HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կուրսանտի սպանության գործով ցուցմունք տվեց դեպքի ժամանակ ննջարանում գտնվող վկան

Արաքս Մամուլյան

«Հայկազ Բարսեղյանն առավոտյան շուտ արթնանալու բնավորություն ուներ. միշտ առաջինն արթնանում ու մեզ ձայն էր տալիս, իսկ հունվարի 29-ի առավոտյան չէր արթնացել»,- այսօր Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության  դատարանում վկայություն տալիս պատմեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ  Հայկազ Բարսեղյանի սպանության գործով վկա Գևորգ Վարդանյանը:

Վերջինս քնելիս է եղել նույն ննջարանում, որտեղ Հայկազ Բարսեղյանը, պատմում է, որ երբ սպանության օրը ինքն ու իրենց ննջարանում քնողները ցանկացել են Հայկազին արթնացնել, տեսել են, որ անկողնում մեծ քանակությամբ արյուն կա, իսկ Հայկազն այնտեղ չէ:

Այդ ժամանակ Վարդանյանը  վերհիշել է այն ամենն, ինչ տեղի է ունեցել գիշերն ու առավոտյան տեղի ունեցածը կապել դրա հետ: Իսկ գիշերը Գևորգ Վարդանյանը տեսել է, թե ինչպես են սպանության գործով 4 ամբաստանյալները՝ Գնել Թևոսյանը,  Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը և Նորիկ Սահակյանը ծեծի ենթարկում Հայկազ Բարսեղյանին  ու չի միջամտել, գլուխը ծածկել է վերմակի տակ, որպեսզի ոչ ոք չնկատի, որ արթուն է  ու երբեմն թաքուն նայել, թե սենյակում ինչ է կատարվել: Ասում ա`վախեցել է միջամտել, վստահ չի եղել, որ իր հետ նույն կերպ չեն վարվի, վստահ չի եղել նաև, որ կհասցնի վազել մինչև սպայական սենյակ՝զեկուցելու:

Հայկազ Բարսեղյանի հայրը

Վարդանյանի խոսքով՝ հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը՝ մոտավոր ժամը 3-ի սահմաններում, արթնացել է Հայկազ Բարսեղյանի «ախ» բացականչությունից, տեսել, որ սպանության գործով ամբաստանյալներից երկուսը՝ Վաչե Սահակյանն ու Նորիկ Սահակյանը Հայկազ Բարսեղյանի անկողնու մոտ են: Շուտով սենյակ են մտել նաև մյուս երկու ամբաստանյալները՝ Գնել Թևոսյանն ու Մովսես Ազարյանը:

Ըստ Վարդանյանի ցուցմունքի՝ ինքը շատ բան տեսնելու հնարավորություն չի ունեցել,  բայց տեսել է, թե ինչպես են Նորիկն ու Գնելը հարվածներ  հասցնում  Հայկազին, իսկ Վաչեն ու Մովսեսը՝ պահում նրա ոտքերը, որպեսզի չկարողանա շարժվել:

Վկայի խոսքով՝  Հայկազ Բարսեղյանը դիմադրել է, հայհոյել իրեն ծեծի ենթարկողներին ու բացականչել՝ «Էդ ի՞նչ եք անում, ուզում եք սպանա՞ծ լինել»:

«Էդքան աճել ե՞ս արա՛, սո'ւս մնա»,- հաջորդել են Գնել Թևոսյանի խոսքերն ու հայհոյանքը`ուղղված Հայկազ Բարսեղյանին:

Հետո Վարդանյանը խռխռոց է լսել, դրանից հոտո՝ շշուկով խոսակցություններ, պահարանի բացվել-փակվելու ձայն, տեսել է, թե ինչպես են Գնել Թևոսյանն ու Նորայր Սահակյանը Հայկազ Բարսեղյանին թևանցուկ տանում սենյակից, բայց կարծել է, թե նա ուշագնաց է եղել, և տանում են՝ ուշքի բերելու:

Թե Հայկազին դուրս տանելու ընթացքում  որտեղ են եղել Վաչե Սահակյանն ու Մովսես Ազարյանը, վկան չգիտի, ասում  է՝ տանելու պահին իր տեսադաշտում չեն երևացել. գուցե արդեն դրսում են եղել կամ սենյակում ու ևս մեկ անգամ հիշեցնում, որ ամեն ինչ չէ, որ ինքը կարողացել է տեսնել:

Գնել Թևոսյանի հայրը

Ըստ վկայի ցուցմունքի՝ տեղի ունեցածից քիչ անց Գնել Թևոսյանը վերադարձել է սենյակ ու սպառնացել, որ այնտեղ տեղի ունեցածի մասին ոչ ոք չպիտի իմանա:

Նշենք, որ ըստ քրեական գործի մեղադրական եզրակացության՝ ամբաստանյալներ  Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը  և Մովսես Ազարյանը  2015թ. հունվարի 29-ին ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեյանին ննջարանում առանձին դաժանությամբ,  խուլիգանական դրդումներով սպանել են, ապա հագուստը  հագցրել ու սպանված  վիճակում սենյակից դուրս տանելով՝ կախել ռազմական ինստիտուտի բակում գտնվող պտտաձողից:

Վկա Վարդանյանը  Հայկազ Բարսեղյանին ինստիտուտի բակում`պտտաձողից կախված վիճակում տեսել է:

«Սկզբում կարծեցի, թե Հայկազը գիշերը տեղի ունեցածից հետո իրեն վատ է զգացել ու դրա պատճառով ինքնասպան եղել, հետո երբ սկսեցի վերլուծել, հասկացա, թե ինչ է իրականում տեղի ունեցել»,- ասաց Վարդանյանը՝ հավելելով, որ պտտաձողից կախված վիճակում Հայկազի ոտքերը գետնին հասնելիս, անգամ մի քիչ ծալված են եղել:

Այսօր դատարանում ցուցմունք տված վկան միակը չէ, որ 2015-ի հունվարի 29-ի գիշերը տեղի ունեցածը տեսել ու կանխելու համար քայլեր չի ձեռնարկել. Բարսեղյանի հետ նույն ննջարանում քնող այլ անձինք ևս նմանատիպ ցուցմունքներ են տվել ու հայտնել, թե վախեցել են միջամտել: Նրանց նկատմամբ նշանակված դատահոգեբանական փորձաքննության եզրակացության համաձայն ևս վախի զգացումը կուրսանտներին թույլ չի տվել որևէ գործողության դիմել:

Վարդանյանն, ով ինքն էլ նախկինում կոնֆլիկտ է ունեցել Հայկազի հետ, նրա մասին դրական կարծիք հայտնեց:

«Լավ էր սովորում, օգնող էր, միշտ ժպտում էր,»,-ասում է վկան, բայց հիշում նաև, որ Հայկազը հաճախ էր կոնֆլկտ ունենում կուրսանտ Կարեն Բաղրամյանի հետ:

«Կարենին շատ էր նկատողություն անում, բայց տեղին, հաճախ էին վիճում ու մենք բաժանում էինք նրանց»,- պատմում  է Վարդանյանն ու հիշում, որ վերջին անգամ Հայկազը Կարենի հետ վիճել է մահվանից մեկ օր առաջ՝ հունվարի 28-ին: Վիճաբանությանը միջամտել է Վաչե Սահակյանը, բայց թե ինչ հանգուցալուծում է ունեցել հերթական կոնֆլիկտը, չգիտի, չգիտի նաև  կուրսանտի սպանության դրդապատճառը:

Վարդանյանն այժմ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում չի սովորում, ուսումը շարունակում է Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում: Ասում է՝ այլևս չի ցանկացել Վազգեն Սարգսյանում սովորել, այլ կուրսանտների հետ քննարկել Հայկազ Բարսեղյանի սպանության մանրամասները, պատասխանել նրանց հարցերին:

«Երկար ժամանակ ուզում էի մենակ մնալ, ոչ ոքի հետ չէի ուզում խոսել, մինչև հիմա դեռ դեղեր եմ խմում»,- դատարանին դիմելով ասաց Վարդանյանը:

Վկայի հարցաքննությունն ավարտվեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter