HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Իշխանությունը՝ ճգնաժամի շեմին, կամ եթե սկսի գործել «գորշ կարդինալը»

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հայտարարել է, թե «Ծառուկյան դաշինք»-ով Շիրակի ընտրատարածքում իր թեկնածությունն է առաջադրելու առաջիկա ԱԺ ընտրություններում: Կարելի է պատկերացնել, թե հաղթելու դեպքում սույն «աստվածավախ» անձն ինչպես է լծվելու երկրում համակարգային որակական փոփոխությունների իրականացմանը:

Եթե Վարդան Ղուկասյանի նման օդիոզ կերպարը հայտարարում է «Ծառուկյան դաշինք»-ի կողմից առաջադրվելու մասին, նշանակում է արդեն կա նման որոշում, ինչը մի քանի հետևությունների հիմք է տալիս: Առաջինն այն է, այդ դաշինքը ցանկացած գնով խորհրդարանում եթե ոչ մեծամասնություն կազմելու, ապա գոնե երկրորդը լինելու խնդիր է դրել: Այդ խնդիրը ստիպում է բարոյական որևէ կաշկանդվածություն չունենալով և առաջնորդվելով բացառապես ցինիկ պրագմատիզմով իր շարքերում ընդգրկել ցանկացած մեկին, ով ցանկացած միջոցով կարող է ձայն բերել:

Ծառուկյանը փորձում է ստեղծել ուժային մի կենտրոն, որը իշխանության առավելապես վարչական ռեսուրսին ունակ է հակադրել փողի ու կիսակրիմինալի ռեսուրսը:

Երկրորդ հետևությունն այն է, որ դրանով նա ապագա իշխանության  քվոտաների բաժանման և դերաբաշխման Սերժ Սարգսյանի սցենարից տուժած, դրանից դուրս մնացած, պոտենցիալ ունեցող շրջանակներին շահագրգռում է անցնել իր «դրոշի տակ»՝ տալով ապագա իշխանական կարկանդակը նրանց հետ կիսելու երաշխիքներ:

Եթե ՀՀԿ-ից խռոված Վարդան Ղուկասյանին հնարավորություն են տալիս այդ դաշինքի միջոցով փորձելու վերադարձնել իր լոկալ իշխանությունը Գյումրիում կամ վերադարձնել իր ընկալմամբ իր ձեռքից անարդարացիորեն խլված ֆեոդալական կալվածքները, ապա բացարձակ չի կարելի բացառել, որ այդ դաշինքում կարող է ուղղակի կամ անուղակի ձևով հանգրվանել նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Եթե նկատի ունենանք, որ խոսքը գնում է մի մարդու  մասին, ով այդ ամենին զուգահեռ նաև խորապես տիրապետում է իշխանության վերարտադրման, ընտրակեղծարարության բոլոր տեսանելի ու անտեսանելի մեխանիզմներին, ապա կարելի է պատկերացնել, թե իր առջև նման խնդիր դրած որևէ ուժի համար նա որքան պահանջարկված կարող է լինել: Ծառուկյանի դաշինքում Հովիկ Աբրահամյանի հանգրվանումը կարող է հանգեցնել ՀՀԿ-ից յուրատեսակ մի «առնետավազքի», ինչը ՀՀԿ-ին և Սերժ Սարգսյանին կարող է կանգնեցնել ծանր դրության առջև:

Ընդ որում՝ պարտադիր չէ, որ Աբրահամյանը ֆորմալ առումով, այսինքն պաշտոնապես մտնի ծառուկյանական դաշինք,  փորձի Աժ անցնել վերջինիս համամասնական կամ ռեյտինգային ցուցակով: Նկատի ունենալով նրա նկատմամբ հանրային խորը ապատիան՝ դա նաև Ծառուկյանին ձեռնտու չէ, ով առանց այն էլ խնդիր ունի ապացուցելու, որ սերժսարգսյանական «պրոյեկտ» չէ, ինչպես կարծում են շատերը: Պատահական չէ, որ ՀՀԿ-ից Աբրահամյանի դուրս գալուց անմիջապես հետո շրջանառության մեջ դրվեց մի տեղեկություն, թե իբր նա դմել է Ծառուկյանին ՝ վերջինիս կողմից ստեղծվող դաշինքում ընդգրկվելու համար, սակայն մերժում է ստացել:

Պետք է նկատի ունենալ, որ Աբրահամյանը գործոն է առաջին հերթին ոչ այնքան իր անհատական որակներով, որքան  տիրապետած ահռելի ֆինանսական և մարդկային ռեսուրսներով, պետական կառավարման համակարգում ձգած իր խորը արմատներով, որոնք նաև վարչական ռեսուրսից զգալիորեն օգտվեու հնարավորություն են տալիս:  Եթե նույնիսկ նա «գորշ կարդինալի» դիրքերից իր այդ ռեսուրսը դնի ծառուկյանական դաշինքի նախընտրական շտաբի տրամադրության տակ, չափազանց մեծ ծառայություն կմատուցի նրան՝ իհարկե, իշխանությունը խնամիներով կիսելու պայմանով: Չպետք է մոռանալ, որ նոր սահմանադրությամբ վարչապետ կամ փոխվարչապետ լինելու համար բոլորովին էլ պետք չէ ընդգրկված լինել նախընտրական ցուցակում:        

Իհարկե, օլիգարխահեն այսպես կոչված այլընտրանքային բևեռի ձևավորումը տեղի է ունենում ներկայիս իշխանական իսթեբլիշմենթի պահպանման համատեքստում: Եթե նույնիսկ Ծառուկյանը, Աբրահամյանը, Ղուկասյանը, նույնիսկ Օսկանյանն ու Օհանյանը գան իշխանության, վերջինիս էլիտան չի փոխվելու: Գուցե կլինի ռեսուրսների, տնտեսական ու քաղաքական կապիտալի, սեփականության վերաբաշխման նոր գոծընթաց, մեծ հաշվով դրանից համակարգը չի փոխվի:

Սակայն Սերժ Սարգսյանի համար զարգացումների նման ընթացքն անցանկալի է մարտավարական առումով: Ապագա իշխանության վերաձևման նրա բոլոր հաշվարկները և քայլերը՝ կապված սահմանդրական փոփոխությունների ու խորհրդարանական համակարգի ներդրման, ընտրական նոր  կոնսենսուսային օրենսգրքի ընդունման հետ և նույնիսկ ծառուկյանահեն բևեռի ստեղծման հետ, հիմնված են եղել բացառապես այն համոզմունքի վրա, որ իրավիճակն իր համար բացարձակ վերահսկելի է: Նման այլընտրանքային բևեռների ստեղծումը նա դիտարկել է որպես բուֆեր ստեղծելու, թիկունքն արմատականներից, «փողոցից» ապահովագրելու միջոց:  Նման այլընտրանքային բևեռի ստեղծումը նրան տալիս է հնարավորություն նաև լուծելու բոլոր այն շրջանակների կերակրատաշտային ախորժակը բավարարելու այլընտրանքային միջոց, որովհետև ակնհայտ է, որ բոլորի ամբիցիաները հնարավոր չէ բավարարել ՀՀԿ-ի ձևաչափով:

Սերժ Սարգսյանի առաջնային խնդիրն այն է, որ խորհրդարանում մեծամասնություն կազմի ՀՀԿ-ն՝ այն հիմնական պատճառով, որ հենց այս կուսակցությունն է նրա համար քիչ թե շատ կայուն քաղաքական հենարան հանդիսանում՝ ունենալով քիչ թե շատ կուսակցական-քաղաքական կառուցվածք:  Նրա հաշվարկներում,  ըստ ամենայնի, ծառուկյանակենտրոն բևեռին առավելագույնը հատկացվում է խորհրդարանում երկրորդ այնպիսի ուժի դերակատարություն, որը ոչ մի պարագայում հնարավորություն չի տա ԱԺ մուտք գործող այլ ուժերի հետ ձևավորել մեծամասնություն և ՀՀԿ-ին վերածել փոքրամասնության: Այսինքն Ծառուկյանին վերապահված է առավելագույնն այն ֆունկցիան, որը նա իրականացրել է քաղաքականություն մտնելուց հետո մինչև 2013թ. նախագահական ընտրությունների ավարտը: Եթե այս հաշվարկը չի աշխատում, նշանակում է Սարգսյանը ոչ միայն կորցնում է վերահսկողությունը քաղաքական գործընթացների վրա, այլև իշխանությունն ընդհանրապես: Որովհետև եթե անգամ Ծառուկյանը ոչ թե առաջինը, այլ «որոշիչ երկրորդը» լինելու շանս ստանա, ոչ թե օլիգարխիան, պետական վարչական, գուցե նաև ուժային ամբողջ համակարգը կլինեն իրենից կախվածության մեջ, այլ լրիվ հակառակը՝ ինքը կհայտնվի նոր մեծամասնության թակարդում՝ ամենաուշը 2018թ. ապրիլին իշխանությունը վերջնականապես անվերադարձ և անփառունակ, քավության նոխազի կարգավիճակով լքելու անխուսափելի ելքով: 

Այս մտավախությունն էր, թերևս, ստիպել Սերժ Սարգսյանին  շտապելու հայտարարել, թե դեմ է մեծ քաղաքականություն Ծառուկյանի վերադարձին: Դրանով նա փորձում է զսպել ՀՀԿ-ի ներսում կամ նրա շուրջը գոյություն ունեցող բոլոր պոտենցիալ կենտրոնախույս ուժերի՝ դեպի ծառուկյանական ճամբար անցնելու և նրա միջոցով կրկին վերարտադրվելու մղումները: Դրանով նա նաև անուղակի հիշեցնում է, թե ինչ տեղի ունեցավ 2015թ. փետրվարին, երբ  Ծառուկյանն առաջին անգամ փորձեց դուրս գալ իր՝ նախագահի վերահսկողությունից և հավատալ «նախագահ ջան» դառնալու իր շանսին:   

Սերժ Սարգսյանի պարագան բարդ է նաև այն առումով, որ ընտրական նոր օրենսգրքի փոփոխություններով նա համաձայնեց նվազագույնի հասցնել բուն ընտրատեղամասերում քվեարկության և քվեների հաշվարկի ժամանակ կիրառվող ավանդական ընտրակեղծարարական մեխանիզմները: Այն ժամանակ նա դրան գնաց, քանի որ վստահ էր, թե ի վիճակի է վերահսկել Ծառուկյանին և նրա շուրջը տեղի ուենեցող խոշորացման պրոցեսները և որ իշխանական թիմը բավականաչափ ամբողջական է և կարող է ըմբռնել իշխանության վերարտադրման իր քաղաքական հեռահար բազմաքայլ կոմբինացիաները՝ դիրքային ժամանակավոր կորուստներին համակերպվելով:

Եթե այլընտրանքային բևեռները նրա համար ինչ-որ պահից սկսած դառնան անվերահսկելի, ապա նոր ընտրական օրենսգրքի շրջանակներում նա կանգնելու է անցանկալի երկընտրանքի առջև. կամ գնալ կոպտագույն ընտրախախտումների՝ ոչ լեգիտիմ ընտրությունների միջոցով իշխանությունը պահելու համար, ինչը հղի է անկանխատեսելի հետևանքներով և արտաքին աջակցությունից լիարժեք զրկման հեռանկարով, կամ գործի դնել այնպիսի մեխանիզմներ, որոնք կճնշեն ընտրատեղամասից դուրս ծառուկյանական դաշինքի կողմից ընտրողների տոտալ գնման և դրանով Սերժ Սարգսյանի վարչական ռեսուրսի ազդեցությունը փոքրացնելու աննախադեպ հուժկու արշավի էֆեկտը:

Այսինքն մեծ է հավանականությունը, որ առաջիկա ընտրությունները կարող են վերածվել ՀՀԿ-Ծառուկյան կատաղի դիրքային այնպիսի դիմակայության, որտեղ կողմերը կանգ չեն առնի նույնիսկ կոմպրոմատային պատերազմի մեջ մտնելուց, որտեղ Հովիկ Աբրահամյանի ինֆորմացվածությունը ևս իր դերը կարող է խաղալ:

Վարչական մեքենան ամենայն հավանականությամբ կփորձի բացահայտել ծառուկյանական դաշինքի կողմից ընտրակաշառքի բաժանման դեպքեր: Բայց  ոչ թե ընտրությունների մաքրությունն ապահովելու, այլ ծառուկյանական դաշտում վախի և խուճապային տրամադրություններ հարուցելու նպատակով: Նման զարգացումն իրատեսական է, եթե նկատի ունենանք, որ այդ հալածանքները իշխանական քարոզչամեքենայի միջոցով կմեկնաբանվի որպես ժողովրդավարական ընտրությունների ապահովման իշխանության հետևողականության դրսևորում և դա հասկանալի կլինի նաև արտաքին ուժային կենտրոնների կողմից:

Այս իմաստով չափազանց հետաքրքրական, բայցև նույնքան լարված նախընտրական գործընթացների ականատես կարող ենք լինել 

Լուսանկարը՝ hhk.am-ի

Մեկնաբանություններ (2)

փորձառու
Մի բան կարելի է հաստատ ասել - ոչ մի շիշկա չի դատվի, ոչ մեկը տարածը հետ չի բերի, հոկտեմբերի 27 - ն ու մարտի 1- ը չեն բացահայտվի: Մնացած հարցերում էլ արմատական փոփոխություններ դժվար թե տեսնենք:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
2016 թ. «Սասնա ծռերի» հուլիսյան զինված ապստամբությունը չէր կարող չվախեցնել Բաղրամյան 26-ին (ու նույնիսկ Կրեմլին): Հենց սրա համար նոր վարչապետը գործուղվեց Հայաստան: Հենց սրա համար Գագիկ Ծառուկյանը նորից քաղաքական դաշտ մտցվեց: Հայաստանում անկախությա՛ն ձգտող («ռադիկալ») ընդդիմություն և/կամ շարժում չպիտի ձևավորվի. սա է նպատակը: Ով սա չի հասկանում, նա քաղաքականապես միամիտ է կամ դեմագոգ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter