Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

«Ինձ փոխարինող չունեմ, տուն կառուցելուց հետո նա պետք է ծնվի»



Տավուշի մարզի սահմանային Բաղանիս գյուղի 42-ամյա բնակիչ, պայմանագրային զինծառայող Արմեն Ամիրյանը 12 տարի է հայ-ադրբեջանական սահմանային գյուղերի դիրքերում է: 

Արմենը հիմա դիրքերն է պահում: Ժամկետային ծառայությունը Շավարշավանի դիրքերում է անցկացրել: 

Արմենի խոսքով՝ իր ծառայության  ժամանակ Պաշտպանության նախարարությունը  սահմանային գյուղերի զինակոչիկներին հնարավորություն էր տալիս ծառայել բնակավայրին մոտ զորամասերում։ «Պաշտպանության նախարարությունը մոտիկ տեղ էր ծառայությունը նշանակում, որ ընտանիքի հետ կապ լիներ, զորամասերում դեռ հարմարություններ չկար, տանն էինք բաղնիք անում»,-ասում է Արմենը: 

Սահմանի իրավիճակի մասին իմ հարցին՝ Արմենը պատասխանեց. «Ադրբեջանցիները ակտիվ են իրենց պահում սահմանի վրա, նախորդ օրն էլ կրակոցներ կային: Շուտ-շուտ են լինում կրակոցները Բաղանիսում: Պատահում է, որ երեք շաբաթով դիրքերում եմ մնում: Այնպիսի մտավախություն  չունեմ, որ ադրբեջանցիները կարող են մեր գյուղ մտնել: Այդպիսի բան չի կարող լինել: Դիրք պահողներից մեկն էլ ես եմ, իմ ընտանիքը Բաղանիսում է, ընդհանրապես այդպիսի մտահոգություն չկա»: 

                                                                                                                                                                    Արմենը 3 զավակ ունի։ Բաղանիսում նրա ընտանիքն ապրում է բնակարանային ծանր պայմաններում: Արմենի ընտանիքի բնակարանային վատ պայմանների մասին մեզ տեղեկացրեց բաղանիսցի Վեներան:

Արմենն իր  ընտանիքը պահում է միայն զինվորական աշխատավարձով։ «Շատ է, քիչ է՝ դա է»,-ասում է: Արմենի ընտանիքը 15 տարի ապրել է մի փոքրիկ տնակում: Վերջինիս խարխլվելուց հետո անցյալ տարի նա վարկ է վերցրել և տնակի հարևանությամբ  քարե 12 քմ մակերեսով մի  սենյակ է կառուցել:

«Ֆինանսական միջոցներ չունենալու պատճառով չեմ կարողանում տուն կառուցել,  թե չէ տարածքը իմ սեփականությունն է»,- բացատրեց Արմենը: 

Բաղանիսցիներից շատերն են ուզում նոր տուն կառուցել. Նրանք  չեն ուզում  գյուղից  հեռանալ: «Աշխատանք և տուն  չլինելու պատճառով են մարդիկ գյուղից հեռանում: Զուտ դա է պատճառը»,-ասաց Արմենը: Նրա խոսքով՝ Ռուսաստան մեկնողները շահում են: Բայց ինքը գյուղը չի լքել: 

«Մանր երեխեք են ստեղ, էս վիճակում ոնց բրախես, գնաս: Թաղամաս ունենք, որ շրջապատը նայում ես՝ մենակ մի ընտանիք է մնացել էդ ձորում: Որը կարացել է՝ գյուղից գնացել է: Ես էլ էսենց եմ որոշել, 12 տարի է սահմանի վրա եմ, էտենց էլ պետք է մնամ: Չեմ կարող իմ երեք դուստրերին թողնել, գնալ Ռուսաստան»: 

Ռայան նույնպես ծնվել է Բաղանիսում: Նրանք Արմենի հետ հարևաններ են եղել,  սիրահարվել և 1999թ.-ին ամուսնացել են: «Եթե  տուն ունենանք, մենք կստեղծենք մեր ապրուստը, ուղղակի չենք կարողանում տուն կառուցել: Էս սենյակը սարքեցինք, որխեսզի էրեխեքը դոմիկից դուրս գան։ Էստեղ էլ շատ ծանր ենք ապրում, որովհետև Լիանան և Ինեսան հատակին են քնում: Դե ինչ անենք, մեր փոքր տանը մի կերպ հարմարվում ենք»,- պատմեց Ռայան: 

Արմենի ընտանիքը 1 մլն դրամի չափով վարկ ունի փակելու: Գալիս է մի պահ, որ  աշխատավարձն էլ չի հերիքում: Ձմռանը փայտն են առնում, դպրոցի ժամանակ՝ դպրոցական նոր հագուստը, գրենական պիտույքները:

«Եղել է դեպք, ես Արմենին ասել եմ՝ դուրս արի էդ աշխատանքից, գնանք ուրիշ տեղ ապրենք, որովհետև էսենց հնարավոր չի ապրել, բայց ինքը շատ է սիրում Բաղանիսը: Անցյալ տարի գնաց Ռուսաստան, հետ եկավ, ասաց՝ առանց իմ աշխատանքի և ընտանիքի ես չեմ կարող մնալ հեռվում: Արմենը սիրում է, որ միշտ դիրքերում է լինում»,- ասում է Ռայան: 

Արմենն ու Ռայան մի քանի տարի առաջ տուն կառուցելու գործում իրենց աջակցելու համար դիմել են պաշտպանության նախարարին։ Խնդրել են գոնե շինանյութ տան, որ դրանց վրա մի բան էլ իրենք ավելացնեն՝ տուն կառուցեն: Դիմումն անպատասխան է մնացել:

«Արմենը լավ զինվորական է, սահմանի վրա է ծառայում: Բայց նրա ընտանիքի բնակարանային  պայմանները շատ վատն է: Միայն մի բան գիտեմ, որ Արմեն Ամիրյանի և իր ընտանիքի աչքը դուրս չի, որն ամենակարևորն է: Ես գտնում եմ, որ առաջնահերթ պետք է նման ընտանիքին օգնել»,-ասաց Բաղանասի վարչական պատասխանատու Նարեկ Սահակյանը:

Արմենի դուստրը՝ Ինեսան, սովորում է 7-րդ դասարանում: «Ժամանակի ընթացքում մեր պայմանների հետ հարմարվել եմ: Անգլերեն առարկան եմ շատ սիրում, պետք է թարգմանչուհի դառնամ»,-ասաց Ինեսան: Խոստովանեց, որ իրեն դուր չի գալիս գյուղի  դպրոցը. «Ինձ դուր չի գալիս մեր դպրոցը, բայց մեր գյուղը շատ եմ սիրում: Երազում եմ, որ Բաղանիսը շատ ավելի գեղեցիկ դառնա, նորություններ լինեն գյուղում»,- ասաց Ինեսան:

12-ամյա  աղջնակը խոստովանեց, որ թեև ցույց չի տալիս, բայց իր մեջ ներքին վախ կա կարակոցներից: Հիշեց, որ այս ուսումնական տարվա սեպտեմբերի 1-ին ադրբեջանական դիրքերից գնդակոծության է ենթարկվել դպրոցը:

«Ես դպրոցից տուն էի գալիս: Այդ ժամանակ դպրոցի շենքի լուսամուտները ջարդվեցին: Հաջորդ օրվանից մի քանի շաբաթ դասի չգնացինք»:

Լիանան 11 –րդ դասարանում է սովորում: «Դե մեր ընտանեկան պայմանները լավը չեն, էլի: Դաս պատրաստելիս հարմարվում եմ, բայց տանը շարժվելու տեղ չկա: Բնակարանը կարևոր չէ, որ շատ մեծ լինի: Ես կարևորում եմ հարմարությունները»,-ասաց նա: 

Լիանան որոշել է հոգեբան դառնալ:Նա  դպրոցն ավարտելուց հետո գնալու է Երևան սովորելու, բայց չի պատկերացնում, թե առանց իր ընտանիքի ինչպես է ապրելու: 

Ռայան հիշեց, որ  բնակարան կառուցելու գործում իրենց աջակցելու համար անցյալ տարի կրկին գրավոր դիմել  են պաշտպանության նախարարին։ Նախարարությունից պատասխանել են, որ «Բնակարանային հարցով նախարարութոյւնը միայն զոհվածների ընտանիքներին է օգնում»:

«Իմ ընտանիքում ապագա զինվորական չունեմ, բնակարան կառուցելուց հետո նա պետք է ծնվի:  Որպես դիպուկահար ինձ պետք է փոխարինող լինի, թե ՝չէ»,- հրաժեշտին լավատեսորեն ասաց դիպուկահար Արմեն Ամիրյանը: 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ