ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Ե՞րբ կայացվեց Միհրան Պողոսյանի գործով կարճման որոշումը



ՀՀ հատուկ քնչական ծառայությունում կատարված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով չի հիմնավորվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի՝ Միհրան Պողոսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու հանգամանքը, ուստի որոշում է կայացվել քրեական գործով վարույթը կարճելու մասին հանցակազմի բացակայության հիմքով: Այս տեղեկությունը «Հետքին» հայտնեց ՀՔԾ-ն: 

Հիշեցնենք՝ ընդամենը երեկ՝ աշխատանքային օրվա ավարտից հետո ՀՔԾ-ն մեկ այլ գրությամբ հայտնել էր, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ստացել է Շվեյցարիայի Հանրապետության Արդարադատության և ոստիկանության դաշնային դեպարտամենտի գրությունն այն մասին, որ Միհրան Պողոսյանի գործով դատական միջնորդությունը չեն կարող բավարարել: Սակայն դեռևս պատասխան չէր ստացվել Պանամայից, որին նույնպես ՀՔԾ-ն իրավական աջակցության միջնորդություն էր ուղարկել: Ավելին, խնդրել էինք այլ մանրամասներ հայտնել, թե, օրինակ, որ մարմնին էր միջնորդությունը ներկայացվել կամ արդյոք ՀՔԾ-ն տիրապետում է Պանամայի փաստաթղթերի նամակագրությանն ու փաստաթղթերին, ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը «Հետքի» հետ զրույցում ասել էր, որ այս պահին այլ ինֆորմացիա չեն կարող տրամադրել, քանի որ նախաքննությունը շարունակվում է:

Թե ինչպես է կարճման որոշումն այդպես շուտափույթ կայացվել, անհայտ է մնում: Մարինա Օհանջանյանի խոսքով, քննիչը գործը կարճելու որոշումը կայացրել է երեկ: ՀՔԾ-ն մեր հարցմանը պատասխանել է երեկ՝ ժամը 18։25-ին։ Սա նշանակում է, որ այդ որոշումն ընդունվել է երեկ՝ ժամը 18։25-ից 24։00-ը։ Թե ինչու է աշխատանքային ժամի ավարտից հետո քննիչը նման որոշում կայացրել, անհայտ է։ 

Հիշեցնենք՝ քրեական գործի նախաքննության ընթացքում հարցաքննվել են Միհրան Պողոսյանը, նրա ազգականները, «Հետքի» հրապարակման մեջ մատնանշված ինչպես միջազգային, այնպես էլ՝ հայաստանյան կազմակերպությունների մասնակիցները, տնօրենները, աշխատակիցները: ՀՔԾ-ն հայտնել էր, որ քննության ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունից, ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունից, ինչպես նաև տարբեր այլ կազմակերպություններից ձեռք են բերվել քրեական գործի համար նշանակություն ունեցող տեղեկություններ պարունակող նյութեր:

«Հետքի» հրապարակումից մեկ ամիս անց` մայիսի սկզբին ՀՔԾ-ն քրեական գործ հարուցեց, իսկ դրանից հետո Պանամայում գրանցված Միհրան Պողոսյանի ընկերությունները Հայաստանում ունեցած իրենց բաժնեմասը փոխանցեցին այլ անձանց:

Հիշեցնենք, որ Պանամայում գրանցված «Սիգթեմ ռեալ իսթեյթ ինքորփորեյթիդ» և «Հոփքինթեն թրեյդինգ ինքորփորեյթինգ» ըկերությունները հավասարապես կիսում էին Հայաստանում գրանցված «Բեսթ ռեալթի» ՍՊԸ-ի բաժնեմասը: Իսկ պանամյան վերոնշյալ երկու կազմակերպությունների բաժնետերը Միհրան Պողոսյանն էր:

«Բեսթ ռեալթի» ՍՊԸ-ն իրականացրել է անշարժ ու շարժական գույքի գնահատում ԴԱՀԿ-ի այլ վարույթների շրջանակներում: 

Համաձայն գաղտնազերծված փաստաթղթերի` «Սիգթեմ ռեալ իսթեյթ ինքորփորեյթիդ» և «Հոփքինթեն թրեյդինգ ինքորփորեյթինգ» ընկերությունները Շվեյցարիայի LGT Bank (Suise) SA բանկում հաշվեհամար են բացել, որոնց առնչվող բոլոր փաստաթղթերի և հենց բանկային հաշվեհամարների կառավարման/ստորագրման իրավասու միակ անձը Միհրան Պողոսյանն է:

Լուսանկարը՝ ԴԱՀԿԾ-ի կայքից


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանություններ (2)
1. Լյուսվա10:18 - 25 հունվարի, 2017
Միհրան Պողոսյանին և նրա ընկերներին կբռնացնեն մի օր՝ մեկ այլ գործում
2. А.11:18 - 1 փետրվարի, 2017
Кто поверит в этот театр. Эти должны ответить за свои поступки по полной, а не так просто. Но время придёт обязательно.
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ