HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վախերը

Փառանձեմ Հովհաննիսյան

Առաջին անգամ ե՞րբ եք լցվել վախերով։ Ես` մեծ քաղաքում։ Երբ մեր փոքրիկ գյուղից առաջին անգամ մայրաքաղաք եկա, թվում էր` ոչինչ չի փոխվի իմ կյանքում, ուսումս կավարտեմ, կվերադառնամ մեր անվախների գյուղը։

Միակ բանը, որից վախեցա մեր գյուղում մի անգամ, մութն ընկած ժամանակ գերեզմանատնից պահմտոցի խաղալուց վերադարձին հարևանիս տղայի այս նախադասությունն էր մեր տան մոտ` դարպասը զգույշ կբացես, կմախքը ծառից չընկնի վրադ։ Այն էր` դարպասը բացեցի, թե չէ, թվաց` կմախքը դուրս եկավ դիմացս. հայրս էր, որ դարպասը բացելու էր եկել։

Երևանում ձեռք բերեցի առաջին լուրջ վախերս։ Մի անգամ ընկերական մի խմբում մի երկու բան պատմեցի գիշերները գերեզմանաքարերի հետևում խաղալու, գայլի ձագերին սիրելու, օձերի հետ ընկերություն անելու մասին, և դա իմ կյանքի մեծագույն սխալներից էր։ Հերիք չէր մեկ հոգի ուշաթափվեց, իսկ մինչ շտապօգնության մեքենան ժամաներ, մյուսները հասցրեցին այնքան անհանգստություններ, վախեր ներարկել, կարծես նոր պիտի մանկանայինք, գնայինք գերեզմանները, գայլուկներին բռնեինք Երկար արտերում կամ էլ հայրիկի հետ օձերին հետևեինք։

Հետո, որքան էլ այլևս որևէ վախենալու բան չէի պատմում, ինքս էլ չհասկացա ինչպես վախերը լցվեցին մեջս։ Երևի այդպես է լինում կամ մեծանալիս կամ մեծ քաղաքում հայտնվելիս։ Մանկական երկաթուղի սկսեցի գրեթե չգնալ երեկոյան, հատկապես մենակ, սկսեցի քիչ հիշել «վախենալուներին», հատկապես, երբ նախկինում դրանք հիշում էի մի քիչ լիցքաթափվելու, ժպտալու համար։ Անգամ սկսեցի տանը մենակ գիշերելուց խուսափել, հիմա էլ ապահովագրել եմ ինձ՝ ամուսինս «ձախ» գնալիս գիշերով չի անի, գիտի՝ մենակ մեկ գիշեր անգամ չեմ ձգի։

... Դեռ մեր հին գյուղում տատս միշտ տնեցիներին ասել է, որ օձ է իրեն հետևում, բոլորը լսում էին այդ օձի ձայնը հատակի տակից, բայց ոչ ոք երբեք չէր տեսել նրան։ Երբ տեղափոխվեցին նոր գյուղ, ներկայիս հայրական տունը կառուցեցին, տատս էլի վստահ էր՝ օձը իր հետ եկել է։ 1977-ին տատս մահացավ, օձը մնաց։ Մի անգամ հետևի սենյակի հատակի տախտակներից մեկը պոկվեց, հայրս հինգ ժամ նստեց պոկված տախտակի ճեղքի մոտ մինչ մեր հարևան ուստա Կրիքորը կպատրաստեր պոկված տախտակի չափսի տախտակ, կռանդեր ու կբերեր ամրացնելու։ Մայրս էլ, եթե երբեմն ասում էր, թե օձի ձայն է լսում, հայրս հանդիմանում էր, թե՝ հո մեր պառավը չես, նա էլ էր սաղ վախտ օձի ձայն լսում։

Մինչ Երևան գալս ուրախանում էի այդ զրույցների, լսած-չլսած ձայների վրա, ուսանողությանս տարիների երկրորդ արձակուրդին զգացի, որ մի տեսակ վախենում եմ, վախերս այնքան սրվեցին, որ հետագա տարիներին նախընտրեցի մոռանալ, չլսել օձի մասին ցանկացած բան։

... Հայրական տանը գյուղական խորը գիշեր է, ես ու մայրս քնել ենք, ժամը 02:08-ից լսում ենք՝ կըռթ, կըռթ ու տառապանք հիշեցնող, կարծես միջից պոկվող ձայներ, ճթոց, կռթոց, օձի ձայներն ավելի ու ավելի տառապալից էին դառնում, թեև հատակի տակից էին ձայները, երկու մետր ներքև երևի, բայց կարծես մահճակալիս մոտ տառապեր։ Տառապեց, աղեկտուր լաց եղավ մինչև լուսաբաց, ժամը 05:30-ին մոտ մի վերջին կռթոց հանեց, թվաց՝ պայթեց ու լռեց... Վերջապես ես ու մայրս քնելու շանս ունեցանք, ննջելուս պես երազ տեսա՝ Օձը վերնագրով ինչ էի գրում, ուր ամփոփեցի և օձի վերջին կռթոցի հետ մարեց Փառանձեմ տատիս կենդանի մնացած վերջին զավակը՝ Պալոն։

Սարսափահար արթնացա, պատմեցի մայրիկիս, մինչ նա ասեր, թե օձի գիշերային խրախճանքների ազդեցության տակ եմ երազ տեսել, հեռախոսազանգը լուր բերեց՝ հորական տնից վեց տուն այն կողմ գիշերվա ժամը երկուսից մինչև հինգը տառապալից, ծանր տնքոցներից հետո մարեց տատիս վերջին երեխայի շունչը, Պալոն գնաց՝ չիմանալով, կամ ով գիտե` գուցե և լավ էլ իմանալով, որ պապենական, կամ որ ավելի ճիշտ է՝ տատենական օձը տառապեց իր հետ ու լռեց իր հետ, միայն թե դեռ չգիտենք` Պալոյի պես առհավետ, թե...։

Առաջին վախերն ինձ համակեցին մեծ քաղաքում, իմաստուն օձից նախկինում երբեք չէի վախենա, իսկ տառապանքի գիշերը, թվում էր, չեմ լուսացնի... այլևս չեմ կարող ապրել անվախների փոքր գյուղերում, չափազանց շատ եմ փոքրացել մեծ քաղաքների վախկոտությունս մի կողմ դնելու և խաղաղ մթության մեջ ապրելու համար։ 

Մեկնաբանություններ (1)

Փառանձեմ
Մեկնաբանությունը...Հրաշալի էր, ես էլ վախեցա

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter