HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ծրագրի շարունակություն՝ ուղղված տեքստիլ, կաշվե իրերի ոլորտների բարելավմանը

Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի՝ «Հայաստանի Հանրապետության արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի մրցունակության բարձրացում՝ արդիականացման և շուկան մատչելի դարձնելու միջոցով, երկրորդ փուլի ծրագրի նախագծին հավանություն տալու մասին» որոշման նախագիծը։

Մինչ նախագծի երկրորդ փուլին անդրադառնալը` տեղեկացնենք, թե ինչ է իրենից ներկայացնում նախագիծը և առաջին փուլով ինչ քայլեր են արվել։

2014թ.-ի սեպտեմբերից ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (ՄԱԱԶԿ-ն) աջակցում է Հայաստանին՝ արդյունաբերության բարելավման և արդիականացման ծրագրի պիլոտային փուլի իրականացման հարցում։

Ինչպես նշվում է կառավարություն ներկայացված փաստաթղթերում՝ ծրագրի առաջին փուլի շնորհիվ ստեղծվել են տեխնիկական կարողություններ՝ փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ-ների) զարգացմանն ու արդիականացմանն աջակցելու և հայկական տեքստիլի ու հագուստի արտադրանքը որպես որակյալ դիզայներական ապրանք ներկայացնելու նպատակով:

Նախարարության դիտարկամբ՝ ծրագիրը առավել կարևորվել է Հայաստանի՝ Մաքսային միությանը անդամագրվելուց հետո, երբ 2015թ. հուլիսին կայացած ԵԱՏՄ - Հայաստան արդյունաբերական համաժողովի ընթացքում առանձնացվել է տեքստիլի և կոշկեղենի արտադրությունը` որպես ՀՀ խոստումնալից արդյունաբերական ճյուղեր, որոնք կարիք ունեն զարգացալու և դուրս գալու ԵԱՏՄ շուկաներ:

«Արդյունքները կբաժանեմ երկու մասի. այս ծրագրի միջոցով կօժանդակվի և մենք կունենանք նոր ռազմավարություն՝ թեթև արդյունաբերության ոլորտների զարգացման։ Եվ ծրագրի իրականացման ընթացքում մենք ակնկալում ենք, որ կբարձրացվի թեթև արդյունաբերության մրցունակությունը՝ Հայաստանի Հանրապետությունում»,- նշեց Սուրեն Կարայանը։

Երկրորդ փուլում նախատեսվում է տարածաշրջանում վերականգնել հայաստանյան կոշիկ և հագուստ արտադրող ձեռնարկությունների միջև կապերը, ստեղծել համագործակցություն տեղական կոշիկ և հագուստ արտադրողների, մշակողների արտահանողների և նրանց ասոցիացիաների միջև:

Բացի այդ, ծրագրի երկրորդ փուլի նպատակներից է՝ զարգացնել նաև թեթև արդյունաբերության մյուս ճյուղերը՝ տեխնիկական աջակցություն ցուցաբերելով Հայաստանի կոշիկի և կաշվե իրերի արտադրության ոլորտին։

Ակնկալվում է, որ ՄԱԱԶԿ ծրագիրը կնպաստի տեքստիլ, կաշվե իրերի ոլորտների վերականգնմանը և Հայաստանի միջազգային դիրքի բարձրացմանը հավելյալ արժեքի ստեղծման, արտադրանքի արտահանման և գլոբալ մրցունակության բարելավման գործընթացներում: «Արդյունքում, տեքստիլ կաշվե ոլորտներում գործող ՓՄՁ-ները կարդիականացնեն իրենց բիզնեսները, կընդլայնեն արտադրությունը, կբարձրացնեն որակը և շուկա մուտք գործելու հնարավորություն կունենան ազգային տեխնիկական փորձագետների աջակցությամբ»,-ասվում է որոշման նախագծում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter