HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ինչ ասես վառեցինք՝ էլ հագուստ, էլ հին կոշիկներ: Հիմա էլ վառելու բան չունենք»

Անի Գևորգյան

13-ամյա Արթուրը ապրում է տատի եւ հաշմանդամ մոր հետ: Կիսաքանդ ու խոնավ պատերով տան մեջ բնակվող ընտանիքի ապրելու միջոցը մոր հաշմանդամության թոշակն է եւ պետությունից ստացվող նպաստը:

«Նպաստը գիտեք, թե ոնց են տալիս: Անընդհատ գալիս են ստուգելու` հո չենք հարստացել: Անընդհատ լարվածության մեջ ենք ապրում, որովհետեւ տարբեր տեղերից լսում ենք, որ սրա նպաստը կտրեցի, մյուսինը կտրեցին: Եթե չեն ցանկանում տալ, թող չտան: Ես ուզում եմ աշխատել: Բայց ինձ անգամ հավաքարարի աշխատանք չեն տալիս»,- պատմում է Արթուրի մայրը՝ Լուսինե Թադեւոսյանը:

Արթուրը հաճախում է նկարչական դասընթացների, համոզված է, որ լավ նկարելն իրեն հետագայում կօգնի:

Տղան դեռ չի կարող վերանորոգել տունը, փոխարենը խոնավ պատերը ծածկում է իր արած նկարներով:

Լուսինե Թադեւոսյան. «Տղաս դպրոց է գնում սպորտային բարակ կոշիկներով»։

63-ամյա Ժուլետա Քարամյան. «23 500 դրամ նպաստ ենք ստանում, որպես անապահով ընտանիք: Խոստացել են հաջորդ տարի հազար դրամով ավելացնել: Ասում են՝ հազարը հոսանքի վարձը մուծելու համար է լինելու: Լուրջ են ասում»:

«Սա է մեր տունը: Ապրում ենք»:

Լուսինե Թադեւոսյան. «Արթուրը համարյա մի ամիս դպրոց չէր գնում, որովհետեւ տաք հագուստ ու կոշիկ չուներ, բայց վերջը սկսեցինք ուղարկել, որ գոնե դպրոցում տաքանա ու մի քանի ժամ իրենից հանգիստ լինենք»:

«Եթե հնարավոր լիներ աշխատել, գոնե կկարողանայի տղայիս օրը գոնե հարյուր դրամ տալ, որ դպրոցում մի բան ուտեր»:

«Փայտի վառարանը ինչքան ժամանակ ա չենք վառում: Վառելափայտ չունենք: Վերջին անգամ ինչ ասես վառեցինք՝ էլ հագուստ, էլ հին կոշիկներ: Հիմա էլ վառելու բան չունենք»:

«Ամբողջ ամիսը հոսանքով վառարան ենք միացրել, բայց այդպես էլ չենք տաքացել: Փայտի վառարանով տան պատերն էլ են տաքանում, իսկ հոսանքով անգամ մենք չենք տաքանում»:

Արթուրը սովորում է յոթերորդ դասարանում, իններորդ դասարանն ավարտելուց հետո պատրաստվում է թողնել ուսումն ու զբաղվել արհեստով:

 

Մեկնաբանություններ (3)

Սիրարփի Առուստամյան
Հարգելի Հետք, երբ նման հոդվածներ եք տպագրում, գոնե մի հեռախոսահամար նշեք, որ մարդիկ կարողանան օգնեն:
Անի Գեւորգյան
Ընտանիքի հետ կարող եք կապվել 098531305 հեռախոսահամարով:
Metaks
Երեխայի մայրիկի հեռախոսահամար գրեք, խնդրում եմ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter