HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայաստանի քաղաքացին պիտի զգա, որ ինքն է այն ռեսուրսը, որի վրա խաղում են»

Հարցազրույց հրապարակախոս Զառա Հովհաննիսյանի հետ

-Զառա, ըստ Ձեզ, հիմա Հայաստանի ներքաղաքական դաշտում ի՞նչ զարգացումներ են:

 -Իրականում պրոցես է, և այն տպավորությունը, թե Հանրապետական կուսակցությունը մոնոլիտ ինչ-որ կառույց և անառիկ բերդ է, այս պրոցեսներում ցույց է տրվում, որ այդպես չէ: Եվ այնտեղ մարդիկ կային, ովքեր այս պահին ցույց են տալիս իրենց ունեցվածքը՝ և՛ ֆինանսական, և՛ տնտեսական ազդեցությունները, և՛ կապերը:

-Ո՞ւմ նկատի ունեք, օլիգարխիայի՞ն:

-Իհարկե, ինչպես նաև Հովիկ Աբրահամյանին, ով այսօր ռոմանտիկ խոսում է ֆեյսբուքներում: Ամենածիծաղելին այն է, որ այդ բոլոր գետերն ու առվակները տարիներ շարունակ նրանք փութաջանորեն պղծել են տարբեր բիզնեսներով՝ սկսած հէկերից, ձկնաբուծարաններից, և հիմա դեռևս կարողանում են այդ ամենը որպես իրենց ռեսուրս, որպես իրենց հայրենիք մատուցել հանրությանը: Շատ վատ կողմն այն է, որ, իսկապես, չկա նոր բան ասող կամ նոր գաղափարներ շոշափող շեշտ: Եթե տարիներ շարունակ կային քաղաքացիական ակտիվիստական խմբեր, որոնք ավելի շատ առանցք էին դարձնում արդարության, հանրային սեփականության, հանրային տարածքների և սոցիալական արդարության խնդիրները, այս պահին չկա դա: Եվ ստացվում է, որ և՛ մրցակցությունը, և՛ բախումը ունեցվածքի վերաբաշխման համար է: Սա որևէ կապ չունի ժողովրդի հետ:

Նրանցից որևէ մեկը ցանկություն չունի մի շերտի կյանքը լավացնելու, ընդամենը լուծում են իրենց ազդեցությունների, գոտիների վերաբաշխման հարցը: Ամեն մեկը տարիներ շարունակ կառավարած իր ռեսուրսը փորձում է ցույց տալ, որ դա իրենն է, և ինքը միայնակ չէ, որ պիտի դուրս գա համակարգի դեմ, ինչպես նաև այն, որ ռեսուրսը չի կարող կառավարել որևէ մեկը, ինչպես ինքն է դա արել:

Տարիներ շարունակ բրգաձև համակարգեր են եղել, նույն բանակը՝ վերևում Սեյրան Օհանյանն էր, և ըստ պաշտոնական իրենց դիրքի՝ գեներալիտետ, սպայակազմ, շարքային զինվոր… Նրանք պատկերացնում են, որ այդ բուրգը դեռևս կա, և այդ ռեսուրսն իրենցն է:

-Բայց ի՞նչն է պատճառը, որ բուրգը քայքայվում է:

-Ամենակարևոր պատճառներից մեկը ապրիլյան պատերազմն էր, որ ցույց տվեց , որ բուրգի գլխին կանգնած անձը չի տիրապետում իրավիճակներին, այն ամենաթողությունը, որ եղել է, այն խաղի կանոնները, որոնք եղել են, ամբողջովին ցույց են տալիս իրենց անպիտանությունը՝ և ՛ազգի, և՛ ժողովրդի, և ՛ պետության համար: Մինևնույն ժամանակ այդ ամենաթողության հետևանքով ունենում ենք կորուստներ, որոնք շրջվում են իրենց դեմ: Իրենք հիմա ուզում են չզգալ կորուստների մեղքը, գցել մեկի վրա: Սա՝ այն դեպքում, երբ տարիներ շարունակ գործել են այդ համակարգի ներսում՝ և ՛ մեղսակից են, և՛ համագործակից: Իմ պատկերային նկարագրություններում դա միշտ կոչել եմ հանցագործության շղթա, որի մեկ օղակը չի կարող մնալ մաքուր կամ իրեն հանելու դեպքում չի կարող ասել, որ ինքը մեղավոր չէ: Տարիներ շարունակ այսպիսի շղթա են կառուցել, որի հետևանքները եղան կոռուպցիայի սարսափելի դրսևորումները տարբեր ոլորտներում, որոնք կրկին պետականաշինության գործընթացի ամբողջովին տապալումն էին: Բանակաշինության գործում այն միակ կառույցը, որ թափահարում էր ազգ-բանակ կոնցեպտները, ապրիլյան պատերազմի ժամանակ դարձյալ տեսանք, որ սարսափելի խորշեր ունի: Ամեն մեկը փորձում է իրեն այդ շղթայից դուրս դնել, ինչը ծիծաղելի տպավորություն է թողնում:

-Ի՞նչ եք կարծում, օլիգարխիայից ազատվելով, երիտասարդ, նոր կերպարներ ընդգրկելով, ՀՀԿ-ն նոր իմի՞ջ է ստեղծում:

-Երիտասարդ կերպարները Սերժ Սարգսյանի ներքո չեն կարող հանդես գալ, միակ տարբերակն այն է , որ Սերժ Սարգսյանն էլ դուրս գա, Հանրապետականը հավաքվի Կարապետյանի առանցքի շուրջ, բայց դա արդեն Հանրապետական չի լինի: Հանրապետականը մի քանի անգամ մոդիֆիկացիայի է ենթարկվել. առաջինը Նավասարդյանի ժամանակ էր, երբ Հանրապետական ձևավորվել էր կռված տղաներից, դրանից հետո Վազգեն Սարգսյանն ուզուրպացրեց  Հանրապետականը՝ ապահովելով պետական պաշտոնյաների ներհոսքը, երրորդ անգամ ուզուրպացրեց Սերժ Սարգսյանը, և հիմա չորրորդ անգամ, չգիտեմ, խաղա՞ղ կփոխանցեն Կարապետյանին, թե՞, այնուամենայնիվ, պիտի դիրեկտիվ մոտեցում լինի Ռուսաստանից, որպեսզի Կարապետյանը տիրապետի այդ Հանրապետական կոչված ռեսուրսին, բայց դա չորրորդ ուզուրպացիան է լինելու: Սա տարբերակներից մեկն է, Հանրապետականի փրկօղակներից մեկը, որի միջոցով նորից կարող է մնալ որպես իշխող կուսակցություն, հակառակ դեպքում՝ չգիտեմ, թե ինչ կարող է լինել, որովհետև Սերժ Սարգսյանի ներքո այդ ամենը կառուցելն իրականում վտանգավոր է իրենց համար, մանավանդ որ տեսնում ենք՝ բուրգի տարբեր կառույցների վերնախավում կանգնած մարդիկ արդեն ցուցադրում են իրենց պոտենցիալն ու, ինչու չէ, մարդկային ռեսուրսը:

Հանրապետականի ելքերից մեկը, որ ինչ-որ տեղ հանրության հետաքրքրությունն էլ, միգուցե հույսն էլ շարժի կամ հակառակը` անտարբերության կմատնի, դա Կարապետյանի շուրջ հավաքվելն է:

-Կարապետյանի մասին եք խոսում, բայց մինչ օրս բացի հայտարարություններից որևէ գործողություն չի եղել նրա կողմից: Ինչո՞ւ հայտարարություններին համարժեք գորոծղություններ չկան:

-Նա գործողություն չի անի, դա իրեն պետք չէ, որովհետև հիմա Հանրապետականի ներսում տեղի է ունենում ուզուրպացիայի պրոցես, եթե գործողություն անի, սկսելու են վախենալ, լարվել իր դեմ: Քանի որ հիմա վերաբաշխման պրոցեսն է, ինքը պիտի շահի օլիգարխիայի համակրությունը, որը ռեսուրսի տիրապետողն է: Այդ նույն օլիգարխիան գիտեք, թե ինչքան աշխատող ունի, որոնց վրա կարող է ազդել և դուրս բերել փողոց: Եվ երկրորդ՝ Մոսկվային դա պետք չէ, ինչի՞ համար հանրային հուզումներ առաջացնեն, իբր իրենց համակարգը քի՞չ կոռումպացված է:

-Իշխանության ներսում գտնված նախկին պաշտոնյաների կողմից սկսած գործընթացը իրակա՞ն, թե՞ բեմադրված եք համարում:

 -Հակաիշխանական չի կարող ձևավորվել, որովհետև բոլորն իշխանության մաս են կազմել և իշխանության ներսում ունեն իրենց ռեսուրսները, այստեղ խնդիրն այն է, թե ամեն մեկն ինչպես ցույց տա իշխանության ներսում իր ռեսուրսը, և հանուն իշխանության պայքար մղեն:

-Այսինքն՝ ինչ-որ թելերով շարունակո՞ւմ են կապված մնալ իշխանությանը:

-Բնականաբար, բոլոր թելերով: Հանցավոր շղթան բավական լուրջ կապ է, որը բերում է աղետալի հետևանքների, եթե անգամ փորձես կտրել, իրենք չեն թողնի, որ կտրեն: Լուրջ պրոցես է, բայց դա կապ չունի ժողովրդի կյանքի լավացման, հանրային սեփականության վերադարձի կամ հանրային ունեցվածքի արդարացի բաշխման հետ: Դա կապ ունի վերնախավերում կատարվող վերաբաշխումների հետ:

Առաջին ընտրություններն են, որ հասարակությունն ամբողջովին դուրս է մնում այս պրոցեսից: 2012-ին էլի կային, ՀԱԿ-ն էլ կար որպես այնպիսին, որ դեռևս կենդանության ինչ-որ նշաններ էր ցույց տալիս, որոնք ավարտվեցին Ծառուկյանի հետ տարբեր տիպի համագործակցության հնարավորություններով, բայց ամեն դեպքում Մաշտոցի պուրակ կար, շատ կարևոր խմբեր կային:

-Ի՞նչ սպասելիքներ պիտի ունենա ՀՀ քաղաքացին ընտրություններից:

-Կարծում եմ՝ որևէ սպասելիք պիտի չունենա, որովհետև ցանկացած սպասելիքի դեպքում պատրանքների փլուզման կարժանանա, կլինի այն, ինչ նրանք մոդելավորում են: Միևնույն ժամանակ Հայաստանի քաղաքացին պիտի զգա, որ ինքն է այն ռեսուրսը, որի վրա խաղում են, երբեք չմտնի այն խաղերի մեջ, որոնք իրենից խլածներն են վարում, որ ընտրակաշառքն իրենից խլված սեփականության մեկ հազարերորդ մասնիկն է, որն իրեն հետ են շպրտում: Եվ կարծում եմ, որ քաղհասարակությունը շեշտադրումը պիտի դնի հենց դրա վրա, այլ ոչ թե դիտորդական, թե ինչքանով է ընտրությունն արդար գնում, մեղադրել, որ հասարակությունն էլի փող վերցրեց, գնաց: Պետք է մեսիջը տեղ հասցնել հասարակությանը, որ այն, ինչ քեզ որպես բարեգործություն, որպես ընտրակաշառք վերադարձվում է, քեզնից խլվածի մեկ հազարերորդ մասն է, և դու կարող ես քո երկրի համասեփականատերը դառնալ քո գործողություններով: Հիմա հասկանում եմ, որ դա շատ դժվար է հասկացնել ամենաընչազուրկ քաղաքացուն, որը որևէ բան չունի, և այդ 5 հազար դրամը երկնքից կախված մանանա է, միևնույն ժամանակ հույժ կարևոր եմ համարում այս ընտրարշավի ժամանակ, երբ բոլորի առանցքը կազմելու են ռազմահայրենասիրական և պոպուլիստական կոչերը, հանրությանը հասցնել սոցիալական արդարության վերաբերյալ մեսիջներ:

-Լավատեսական տարր կա՞:

-Լավատեսական տարրն այն է, որ նույն հասարակությունը չի խաղում, դուրս մղված դիտորդի կարգավիճակում է:

-Հոգնե՞լ է:

-Չէ, չի հոգնել, լավ էլ քննարկում է, հույսն այն է, որ կգա մի պահ, երբ կասի՝ գիտեք, սա իմ երկիրն է, ձեր խաղերը ձեզ մնան, և ամբողջ այդ էլիտար շրջանակը չի իմանա, թե ում վրա հենվել:

Լուսանկարը՝ Զ. Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter