Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

«Վեոլիա ջրի» միակ խոստումը սպառողներին՝ առաջիկա տարիներին շարունակաբար կբարձրանա խմելաջրի սակագինը



Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը խմելու ջրի նոր վարձակալի՝  «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի պահանջի հիման վրա 2017 թ· հունվարի 1-ից ջրի սակագինը սահմանեց 180 դրամ (խմելու ջրի մատակարարում՝ 153 դրամ, ջրահեռացման սակագինը՝ 27 դրամ): «Երեւան ջուր» ընկերության սպառողների համար ջուրը թանկացավ 9,75 դրամով  (2016թ.-ին սակագինը170.25 դրամ էր կազմում) եւ սա վերջնականը չէ: «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին տրամադրված լիցենզիայի պայմանագրով ջրի իրական սակագնի հաշվարկը կատարվելու է վարձակալության պայմանագրի երկրորդ տարվանից 2019 թ·-ից:

Ջրային ոլորտն ուսումնասիրողներն առաջիկա 5 տարիներին խմելու ջրի սակագնի շարունակական եւ զգալի աճ են կանխատեսում: «Հայաստանում ջրային ծառայությունների հասանելիության, որակի եւ հուսալիության բարձրացման համար անհրաժեշտ է սակագների բարեփոխում: Քանի որ ծառայությունների բարելավման նպատակով վերցված մի շարք խոշոր վարկերի արտոնյալ ժամկետն ավարտվեց 2015 թ.-ին, ուստի ջրի սակագինը զգալիորեն կբարձրանա»,- ասվում է Համաշխարհային բանկի 2016 թ·-ին հրապարակած «Աջակցություն հարկաբյուջետային արդյունավետ կառավարմանը» հետազոտության մեջ:

Կառավարությունը 2016 թ· հոկտեմբերի 27-ի արձանագրային որոշումով  5 ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի եւ  գույքի օգտագործման իրավունքը 15 տարով վարձակալության հանձնեց ֆրանսիական «Վեոլիա Օ Կոմպանի Ժեներալ Դեզ Օ» կոմանդիտային բաժնետիրական ընկերությանը:

 Նոր օպերատորի մրցույթ հայտարարելուց առաջ Կառավարությունը որոշեց միավորել Հայաստանում խմելու ջրի մատակարարում իրականացնող 5 ընկերությունների սպասարկման տարածքները եւ հանձնել մեկ օպերատորի: Թե ինչ նպատակ էր հետապնդում խմելաջրի ցանցի մոնոպոլացումը, չհստակեցվեց: Գործադիր իշխանությունը մեկ այլ որոշումով նրանց սպասարկման տարածքում գտնվող համայնքերին պարտավորեցրեց պետությանը վերադարձնել խմելաջրի ողջ համակարգը:

Որոշ համայնքներում ավագանին ճիշտ չէր համարում առանց նախապայմանների գույքը վերադարձնելը: Սակայն, վերջնահաշվարկում որեւէ բացատրություն չստանալով Կառավարության հիշյալ նախաձեռնության մասին, մեծամասնությամբ քվեարկում էին գույքը փոխանցելու օգտին եւ առանց նախապայմանների,  փոխանցեցին Հայաստանի Հանրապետությանը: Լավագույն դեպքում, հույս հայտնելով, որ կբարելավվի ջրի որակը, եւ ցանցն ամբողջովին կհիմնանորոգվի:

Սպառողների թիվը՝ ըստ ընկերությունների

Վեոլիա» ընկերությունը Հայաստանում

«Վեոլիա ջուր» ընկերության հետ հայաստանցի սպառողի ծանոթության սկիզբը դրվեց 10 տարի առաջ: 2006-2016 թթ·-ին մայրաքաղաքի եւ հարակից 32 համայնքների ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը վարձակալության էին հանձնվել «Վեոլիա Օ Կոմպանի Ժեներալ Դեզ Օ» ըկերության խմբի մեջ մտնող Veolia Water ընկերությանը: Ֆրանսիական այս ընկերությունն, ըստ էության, Հայաստանում ներկայացված էր միայն «Երեւան Ջուր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Պասկալ Ռուայեի անձով: 2011-ին, Երեւան քաղաքի Նուբարաշեն 11-րդ թաղամասում խմելու ջրի զանգվածային թունավորման դեպքից եւ ընկերության ներսում կատարվող ֆինանսական խոշոր չարաշահումները բացահայտվելուց հետո նա հեռացավ Հայաստանից՝ ընկերության կառավարումը բացառապես թողնելով տեղացիներին:

Տարիներ առաջ մեր հրապարակումներից մեկում ներկայացրել էինք, որ «Երեւան ջուր» ընկերությունում, գլխավոր տնօրենի կամքին հակառակ, ստեղծվել էր վերահսկողության տնօրինություն, որն ստուգումներ էր իրականացրել «Երեւան ջուր» ՓԲԸ-ի սպասարկման տարածքի 1/4 մասում՝ մայրաքաղաքի 7 համայնքներում եւ շրջակա մի քանի գյուղերում, որի արդյունքում հայտնաբերել էր 15 305 խախտում:

Ամենատարբեր բնույթի խախտումներից ու չարաշահումներից բացի, հայտնաբերել էին  մի շենք, որի բնակիչները բաժանորդ չէին, Զովունի այգեգործական ընկերության ողջ բնակչությունը ջրի վարձ չէր վճարում, նրանց թվում էր «Երեւան Ջուր» ընկերության Հաճախորդների հետ փոխհարաբերությունների տնօրեն Գագիկ Մարգարյանը եւ այլն: Վերահսկողության տնօրինության հաշվարկով՝ ապօրինությունների հետեւանքով գրանցվող ջրի կորուստը մեկ ամսվա հաշվարկով կազմում էր մոտ 260 մլն ՀՀ դրամ, որը Երեւանում ամեն ամիս հավաքագրվող գումարի ավելի քան 30%-ն էր:

Այս բոլորը «Երեւան Ջուր» ՓԲԸ-ն ներկայացնում էր որպես առեւտրային կորուստ:

Հրապարակման մեջ ներկայացված թվերի նկատմամբ իրավապահներն ու վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարությունը առերեւույթ հետաքրքրություն չցուցաբերեցին: Այդ վիճակը պահպանվում է նաեւ այսօր եւ, համոզված ենք, շարունակվելու է «Վեոլիա ջուր» ընկերության կառավարման 15 տարիներին: Այն պարզ պատճառով, որ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն կառավարում է «Երեւան ջուր» ընկերության աշխատակազմը: Մրցույթային հայտում հիշյալ ընկերությունը ներկայացրել է կառավարող անձնակազմին, որից երկուսն են ֆրանսիացի, եւ հայտնի չէ, նրանք կտեղափոխվե՞ն Հայաստան, թե՝ ոչ:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ «Երեւան ջուր» ընկերությունը հրաժարվեց մոնտաժել Գառնիից մայրաքաղաքին մատակարարվող խմելաջրի խողովակին միացված խոշոր տրամաչափի ջրագիծը: Հայտնաբերված ապօրինի ջրագիծը պատկանում է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին, այդ ջրով ոռոգվում է Լանջազատ համայնքում գտնվող նրա հողատարածքը:

Սա, ըստ ընկերության, այն առեւտրային կորուստն է, որը փոխհատուցելու համար ամեն տարի ընկերությունը բարձրացնում է ջրի սակագինը:

Ի՞նչ երաշխիքներ է տալիս «Վեոլիա ջուր»-ը 

Կառավարությանը ներկայացված «Վեոլիա ջուր» ընկերության պայմանագրային որոշման մաս կազմող մի քանի հարյուր էջանոց բիզնես ծրագրում ներդրումներ կատարելու մասին ոչ մի խոսք չկա: Երաշխիքներ ու խոստումներ նույնպես չկան, բացառությամբ մեկի· «2019 թ.-ի հոկտեմբերի 1-ից Լիցենզավորված անձը պարտավոր է սպասարակման տարածքի յուրաքանչյուր բաժանորդի ժամը 7-24-ն ընկած ժամանակահատվածում ապահովել ամենօրյա առնվազն 6 ժամյա ջրամատակարարմամբ»:

Եթե նկատի ունենանք, որ անցնող տասնամյակում «Վեոլիա ջուր» ընկերության սպասարկման տարածքում գործել են 5 մասնագիտացված ընկերություններ, այդ թվում նաեւ իր իսկ կողմից կառավարվող «Երեւան ջուրը», որոնք այդ ցուցանիշը հիմնականում ապահովել էին Կառավարության սուբսիդավորման եւ ահռելի չափերի հասնող վարկային ներդրումների հաշվին, ներկայացվածը նոր վարձակալի համար ձեռքբերում չի կարող դիտարկվել:

«Վեոլիա ջուր» ընկերության սպասարկման տարածքի սպառողներն այլ մարտահրավերներ ունեն՝ առեւտրային կորուստների եւ հոսակուրուստների նվազեցում, որոնց հաշվին շարունակաբար բարձրացել է խմելաջրի սակագինը:

Աուդիտորները ջրակորուստի (առևտրային եւ տեխնիկական կորուստները) գնահատումն սկսկել են իրականացնել վարձակալության պայմանագրի 4-րդ տարվանից սկսած:

«Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում «Վեոլիայի» բազմաթիվ ծրագրերում առեւտրային կորուստները չհաշվառված ջրի մի փոքր մաս են ներկայացնում, սովորաբար 5%-ից պակաս: Հայաստանում պատկերն այլ է· համաձայն տարբեր անկախ աղբյուրների՝ առեւտրային կորուստները կարող են հասնել չհաշվառված ջրի 40%-ին»,- ասվում է ընկերության բիզնես ծրագրում: Ջրի հոսակորուստների ռազմավարությունում ամենակարեւոր պարամետրը, ըստ նրանց, ֆիզիկական կորուստների նվազեցումն է: «Երբ առեւտրային կորուստները նվազեն ընդունելի մակարդակով՝ օպերատորը ջանքերը կկենտրոնացնի ֆիզիկական կորուստների վրա»,- նշվում է ընկերության բիզնես ծրագրում:

Ծրագրում թվարկվում են առեւտրային կորուստներին նպաստող հիմնական պատճառները·

  • ապօրինի միացումներ, ապօրինի սպառում,
  • ապօրինի սպառում հիդրանտներից,
  • խափանված ջրաչափեր, սխալ ջրաչափում,
  • ջրաչափերի արտաքին միջամտություններ,
  • սեփական տնատիրություններում ու բնակարաններում ներքին ցանցերի պահպանման բացակայություն եւ հնամաշություն:

Այս ցանկից դուրս են թողնվել ամենահիմնականները·  բաժանորդ չհանդիսացող սպառողներ, բաժանորդ դառնալու ցանկություն ունեցող քաղաքացիներ, որոնց հետ պայմանագրեր չեն կնքում, կնքված ջրաչափեր, որոնք գրանցված չեն ընկերության համակարգչային բազայում եւ այլն: Սրանց հետեւում հարյուրավոր միլիոններ են:

«Ելնելով այն փաստից, որ Հայաստանում չհաշվառված ջրի մեծ մասը վերագրվում է առեւտրային կորուստներին, հնարավոր է ակնկալել, որ այս կորուստների նվազեցմամբ հասութագրված ջրի ծավալն աստիճանաբար կավելանա: Երեւանում ավելի լավ նվազեցնում ենք առեւտրային կորուստները, քան ֆիզիկական հոսակորուստները»,- հուսադրում է «Վեոլիան» ներկայացրած բիզնես ծրագրում եւ ավելացնում,- ավելի մեծ ջանքեր պետք է գործադրվեն  ջրամատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների ապօրինի սպառման նվազեցման ուղղությամբ:

Որպեսզի սպառողները համոզվեին, որ սրանք ուղղակի խոսքեր չեն էջեր լրացնելու համար, Կառավարություն ներկայացված բիզնես ծրագիրը պետք է ունենար գործողությունների պլան, աշխատանքների իրականացման ժամանակացույց եւ չափելի արդյունքներ: Մինչդեռ այս ծրագրում ոչ մի խոսք չկա, թե վարձակալության 15 տարիների ընթացքում տարեկան քանի տոկոսով են կրճատելու առեւտրային կորուստները, ինչ գործողություններ են ձեռնարկելու հոսակորուստները նվազեցնելու համար, տարեկան քանի տոկոս արդյունք են ակնկալում եւ այլն: Հետեւաբար, բիզնես ծրագրի բոլոր նկարագրություններն անարժանահավատ, պարապ խոսակցություններ են:

Առեւտրային կորուստները նվազեցնելու նրանց տարբերակը հետեւյալն է· բաժանորդների ջրչափերի ցուցմունքները գրանցվելու են սմարթֆոնների միջոցով, սեփական առանձնատների տարածքից ջրաչափման սարքերը կտեղափոխվեն հանրային տարածք, բազմաբնակարան շենքերում ջրաչափերը կփոխարինվեն ավելի բարձր դասի ջրաչափերով՝ բաժանորդի հաշվին: «Վեոլիան» իր ֆինանսական հնարավորությունների սահմաններում ջրաչափեր կտեղադրի սոցիալապես անվճարունակ ընտանիքների համար: 

Հիմնական մարտահրավերները կշարունակեն պահպանվել

Ներկայացվածը 3 օրինակ է «Հետք»-ի հրապարակումներից, սակայն հայաստանյան լրատվամիջոցների լրահոսն առատ է նման օրինակներով: 

Ընկերության ներկայացրած բիզնես ծրագիրը չունի անցնող տարիներին բնակչության առջեւ ծառացած հիմնական մարտահրավերների պատասխանը: Ընկերությունն ընդունում է, որ Հայաստանում ամենամեծ խնդիրներից մեկը բնակելի շենքերի ներքին ցանցի վերաբերյալ անորոշությունն է: Համաձայն ՀՀ օրենսդրության՝ ջրամատակարարման եւ ջրահեռացման խողովակաշարերի եւ ձեւավոր մասերի պահպանման պատասխանատվությունը պատկանում է շենքի բնակիչների ներկայացուցչական մարմնին (համատիրություն, կոոպերատիվ, լիազորված անձ, պայմանագրով վարձված անձ կամ համայնք): 

«Գործնականում ոչ ոք խողովակաշարերի եւ ձեւավոր մասերի համար հոգ չի տանում: Արդյունքում, բազմաբնակարան շենքերի նկուղներում խողովակներն ու ձեւավոր մասերը հաճախ ունեում են հոսակորուստներ կամ ենթարկվում են կոոռոզիայի: Շատ հաճախ բնակիչներն ապօրինի միացումներ են իրականացնում նկուղների խողովականերին, որի դեմ ջրամատակարար ընկերությունները ոչինչ ի վիճակի չեն ձեռնարկելու, քանի որ բնակելի շենքերի ներքին ցանցերն իրավական առումով դուրս են ջրամատակարար ընկերությունների իրավասության շրջանակներից»,- ասվում է ծրագրում: Արդյունքում՝

ա/ ընկերությունը կորցնում է մեծ քանակի ջուր եւ չի ապահովում մատակարարման որակը,

բ/բնակիչներն ավելի թանկ են վճարում  ջրի բարձր մակարդակի հետեւանքով եւ տուժում են ջրի ցածր որակից:

Ավելի քան 10 տարի ղեկավարելով «Երեւան ջուր» ՓԲԸ-ն, Veolia-ն ոչինչ չարեց այդ հարցը կարգավորելու համար, այլ ինչպես իրենք են նշում, «կորցրած մեծ քանակի ջրի դիմաց» շարունակաբար բարձրացրեց ջրի սակագինը: Իր վատ կառավարելու համար սպառո՞ղը պետք է հատուցի: 

Ընկերությունը 10 տարի անց այս հարցը փոխադրում է նոր ծրագրում եւ կարծում է, որ դարձյալ բնակիչներից հավելյալ գումարներ գանձելով հնարավոր է լուծում տալ մասնավոր դեպքերին: «Ջրամատակարար ընկերություններին պետք է իրավունք վերապահվի պահպանելու բազմաբանակարան շենքերի խողովակաշարերը եւ անհրաժեշտ ծախսերը ներառելու որպես Վարձակալության պայմանագրի շրջանակից դուրս լրացուցիչ ծառայություն, որի դիմաց պետք է վճարի սեփականատերը` սպասարկման հավելյալ սակագնով»,- ասվում է բիզնես ծրագրում:

Բայց նույնիսկ այս դեպքում անհնար է առանց համակարգային լուծումների մասնավոր դեպքին լուծում տալ: Համատիրությունը կամ շենքի կառավարման մարմինը պետք է գործի, որպեսզի կարողանա վճարները հավաքագրել: Երեւանի քաղաքապետարանը համատիրություններին աշխատեցնելու կամք չի դրսեւորել մինչ օրս, եւ չի էլ նկատվում նման ցանկություն: Դա նշանակում է, որ ջուրը շարունակելու է հոսել շենքերի նկուղներում, իսկ ջրամատակարարը հոսակորուստների դիմաց բարձրացնելու է վարձավճարները: «Հետք»-ին տված հարցազրույցում «Երեւան ջուր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Գոռ Գրիգորյանը խոսելով ընկերության ձեռք բերած հոսակորուստներ հայտնաբերող թանկարժեք սարքավորումների մասին հետեւյալն է ասում. «Սրանք նորագույնն են, բայց, միեւնույնն է, 100%-ոց արդյունք չեն ապահովի, միակ ելքը ջրի ցանցը փոխելն է»:

Ջրի ցանցը փոխելու համար ներդրումներ են անհրաժեշտ, որի մասին Բիզնես ծրագրում ոչինչ չի ասվում:

Ջրի սակագինը բարձրացնել այնպես, որ «գնային ցնցումը» սպառողների շրջանում դժգոհության ալիք չբարձրացնի

Այսպիսով, որպեսզի հայաստանցի սպառողն ավելի հստակ ու պարզորոշ պատկերացում կազմի, թե ինչ ակնկալիքով խմելաջրի ցանցը մոնոպոլացվեց ու հանձնվեց «Վեոլիա ջրին», եւ ինչ է խոստանում Վեոլիան առաջիկա 15 տարիներին իր սպառողներին՝ պարզորոշ ու հստակ շարադրված է ՀԲ-ի «Աջակցություն հարկաբյուջետային արդյունավետ կառավարմանը» հետազոտության մեջ:

«Կենտրոնացված սպասարկման տարածքում առկա են անխափան ջրամատակարարման, ջրի ճնշման եւ սանիտարահիգիենիկ նորմերին չհամապատասխանող կեղտաջրերի հեռացման հետ կապված խնդիրներ: Ավելի քան 800 000 մարդ 560 գյուղերում զրկված է կենտրոնացված ջրամատակարարումից եւ ջրահեռացումից»,- ասվում է հետազոտության մեջ:

Ուսումնասիրողներն առաջարկում են ջրի սակագինը բարձրացնել մինչեւ ծախսածածկման մակարդակը: «Ծառայությունների գծով ծախսերի աճն անհրաժեշտ է հաշվի առնել սպառողների ջրօգտագործման սակագներում կամ սուբսիդավորել ՀՀ կառավարություն կողմից: Ծառայությունների բարելավման նպատակով վերցված մի շարք խոշոր վարկերի արտոնյալ ժամկետն ավարտվեց 2015 թ.-ին: Ծառայություն մատուցողների համար դա կհանգեցնի պարտքի սպասարկման ավելի մեծ ծախսերի: Բացի այդ, դեռեւս զգալի են նոր վարկեր պահանջող ներդրումային կարիքները»:

Այդ առումով կառավարությունը կանգնած է երկու կարեւոր խնդրի առջեւ.

ա) ինչպե՞ս պաշտպանել բնակչության անապահով խավերին սակագների բարձրացումից, որի պատճառով ջրամատակարարումն ու ջրահեռացումը նրանց համար այլեւս մատչելի չեն, եւ

բ)  ինչպե՞ս խուսափել գնային ցնցումից, որը կարող է առաջանալ սակագների զգալի եւ

անսպասելի բարձրացման հետեւանքով եւ դժվարացնել բարեփոխման իրականացումը:

ՀԲ-ն խորհուրդ է տալիս գործող սակագների բարձրացումները մինչեւ ծախսածածկման մակարդակն աստիճանական իրականացնել` սպառողների դժգոհությունից խուսափելու համար:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ