HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարիամ Չախոյան

Մոլդովա․ թղթի վրա մնացած հակակոռուպցիոն պայքար

«Հետքը» զրուցել է Մոլդովայի հետաքննական լրագրության կենտրոնի հիմնադիրներից մեկի՝ Կորնելիա Կոզոնակի հետ։ Նա Հայաստանում էր 2016թ. դեկտեմբերի 6-8-ին՝ «Թվապատում. հետաքննություն» կոնֆերանսին մասնակցելու նապատակով:  Լրագրության բնագավառում Կորնելիան ավելի քան քսան տարվա փորձ ունի: Բացի հետաքննական նյութեր գրելուց, վարում է Մոլդովայի «Ռադիո Ազատություն  Եվրոպայի» «Քո իրավունքը» սյունակը, դասավանդում է հետաքննական լրագրություն, հաղորդակցում ու կոռուպցիայի դեմ պայքար առարկաները: Իր հետաքննական նյութերի համար նա բազմաթիվ  մրցանակներ է ստացել, որոնց թվում են Թրանսպարենսի ինթերնեշընլ կազմակերպության Մոլդովայի գրասենյակի կողմից 2011, 2007, 2005 և 2003 թթ. շնորհած առաջին մրցանակը:

Մոլդովան  ԵՄ-ի և Ռուսաստանի միջև ընտրություն կատարելու որոշման առջև է կանգնածռուսամետ և եվրոպամետ քաղաքական ուժերի միջև ընթանում է թեժ պայքար: Կխնդրեի մեր զրույցի սկզբում մի փոքր անդրադարձ անեիք վերջին իրադարձություններին:

- 2016թ. նոյեմբերին Մոլդովայում նախագահական ընտրություններ տեղի ունեցան և, ցավոք, ընտրվեց ռուսամետ թեկնածու Իգոր Դոդոնը, որը շատ թույլ քաղաքական գործիչ է: Նոր նախագահը պաշտոնապես դեռևս չի ստանձնել պաշտոնը. սպասում ենք սահմանադրական դատարանի որոշմանը (մեր զրույցից հետո ՍԴ-ն Դոդոնի նախագահական մանդատը հաստատել էր):  Ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ արձանագրվեցին: Դրանցից մեկն այն էր, որ մոլդովական սփյուռքը քվեարկելու սահմանափակ հնարավորություն ուներ: Արտասահմանում յուրաքանչյուր բյուրոյին հատկացվել էր 3000 ընտրաթերթիկ, բայց ընտրությունների ներկայացած մարդկանց թիվն ավելի շատ էր՝ թե՛ Լոնդոնում, թե՛ Իտալիայում, թե՛ նույնիսկ Մոսկվայում ընտրել ցանկացողների թիվը շատ ավելին էր, քան ընտրաթերթիկ էր եղել և Մոլդովայի մի քանի հազար քաղաքացի զրկված են եղել ընտրելու հնարավորությունից:   Մարդիկ մեծ տարածություններ են անցել, որպեսզի կարողանան ընտրություն կատարել, բայց փաստորեն, չեն կարողացել քվեարկել:

Եվ այս կապակցությամբ մի քանի հայց է ներկայացվել դատարան:  Դատարան է դիմել նաև երկրորդ թեկնածուն (եվրոպամետ Մայա Սանդուն կրթության նախկին նախարար էր), որը պարտվել էր ընտրություններում:  Ի՞նչ են ցույց տալիս այս ընտրությունները: 2009թ. իշխանության եկան եվրոպամետ և իրենց ժողովրդավարական հայտարարող ուժերը, մեզ մոտ մինչ այդ՝ 2001-2009թթ., իշխանությունը կոմունիստների ձեռքում էր: Մարդկանց այս ընդվզման ալիքի ֆոնի ներքո, եթե հիշում եք, մեզ մոտ 2009թ. ապրիլի 7-ին հեղափոխությանը հավասարվող մեծ ընդվզում եղավ,  այդ ժամանակ հիմնականում փողոց էր դուրս եկել երիտասարդությունը, որն իր դժգոհություն էր հայտնում խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ: Այս ալիքի ներքո կրկնաընտրություններ տեղի ունեցան, և իշխանության եկան երեք եվրոպամետ կուսակցություններ, որոնք դաշինք ստեղծեցին և մարդկանց մոտ հույս արթնացավ:  Իսկ իրականում ի՞նչ տեղի ունեցավ:

Առանց վիզայի ռեժիմը սկսեց գործել, ներդրվեց կենսաչափական անձնագիրը, և ժողովուրդը հնարավորություն ստացավ ցանկացած երկիր առանց մուտքի հրավերի ճանապարհորդել: Դա, իհարկե, շատ լավ է: Եվրոպայում շատերն այն ժամանակ մտավախություն ունեին, որ միլիոնավոր մոլդովացիների հոսք է սպասվում դեպի այդ երկրներ, բայց դա տեղի չունեցավ: Դա իր դրական կողմն ունեցավ: Այո, շատերն իսկապես գնացին եվրոպական երկրներ, և այժմ մեր երկիրը հենց այդ միջոցներով էլ ապրում է. թեև պաշտոնական տվյալներ կան, բայց փորձագետների հավաստմամբ մոտավորապես մեկ միլիոնի չափ մոլդովացի արդեն ապրում և աշխատում է արտերկրում, և մեծ մասը՝ հենց Եվրոպայում: Այդ մարդկանց մեծ մասն ունի ռումինական քաղաքացիություն: Մոլդովայում շատերը երկքաղաքացիություն ունեն: Շատերը նույնիսկ բազմակի քաղաքացիություն ունեն, Մոլդովայում դա կարելի է: 

Շատերը ռուսական քաղաքացիություն ունեն, բայց Ռուսաստանը կարծես թե այլևս չի թույլատրում երկքաղաքացիություն: Մեծ մասն իրենց աշխատած գումարները բերում են դեպի Մոլդովա, և երևի կարելի է ասել, որ հենց դրանով էլ հիմնականում երկիրն ապրում է: Ի՞նչ տեղի ունեցավ 2009թ.-ից հետո, երբ իշխանության եկան եվրոպամետ ուժերը: Մոտավորապես  մեկ կամ երկու տարի այդ եվրոպամետ կուսակցությունները փորձում էին ինչ-որ բան անել, բայց հետո դրանք նույնպես աստիճանաբար ներգրավվեցին կոռուպցիոն սխեմաներում:   Եվ նույնիսկ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախկին առաջնորդը՝ Վլադիմիր Ֆիլատը, ով շատ լավ քաղաքական գործիչ էր, որը մեծ հույս էր  ներշնչում, նա նույնպես ներգրավված էր կոռուպցիոն գործարքներում, թեև ոչ այնքան որքան ուրիշները:

Այժմ, Դեմոկրատական կուսակցության ներսում մեծ խնդիրներ է առաջացնում օլիգարխ Պլախատնյուկը: Նա մի ժամանակ աշխատում էր կոմունիստների հետ: Կարելի է ասել, որ նա հայտնվել է անհայտնությունից. ոչ ոք ոչինչ չգիտի նրա մասին, հայտնի չէ, թե որտեղից նրան այդքան գումար: Եվ ահա նա դարձավ քաղաքական գործիչ և պարզվեց, որ շատ հարուստ է:

Օլիգարխ Պլախատնյուկը` մոլդովայի քաղաքական հետնաբեմի «տիկնիկավարը». լուսանկարը` www.forbes.com-ի

- Իսկ լրագրողական հետաքննություններ արվե՞լ են պարզելու համար, թե ինչպես է հարստացել Պլախատնյուկը:

- Ո՛չ, համարյա անհնարին է հետաքննել, ահա թե ինչու եմ ասում, որ նա օդից է հարստացել, ոչնչից քաղաքական գործիչ է դարձել. նա պարզապես չունի անցյալ: Այն ինչ մենք գիտենք նրա մասին, դա այն է, որ նա կառավարում էր կոմունստական կուսակցության  և հենց դրա ղեկավար Վորոնինի գործերը: Եվ դեռևս այդքան էլ պարզ չէ, թե որտեղից նրան այդքան ունեցվածք: Մենք և մեր կոլեգաներն, իհարկե, հետաքննություններ իրականացրել ենք,  գտել ենք նրա կապերը օֆշորային գոտիներում, գիտենք, որ նրա ընկերությունները Մոլդովայի գովազդային բիզնեսում մենաշնորհ ունեն, թեև մեզ մոտ օրենսդրությամբ արգելված է, բայց ոչ պաշտոնապես գիտենք, որ դա այդպես է: Իր ընկերությունների միջոցով նա վերահսկում է գովազդային բոլոր հոսքերը: Նա բանկային համակարգում ևս որոշակի գործունեություն է ծավալել:

Ու հենց այս բանկային գործարքներն էին, որ մենք չէինք կարողանում ստուգել, քանի որ տեղեկատվությունը փակ է: Լրագրողներին չի հաջողվել ներթափանցել և ձեռք բերել այն: Նա աշխատում է բավականին մաքուր, բազմաթիվ խորհրատուներ ունի, և նրանք այնպես են անում, որ Պլախատնյուկի անունը տարբեր կասկածելի գործարքներում չհայտնվի: Բայց մեզ հաջողվել է պարզել, որ նա ներգրավված էր Մոլդովայում օֆշորային ընկերություններ բացելու գործում: Այսինքն՝ եթե ինչ-որ մեկին հարկավոր էր օֆշորային ընկերություն բացել, ապա կարող էին դիմել նրա բյուրոյի օգնությանը: Եվ թերևս, այսպես էլ հարստացել է, մանավանդ որ կառավարել է Վորոնինի գործերը, իհարկե, սա անօրիական   գործունեություն է: Այս գրասենյակի միջոցով խոշոր գումարներ, հարստություն էր փոխանցվում օֆշորային գոտիներ:

Ասում են, որ հենց նա էր կանգնած այն ժամանակ հեղաշրջման իրականացման հետևում, բայց այս վարկածը հաստատելու համար պաշտոնական տվյալներ չկան: Եվ երբ այս եվրոպամետ կուսակցություններն իշխանության եկան, հենց վերջին օրը նրա անունն ավելացրին կուսակցության ցուցակում՝ դնելով այն երկրորդ տեղում: Պետք է ասեմ, որ ոչ կառավարական կազմակերպությունների մի խումբ մշտադիտարկում էր ընտրությունները, այդ թվում նաև մոնիտորինգի էր ենթարկում թեկնածուների բարեվարքությունը: Եվ որպեսզի նա չհայտնվի այդ կազմակերպությունների ուշադրության կենտրոնում, նրա անունը լրացրեցին Դեմոկրատական կուսակցության ցուցակի 2-րդ տեղում վերջին օրը, երբ արդեն հնարավոր չէր մոնիտորինգ իրականացնել և հանրությանը ժամանակին ներկայացնել ստուգված տեղեկություններ: Ահա այսպես նա հայտնվեց իշխանության մեջ: Այսպես մենք իմացանք նրա մասին:

Մենք նախկինում էլ գրել էինք Պլախատնյուկի մասին՝ որ կա այսպիսի բիզնեսմեն, որը վարում է Վորոնինի գործերը, այն ժամանակ նա ավիաընկերություն ուներ, և բոլոր պաշտոնական այցելությունները,  բոլոր թռիչքներն իրականացվում էին այդ ավիաընկերության միջոցով: Մենք գրել էինք նրա մասին, բայց միևնույն ժամանակ չգիտեինք, թե ինչ արտաքին ունի, ոչ մի լուսանկար չկար:  Հետո հանկարծ, երբ նա որպես քաղաքական գործիչ ի հայտ եկավ, միանգամից սկսեց երևալ ամենուր, նրա իմիջի վրա շատ սկսեցին աշխատել: Հետո տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ հեռուստաընկերության սեփականատեր է, թեև սկզբում դա ոչ պաշտոնական էր: 2009թ. հետո լրատվամիջոցների համար շատ հեռանկարներ բացվեցին, դրանից առաջ կոմունստիներն ամեն ինչ ծանր բռունցքի մեջ էին պահում, իսկ 2009թ. շատ արագ նոր հեռուստաընկերություններ բացվեցին, սկսեցին բանավեճեր հեռարձակվել՝ այն, ինչ չկար դրանից առաջ: Այսինքն՝ մամուլի համար միանգամից իրավիճակը նշանակալիորեն բարելավվեց:

- Գիտե՞ք, թե ովքեր են հեռուստաընկերությունների իրական տերերը. Այդ տեղեկատվությունը բա՞ց է: Գիտե՞ք, թե որ քաղաքական ուժն է կանգնած այս կամ այն հեռուստաընկերության կառավարման վահանակին:

- Սկզբում մի քանի անկախ հեռուստաընկերություն բացվեց: Մի մասի ֆինանսավորումը գալիս էր Ռումինիայից: Ռումինիայում շատ մամուլ կա, որոնց մեծ մասի ֆինանսավորումը ԵՄ-ից է գալիս: Բայց անկախ հեռուստատեսություն ունենալու պատրանքը տևեց ընդհամենը մեկ-երկու տարի, հետո սկսեցին դրանց հովանավորել կուսակցությունները: Իսկ այս տարի աուդիովիզուալ խորհուրդը պահանջում էր, որ բոլոր նրանք, ովքեր հեռուստաընկերության սեփականատեր են, այդ մասին բաց հայտարարեն: Մենք առաջինն էինք, որ հետաքննեցինք ու իմացանք, որ Պլախատնյուկը միանգամից չորս հեռուստաընկերության սեփականատեր լինելու մասին է հայտարարել:  Այդ 4 հեռուստաընկերությունները երկրի ողջ տարածքում հեռարձակվող 5 ընկերությունների շարքում են: 5-րդ հեռուստաընկերությունն, իհարկե, հանրայինն է: Դրանցից երկուսը ռուսական են, որոնցից մեկը ОРТ-ն է, մյուսը՝ Россия-ն: 2010-2011թթ. սկսեցին ի հայտ գալ կոռուպցիոն սկանդալները:

- Իսկ ինչո՞վ էր դա պայմանավորված՝ նոր օրենսդրական փոփոխություններով:

- Դե ոչ, բայց իհարկե, մենք ԵՄ-ի առջև մի շարք պարտավորություններ ունենք, և այդ պարտավորությունների կատարմանը հետամուտ լինելով՝ պառլամենտն ընդունել է որոշ օրենսդրական փոփոխություններ: Բայց մյուս կողմից արդարդատության համակարգը, որը նախկինում էլ կոռումպացված էր, այժմ ավելի է կոռուպացված: Գուցե պարզապես մենք ամեն ինչի մասին նախկինում չգիտեինք՝ խորհրդային ծանր վարագույրների պատճառով, և պարզապես ամեն ինչ սկսվեց ջրի երես դուրս գալ: Մենք էլ բազաթիվ հետաքննություններ ու բացահայտումներ ենք կատարել: Այն բանից հետո, երբ իշխանության եկան այս ուժերը, գուցե նաև այն պատճառով, որ սկսեցին մյուս ուժերի հետ մարտեր վարել, ջրի երես ավելի շատ բան դուրս եկավ: Բայց միևնույն է, ես կարծում եմ և ինձ հետ համաձայն են իմ գործընկերները, որ կոռուպցիան երկրում շատ ավելի մեծ չափերի է հասել, քան նախկինում էր: Սրանք ուղղակի սկսեցին անթաքույց գողանալ: Այդ գործերից ամենաաղմկահարույցն էր բանկային համակարգից մեկ միլիարդ դոլարի գողության գործը: Բայց մինչ դրան անցնելը պետք  նշել մեկ այլ գործի մասին, որն առնչվում է միլիարդի գողության հետ:

Արհմիությունների միլիոնները

- 2011թ. մենք մեծ հետաքննությունն էինք իրականացրել արհմիությունների սեփականության վերաբերյալ: Խորհրդային Միության փլուզումից հետո երևի բոլոր երկրներում էլ միևնույն իրավիճակն էր. մեր արհմիությունները ժառանգեցին մեծ ունեցվածք և հետխորհրդային շրջանում նրանք սկսեցին այդ ունեցվածքը ծախել: Մենք սկսեցինք հետաքննել, թե ինչպես էր այդ ամենը տեղի ունենում, ում ձեռքերում էր հայտնվում ժողովրդի սեփականությունը: Հետաքննության ընթացքում մենք հայտնաբերեցինք, թե ինչն ում է վաճառվել՝ տարբեր հանգստյան տներ ու առողջարաններ, հյուրանոցներ:

Մենք հասկացանք, որ դրանք վաճառվել են առանց բաց մրցույթի, շատ ցածր գնով և մի քանի ֆիրմաների: Երբ մենք հավաքեցինք այդ ֆիրմաների վերաբերյալ բոլոր հնարավոր փաստաթղթերը և համեմատեցինք դրանք,  հասկացանք, որ բոլոր ուղիները տանում են դեպի մեկ գործարարը. կա՛մ միևնույն հասցեն էր գրանցված կա՛մ գործերի կառավարիչն էր նույնը կա՛մ այլ մանրամասներ կային, որոնք թելիկներով մատնացույց էին անում միևնույն բիզնեսմենին. դա Իլան Շոռն էր, որը հենց նույն տարում, երբ մենք հետաքննություն էինք անցկացնում, ամուսնացավ ռուս երգչուհի Ժասմինի հետ:

Իլան Շոռ. լուսանկարը` www.noi.md

Այսպես մարդիկ լսեցին նրա մասին, բայց մինչ այդ նա հանրությանը հայտնի չէր:  Մեզ հաջողվել էր պարզել, որ արհմիություններից գույքը գնելուց հետո Շոռը դրանց դիմաց հերթով բանկերից վարկեր էր վերցնում՝ գնահատված գույքի արժեքից 10 անգամ ավելի շատ արժեքով:  Նույնիսկ ավելի շատ: Սա բացառիկ երևույթ էր մեզ համար: Մեզ մոտ պրակտիկան այսպիսին է. տրամադրվող վարկը պետք է լինի գնահատվող գույքի արժեքի կեսի չափ, այսինքն՝ եթե ցանկանում ես 50 000 դոլարի չափ վարկ վերցնել, պետք է գրավ դնես 100 000 դոլար գնահատվող գույք: Մինչդեռ այստեղ տեսնում ենք, որ այն տասն ու ավելի անգամ բարձր թիվ էր:

Շոռը 5 միլիոն դոլար արժողությամբ գույքի դիմաց վերցրել էր 50 միլիոնի վարկ: Ու հենց այս վարկերի միջոցով էլ տեղի էր ունենում միլիարդի գողությունը: Մենք գտել էինք, գրեցինք այս մասին, բայց դեռ չգիտեինք հետևանքների մասին: Մենք պարզապես արհմիությունների գույքի վերաբերյալ հետաքննություն էինք իրականացնում: Այդ ժամանակ դեռևս չգիտեինք, թե ինչ հետքի վրա էինք ընկել: Պարզապես ցույց էինք տալիս, թե որ բանկերից են վարկերը վերցվել: Հետաքննությունը դեռևս չէր հրապարակվել, երբ ինձ հրավիրեց վարչապետի խորհրդականը, ով իմ նախկին գործընկերն էր:

Նա հարցուփորձ էր անում արհմիությունների մասին մեր հետաքննությունից: Երբ նյութն արդեն համարյա պատրաստ էր հրապարակման համար, և մենք փորձում էինք նորից կապվել նրա հետ, նրա օգնականը անվերջ ձգձգում էր հանդիպումը, բայց հետո մեզ կանչեցին կառավարությունից և սկսեցին հարցեր տալ այն մասին, թե ինչ գործ ունենք այդ գործարարի հետ:  Ես այն ժամանակ դեռ չէի հասկանում, թե ինչ կապ կար, և միայն տարիներ անց, երբ բացահայտվեց միլիարդի անհետացումը, մենք հասկացանք, թե ուր են կորել այդ գումարները և դա նրանց համար անհանգստության առիթ դարձավ:

Մեր հետաքննությունը պետք է հեռարձակվեր հեռուստատեսությամբ, մենք թե՛ վիդեո ունեինք, թե՛ տպագիր տարբերակ: Բայց հեռուստատեսությունը ձգձգում էր նյութի հրապարակումը: Եվ մենք այդ ժամանակ մտածում էինք, որ արհմիությունները շատ ազդեցիկ կապեր ունեին, ու գլխի չէինք ընկնում, թե ինչի հետ մենք գործ ունենք: Այս հետաքննությունը վերահրատարակվեց անցած տարի, երբ հասկացանք, թե որքան մեծ է հափշտակված գումարի չափը:

Կարո՞ղ ենք ասել, որ ազգային շարժումը՝ ընդվզումները սկսվեցին հենց լրագրողական հետաքննությունների արդյունքում:

- Դե ո՛չ, իհարկե: Բայց մենք, որպես լրագրողներ լուրջ բացահայտում արեցինք և եթե այն ժամանակ դատախազությունը լրջորեն ուսումնասիրեր գործը, հափշտակված գումարների չափերն այսօր այսքան մեծ չէին լինի: Բայց նրանք ի՞նչ արեցին. գործը կոծկեցին: Նրանք վախենում էին, որ ինչ-որ մեկը կսկսի նորից փորփրել: Սկզբում սկսեցին ինչ-որ բան անել, փորձեցին պարզել ինչ-որ բան, բայց հետո ընթացք չտվեցին գործին: Ոչ մի արձագանք չեղավ, ոչինչ տեղի չունեցավ:

Բայց 2015թ. ամերիկյան KROLL ընկերության կողմից կատարվեց քննություն, այս ամերիկյան ընկերությունը հրավիրվել էր կառավարության կողմից՝ միլիարդի գողությունն հետաքննելու համար:  Ընկերությունն իր առաջին զեկույցում շատ տարբեր ֆիրմաների ու մարդկանց մասին էր նշում, այլ անձանց անունների շարքում հիշատակվում էին նաև արհմիությունների նախագահի, նրա որդու, Իլան Շոռի անունները, այսինքն՝ KROLL-ը նույն հետքերով էր անցնում, ինչ մենք:

Շոռն այժմ գտնվում է կալանքի տակ, բայց տնային կալանքի, թեև նա այդքան մեծ չափերի գողության մեջ է կասկածվում: Այս ու մի քանի այլ մեծ կոռուպցիոն սկանդալներ բերեցին նրան, որ մարդիկ պարզապես կորցրեցին հավատը քաղաքական գործիչների նկատմամբ, և այլևս չէին վստահում նրանց, ու դա էր պատճառը, որ 2014 թվականին սոցիալիստները ձայների մեծ տոկոս հավաքեցին՝ մոտ 20 տոկոս, Կոմունիստական կուսակցությունը եվրոպամետ կուսակցությունների իշխանության ժամանակաշրջանում դադարեց գոյություն ունենալ, այն չէր կարող այլևս հաղթել ընտրություններում, և այդ քաղաքական գործիչները ստեղծեցին սոցիալիստական ուղղությունը, հավքեցին 20-25 տոկոս, բայց չկարողացան իշխող կոալիցիա ստեղծել, իշխող կոալիցիան ստեղծեցին Դեմոկրատական կուսակցությունը (15%),  Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը (20%-ից ավելի տոկոս) և Լիբերալ կուսակցությունը:

Բայց այս տարիների ընթացքում Դեմոկրատական կուսակցությունը սկսեց աստիճանաբար իշխանությունից հեռացնել լիբերալ-դեմոկրատներին: Ձերբակալվեց լիբերալ-դեմոկրատների առաջնորդը՝ վարչապետ Ֆիլատը, որին մեղադրանք առաջադրվեց կոռուպցիայի համար, բայց նա ձերբակալվեց հենց Շոռի կողմից տված ցուցմունքի հիման վրա:

Շոռը հենց ինքն էր հաղորդում տվել նրա դեմ՝ ասելով, որ 250 միլիոն դոլարի կաշառք է ստացել Ֆիլատից. սա մեզ համար պատկերացումից վեր թիվ է: Եվ պետք է ասել, որ այլ ապացույցներ գործում չկան: Պետք է ասել, որ Պլախատնյուկն ու Ֆիլատ շատ լուրջ թշնամիներ են: Եվ Պլախատնյուկին հաջողվեց Ֆիլատին վնասազերծել. Իհարկե, նա ներգրավված է կոռուպցիոն սխեմայում, բայց ոչ այն աստիճանի, որքան փորձ է արվում ներկայացնել: Սրանով նրանք ցույց տվեցին, թե պայքարում են կոռուպցիայի դեմ:

Կոռուպցիայի դեմ պայքարի կառուցակարգերի բարեփոխում. հայացք ներսից

Համացանցից տեղեկանում ենք, որ 2012թ. Մոլդովայի կոռուպցիայի դեմ պայքարի համակարգը բարեփոխվեց, մասնավորապես՝   Կոռուպցիայի դեմ պայքարի ազգային կենտրոնը (NAC), և Բարեվարքության ազգային հանձնաժողովը (NIC)  նոր գործառույթներ ունեցան: Կարո՞ղ ենք ասել, որ կոռուպցիաի դեմ պայքարն ավելի արդյունավետ է դարձել:  Ընդհանրապես աշխատում են նոր ներմուծված՝ «սեփականության ընդարձակ բռնագրավում», «անհիմն հարստացում», դրույթները, թե՞ դրանք պարզապես թղթի վրա արձանագրվելու համար էին:  Ինչպիսի՞ն է Ձեր տպավորությունը:

- Ո՛չ, իհարկե, հանձնաժողովն աշխատում է, բայց ոչինչ չի անում: Մի քանի որոշումներ ընդունվեցին տարբեր փոքր չինովնիկների վերաբերյալ. օրինակ՝ մի շարք փոքր գյուղերի ղեկավարների վերաբերյալ եղան որոշումներ, բայց, մեծ հաշվով, դա ոչինչ չի փոխում: Մենք բազմաթիվ հետաքննություններ ենք իրականացրել, որտեղ ցույց ենք տվել, թե ինչ կոռուպցիոն գործընթացներ են տեղի ունենում վերին էշելոններում: Այդ գործերով աղմուկը մեծ էր: Նրանք [պատկան մարմինները] կարծես թե հավաքում էին այդ նյութերը և ցույց տալիս, որ ինչ-որ բան ուզում են անել, բայց վերջին հաշվով դրանք ոչնչով չէին ավարտվում. և այդպիսի օրինակները բազմաթիվ են:

Դատավորների ունեցվածքի մասին հետաքննությունների շարք. մեծ աղմուկ ու հիասթափություն

- Մենք առաջիններից էինք, որ սկսեցինք գրել դատավորների ունեցվածքի մասին: Դրանից առաջ ոչ ոք կարծես թե այդ մասին չէր գրում: Դրանցից մեկը մի կին դատավոր է, որը Կիշնևում շատ շքեղ տանն է ապրում, բայց եկամուտների հայտարարագրում այդ մասին ոչինչ չկա նշված:  Մենք սրա մասին գրեցինք, գտանք նաև, որ նրա անունը ինչ-որ շինարարական ընկերության հետ է առնչվում, զանգահարեցինք նրան, նա մեզ պատասխանեց, բայց ի վերջո հայտնաբերեցինք, որ այդ գույքը գրանցված է նրա սկեսրոջ անունով:  Հետո գտանք դատավորի սկեսրոջը, որը մի ուրիշ քաղաքում շատ փոքրիկ, համեստ տանն էր ապրում: Այս հետաքննությունը շատ մեծ աղմուկ բարձրացրեց, հանձնաժողովը և դատախազությունը սկսեցին հետաքննել գործը, բայց, ի վերջո, ոչնչով չավարտվեց: Ճիշտ է նրա պաշտոնն իջեցվեց:

Գերագույն դատարանի փոխարեն այժմ այդ կինը վերաքննիչ դատարանում է, իհարկե, այդ հարցում մեր հետաքննությունը դեր խաղաց, բայց սա շատ քիչ է: Մի ուրիշ գործով հետաքննեցինք մի տղամարդ դատավորի ունեցվածքը: Նրա հայտարարագրում ևս ոչինչ չկար, նա նույնպես մի շքեղ տանն էր ապրում, որը կնոջ անունով էր գրանցված, իսկ նրանք պաշտոնապես բաժանության մեջ էին: Բայց մենք ցույց տվեցինք, որ նրանք իրականում բաժանված չեն: Օրինակ՝ լուսանկարներում երևում է, որ փողոցում քայլուն են միասին և այլն:

Ողջ ունեցվածքը կնոջը նվիրել էր դատավորի մայրը այն բանից հետո, երբ վերջինս բաժանվել էր նրա որդուց:  Մեր հետաքննության արձագանքը եղավ այն, որ ուսումնասիրեցին, բայց հետո հայտարարեցին, որ օրենքի համաձայն ոչինչ չեն կարող անել, քանի որ դատավորը բաժանված է կնոջից: Մի ուրիշ հետաքննություն էլ արդարադատության նախարարության համակարգում ողջ կյանքն աշխատած մի չինովնիկի մասին էր, կինն էլ դպրոցի ուսուցչուհի էր, և երկուսն էլ ողջ կյաքնում աշխատել են ցածր աշխատավարձով, բայց ապրում էին շքեղ 3-հարկանի տանը, որտեղ կար նաև լողավազան:

Մենք այս ամենը ցույց տվեցինք հանրությանը: Իսկ նա ասաց՝ իսկ ո՞րն է խնդիրը, ես ամեն ինչ հայտարարագրել եմ:  Այո՛, եթե մյուս դեպքերում մարդիկ չէին հայտրարագրել իրենց ունեցվածքը, ապա այս դեպքում մարդն ազնվորեն հայտարարագրել էր, բայց միևնույն է՝ ոչ ոքի մոտ սա հարցեր չառաջացրեց: Միակ արդյունքը, որ ունեցանք, դա այն էր, որ այս չինովնիկն, ի վերջո, դուրս եկավ համակարգից և սկսեց զբաղվել մասնավոր պրակտիկայով՝ դարձավ փաստաբան»:

Հետաքննական լրագրությունը Մոլդովայում

Ի՞նչ դեր է խաղում հետաքննական մեդիան: Որքանով զարգացած է այն: Ո՞ր ոլորտներն են հատկապես հետաքրքիր հետաքննող լրագրողներին: Ի՞նչ նշանակալի բացահայտումներ են կատարվել: 

- Վերջին տարիներին շատ լրագրողներ են սկսել հետաքննությամբ զբաղվել, վերջին 2 տարիներին ստեղված հետաքննական լրագրողական խմբերից մեկն է «Ռայզ Մոլդովան», որի լրագողների մի մասն էլ մեր կազմակերպությունից են գնացել:  Մեր կազմակերպությունն այսօր համագործակցում է OCCPR-ի հետ: Հետաքննական լրագրության համար այսօր Մոլդովայում ֆինանսավորման շատ հնարավորություններ կան: Խորհրդային տարիներին մենք այդ ամենն անում էինք սեփական միջոցներով:  Բայց վերջին տարիներին միջազգային կազմակերպություններից հնարավոր է ֆինանսավորման աղբյուրներ գտնել:

Կա՞ մոլդովական հանրության մեջ այդպիսի կարծիք, որ միջազգային կազմակերպութուններից գումարներ վերցնելը լավ չէ. դրանով ծառայում ես արևմուտքի շահերին: Փորձ արվե՞լ է հետաքննությունների համար հանրությունից  դրամահավաք կազմակերպել:

- Ոչ, հանրությունից անմիջականորեն դրամահավաքության փորձ չենք ունեցել: Միջազգային դոնոր կազմակերպությունների աղբյուրները մեզ իրականում անկախություն են տալիս: Բայց մեր հասցեին այդպիսի մեղադրանք հանրության կողմից չի հնչել: Մարդիկ տեսնում են, որ մենք չենք աշխատում ինչ-որ մեկի համար կամ ինչ-որ մեկի դեմ. մենք պարզապես մեր գործն ենք ազնվորեն անում: Գուցե ռուսամետ ուժերը փորձում են այդպիսի կարծիք ստեղծել, բայց դա չի կարող հանրության կողմից  լուրջ մեղադրանքներ հնչեցնելու առիթ լինել, որովհետև դա այդպես չէ: Մենք ձգտում ենք մեր հետաքննությունների համար, միաժամանակ մի քանի ռեգիոնալ լրատվամիջոցների միջոցով նույն օրը հրապարակելով, ապահովել ընդարձակ տարածում:

Մենք հակակոռուպցիոն պորտալ ունենք, կա ինտերակտիվ քարտեզ, և մարդիկ ուղղակիորեն կարող են կոռուպցիայի մասին իրենց ունեցած տեղեկությունները դրա միջոցով փոխանցել մեզ. պարզապես հետաքննում ենք դրանք:   Մոլդովայի ողջ տաածքով, իհարկե, հեռուստատեսությունը դեռևս մեծ ազդեցություն ունի, բայց այսօր մարդիկ ավելի շատ են սկսել կարդալ համացանցի լուրերը: Ճիշտ է՝ ընտրությունների ժամանակ դեր խաղաց այն, որ Պլախատնյուկի ձեռքերում գտնվող հեռուստաընկերություններով ռուսամետ թեկնածուն ավելի շատ էր գովազվում, ու եվրոպամետ թեկնածուն մնաց ստվերում: 

առաջին լուսանկարը` media.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter