Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

«Նախկին վարչապետի ընդդիմադիր կարիերան ՀՀԿ-ական Հայաստանում կարող է ընդամենը մի քանի ժամվա կյանք ունենալ»



«Հետքի» հարցերին պատասխանում է կոնֆլիկտաբան Արսեն Խառատյանը

-Առնետավազք, իշխանական նավի խորտակում, ՀՀԿ-ի նոր իմիջի ձևավորում. վերջին օրերին այս և այլ ձևակերպումներով են բնութագրում Հայաստանի ներքաղաքական կյանքի զարգացումները: Ձեր բնորոշումը ո՞րն է: Ի՞նչ ենթաշերտեր են թաքնված այդ գործընթացների տակ:

-Վստահ չեմ, թե Հովիկ Աբրահամյանի ՀՀԿ-ից դուրս գալը կարելի է առնետավազք որակել, ի վերջո, նավի խորտակման նախանշաններ, կարծես թե, դեռեւս չկան: Ակնհայտ է, սակայն, որ Սերժ Սարգսյանն արդեն մի քանի տարի է, ինչ փորձում է իր ղեկավարած կուսակցությունում փոխատեղումներ անել՝ մասնավորապես իր փեսայի՝ Միքայել Մինասյանի անմիջական շրջակայքում եղած անձանց եւ երիտհանրապետականներին անկյունաքարային պաշտոններում նշանակելով:

Այս տեսանկյունից հիմնական փորձաքարը ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններն են լինելու, քանի որ մինչ այս ընտրակեղծիքների եւ ՀՀԿ-ի համար ցանկալի արդյունքներն ապահովելու համար հենց Հովիկ Աբրահամյանի կամ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նման «ուժեղներ»-ի դերակատարությունն անկյունաքարային է եղել: Այժմ եթե ընտրությունների են գնում առանց վերջինների ներգրավման, կարելի է ենթադրել՝ այնքան վստահություն ունեն, որ առանց իրենց հատուկ բիրտ ուժի կարողանալու են ընտրություն կազմակերպել, ինչը, սակայն, կարող է փոխվել:

-Վերջին ամիսներին մենք տեսանք իշխանության մեջ գտնվող օլիգարխ-պաշտոնյանների՝ իշխանությունից հեռացնելու կամ հեռանալու դեպքեր: Ինչի՞ն են ուղղված այդ քայլերը՝ ըստ Ձեզ:

-Դեռեւս վերջնականապես պարզ չէ՝ Հովիկ Աբրահամյանը ի՞նքն է հեռացել իշխանությունից, թե՞ նրան չեզոքացրել է Սերժ Սարգսյանը, սակայն երկու դեպքում էլ Աբրահամյանի՝ հանրության աչքերում ընդդիմադիր դառնալը չափազանց դժվար եմ պատկերացնում, եթե ոչ անհնարին: Սա մի կողմից չի ստացվի անկախությունից ի վեր քաղաքական բոլոր իշխանությունների հետ ունեցած հանցավոր անցյալի, մյուս կողմից՝ իր եւ իր ընտանիքի մասնավոր ունեցվածքի պատճառով: Եթե նշվածներին էլ գումարենք այս տարիների ընթացքում իր եւ իր մերձակայքի դեմ կուտակված կոմպրոմատի «փաթեթները», ապա նախկին վարչապետի ընդդիմադիր կարիերան ՀՀԿ-ական Հայաստանում կարող է ընդամենը մի քանի ժամվա կյանք ունենալ: Կարծում եմ՝ կհամաձայնեք, որ Հովիկ Աբրահամյանը ճաղավանդակների ետեւում քաղաքական պայքարից կխուսափի, սակայն նույնիսկ եթե սկզբունքորեն չբացառենք նման հնարավորությունը, ապա դժվար եմ պատկերացնում նրա քաղբանտարկյալ դառնալու հնարավորությունը Սասնա ծռերի ու Ժիրայր Սեֆիլյանի կողքին:

-Ապրիլյան ընտրություններն ի՞նչ հնարավոր փոփոխություններ կբերեն մեր երկրում:

-Այս պահին դժվար է որեւէ կոնկրետ կանխատեսում անել, քանի որ կարծես հիմնական զարգացումները դեռեւս առջեւում են: Նախընտրական գործընթացներում ԲՀԿ-ի հետ նորաթուխ «ընդդիմադիրների» ինչպիսի հնարավոր միավորում կլինի՝ կտեսնենք առաջիկայում, սակայն չեմ կարծում, որ այս խմբի հետ մեր ժողովուրդը լուրջ հույս է կապելու: Մյուս կողմից էլ ակնհայտ է, որ այս պահին իշխանությունից դուրս կամ դրա սատելիտը չհանդիսացող որեւէ առանձին ուժ՝ կուսակցություն, լուրջ արդյունքներ արձանագրելու հնարավորություն ունի: Ըստ իս, այս պահին ընդդիմադիր ձայների մեծ մասը ստանալու եւ առաջիկա խորհրդարանում ծանրակշիռ ներկայություն ունենալու իրական հավակնություն կարող է ունենալ «Ելք» դաշինքը, որը, սակայն, պետք է լուրջ ջանքեր գործադրի՝ ունեցած ռեսուրսները հնարավորինս ճշգրիտ կիրառելով՝ հանրային լայն կոնսոլիդացիա ապահովելու համար:

-Քաղաքացին ի՞նչ է շահելու այս գործընթացներից, առհասարակ, առաջիկա ընտրություններից:

-Անկախությունից ի վեր մեր հանրությունը կորցրել է ընտրությունների միջոցով փոփոխության հասնելու հույսը, ինչը հասկանալի է, քանի որ մինչ այս ընտրական գործընթացների արդյունքում նման փոփոխությունը հնարավոր չի եղել: Թե որքանով հնարավոր կլինի նման փոփոխությունը ապրիլյան ընտրությունների արդյունքում, դժվար է ասել, սակայն ո՞րն է դրա այլընտրանքը, բռնությո՞ւնը, ահաբեկչությո՞ւնը: Անձամբ ինձ համար վերջինները հեռանկար չունեն, ոչ միայն քանի որ ընդունելի չեն, այլեւ այն պատճառով, որ մարտի 1-ից հետո անպատիժ մնացած ու Եվրասիական միություն կոչվող ակումբում հայտնված Սերժ Սարգսյանի իշխանությանը նման միջոցներով հեռացնելն այսօր հնարավոր չէ:

-Ո՞րն է այլընտրանքը:

-Ընտրություններին մասնակցելն ու ՀՀԿ-ին ոչ ասելը: Հնարավորինս պահպանել քաղաքացու ձայնն ու համատեղել ուժերը գործընթացի վերահսկողության շուրջ:

-Հակառակ դեպքում ի՞նչ կլինի:

-Այն, ինչ մինչ այս՝ մեր երկրի բնակչությունը կշարունակի համալրել սփյուռքի հայ համայնքների շարքերը, առավելապես Ռուսաստանում, շենացնել այդ երկրները, իսկ Հայաստանի գողապետերը՝ շարունակել թալանը՝ էլ ավելի խորացնելով պետության արդեն իսկ վտանգված գոյության հեռանկարը:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ