HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետական աջակցությունից օգտվող որոշ հրատարակիչների թիկունքում մրցութային խորհրդի անդամներն են

Ի՞նչ է պետաջակցությունը գրահրատարակչության ոլորտում

«Հետքն» ուսումնասիրել է պետաջակցությամբ հրատարակվող գրականության ոլորտը, ինչի արդյունքում հետաքրքիր մանրամասներ են պարզվել: Նախ նշենք, որ սկսած 2008 թվից՝ ամեն տարի պետությունն իբրեւ աջակցություն մշակույթի նախարարության միջոցով բյուջեից որոշակի գումար է հատկացնում հրատարակիչ ընկերություններին՝ գրականություն հրատարակելու համար: Ծրագիրն այդպես էլ կոչվում է՝ «Աջակցություն գրականության հրատարակմանը»:

Այդ նպատակով ամեն տարի նախարարությունը սկսում է հաջորդ տարվա գրահրատարակչության ցանկերը ձեւավորելու նպատակով հայտերի ընդունման գործընթաց: Հրապարակային հայտարարությամբ (նախարարության պաշտոնական կայքէջ, մամուլ) նախանշվում են գրականության այն ուղղությունները, որոնցով հրատարակիչները կարող են ներկայացնել համապատասխան հայտեր: Այս հայտերն ուսումնասիրվում են մշակույթի նախարարին կից գործող խորհրդի կողմից, որն, ի դեպ, ձեւավորում է ոչ միայն պետաջակցությամբ, այլ նաեւ պետպատվերով հրատարակվող գրականության ցանկերը:

Տվյալ ստեղծագործությունը ընտրելուց հետո կատարող (հրատարակիչ) է ընտրվում այն իրավաբանական անձը (ընկերություն կամ անհատ ձեռներեց), որը ներկայացրել է համապատասխան հայտը եւ ունի այդ ստեղծագործությունը հրատարակելու հեղինակային իրավունք (օրինակ՝ ընկերությունը պայմանագիր ունի անտիպ գրքի հեղինակի հետ): Բնականաբար, ոչ բոլոր գործերի հրատարակմանն է աջակցություն տրամադրվում, մերժման դեպքերը շատ են:

Հայտատու հրատարակիչը ներկայացնում է նախահաշիվ, որը ներառում է մինչտպագրական (թարգմանություն, խմբագրում, սրբագրում) ու տպագրական ծախսերը: Ի տարբերություն պետպատվերով հրատարակվող գրականության՝ այս դեպքում պետությունն աջակցում է մասնակի: Գրաքննադատ, granish.org կայքի գլխավոր խմբագիր Հասմիկ Հակոբյանը «Հետքի» հետ զրույցում նշում է, որ պետությունը ֆինանսավորում է ծախսերի մոտ 60-70 տոկոսը, մնացածը հոգում է հրատարակիչը: «Գիտեմ, թե ի սկզբանե ինչքան չարաշահումներ են եղել այս ոլորտում, որոշ հրատարակիչներ վերցրել են գումարը, նախատեսված ամբողջ տպաքանակը չեն տպագրել, հաճախ ներկայացրել են շատ քիչ օրինակ (պետության օրինակներն են տրամադրել, հրատարակչությունը պարտավոր է տրամադրել 60-80 օրինակ՝ կախված տպաքանակից) եւ փողի մի մասը գրպանել են»,- ասում է «Հետքի» զրուցակիցը: Նրա փոխանցմամբ՝ հրատարակիչների մի մասը ձգտում է տեղավորվել պետության հատկացրած 60-70 տոկոս ֆինանսավորման մեջ եւ սեփական գրպանից գումար չդնել, ինչից տուժում է գրքի որակը: Եթե պետությանը հատկացվում է մի քանի տասնյակ օրինակ, որը կազմում է տպաքանակի միջինը 25 տոկոսը, ապա հեղինակին հատկացվում է առավելագույնը 20 տոկոսը (որոշ հրատարակիչներ գրողին նաեւ հոնորար են տալիս մի քանի տասնյակ հազար դրամի չափով), մնացածը մնում է հրատարակչին, որն իրացնում է իր հայեցողությամբ:

Որքա՞ն գումար է պետությունը տրամադրել հրատարակչություններին՝ գրքեր հրատարակելու համար, ովքե՞ր են կայացրել գրքերի ընտրությունը, ի՞նչ հրատարակչություններ են ստացել պետաջակցությունը, ո՞ւմ են պատկանում այդ հրատարակչությունները: Այս հարցերին անդրադառնանք հերթականությամբ:

Պետական ֆինանսավորման կտրուկ աճ ու անկում

«Հետքը» մշակույթի նախարարությունից խնդրել եւ ստացել է նախարարին կից գործող խորհրդի, ընտրված գրականության, դրանց հրատարակիչների ու վերջիններիս տրամադրված գումարների ցանկերը: Քանի որ 2008-2010 թթ. տվյալներն, ըստ ՄՆ-ի, արդեն արխիվավորվել են, եւ արխիվից հանելու համար ժամանակ կպահանջվի, մեզ ուղարկվել են 2011-2016 թթ. ցուցակները:

Ներկայացնենք 2011-2016 թթ. հրատարակիչներին տրամադրված գումարների ընդհանուր չափը:

2011- 32.097.000 դրամ
2012- 39.430.000 դրամ
2013- 40.000.000 դրամ
2014- 39.550.000 դրամ
2015- 39.100.000 դրամ
2016- 62.540.400 դրամ

2017-ին հրատարակվելիք գրականության համար, ինչպես տեսնում ենք այս տարվա պետբյուջեի համապատասխան հավելվածում, նախատեսվել է 26.545.000 դրամ: Ընթերցողը, բնականաբար, կզարմանա այս անկումից, սակայն, առաջ անցնելով, նշենք, որ պատճառը նախարարության քաղաքականության փոփոխությունն է, ինչին կանդրադառնանք քիչ անց:

Հասմիկ Պողոսյանի նախագահությամբ խորհուրդը

Ինչպես հայտնի է, Հասմիկ Պողոսյանը մշակույթի նախարար էր 2006-2016 թթ.: Պետպատվերով եւ պետաջակցությամբ հրատարկվող գրականության ցանկերը ձեւավորող խորհուրդը գործել է նրան կից ու նրա գլխավորությամբ: ՄՆ-ի տրամադրած տվյալներից տեսնում ենք, որ 2011-2016 թթ. խորհրդի նախագահը եղել է Պողոսյանը, իսկ պատասխանատու քարտուղարը՝ տարբեր մարդիկ. 2011-ին՝ գրականագետ, հրապարակախոս, ՄՆ հրատարակչական գործի գործակալության հրատարակչական բաժնի պետ Սեյրանուհի Գեղամյանը, 2012-2015-ին՝ գրականագետ, ՄՆ «Գրքի եւ հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ-ի հրատարակչական գործի բաժնի պետ Արմեն Ավանեսյանը, 2016-ին՝ գրականագետ, ՄՆ մշակութային ժառանգության եւ ժողովրդական արհեստների վարչության փորձագետ Արմեն Սարգսյանը (շփոթություն չառաջացնելու համար հիշեցնենք, որ խորհրդի կազմերն աշխատել են հրատարակությանը նախորդող տարիներին, օրինակ՝ 2010-ին գործած կազմը հաստատել է 2011-ին տպագրվելիք գրականության ցանկը, 2011-ի կազմը՝ 2012-ինը... Այսինքն՝ ներկայացվողը 2010-2015 թթ. աշխատած կազմերն են):

Այս բոլոր տարիներին խորհրդի կազմում եղել են ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Կարինե Աճեմյանը, բանաստեղծ, մանկագիր, «Գրքի եւ հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Էդվարդ Միլիտոնյանը, պատմաբան, ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը, գրականագետ Ավիկ Իսահակյանը, արձակագիր Ռուբեն Հովսեփյանը, թատերագետ Նառա Եղիազարյանը: Տարբեր տարիների ընդգրկված էին նաեւ գրող, Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, բանաստեղծ, գրականագետ, «Մատենադարան» հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Հրաչյա Թամրազյանը, բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը, արձակագիր Կարինե Աշուղյանը, գրականագետներ Դավիթ Գասպարյանը, Վազգեն Գաբրիելյանը, ԳԱԱ արվեստի ինստիտուտի փոխտնօրեն Աննա Ասատրյանը եւ այլոք:

Ինֆոգրաֆիկայով ցույց տանք խորհրդի կազմերը 2011-2016 թթ.:

Մասնագիտական խորհուրդ
Create your own infographics

Խորհրդի կազմի ձեւավորման սկզբունքների վերաբերյալ «Հետքի» հարցին ՄՆ-ն պատասխանել է. «Մասնագիտական խորհրդի կազ­մում ընդգրկվում են անվանի գրողներ, գրականագետներ, պատմաբաններ, ար­վես­տա­բաններ, թարգմանիչներ եւ ոլորտի այլ մասնագետներ: Հանձնաժողովից բացի՝ հրա­տարակության համար առաջարկվող ստեղծագործությունների մասին, կախված դրանց բնույթից, կարծիք են հայտնում նաեւ անկախ փորձագետները: Հանձ­նա­ժո­ղո­վի կազմը մինչեւ հրատարակվող գրականության ցանկերի վերջնական հաս­տա­տու­մը չի հրապարակվում վերջինի աշխատանքները հնարավորին անկախ իրա­կա­նաց­նելու նկատառումով, իսկ ցանկերի հաստատումից հետո, ըստ ան­հրա­ժեշ­տու­թյան, կարող է հրապարակվել»:

Պետաջակցությամբ հրատարակվել են նաեւ խորհրդի անդամներից մի քանիսի գրքերը

Հետաքրքիր է, որ 2011-2016 թթ. եղել են դեպքեր, երբ խորհրդի անդամները  պետաջակցության ծրագրով հաստատել են նաեւ իրենց կամ իրենց հարազատի գրքի հրատարակումը: Սա որեւէ օրենքի խախտում չէ, բայց ակնառու փաստ է, որ կա շահերի բախում (հրատարակված գրականության ցանկին կարող եք ծանոթանալ բյուջեի հավելվածներում՝ 2012, 2013, 2014, 2015, 2016):

2011-ին հրատարակվել է «Մատենադարանի» տնօրեն, գրող Հրաչյա Թամրազյանի «Բանաստեղծություններ» գիրքը, որին հատկացվել է 400.000 դրամ աջակցություն:

2012-ին լույս է տեսել գրականագետ Դավիթ Գասպարյանի «Քննադատությունն ընդդեմ քննադատության» հոդվածների ժողովածուն, որի համար պետաջակցությունը եղել է 1 մլն դրամ (հրատարակիչ՝ «Գրական էտալոն» ՍՊԸ): Նույն տարում լույս է տեսել Էդվարդ Միլիտոնյանի «Բանաստեղծությունների ժողովածու»-ն՝ նվիրված նրա 60-ամյակին: Հրատարակիչը նրա կնոջը պատկանող «Ծիծեռնակ» հրատարակչությունն էր, որին այդ նպատակով հատկացվել է 850.000 դրամ: Նույն 2012-ին «Ծիծեռնակը» 400.000 դրամ պետաջակցությամբ լույս է ընծայել նաեւ Միլիտոնյանի կնոջ՝ Անուշ Վարդանյանի պատմվածքներն ու հեքիաթները:    

2013-ին հրատարակվել է Հրաչյա Թամրազյանի դստեր՝ «Մատենադարանի» գիտաշխատող Արուսյակ Թամրազյանի «Էսսեներ եւ ուսումնասիրություններ» գիրքը (աջակցությունը՝ 450.000 դրամ, «Նաիրի» հրատարակչություն): Խորհուրդը նաեւ պետաջակցության է հաստատել իր անդամներից գրականագետ Ավիկ Իսահակյանի «Երկու դարերի միջեւ» հուշերը (աջակցությունը՝ 800.000 դրամ, «Գասպրինտ» ՍՊԸ): Նույն տարում հրատարակվել են Էդվարդ Միլիտոնյանի «Վահագն վիշապաքաղ» գիրքը (ռուսերեն) եւ Անուշ Վարդանյանի կազմած «Հայ բանակը մանուկների ստեղծագործություններում» ալբոմը (աջակցությունը՝ 700.000 եւ 950.000 դրամ, «Ծիծեռնակ» հրատարակչություն):  

2014-ին Ավիկ Իսահակյանի 70-ամյակի առիթով լույս է տեսել նրա «Երեւանը երազում եւ արթմնի» գիրքը (ռուսերեն, աջակցությունը՝ 1 մլն դրամ, «Գասպրինտ» ՍՊԸ): 950.000 դրամ աջակցություն է հատկացվել նաեւ Է. Միլիտոնյանի «Բարձերով կռիվ» գրքին («Ծիծեռնակ» հրատարակչություն):

2015-ին հրատարակվել է Հրաչյա Թամրազյանի «Գրիգոր Նարեկացին եւ Նարեկյան դպրոցը» աշխատությունը (հատոր գ, աջակցությունը՝ 720.000 դրամ, «Նաիրի» հրատարակչություն):

2016-ին էլ լույս է տեսել խորհրդի անդամներից գրող Ռուբեն Հովսեփյանի «Ծեր փայտփորիկի ակնոցը» գիրքը (աջակցությունը՝ 500.000 դրամ, «Ծիծեռնակ» հրատարակչություն):

Ովքե՞ր են պետաջակցությունից ամենաշատն օգտված հրատարակիչները

2011-2016 թթ. պետաջակցության ծրագրով գումար է ստացել 55 հրատարակչություն (ԱՁ, ՍՊԸ, ՓԲԸ, ՊՈԱԿ, ՀԿ): Ամեն տարի պետբյուջեից ֆինանսավորում է հատկացվել միջինը 22 ընկերության: Համադրելով նշված տարիներին հրատարակված գրքերի համար տրված աջակցությունը՝ կազմել ենք ամենաշատ գումար ստացած հրատարակիչների տասնյակը: Ստորեւ ինֆոգրաֆիկայում ներկայացվածը ընդհանուր գումարներն են, որոնք ստացվել են տարբեր տարիների:

««ՀԳՄ» հրատարակչություն» ՍՊԸ՝ 2011-2016
««Ծիծեռնակ» հրատարակչություն» ՍՊԸ՝ 2011-2016
«Անտարես» ՍՊԸ՝ 2012-2016
«Գրքի եւ հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ՝ 2011, 2013, 2015, 2016
«Առեդիտ» ՍՊԸ՝ 2012-2016
«Գրական հայրենիք» ՓԲԸ («Հայաստան» հրատարակչություն)՝ 2011-2016
«Էդիթ Պրինտ» ՍՊԸ՝ 2012-2016
«Գրական էտալոն» ՍՊԸ՝ 2011-2014, 2016
««Նաիրի» հրատարակչություն» ՓԲԸ՝ 2011-2016
«ՎՄՎ-Պրինտ» ՍՊԸ՝ 2011-2014, 2016

Պետաջակցության ծրագրով ամենաշատ գումարը ստացել է Հայաստանի գրողների միության հրատարակչությունը. 6 տարում՝ շուրջ 30 մլն դրամ: Նույնքան տարում ավելի քան 26,5 մլն է հատկացվել «Ծիծեռնակ» հրատարակչությանը, 26 մլն (5 տարում)՝ «Անտարես» ընկերությանը: Լավագույն քառյակում է մշակույթի նախարարությանը ենթակա ՊՈԱԿ-ը՝ ավելի քան 23 մլն (4 տարում): Մյուսներին բաժին հասած հատկացումները չեն գերազանցում 17 միլիոնը:

Պետաջակցություն (2011-2016)
Create column charts

Ներկայացնենք նաեւ հրատարակիչների առաջին տասնյակը՝ ըստ նրանց հրատարակությունների անվանական քանակի: Տասնյակում հայտնված «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ն 2011-ին լույս է ընծայել հայ մշակույթի երախտավորներին նվիրված 9 անուն ձայնասկավառակ:

Անվանական քանակ (2011-2016)
Create column charts

Հրատարակչությունների տերերը  

«Հայաստանի գրողների միություն» ՀԿ-ին պատկանող ««ՀԳՄ» հրատարակչություն» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2001-ին: Այն գտնվում է գրողների միության հասցեում՝ Բաղրամյան 3-ում: 2001-2013 թթ. ՀԳՄ նախագահը Լեւոն Անանյանն էր, որի մահից հետո միության ղեկավար դարձավ Էդվարդ Միլիտոնյանը: Վերջինս 2013-2016 թթ. համատեղում էր ՀԳՄ նախագահի ու «Գրքի եւ հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնները:

««Ծիծեռնակ» հրատարակչություն» ՍՊԸ-ն ստեղծվել է 2001-ին: Հիմնադիրն ու տնօրենը Անուշ Միսակի Վարդանյանն է՝ Էդվարդ Միլիտոնյանի կինը: Ընկերությունը գտնվում է Արշակունյաց 2ա հասցեում՝ մամուլի շենքում: Ինչպես վերը նշեցինք, նախարարին կից խորհուրդը պետաջակցության համար հաստատել է նաեւ Է. Միլիտոնյանի ու Ա. Վարդանյանի գրքերը, որոնք տպագրել է «Ծիծեռնակը»:

«Հետքի» հետ զրույցում Է. Միլիտոնյանը չհամաձայնեց, որ իր ներկայությունը խորհրդում ու միաժամանակ «Ծիծեռնակին» տրամադրվող գումարները շահերի բախում է առաջացնում՝ նշելով, որ իր ձայնը մեկն է տասից ավելի ձայների մեջ, ու այդտեղ քննարկվում է գիրքը, ոչ թե հրատարակչությունը (Միլիտոնյանի ու Ա. Վարդանյանի 5 գրքերի հրատարակմանը 2012-2014 թթ. հատկացվել է 3.850.000 դրամ աջակցություն): Միաժամանակ Է. Միլիտոնյանն ասում է, որ ամեն տարի խորհրդին ներկայացվող մոտ 300 հայտերից շատ փոքր տոկոսն է հրատարակվում՝ գիրք դառնում: Մեր դիտարկմանը, որ եթե «Ծիծեռնակը» առաջին եռյակում է ստացած գումարների ու հրատարակած անուն գրքերի քանակով, ուրեմն նրա ներկայացրած հայտերն ամենաքիչն են մերժվել, Միլիտոնյանն ասում է, որ, իր կարծիքով, սխալմունք կա, քանի որ դրանք մանր գրքեր են, որոնց հեղինակները հիմնականում հայտնի ու մի քանի երիտասարդ մանկագիրներ են, որոնք բազմաթիվ մրցանակներ են ստացել: Ապա նշում է, որ մանկական գրականություն հրատարակողները շատ քիչ են:

«Անտարես» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1996-ին (ըստ ընկերության կայքի՝ 1992-ին) 4 հոգու կողմից, որոնցից այսօր մնացել է միայն Արմեն Մարտիրոսյանը: Նա նաեւ ընկերության տնօրենն է: «Անտարեսը» գործում է Մաշտոցի 50ա/1 հասցեում:

Ընկերությունն առաջարկում է տարբեր ծառայություններ, այդ թվում՝ հրատարակչական գործ:

Մշակույթի նախարարության «Գրքի եւ հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ-ը ստեղծվել է 2010-ին (Երեւան, Իսահակյան 28), մինչ այդ նրա փոխարեն գործում էր նախարարության հրատարակչական գործի գործակալությունը (2002-2010 թթ.), իսկ դրանից առաջ եղել է կառավարությանն առընթեր տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչություն:

ՊՈԱԿ-ի ղեկավարը, ինչպես վերը նշվեց, Էդվարդ Միլիտոնյանն էր, ում անցյալ տարվա նոյեմբերին մշակույթի նոր նախարար Արմեն Ամիրյանի հրամանով փոխարինել է Վաչե Սարգսյանը, իսկ Միլիտոնյանը դարձել է նրա խորհրդականը:

Մեզ հետ զրույցում ՊՈԱԿ-ի նախկին տնօրենն ու ՀԳՄ նախագահն այդպես էլ չպատասխանեց հարցին, թե ինչ հիմքով է ազատվել պաշտոնից:  

«Առեդիտ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2011-ին Գոռ Դավթյանի (80 %) եւ Գոհար Մարգարյանի (20 %) կողմից: Վերջինս նաեւ ՍՊԸ-ի տնօրենն է: 2014-ից ընկերության միակ փայատերը Լուսիկ Աշոտի Հարությունյանն է: «Առեդիտի» հասցեն Երեւանի Հանրապետության 78 շենքն է:

Ամենահետաքրքիրը, սակայն, Գոռ Դավթյանի անձն է: Նրա մասին «Հետքը» նախկինում գրել է: Ի թիվս այլ ընկերություններում ունեցած մասնակցության՝ նա «ԱՕԿՍ» ՍՊԸ-ի տնօրենն է: Այս ընկերությունը հիմնադրվել է «Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական» ՀԿ-ի (ռուսերեն հապավումը՝ АОКС) կողմից, որը ստեղծել են Հասմիկ Պողոսյանը եւ ՌԴ-ում Հայաստանի նախկին դեսպան, ներկայում ՀՀ նախագահի խորհրդական Արմեն Սմբատյանը: Գոռ Դավթյանի ու մշակույթի նախարարության առնչության մեկ այլ դրվագի էլ ենք նախկինում անդրադարձել: Կարճ ասած՝ Դավթյանը Պողոսյանի ու Սմբատյանի մերձավորներից է, նրանց գործընկերը:   

«Գրական հայրենիք» ՓԲԸ-ն առավել հայտնի է որպես «Հայաստան» հրատարակչություն: Վերջինս հիմնվել է դեռ 1921-ին՝ կոչվելով Հայաստանի պետական հրատարակչություն՝ Հայպետհրատ (այս անունով գործել է մինչեւ 1964 թ.): Վերջինիս առանձին բաժինների հիման վրա խորհրդային տարիներին ստեղծվել են մի քանի հրատարակչություններ: Ներկայում «Գրական հայրենիք» ՓԲԸ-ի տնօրենը Վահագն Սարգսյանն է: Ընկերությունը գործում է Իսահակյան 28-ում:

«Էդիթ Պրինտ» ՍՊԸ-ն, ըստ ընկերության կայքի, հիմնադրվել է 1993-ին, պետռեգիստրում գրանցվել է 1995-ին: Մինչեւ 2000 թ. կոչվել է «Հայ Էդիթ» հայ-ֆրանսիական համատեղ ձեռնարկություն: Սկզբնական հիմնադիրը եղել է ֆրանսահայ Ռոդրիգ Քյուրիքչյանը, իսկ 2000-ից՝ Մկրտիչ Կարապետյանը, տնօրենը Արթուր Գալստյանն է: Ընկերությունը գործում է Թումանյան 12-ում: 

«Գրական էտալոն» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2005-ին բանաստեղծ, դրամատուրգ Վահան Վարդանյանի կողմից: Նրա մահից հետո (2013 թ.) հավասարաչափ փայատերեր են դարձել երկու որդիները՝ Արեգն ու Վահագնը: Վերջինս նաեւ ՍՊԸ-ի տնօրենն է: Ընկերությունը գրանցված է Սարի թաղում:

««Նաիրի» հրատարակչություն» ՓԲԸ-ն պետռեգիստրում գրանցվել է 1995-ին, գործում է Տերյան 91 հասցեում: Տնօրենը Քնարիկ Մարգարյանն է:

«ՎՄՎ-Պրինտ» ՍՊԸ-ն 2001-ին ստեղծել են ամուսիններ Վահրամ Վարդգեսի Մնացականյանն (70 %) ու Գրետա Հակոբյանը (30 %): Առաջինը նաեւ տնօրենն է: ՍՊԸ-ն գործում է Ազատության 24/11 հասցեում:  

Այս ցանկում ներառել ենք նաեւ գրքերի հրատարակության համար ստացած գումարներով 11-13-րդ տեղերը զբաղեցնող ընկերություններին, որոնցում հետաքրքիր մանրամասներ կան:

«Արմավ հրատարակչություն» ՍՊԸ-ն հիմնադրվել է Արմեն Ավանեսի Ավանեսյանի կողմից: Վերջինս գրականագետ է, 2012-2015-ին, որպես ՄՆ «Գրքի եւ հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ-ի հրատարակչական գործի բաժնի պետ, եղել է նախարարին կից խորհրդի պատասխանատու քարտուղարը: Չնայած ըստ պետռեգիստրի՝ ընկերությունը հիմնադրվել է 2015-ին, թե մշակույթի նախարարության տրամադրած ցանկում, թե պետբյուջեի հավելվածում տեսնում ենք, որ 2014-ին ընկերությունը հրատարակել է 4 գիրք, 2016-ին՝ եւս 3-ը: 7 գրքի համար ՍՊԸ-ին հատկացվել է 4.710.000 դրամ: Ընկերության տնօրենը Ավանեսյանի կինն է՝ Արմինե Քոչարյանը, ՍՊԸ-ն գրանցված է Շիրազի 24 հասցեում:

«Զանգակ-97» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1997-ին ամուսիններ Սոկրատ Շահումի Մկրտչյանի (70 %, նաեւ տնօրենն է) եւ Մաշո Վարդգեսի Մնացականյանի (30 %) կողմից:

«Զանգակը» (հասցեն՝ Կոմիտասի 49/2) հրատարակել է 6 գիրք 2011, 2012, 2014 թթ., ինչի համար ստացել է 4.497.000 դրամ պետաջակցություն:   

«Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական» ՀԿ-ն գրանցվել է 2000-ին, գործում է Աբովյան 3-ում: Հիմնադրել են Հասմիկ Պողոսյանն ու Արմեն Սմբատյանը: Վերջինս նաեւ ՀԿ-ի նախագահն է: Ինչպես երեւում է անունից, ՀԿ-ի գործունեությունն ավելի լայն է, քան բուն հրատարակչական գործը: Մեր ձեռքի տակ եղած ցանկերի համաձայն՝ ՀԿ-ն հրատարակել է ընդամենը 2 անուն գիրք 2011-ին եւ 2014-ին: Առաջինի դեպքում պետբյուջեից տրամադրվել է 1,3 մլն դրամ, երկրորդի պարագայում (թարգմանված գործեր «Գրական տապան» գրքի տեսքով)՝ 3 մլն, ընդհանուր՝ 4.300.000 դրամ:

Ինչի՞ են միտված նախարարության քաղաքականության փոփոխությունները

Ինչպես արդեն նշեցինք, ՄՆ-ն փոխել է իր մոտեցումը պետաջակցության ոլորտում, ինչն արտահայտվել է 2017-ի ծախսերի վրա: Այս տարի ծրագրով հատկացվելու է միայն 26,5 մլն դրամ:

«Պետական աջակցությամբ հաջորդ տարի կհրատարկվեն տաղանդավոր հեղինակների առաջին գրքեր, սփյուռքահայ գրականություն, ՀՀ ազգային փոքրամասնությունների գրքեր, աջակցություն կլինի գրական հանդեսներին եւ գրական մամուլին»,- անցյալ տարի «Հետքին» հայտնել էր ՄՆ-ն։

Այս տարվա բյուջեի հատկացումներից տեսնում ենք, որ սփյուռքահայ գրականության հրատարակմանը տրվելու է 1.170.000 դրամ, ազգային փոքրամասնությունների գրականությանը՝ 885.000, գրական հանդեսներին՝ 1.310.000, «Առաջին գիրք» ուղղությանը՝ 3.180.000: Բայց եթե այս գումարները բաշխվելու են տարբեր հրատարակիչների միջեւ, ապա թարգմանական գրականության համար նախատեսված 20 մլն դրամ աջակցությունը (փաստորեն, այս ուղղությունը 2017-ին նույնպես ֆինանսավորվելու է բյուջեից) հատկացվելու է «Գրքի եւ հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ-ին:    

«Նախարարության նոր մոտեցումն է՝ հրատարակչին աջակցել ոչ թե գրքի հրատարակման գործում, այլ աջակցության այլ միջոցներ ա­ռա­ջար­կել՝ շնորհանդեսների կազմակերպում, ստեղծագործությունների թարգ­մա­նու­թյուն եւ դրամաշնորհների տրամադրում արտասահմանում հրատարակվելու համար, հեռուստառադիոհաղորդումներ՝ գրականության եւ գրողների մասին։ Նախարարությունը կապահովի հարթակներ ընթերցողների եւ հրատարակիչների հետ գրողների հանդիպման համար: Այսպես ընթերցողն ավելի լավ կճանաչի ժամանակակից գրականությունը, իսկ հրատարակչին հնարավորություն կտրվի ավելի ճիշտ կողմնորոշվել հրատարակելիք գրքերի ընտրության հարցում։ Նախարարությունն աջակցելու է գրականության հանրահռչակման ոլորտում հանրապետական գրական միջոցառումների կազմակերպմանը, ինչպես՝ «Պոեզիայի համաշխարհային օր», «Գիրք նվիրելու օր», «Մանկապատանեկան գրականության շաբաթ», «Ընթերցման օլիմպիադա», «Խորհուրդ են տալիս հայտնիները» եւ այլն»,- հայտնում է մշակույթի նախարարությունը:

Ինչ վերաբերում է պետաջակցությունից դուրս մնացած ուղղություններին, ՄՆ-ն նշում է. «Ժամանակակից հայ գրականությունից պետական աջակցության ծրագրում նախկին ձեւաչափով մնացել են միայն «Առաջին գիրք» եւ «Սփյուռքահայ գրականություն» ուղղությունները, գրականության մյուս ուղղությունների (արդի հայ արձակ եւ պոեզիա, մանկապատանեկան գրականություն, այլ լեզուներից հայերեն) համար նախատեսված են աջակցության այլ ձեւեր, մասնավորապես հայերենից այլ լեզուների թարգմանությունների համար ստեղծված գրանտային ծրագրով, հայ գրականության հանրահռչակմանն ուղղված նախաձեռնությունների, ինչպես նաեւ ընթերցանության խթանմանն ուղղված միջոցառումների միջոցով: «Այլ լեզուներից հայերեն» թարգմանությունների դեպքում հարկ է նշել, որ թարգմանությունների աջակցության նպատակով երկրների զգալի մասն ունեն գրանտային ծրագրեր, որոնցից աջակցություն ստանալով՝ կարելի է հրատարակել նախատեսված գրականությունը: Ման­կա­պա­տա­նեկան գրականությունը հրատարակչական շուկայում ամենապահանջվածներից եւ ամանավաճառվողներից է, հետեւաբար հրատարակչությունների կողմից ներդրում անելն այս պարագայում պակաս ռիսկային է»:

Չնայած չի խոսվում նախարարին կից խորհրդի անդամներ-հեղինակներ-հրատարակիչներ շահերի բախման մասին, կարելի է ենթադրել, որ այս հանգամանքը նույնպես դեր խաղացել է փոփոխության հարցում, քանի որ դժգոհությունները խաղի կանոններից նոր չէին: Մյուս կողմից՝ գրական շրջապատում առկա են տարակարծություններ նախարարության նոր քաղաքականության վերաբերյալ:

Մեկնաբանություններ (1)

Միշա Շահինյան
Ձեր հետաքննության մեջ հիշատակված հեղինակներից և ոչ մեկի գիրքը այսօր ընթերցողի սեղանին չեք գտնի. պատճառն այն է, որ նրանք ոչ միայն համաշխարհային անցուդարձից են անտեղյակ, այլ նաև իրենց քթից այն կողմ չեն տեսնում, ուր մնաց թե մի արժեքավոր երկ գրեն: Իրական գրողները միշտ էլ հազվադեպ երևույթներ են, որ փայլում են իրենց ողջ գոյությամբ և հատկապես իրենց խորն ու բազմակողմանի գործերով լուսավորելով շուրջը' իրենք մարելով չափազանց մեծ էներգիա կորցնելու պատճառով. նրանք, իսկապես տքնում են: Իսկ ձեր ներկայացրած անձինք, մի նայեք, թե ինչ պարարտ են ու անհոգ. նրանց առաջնային խնդիրը այս հնարավորությունից, որ պետաջակցություն է կոչվում, շատ օգուտ քաղելն է: Զավեշտալին այն է, որ ապրում ենք մի իրականության մեջ, ուր մեզանից յուրաքանչյուրը չգիտի անգամ' հենց վաղը ուտելու հաց կունենա, թե' չէ: Սրանից էլ հետևում է այս մարդկանց վարքը. նրանք ուզած- չուզած պետք է մի բան փախցնեն, կսմթեն այստեղից- այնտեղից, ավելի ճիշտ, ամեն հնարավոր տեղից, որ իրենց գոյությունը ( ուղիղ իմաստով ) կասկածի տակ չդնեն: Խնդիրը խորը արմատներ ունի' հին ու նոր արժեքներ կրող մարդկանց կարծիքների բախում, գործելաոճի անհամապատասխանություն, ոչ ընդհանուր' ազգային նպատակներ և այսպես շարքը կարելի է անվերջ թվել: Նրանք, ովքեր իրոք ի զորու են արժեքավոր գործ գրել, հաստատ այնքան մեծ արժանապատվություն ունեն, որ տաս տարի ( կամ ինչքան պետք է ) կգնան բեռնակիր կաշխատեն և իրենց գիրքը կտպեն հավաքած գումարով, ոչ թե ժողովրդի հանապազորյա քրտինքով, որ հավաքվում է մի տեղ ( Պետական բյուջեում, որը տնօրինում են խարդախ, եսամոլ և իրենցից ավելի արատավոր մարդկանց ծառայող շնչավորներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter