HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շվեյցարիան Միհրան Պողոսյանի գործով իրավական աջակցության միջնորդությունը չի բավարարել

2017թ. հունվարի 11-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ստացել է Շվեյցարիայի Հանրապետության Արդարադատության և ոստիկանության դաշնային դեպարտամենտի գրությունն այն մասին, որ Միհրան Պողոսյանի գործով դատական միջնորդությունը չեն կարող բավարարել: «Հետքի» հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնում է Հատուկ քննչական ծառայությունը: Թե ինչու է մերժվել՝ ՀՔԾ-ն չի մանրամասնում: 

Պանամայի Հանրապետություն ուղարկված միջնորդության վերաբերյալ մինչ օրս որևէ տեղեկություն չի ստացվել՝ չնայած, որ ՀՔԾ-ի՝ իրավական օգնություն հայցելուց անցել է շուրջ 6 ամիս: 

Հիշեցնենք, որ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի՝ Միհրան Պողոսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի հատկանիշներով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում Շվեյցարիայի Համադաշնության և Պանամայի Հանրապետության տարածքներում դատավարական գործողություններ կատարելու նպատակով կազմվել էին քրեական գործով իրավական օգնություն հայցելու մասին միջնորդություններ և ուղարկվել այդ երկրների իրավասու մարմիններին:

ՀՔԾ-ին հարցմամբ խնդրել էինք հայտնել, թե Պանամայում կոնկրետ որ մարմնին է ՀՔԾ-ն հարցումն ուղարկել: Այս հարցին, սակայն, պատասխան չենք ստացել:

ՀՔԾ-ից նաև հետաքրքրվել էինք, թե արդյոք տիրապետում է «Պանամայի փաստաթղթերում» առկա Միհրան Պողոսյանի վերաբերյալ նյութերին, այն է՝ նամակագրություններին և տարբեր փաստաթղթերի: Այս հարցը ևս անպատասխան է մնացել: ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ այս պահին այլ ինֆորմացիա չեն կարող տրամադրել, քանի որ շարունակվում է պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի` նախկին ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի կողմից առերևույթ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Հիշեցնենք՝ քրեական գործի նախաքննության ընթացքում հարցաքննվել են Միհրան Պողոսյանը, նրա ազգականները, «Հետքի» հրապարակման մեջ մատնանշված ինչպես միջազգային, այնպես էլ՝ հայաստանյան կազմակերպությունների մասնակիցները, տնօրենները, աշխատակիցները: Քննության ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունից, ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունից, ինչպես նաև տարբեր այլ կազմակերպություններից ձեռք են բերվել քրեական գործի համար նշանակություն ունեցող տեղեկություններ պարունակող նյութեր:

«Հետքի» հրապարակումից մեկ ամիս անց` մայիսի սկզբին ՀՔԾ-ն քրեական գործ հարուցեց, իսկ դրանից հետո Պանամայում գրանցված Միհրան Պողոսյանի ընկերությունները Հայաստանում ունեցած իրենց բաժնեմասը փոխանցեցին այլ անձանց:

Հիշեցնենք, որ Պանամայում գրանցված «Սիգթեմ ռեալ իսթեյթ ինքորփորեյթիդ» և «Հոփքինթեն թրեյդինգ ինքորփորեյթինգ» ըկերությունները հավասարապես կիսում էին Հայաստանում գրանցված «Բեսթ ռեալթի» ՍՊԸ-ի բաժնեմասը: Իսկ պանամյան վերոնշյալ երկու կազմակերպությունների բաժնետերը Միհրան Պողոսյանն էր:

«Բեսթ ռեալթի» ՍՊԸ-ն իրականացրել է անշարժ ու շարժական գույքի գնահատում ԴԱՀԿ-ի այլ վարույթների շրջանակներում:

 

Մեկնաբանություններ (1)

Նախագահ
Սրա գործը կարճեցին, ինչպես և սպասելի էր: Այս տեսակի կապիկություն միայն էս երկրում է հնարավոր: Թղթերով լրիվ ճիշտ է, մնացածը՝ ինչ ուզում են, թող մտածեն: Հիշեք միայն Մ. Պողոսյանի գրասենյանկի (լավ է չի ասում՝ առաջնորդարանի) տարածած նամակը, որ ստացել էր իբր LGT բանկից. նամակը սկսվում է Hello from Geneva! արտահատությամբ: Էդ մանկապարտեզի սաները նույնիսկ չեն հավատա, թե բանկը նման պատասխան կարող է գրել: Դեպի ավելի ապահով բանանային հայաստան!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter