HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

2016-ին ռեկորդային թվով իրանցիներ են եկել Հայաստան. Իրանի հետ տնտեսական կապերը

Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների թեման վերջին երկու տարում ավելի հաճախ է քննարկվում։ Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների աստիճանաբար վերացումից հետո սպասումներ կան, որ հայ-իրանական տնտեսական հարաբերությունները կարող են զարգանալ։ Բայց ինչպես ցույց են տալիս ներկա վիճակագրական տվյալները, առայժմ  էական ակտիվություն չի նկատվում։ Այդուհանդերձ, համատեղ ծրագրեր իրականացնելու որոշ քայեր ու փորձեր արվում են։

Հունվարի  19-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախրարությունը հայտարարեց Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտի ստեղծելու մտադրության մասին։ Ըստ ծրագրերի՝ այն պետք է գտնվի Իրանի հետ սահմանակից հատվածում։ Գլխավոր նպատակն է Իրանի հետ տնտեսական հարաբերությունների  զարգացումը։

Սակայն ինչպես այս, այնպես էլ Իրանի հետ կապված այլ ծրագրերից մոտ ապագայում տեսանելի արդյունքներ սպասելը, դժվար թե, իրատեսական լինի։ Օրինակ՝ նշված ազատ տնտեսական գոտու բացումը սպասվում է միայն այս տարվա վերջում։ Ամենալավատեսական սցենարի դեպքում առնվազն մեկ տարի էլ կպահանջվի, որ գոնե որոշ արդյունքներ գրանցվեն։

Իրան-Հայաստան տնտեսական հարաբերություններում հիմնականում շեշտադրվում են առևտրաշրջանառությունը երկու երկրների միջև, արտաքին ներդրումները, զբոսաշրջությունը, ինչպես նաև՝ դրանց և այլ ոլորտների ակտիվացմանն ուղղված համատեղ ծրագրերը։ Շատ է խոսվում է նաև երկու երկրների բանկային համակարգերի միջև հարաբերությունները սերտացնելու և բազմաթիվ այլ ծրագրերի մասին։

Հայաստան-Իրան առևտուր. 2016-ը՝ անկումային տարի

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության  (ՀՀ ԱՎԾ) ամենաթարմ տվյալներով՝ 2016  թվականի առաջին 11 ամիսներին Հայաստան-Իրան ապրանքաշրջանառությունը կազմել է շուրջ 219 մլն ԱՄՆ դոլար, որից շուրջ 70 մլն դոլարը ՀՀ-ից Իրան արտահանումն է, իսկ 149  մլն դոլարը՝ ներմուծումը։

2015-ի նույն ժանակաշրջանի համեմատ` հայ-իրանական ընդհանուր առևտրաշրջանառությունը նվազել է 13.4%-ով։ Ընդ որում ՝ ՀՀ-ի Իրան արտահանման ծավալները կրճատվել են 6.1%-ով, իսկ ներմուծումը նվազել է ավելի մեծ տեմպերով՝ 16.5%-ով։

Ընդհանուր ապրանքաշրջանառության ծավալներով՝ Իրանն Հայաստանի չորրորդ գործընկերն է. առաջին երեք խոշորագույն առրտրային գործընկերն են Ռուսաստանը, Չինաստանն ու Գերմանիան։  

Իրանի հետ առևտրային հարաբերություններում Հայաստանն ավելի շատ ներմուծողի դերում է։ Այդպես էր նաև 10 տարի առաջ։  

Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների

Ինչպես  հայտնի է, ներկայում Հայաստանն Իրան արտահանում է հիմնականում էլեկտրաէներգիա։ ՀՀ մաքսային ծառայության հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ 2016 թվականի առաջին կիսամայակում ՀՀ-ից Իրան արտահանման կազմում 90%-ը զբաղեցրել է էլեկտրաէներգիան։ Ընդ որում՝ արտահանված էլեկտրաէներգիայի դիմաց Հայաստանն Իրանից ստանում է ոչ թե փող, այլ գազ։ Ըստ երկու երկրների միջև պայմանավորվածության՝ գազ-էլեկտրաէներգիա փոխանակության գործարքը կատարվում է 1:3 հարաբերակցությամբ: Իրանից ստացվող 1 խմ գազի դիմաց Հայաստանը տալիս է 3 կՎտ/ժ էլեկտրաէներգիա։

Իսկ մնացած 10%-ը բավականին սահմանափակ թվով ապրանքներ են զբաղեցնում։ Նրանց կազմում ամենախոշոր ապրանքախումբը ոչխարի կամ այծի միսն է։

Փոխարենը շատ ավելի բազմազան է Իրանից ներմուծումը՝ շուրջ 350  ապրանքախումբ։ Նրանց շարքում էլ  գերակշռում է գազը, որի տեսակարար կշիռը  Իրանից ՀՀ ներմուծման կազմում շուրջ 40% է։

Հունվարի 19-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը անդրադրձավ նաև այն հարցին, թե այսօր ինչ ապրանքներ կարող է Հայաստանն առաջարկել Իրանին դեպ այս երկիր արտահանումն ավելացնելու նպատակով։

«Ապրանքները, որոնք Հայաստանն այսօր կարող է առաջարկել Իրանին, բավականին մեծ են։ Շոկոլադ, հրուշակեղեն, մեծ պոտենցյալ եմ տեսնում հանքային ջրի և ծխախոտի արտահանման ոլորտում։ Իրանական շուկայում հայկական ապրանքը ծանոթ է»,- ասաց Հ. Ազիզյանը՝ ավելի ուշ նշված ապրանքներին ավելացնելով նաև դեղամիջոցները։

Իսկ հարցին՝ արդյոք հայկական նշված ապրանքները իրենց գնով և որակով  մրցունա՞կ կլինեն իրանական շուկայում և պահանջարկ կվայելե՞ն 80 միլիոնանոց բնակչության շրջանում, նախարարի տեղակալը պատասխանեց, որ երկկողմ հանդիպումների ընթացքում իրենց համար պարզ է դարձել, որ այդ ապրանքները կարող են մրցունակ լինել Իրանում։ Խնդիրը, ըստ նրա, հայ արտահանողներին տրվող հնարավորություններն են։

«Հետաքրքրությունը իրանական կողմից կա, բայց ընթացակարգերի մասով դեռևս լուրջ աշխատանքներ կան անելու։ Խնդիրը հետևյալն է՝ պետության կողմից արտահանողների համար հնարավորություն ստեղծել արտահանել ապրանքները. մեխանիզմներ, ընթացակարգեր,  ապահովել բանկային փոխանցումների հնարավորությունը»,- ընդգծեց նա։

Ու չնայած սրան՝ նախարարությունը ևս, կարծես թե, շատ լավատես չէ այս հարցում։ Հ. Ազիզյանն ասաց, որ 2017 թվականի համար իրենք կանխատեսում են, որ հանած էլեկտրաէներգիան, Հայաստանից դեպի Իրան արտահանումը 30%-ով կավելանա։  

Ճիշտ է, նշված 30%-ն առաջին հայացքից տպավորիչ ցուցանիշ է երևում, բայց իրականում խոսքն այստեղ փոքր ծավալների մասին է։ Հ. Ազիզյանը շեշետց, որ այդքանով կավելանա արտահնման այն մասը, որում չի ներառվում էլեկտրաէներգիան։ Իսկ դեպի Իրան ՀՀ-ից  արտահանման կազմում 90%-ը հենց էլեկտրաէներգիան է։ Այսինքն՝ մոտավոր հաշվարկներով` 2016-ի առաջին 11 ամիսներին էլեկտրաէներգիան հանած՝ արտահանման մնացած մասը կազմել է շուրջ 7  մլն դոլար, իսկ դրա 30%  կազմում է ընդամենը 2.1 մլն դոլար։

Այնպես որ Հայաստանից Իրան արտահանման ծավալների մեծացման հարցում այս տարի ևս տեսանելի աճ գրանցելու հավանականությունը փոքր է։ 

Նվազել են նաև Իրանից կատարվող ներդրումները

Հայաստանում կատարված օտարեկրյա ներդրումների ամենաթարմ վիճակագրական տվյալները 2016-ի  հունվար-սեպտեմբերինն են։ Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների՝ այդ ժամանակաշրջանում Իրանից Հայաստանում կատարվել է 220.4 մլն դրամի զուտ ներդրում։ 2015-ի նույն ժամանակաշրջանի համեմատ այս ցուցանիշը նվազել է ավելի քան 95 մլն դրամով կամ 30%-ով։  Հիշեցնենք, որ զուտ ներդրումները ցույց են տալիս օտարերկրյա ներդրումների գծով ստացումների և մարումների տարբերությունները։

Հայաստանում կատարված զուտ ներդրումների հոսքերի ծավալով Իրանը բավականին հեռու է ցանկի առաջատարներից։ Օրինակ՝ Լյուքսեմբուրգն այս ընթացքում կատարել է ավելի քան 29 մլրդ դրամի ներդրում։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հ. Ազիզյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ Իրանից մի քանի ընկերություններ գրավոր հետաքրքրություն են հայտնել Սյունիքում հիմնվելիք ազատ տնտեսական գոտում գործունեության ծավալելու վերաբերյալ։  Որքան ներդրում կկատարեն Հայաստանում այս ընկերությունները, եթե ընդունվեն նրանց ծրագրերը, առայժմ հայտնի չէ։ Եվ, առհասարակ, համատեղ ծրագրերը որքանով կնպաստեն Իրանից Հայաստանում կատարվող ներդրումների ծավալի աճին, ցույց կտա ժամանակը։

Իրանից Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը տարեցտարի աճում է

Տեսակետ կա, որ այսօր զբոսաշրջիկը յուրաքանչյուր երկրի համար համարվում է եկամտի լավագույն աղբյուրներից մեկը։ Հայաստանն այս առումով մեծ պոտենցիալ ունի։ Որքանո՞վ է այն օգտագործվում՝ կարելի է անվերջ բանավիճել։

Ի տարբերություն մյուս երկու ոլորտների, զբոսաշրջության ոլորտում Իրանի մասով աճ կա. Իրանից Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը վերջին տարիներին ավելացել է։ Իրանցիների հոսքը Հայաստան առավել տեսանելի է լինում հատկապես իրանական  նոր տարվա՝ Նովրուզ օրերին։ Իրանցիների մի մասը նախընտրում է տոներն անցկացնել Հայաստանում։ Այն տևում է մոտ երկու շաբաթ։ Այս ընթացքում Իրանցիները ոչ միայն ծանոթանում են Հայաստանին ու հայկական մշակույթին, այլև՝ ազդում դրամի վարքագծի վրա։ Նրանք զգալի ծավալի արտարժույթ են ծախսում այստեղ, ինչի հետևանքով մի քանի օրով դրամն արժևորվում է։

Շատերի կարծիքով՝ Հայաստանն իրանցիների համար հանգիստը կազմակերպելու լավագույն տարբերակներից մեկն է, բայց նորից Հայաստանի պոտենցիալն ամբողջությամբ չի օգտագործվում։ Եվ որ Հայաստանի զբոսաշրջային բիզնեսի քաղաքականությունը պետք է ավելի ակտիվացնել։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության զարգացման քաղաքականության կոմիտեից «Հետք»-ին տրամադրած տվյալների համաձայն՝ վերջին տարիներին դինամիկ զարգացել է իրանական շուկան և ակտիվություն է նկատվել Իրանից Հայաստան զբոսաշրջային այցելությունների ոլորտում: Ստորև ներկայացվում է վերջին տարներին ՀՀ սահմանային անցման կետերով Իրանցիների ժամանումները Հայաստան: Ընդ որում՝ 2009 թվականից հետո ամենամեծ աճը գրանցվել է 2016 թվականին՝ 31%: Նախորդ տարի Հայաստան է ժամանել 188 851 իրանցի։

Իրանից Հայաստան ժամանումները 2009-2016 թթ.
Create bar charts

Բացի այս ոլորտները, Իրան-Հայաստան տնտեսական կապերի ակտիվացման համար կարևորվում են նաև երկու երկրների բանկային համակարգերի համատեղ աշխատանքները, որոնք մեծ տեղ ունեն բիզնեսի ընդլայնման հարցում։

Իրան-Հայաստան կապերի զարգացման թեմայի շրջանակներում քննարկվում են բազմաթիվ այլ տարբերակներ։ Օրինակ՝ այն, որ Հայաստանը կարող է կապող օղակ հանդիսանալ Իրանի և ԵԱՏՄ երկրների միջև, ինչպես նաև՝ Իրանի և ԵՄ-ի միջև։ Այսինքն՝ Հայաստանին հարկավոր է ճիշտ կողմնորոշվել քայլերի հարցում և օգտվել պատժամիջոցներից ազատված հարևանի հետ կապերը զարգացնելու եզակի հնարավորությունից։

Լուսանկարը՝ theodysseyonline.com

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter