HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մոխիր բաժանող բժիշկը

Փառանձեմ Հովհաննիսյան

«Հիշո՞ւմ ես` փոքր ժամանակ պատերազմ-պատերազմ խաղալիս բոլորն ասում էին բոյով ես, էլեկտրիկի դերը խաղա, համառորեն բժիշկ էի դառնում, փայտի գործիքները լարում, սաղ կոտորվածներիդ բուժում, էնքան ծիծաղելու էր։ Տատս դուրս էր գալիս կանչում, թե` այ բալա, նորմալ էլեկտրիկ դառի, ինչ ես ընկել զենքերի հետևից։

Գնացինք առաջին գիծ, առաջին անգամը չէր, բայց ուրիշ էր։ Ամեն վիրահատություն անելիս, կար դնելիս հիշում էի փայտի գործիքները, զոհվածներին ոտքի կանգնեցնելու  հրաշքներս, երբ զգում էի` հրաշք չի լինում, ուզում էի տատս դուրս գար բալկոն, կանչեր, թե էլեկտրիկ դառի։

Մի երկու օրից կարծես սովորել էի հրաշքի սպասող իրատեսությանը։

Պայթեց... ժամեր անց տարեց մի մարդ եկավ, ասաց` բժի՛շկ, դու կիմանաս` տղուս` էսինչ էսինչյանի մոխիրը որն ա, տուր տանեմ մորը։ Ցնցվեցի։ Ելք չունեի, պիտի հուսադրեի հորը, հինգ րոպեից էլ շատ կանգնեցի մոխիրների առաջ, թեև այդ օրերին մեկ րոպե անգամ ազատ կանգնելու ժամանակ չունեի, մի տոպրակում լցրեցի մոխիրը, տվեցի հորը` կարծես գիտեի, թե հենց իր տղայինն էր։

Էլի մի քանի ծնողներ եկան, փոքրիկ բռերով մոխիրը լցնում էի տոպրակների մեջ, տալիս` հիմա արդեն ինքս ինձ հուսադրելով։

Հետո մի ձայն լսեցի, թվաց` զոհվելուց չվախեցողս ուղղակի սատկեց ոչնչության պես։ Հարևան էսինչի ձայնն էր, ասաց` գիտեմ, էրեխուս մոխիրը դու լավ պահած կլինես, տուր տանեմ տուն։ Սառել, մնացել էի, իր տղան էր զոհվել, բայց ինքն էր ինձ հուսադրում։

Համոզեց, մոտեցա մոխրին, նայում էի, փորձում գուշակել, թե որտեղ եղած կլիներ զոհվելուց, ժամանակի սղությունը սպանում էր, վերջը որոշեցի աչքիս ամենալավ թվացող մոխիրից մյուսներից ավելի մեծ բուռ լցնել։ Հոր աչքերը փայլեցին, թվաց` վստահ էր` իր որդու մոխիրն է, խիղճս սկսեց տանջել, պիտի պայթեի, եթե չպտտվեր ու չասեր' բալաս, բոլորն էլ իմ տղեքն են, ինչ տարբերություն ում մոխիրն է, բոլորն իմն են, մոր համար ա, թող լացի, սիրտը հովանա։

... -Բալա, էլեկտրիկ դառնայիր, մոխիր բաժանող բժիշկս ում ա պետք,- ամիսներ անց լսեցի տատիս ձայնը։ Չգիտեմ` արձակուրդային ցնցումների օ՞րն եմ անգիտակցաբար պատմել, ու այդպես է ասել, թե՞ ինձ է թվացել, որ այդպես ասած կլիներ, եթե պատմեի»:

Ռազմական բժիշկ ընկերոջս

Լուսանկարը` Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանություններ (1)

Գոհար
Սիրելի Փառանձեմ,առավոտյան ժամի 6-ն է ։հազիվ կարողացա հաղթահարել հուզնունքս։ Կարդալս վերջացրի,մսզոխիստ դարձա; Ցնցող էր․․Նման ցավի նկարագրություն առաջին անգամն էի կարդում։Եվ դա իրականում եղել է․․․․Մեղք․․․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter