներ չեն կատարվում, մինչդեռ դրանք պետք է մի քանի ամսից ավարտված լինեն։ Քաշաթաղի շրջանի վարչակազմից պատասխան է ստացել, որ մինչ տարեվերջ տունը կառուցված կլինի։

Ասում է՝ ապրիլյան պատերազմով պայմանավորված կարելի է հասկանալ, որ աշխատանքները կձգձգվեին, սակայն դրանից հետո աշխատանքները պետք է վերսկսվեին, բայց մինչ օրս միայն տան տանիքն է տեղադրվել, որոշ սենյակներում՝ ոչ ամբողջական աշխատանք կատարվել, իսկ բերված պանելներն էլ փտել են՝ անձրևաջրերի պատճառով։

«1999 թվականից ապրում ենք այս գյուղում։ Բնակվում ենք 20 քմ տարածքով մի սենյակում, որտեղ անգամ քնելու պայմաններ և տարածք չկա։ Երեխաս դիրքերից տուն է գալիս,  հարցնում է՝ մամ, ես որտեղ եմ քնելու։ Տեղ չունենք, որ իմ երեխան իրա տան մեջ քնի»,- ասում է մայրը։

Ինչպես «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց Քաշաթաղի շրջանում քաղաքաշինության նախարարության գլխավոր մասնագետ, տեխհսկիչ Լևոն Հարոյանը, ապրիլյան դեպքերով պայմանավորված, շինարարական աշխատանքներում որոշ ուշացումներ են եղել, այդ պատճառով դեկտեմբեր ամսին չեն հասցրել ավարտել տան կառուցումը։ Իսկ մինչ այդ շինաշխատանքները դադարեցվել են ցրտի պատճառով, որպեսզի, կառուցումն անորակ չստացվի։  Տեխհսկիչը հավաստիացնում է, որ շինարարական աշխատանքները գարնանը շարունակվելու են, և մայիսին տունն ամբողջությամբ կհանձնվի Բադալյաններին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter