HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Որքան շահույթ են ստացել ՀՀ բանկերը 2016 թվականին

Ինչպես երևում է, 2016 թվականն ՀՀ բանկային համակարգի համար, ընդհանուր առմամբ, բարենպաստ տարի էր։ Այս մասին են վկայում առևտրային բանկերի ֆինանսական հաշետվությունները։

Ինչպես երեկ գրել ենք, այս տարվանից Հայաստանում կգործի 17 առևտրային բանկ. նրանք հաղթահարել են նորմատիվային կապիտալի համար սահմանված նվազագույն շեմը՝ 30 մլրդ դրամը։

Իսկ հիմա տեսնենք, թե որ բանկը որքան է վաստակել 2016 թվականին։ Միանգամից նշենք, որ 17-ից 14-ը տարին շահույթով են փակել։  Ընդ որում՝ մեծ մասի պարագայում շահույթի աճ է գրանցվել։ Իսկ 3 բանկ վնասով է աշխատել։

Ըստ բանկերի չորրորդ եռամսյակի ֆինանսական հաշվետվությունների՝ ամենաբարձր զուտ շահույթը 2016 թվականին գրանցել է «Ամերիաբանկ»-ը՝ 6.2 մլրդ դրամ, հաջորդում է «Ինեկոբանկ»-ը՝ մոտ 5.5 մլրդ դրամով, իսկ երրորդ տեղում «Արդշինբանկ»-ն է՝ մոտ 4.5 մլրդ դրամով։ Խոսքը տարեկան արդյունքների մասին է (01 հունվ. 2016 - 31 դեկ. 2016):  

2015 թվականի համեմատ  «Ամերիաբանկ»-ի շահույթն ավելացել է ավելի քան 29%-ով, «Ինեկոբանկ»-ինը՝ 14.1%-ով, իսկ «Արդշինբանկ»-ինը՝ ավելի քան կրկնապատկվել է։

Տարին վնասով են փակել «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ը, որի վնասը կազմել է 8.8 մլրդ դրամ, «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ն՝ ավելի քան 6  մլրդ դրամի վնասով և «Բիբլոս Բանկ Արմենիա»-ն, որի կրած վնասի չափը մյուս երկու բանկերի համեմատ փոքր է՝ 156 մլն դրամ։  «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ը 2015-ը ևս վնասով էր փակել. 2016-ին վնասի չափն աճել է։ «Բիբլոս Բանկ Արմենիա»-ի պարագայում վնասը կրճատվել է։ Իսկ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ը 2015-ին զգալի շահույթ էր գրանցել։

Ցուցանիշներն առավել մանրամասն ներկայացված են ինֆոգրաֆիկայում։ Երկրորդ էջում կարող եք տեսնել, թե քանի տոկոսով է աճել կամ նվազել տվյալ բանկի շահույթը կամ վնասը 2016  թվականին՝ 2015-ի համեմատ։

Բանկերի շահույթը/վնասը 2015-2016թթ. (մլն ՀՀ դրամ)
Create bar charts

Ինչպես տեսնում եք, 2015 թվականին կրած վնասից հետո, 2016 թվականին շահույթով են աշխատել «Արցախբանկ»-ը, «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ը և «Կոնվերսբանկ»-ը։

Շահույթի աճ են գրանցել նաև «Անելիք բանկ»-ը, «Հայբիզնեսբանկ»-ը, «Արարատբանկ»-ը, «Պրոմեթեյ բանկ»-ը, «Մելլաթ բանկ»-ն ու «Հայէկոնոմբանկ»-ը։

Իսկ «Յունիբանկ»-ի շահույթը կրճատվել է։

Ընդհանուր առմամբ, 14  բանկերի շահույթը 2016-ին միասին կազմել է շուրջ 33.4 մլրդ դրամ, իսկ վնասով աշխատած 3  բանկերի վնասը՝ ավելի քան 15 մլրդ դրամ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter