HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գևորգ Հակոբյան. «Մենք կանիծվենք, եթե նոր սերնդին հարկադրված միջակության մատնենք»

Արփի Մաղաքյան

Հայազգի օպերային երգիչ Գևորգ Հակոբյանը վերջերս է վերադարձել աշխարհի լավագույն օպերային թատրոններից մեկից` Մարիինյան թատրոնից, որտեղ հանդես է եկել Սիմոն Բոկկաներգրայի դերերգում` Վերդիի համանուն օպերայի մեջ: Այս օպերային քաջատեղյակները գիտեն` որքան դժվար դերերգ է. ամբողջ օպերան հիմնված է գլխավոր հերոսի վրա, դերասանական խորքային ընկալում և ձայնային կատարյալ տեխնիկա է հարկավոր պատվով հանդես գալու համար:

ՀՀ վաստակավոր արտիստը մեծ հաջողություններով է հանդես գալիս ոչ միայն Ռուսաստանում, նա պայմանգրեր ունի կնքած աշխարհի մի շարք առաջատար թատրոնների հետ, ինչպիսիք են Հռոմի, Վալենսիայի, Շտուտգարտի, Տուրինի օպերային թատրոնները: Աշխատում է ամենահայտնի դիրիժորների, արտիստների հետ:

2016թ-ին Քիլի օպերային թատրոնում հանդես է եկել Պուչինիի «Տոսկա» օպերայում ` խաղալով 17 ներկայացում։ Գերմանական Theater-kiel-ը գրել է. «Հայազգի երգիչ Գևորգ Հակոբյանը, ով վերջերս Քիլի Ամառային թատրոնում ներկայացրեց Նաբուկոյի կերպարը, կրկին տպավորեց իր չափազանց հզոր բարիտոնով և ինտենսիվ, հոսող լեգատոյի կատարողական մշակույթով: Նույնիսկ Te Deum հատվածում, որտեղ օպերայի, մանկական, երիտասարդական երգչախմբերը իրար հետ միասին ապահովում են հզորագույն հնչեղություն, նա լսելի է»։

Իսկ Իտալիայի օպերային սիրահարները երգչի Նաբուկոն ունկնդրել են 2016 թվականի նոյեմբերին` 5 ներկայացում, ելույթը կարևոր է նրանով, որ իտալական օպերային գերտերությունը ընտրում է այլազգի կատարողի` իրենց մշակույթը իր հանդիսատեսին մատուցելու համար:

Երաժշտաքննադատները իտալական մամուլում արձագանքում են. «Բեմում բոլորի վրա իշխում էր հայ բարիտոն Գևորգ Հակոբյանը դիապազոնի հավասար հնչեղությամբ, երգեցողությամբ և դերասանական հզոր խաղով: Բրավիսսիմո»:  

«Բոլորից առանձնանում էր հայ բարիտոն Գևորգ Հակոբյանը: Հրաշալի Նաբուկո` հարուստ վոկալ կատարողական նրբերանգներով, ապահով՝  ձայնի բոլոր ռեգիստրներում: Մեծ խորություն ունեցող երաժիշտ»,- գրել է Picusonline-ը:  

Դրսում հասած հաջողությունները և հրավերներն անխոս կարևոր են արտիստի համար, սակայն Հակոբյանն ասում է, որ երբեք չի մտածում հայրենիքից տեղափոխվելու մասին: Նա անընդհատ մտածում է հայրենի մշակույթը բարձրացնելու, նոր հեռանկարներ, պատուհաններ բացելու մասին:

Մեներգիչն ասում է, որ Օպերայի և Բալետի թատրոնը որոշ ժամանակ է` նոր գեղարվեստական ղեկավար ունի` Կոնստանտին Օրբելյանը և ինքը մեծ հույսեր է կապում մաեստրոյի հետ։  

Սակայն կա մեկ այլ մեծ խնդիր, որը շատ է մտահոգում Հակոբյանին. «Աշխարհի լավագույն բեմերում երգում, պարում, ստեղծագործում են Հայաստանում ուսում ստացած արտիստներ: Ցավոք այս սերնդին մեծացնող, կրթություն տվող ուսուցիչները մեծացել են կամ արդեն հեռացել կյանքից: Փաստորեն նրանց լավագույն սաներից շատերը հեռացան երկրից ու լցրեցին աշխարհի առաջատար թատրոնների բեմերը: Այ սրա մասին պետք է մտահոգվենք: Սա ազգային մեծ, խոշորագույն խնդիր է: Այսօր կանգնած ենք անդունդի եզրին, վտանգված է մեր մշակութային ապագան։

Այդ արտիստները շուտով տարիք են առնելու, բնականաբար այնտեղ, որտեղ աշխատում են, ճանաչված են, դասավանդելու հրավերներ են ստանալու: Մեր պատկան մարմինները պետք է այսօր մտահոգվեն, արդեն այսօր քայլեր ձեռնարկեն` նրանց այստեղ աշխատանք առաջարկելով: Մենք պարտք ունենք գալիք սերնդի առաջ: Մենք կանիծվենք, եթե նոր սերնդին հարկադրված միջակության մատնենք»,- ասում է Հակոբյանը:
Նա ամեն ինչ անում է, որպեսզի իր արտիստական հագեցած կյանքը չխանգարի դասավանդել ՀՀ պետական կոնսերվատորիայում:

Գևորգ Հակոբյանին 2017թվականի ընթացքում կարելի է ունկնդրել .

  • Հռոմի օպերային թատրոն (Teatro dell'Opera di Roma)` Ջորդանոյի «Անդրեա Շենյե» օպերայում Ժերարի դերերգով (6 ներկայացում), ապրիլի 21-մայիսի 02-ը: Սկարպիայի դերերգով «Տոսկա» օպերայում (5 ներկայացում) հոկտեմբերի 12 – 24-ը:
  • Հռոմի «Կարակալա» փառատոնում` Նաբուկոյի դերերգով (5 ներկայացում) հուլիսի 25- օգոստոսի 09-ը
  • Շտուտգարտի պետական օպերային թատրոնում (Staatsoper Stuttgart) Կոմս Տոմսկի,
  • Չայկովսկու «Պիկովայա դամա» օպերայում (7 ներկայացում) սեպտեմբեր 22 – հոկտեմբեր 31-ը:
  • Հայաստանի Օպերայի և Բալետի ազգային ակադեմիական թատրոնում փետրվարի 22-ին Ալեկոյի դերերգում` Ս.Ռախմանինովի համանուն օպերայում: Հետևելով թատրոնի ընթացիկ խաղացանկին` կգտնեք այլ ներկայացումներ, որի ընթացքում հանդես է գալիս արտիստը:



Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter