HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնապահպանն ահազանգում է. Արծվանիկի պոչամբարի աղտոտված պարզվածքը կրկին լցվել է Նորաշենիկ գետ (տեսանյութ)

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Արծվանիկի պոչամբարի աղտոտված պարզվածքը այսօր դարձյալ լցվել է Նորաշենիկ գետ: Այս մասին ահազանգ է ստացել Կապանի «Կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահ Արմեն Փարսադանյանը: Նա նշում է, որ խնդիրը սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի գերազանցումն է պարզվածքում, ինչը վնաս է հասցնում շրջակա միջավայրին: Սակայն ՍԹԿ-ն չափելու համար պետք է հետազոտություն կատարի բնապահպանական տեսչության Սյունիքի բաժինը:

Ա. Փարսադանյանը նշում է, որ այսօրվա վթարի մասին ևս տեղեկացրել է տեսչությանը: Խնդիրը ժամանակին բարձացվել է ԶՊՄԿ-ի վարչական գծով տնօրեն Վահե Հակոբյանի մոտ, ով այժմ Սյունիքի մարզպետն է: Ըստ Փարսադանյանի՝ վերջինս պատասխանել էր, թե ինչ գիտեք, որ վթար է, կամ սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է:

Վերջին 4 տարիների ընթացքում Արմեն Փարսադանյանը բազմիցս է արձագանքել այս խնդրի մասին, սակայն այն որևէ լուծում չի ստացել: Նա նշում է, որ ԶՊՄԿ-ն իրավունք ունի պարզվածքը թաց թողնել գետ, բայց դա չպետք է գերազանցի ՍԹԿ-ն: «Անզեն աչքով էլ կարող ես տեսնել ջրի ֆիզիկական հատկության փոխվելը»,- ասում է բնապահպանը, ապա շարունակում, որ այսօր, երբ գնացել էր գետ թափվող պարզվածքը նկարելու, 2-3 րոպեից ավելի հնարավոր չէր մնալ տարածքում: Վարորդի մոտ, ըստ նրա, գլխացավ ու սրտխառնոց էր առաջացել:

Նման վթարները, բնապահպանի կարծիքով, ազդեցություն են ունենում նաև շրջակա հողերի վրա: Օրինակ՝ Սյունիք գյուղական համայնքում աճեցրած բանջարեղենը կամ միրգը Կապանի շուկայում խուսափում են գնել, հարցնում են՝ «սովխոզի՞ց» է, ուրեմն չենք ուզում: Պատճառը, ըստ տեղաբնակների, ծանր մետաղներն են:

Ա. Փարսադանյանի կարծիքով՝ այս տարիներին ընկերության ղեկավարությունը որևէ քայլ չձեռնարկեց վթարները վերացնելու ուղղությամբ: «Դա արհամարհանք է բնակիչների հանդեպ»,- ավելացնում է նա:

Բնապահպանական տեսչության Սյունիքի բաժնի պետ Լևոն Պետրոսյանը «Հետքի» հետ հեռախոսազրույցում ասաց, որ մեր զանգելու պահին գտնվում է դեպքի վայրում, ուսումնասիրում են վթարը և առայժմ որևէ բան չեն կարող ասել: Սակայն դժվարացավ նշել հետազոտության պատասխանի ժամկետը:

Հարցին, թե վերջին 4 տարվա ընթացքում տեսչությունը ԶՊՄԿ-ին քանի անգամ է տուգանել, Լ. Պետրոսյանը պատասխանեց, որ հիմա չի կարող խոսել: 

Մեկնաբանություններ (3)

Վարազ Սյունի
Սյունիքի հանդեպ հանքային տեռորի՛զմը անպատիժ շարունակվում է: Բնաքանդությա՛ն նախարարություն է դա: ԶՊՄԿ-ն արդեն տարեկան 22 մլն (կրկնում եմ՝ 22 մլն ) տոննա հանքաքար կարտահանի:Արդեն զարհուրում ես,թե առաջիկա 10-25 տարում փոքրիկ Սյունիքը ինչ ԱՀԱՎՈՐ ձևով պիտի թունավորվի: Ու եկամտի առյուծի բաժինը գնում է օտարի գրպանը: Փաստորեն միակ ելքը թողնում են այն,որ սյունեցիները գաղտնի-փոքր պարտիզանական խմբե՞ր ստեղծեն ու այսպե՞ս սկսեն պայքարել հանքային տեռորիզմի դեմ: ՀԳ.Իբր Արծվանիկի պոչամբարի մահաբեր լցոնները «վերամշակող գործարան» պիտի բացվեր: Մարդկանց կրքերը հանդարտեցնելուն ուղղված հերթական բլե՞ֆը:
Լևոն Գալստյան
Հարգելի Արմեն Վարդանյան, այնպիսի տպավորություն է, թե բնապահպանության նախարարությունը տեղյակ չէ, որ դա մշտական պրոցես է ու թափանաջրերն անընդհատ լցվում են գետերը։ Եվ դա վերաբերում է ոչ միայն Արծվանիկի, այլ գրեթե բոլոր պաչամբարներին։ Վերջապես ինչքան է կարելի ոչինչ չտեսնել ու չլսել։
Armen Vardanyan
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսրության Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցներն արագ արձագանքել են ահազանգին, մեկնել են դեպքի վայր և ջրից փորձանմուշներ վերցրել: Լաբորատոր ուսումնասիրությունների արդյունքների և ձեռնարկված միջոցների մասին ՀՀ ԲՆ-ն լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter