Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

«Հետքի» հրապարակումներից հետո համայնքային բյուջե են վերադարձվել ավագանու անդամներին տրված օգնությունները



«Հետքի» հրապարակումից հետո Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը դիմել է մարզի Դալարիկ համայնքի ղեկավարին՝ 2016թ. օգոստոսի 22-ի ավագանու թիվ 24 որոշումն ուժը կորցրած ճանաչելու և ավագանու անդամներին հատկացված գումարները համայնքի բյուջե վերականգնելու մասին:

Հիշեցնենք, որ 2016թ. օգոստոսի 22-ին Դալարիկի ավագանին նիստ էր անցկացրել և որոշել էր նյութական աջակցություն ցուցաբերել համայնքի անապահով բնակիչներին: Այդ ցանկում տեղ գտած 13 անուններից 5-ը ավագանու անդամների անուններն էին: Նրանք ոչ միայն իրենք իրենց օգնություն էին տվել, այլև մասնակցելով ավագանու նիստին` «կողմ» էին քվեարկել:


Օրինակ՝ Թենիկո Ալբուրովան մասնակցելով նիստին (այժմ ավագանու անդամ չէ - հեղ.) կողմ էր քվեարկել, որ իրեն համայնքային բյուջեից հատկացվի  55 000 դրամ օգնություն, նույն կերպ վարվել էին նաև ավագանու անդամներ Սուրեն Գրիգորյանը, Մարետա Պետրոսյանը, Վարուժան Հակոբյանը և Ժորա Գևորգյանը: Բոլորն էլ, որպես անապահով, ստացել էին 55 000-ական դրամ օգնություն:

Դեկտեմբերի 12-ին Դալարիկի ավագանին նիստ է գումարել և, հիմք ընդունելով մարզպետի գրությունը, որոշել է ուժը կորցրած ճանաչել ավագանու որոշման հավելվածի այն կետերը, որոնք վերաբերում էին ավագանու անդամներին օգնություն հատկացնելուն:

Ուշագրավն այն է, որ իրենց օգնություն հատկացնելու օգտին քվեարկած ավագանու անդամները  (բացառությամբ Թենիկո Ալբուրովայի, ով ընտրությունների ժամանակ չի վերընտրվել) այս անգամ էլ կողմ են քվեարկել, որպեսզի ըստ էության իրենցից հետ վերցվի արդեն հատկացված օգնությունը:

Իսկ Այգեշատ (Արմավիր) համայնքի ավագանու 2016թ. օգոստոսի 10-ի թիվ 23 որոշմամբ համայնքի մի խումբ բնակիչներին գույքահարկի արտոնություններ էին տրամադրվել, այդ թվում համայնքի ավագանու անդամներ Գրիգոր Համբարձումյանին, Վաչագան Հունանյանին և Ռուստամ Հասոյանին: Քննարկվող որոշման քվեարկությանը թվարկված ավագանու անդամներից մասնակցել են Ռուստամ Հասոյանը և Վաչագան Հունանյանը:

Գրել էինք, որ ավագանու անդամ Վաչագան Հունանյանը ավագանու նիստի ժամանակ «կողմ» է քվեարկել, որ ավագանին իր «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենայի գույքահարկի գծով տրամադրի արտոնություն՝ 8000 դրամի չափով: Նույն չափով արտոնություն տրամադրվել է նաև 2015 և 2014 թվականներին: Այդ տարիներին Հունանյանը ևս «կողմ» էր քվեարկել:

Իր երկու ավտոմեքենաների համար գույքահարկի արտոնություն ստացել էր նաև ավագանու անդամ Ռուստամ Հասոյանը, ով ևս «կողմ» էր քվեարկել: Նրա «Գազ 24-17» մակնիշի ավտոմեքենայի գույքահարկը կազմել էր մոտ 23 հազար դրամ, իսկ «Ford Transit 2.5TD» ավտոմեքենայինը՝ 5000 դրամ: «Ford» ավտոմեքենայի համար 12 հազար դրամի արտոնությունն էլ Հասոյանը ստացել էր անցյալ տարի:

«Հետքի» հրապարակումից հետո ավագանու հոկտեմբերի 10-ի թիվ 27 որոշմամբ փոփոխություն է կատարվել 2016թ. օգոստոսի 10-ի որոշման մեջ, որով Վաչագան Հունանյանի և Ռուստամ Հասոյանին արտոնությունների տրամադրումը դադարեցվել է:

Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը Արմավիրի մարզպետարանի հետ քննարկել է մարզի համայնքների ավագանու որոշումների վերաբերյալ «Հետքի» ուսումնասիրությունները:

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նախարար Դավիթ Լոքյանին մեկ առ մեկ տեղեկացրել է, թե հրապարակումներից հետո ինչ քայլեր են ձեռնարկվել: Մարզպետը տեղեկացրել է, որ համայնքի ավագանու անդամների՝ իրենց առնչվող հարցերի վերաբերյալ քվեարկություններին մասնակցությունը բացառելու նպատակով կատարել է առաջարկություն, ըստ որի՝ համայնքների ավագանու կողմից ներկայումս ընդունվում են համայնքի ղեկավարի կամավոր լիազորությունների կանոնակարգեր, համաձայն որոնց` սոցիալական աջակցության տրամադրման գործառույթները այսուհետ ավագանու քննարկմանը կարող են ներկայացվել միայն համայնքի ղեկավարի կողմից ստեղծված համապատասխան հանձնաժողովի եզրակացության հիման վրա:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. ՀԱՅՈՒՀԻ14:19 - 26 հունվարի, 2017
Ապրես, «Հետք» ջան։
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ