Շաբաթ, 22 սեպտեմբերի

Աչքի վիրակապը հանելուց հետո մայրը նայում է աղջկան ու ասում. «Վարդո՜ւշ, էս ինչքա՜ն ես ծերացել»



Աչքի շարժական հիվանդանոցի հիմնական այցելուները տարեցներն են, որոնց մոտ տարածված է կատարակտը: Վիրահատվելու հաջորդ օրը տեսողությունը վերականգնվում է, բայց այդ ուրախությունն իսկ մեծ սթրես է նրանց համար: Բժշկական անձնակազմը հաճախակի է ականատես լինում երբեմն հուզիչ, երբեմն զավեշտալի դեպքերի, որոնք ինքնաբուխ արտահայտում են նման դեպքերում: Ակնավիրաբույժ Ասատուր Հովսեփյանը հիշեց մի տատիկի, որը կատարակտի հետեւանքով 8 տարի զրկված էր տեսողությունից, վիրահատվելու հաջորդ օրն աչքերը փակած բերում են իր մոտ: Վիրակապը հեռացնելուց հետո նա նայում է իր աղջկան ու ասում. «Վարդո~ւշ, էս ինչքա՜ն ես ծերացել»:

«Լույս հայի աչքերին» ծրագիրն իրականացնում է «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամը: «Ես ծրագրում շատ ավելի վաղ եմ ընդգրկվել, բարեգործական հիմնադրամն ստեղծելուց առաջ համագործակցում էի կազմակերպության հիմնադիր Ռոջեր Օհանեսյանի հետ: Նա սկզբում Մալայան կենտրոնին բժշկական նյութեր ու սարքավորումներ էր ուղարկում Ամերիկայից, սակայն, դրանք մինչեւ տեղ էին հասնում արդեն պիտանի չէին օգտագործելու համար, 3-4 հատից մի հատ էի հավաքում»,- պատմում է բժիշկ Հովսեփյանը:

Այդուհանդերձ, ինչպես նշում է գյուտարար-վիրաբույժը, այդ սարքավորումների շնորհիվ Մալայան կենտրոնի վիրահատարանը պահվում էր ժամանակակցին մոտ վիճակում:  Անհանգստացնող էր մարզերի բնակիչների վիճակը, նրանք բացարձակապես անօգնական էին: «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի նախագահ, ամերիկահայ ակնաբույժ Ռոջեր Օհանեսյանն ու Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Մալայանը մտածում էին մարդկանց օգնելու մասին, եւ ծնվեց աչքի շարժական հիվանդանոց ունենալու գաղափարը (ԱՇՀ):

«Այս մեքենան 2002 թ.-ին բերեցին ու կանգնեցրին Մալայանի անվան ակնաբուժական  կենտրոնի բակում, որտեղ ես աշխատում եմ: Հայրս ինժեներ-գյուտարար էր, եւ ես տեխնիկայից հասկանում էի: Սարքավորումները տեղադրեցի, փորձարկեցիք, դուռը փակեցի ու մեքենայի բանալիների տրցակը մեկնեցի Ռոջեր Օհանեսյանին: Ես տալիս եմ իրեն, ինքը հրում է ինձ, կրկին մեկնեցի իրեն, կրկին հրեց դեպի ինձ, ի վերջո տվեց ձեռքս եւ ասաց՝ վերջ, պետք է անես»,- «Լույս հայի աչքերին» ծրագրում իր ներգրավվելու պատմությունն է վերհիշում ակնաբույժ Ասատուր Հովսեփյանը:

Շարժական հիվանդանոցը մարզերում շրջագայությունն սկսել է 2003 թ. հունիսին Աշտարակ քաղաքից: Սկզբնական շրջանում վիրաբույժներն աշխատում էին միմյանց փոխարինելով, որոշ ժամանակ հետո Ռոջեր Օհանեսյանը եւ Ալեքսանդր Մալայանը պայմանավորվում են, որ մարզերում «հայի աչքերին լույս բերելու» առաքելությունը Ասատուր Հովսեփյանը պետք է իրականացնի:

Պաճառն այն էր, որ Ասատուր Հովսեփյանն ակնային վիրաբույժ լինելուց բացի, նաեւ ինժեներ է, ինժեներ-գյուտարար: Նրա ներգրավվածության դեպքում շարժական հիվանդանոցի բուժտեխնիկան ապահովագրվում էր նաեւ խափանումներից:

ՀԱՆ հիմնադիր նախագահ Ռոջեր Օհանիսյանը եւ բժիշկ Ասատուր Հովսեփյանը ՀԱՆ-ի Իջեւանի մարզային ակնաբուժական կենտրոնում վիրահատության ժամանակ

Արդեն 13 տարի, տարվա 9 ամիսներին շարժական հիվանդանոցը պտտվում է մարզերում: «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի տվյալներով՝ բժիշկ Ասատուր Հովսեփյանը «Լույս հայի աչքերին» ծրագրում ներգրավվելու 13 տարիների ընթացքում 15 000 վիրահատություն է իրականացրել: Միայն անցյալ տարի մոտ 1700 վիրահատություն է կատարել, եւս 400 լազերային վիրահատություն:

Պակասե՞լ է այցելուների թիվը, հարցնում եմ բժիշկ Հովսեփյանին: «Հիվանդների թիվը գնալով ավելանում է, որովհետեւ պետպատվերից օգտվելու իրավունք ունեցող բոլոր քաղաքացիներին մենք ենք բժշկական ծառայություն մատուցում»,- ասում է նա:

Մարզային կլինիկաների ակնաբույժները տարվա ընթացքում հերթագրում են վիրահատվելու ենթակա հիվանդներին, որոնք ֆինանսական հնարավորություն չունեն եւ ուղարկում են տուն՝ մինչեւ մեքենայի ժամանելը: Բայց, ինչպես Ա· Հովսեփյանն է ասում, դարձյալ նախապես չես կարող իմանալ, թե քանի վիրահատություն ես կատարելու այդ մարզում, որովհետեւ մինչեւ վերջին պահը ծայրամասերի գյուղերից ի հայտ են գալիս նոր հիվանդներ: «Օրական 10-15 վիրահատություն եմ իրականացնում, վիրահատությունները երբեմն տեւում են առավոտից մինչեւ կեսգիշեր»,- ասում է բժիշկ Ա. Հովսեփյանը:

Նշում է, որ հիմա էլ մեծ թվով հիվանդներ կան, որոնք անօգնական մնացել են տանը, 10 տարուց ավելի զրկված են տեսողությունից: «Մոռացե՞լ» են բժիշկի տանեն, առաջնայի՞ն չեն համարել տեսողությունը վերականգնելը, խնամո՞ղ չունեն, թե՞ ֆինանսապես ի վիճակի չեն, դժվարանում է ասել: Բայց մեկ ընդհանուր պատճառ նկատել է՝ գյուղերում տարեցները միայնակ են: «Առաջ գոնե թոռները նրանց կողքին էին եւ գյուղերից տատիկ-պապիկներին բերում էին շարժական հիվանդանոցում բուժօգնություն ստանալու: Վերջին երկու տարիներին բոլորովին միայնակ են, խնամող չունեն, երբեմն հարեւաններով են գալիս ու խնդրում՝ «մի օր նշանակիր մեր վիրահատությունը, որ կարողանանք միասին տուն գնալ»,- պատմում է վիրաբույժը:

Ասատուր Հովսեփյանը տարվա մեծ մասը շրջում է մարզերում, ամսից ավել կարող են մնալ մի մարզում, որն այնքան էլ հեշտ չէ 4 մանկահասակ երեխա ունեցող հոր համար: «Կարոտում եմ ընտանիքիս, բայց իմ բացակայությունները կարծես սովորական են դարձել: Հաճելի պահ է, երբ տեսնում ես տեսողությունը վերականգնած մարդուն»,- այս չափազանց զուսպ պատասխանով նա շրջանցում է աշխատանքային եւ անձնական դժվարությունների մասին իմ հարցերը:

Նշեց, որ շաբաթվա 4 օրերին մարզում է լինում, բայց ուրբաթ օրերին պարտադիր պետք է Մալայան կենտրոն ներկայանա, որովհետեւ լազերային ապարատի պատասխանատուն է, եւ առանց իրեն վիրահատությունը չի ստացվի (նա 1999 թ·-ից աշխատում էի Ս. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում, 2011թ·-ից վիրահատական բաժանմունքի վարիչն է):

2015 թ.-ից «Հայկական ակնաբուժության նախագիծը» որոշել է 5 մարզում շարժական հիվանդանոցը փոխարինել ակնաբուժական կենտրոններով: Տավուշի մարզի Իջեւան եւ Լոռու մարզի Սպիտակ քաղաքներում արդեն հիմնվել են ակնաբուժական կլինիկաներ, եւ շարժական հիվանդանոցն սպասարկող անձնակազմը վիրահատությունները շարունակում է կատարել այդ կենտրոններում, տեղի ակնաբույժների հետ: Առաջիկա տարիներին կհիմնվի եւս 3 կլինիկա՝ այդպիսով կիսով կրճատելով շարժական հիվանդանոցի շրջապտույտները հանրապետությունում:

լուսանկարները տրամադրել է «Հայկական ակնաբուժության նախագիծ» հիմնադրամը


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ