HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ոմանք 2016-ին ավելի վատ են ապրել. տրանսֆերտների վիճակագրությունը

Արտերկրից Հայաստան ուղարկվող փողի ծավալները նվազել են նաև 2016 թվականին։ Դրականը միայն այն է, որ անկման տեմպերը, նախորդող տարվա  համեմատ, թուլացել  են։

Ամբողջ 2016 թվականին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձինք արտերկրից Հայաստան են փոխանցել շուրջ 1 մլրդ 533 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար (այդ թվում՝ մասնավոր տրանսֆերտները):  Դրամական փոխանցումների անկումը, որը սկսվեց 2014 թվականից, շարունակվեց նաև նախորդ տարի։ 2016 թվականին մոտ 99 մլն  դոլարով կամ 6%-ով ավելի քիչ գումար է արտերկրից Հայաստան փոխանցվել, քան 2015  թվականին։ Այս մասին են վկայում ՀՀ կենտրոնական բանկի տվյալները։

Հավանաբար, միակ դրական երևույթն այս ամենում այն է, որ 2016 թվականին նվազման տեմպերը դանդաղել են։ Հիշեցնենք, որ 2015-ին տրանսֆերտները նվազել են շուրջ 490 մլն դոլարով կամ 23.2%-ով։

Կենտրոնական բանկի տրամադրած տվյալները ցույց են տալիս, որ 2016-ին գրանցվել է դրամական փոխանցումներ ամենացածր ցուցանիշը նախաճգնաժամային 2007 թվականից ի վեր։  2004 թվականից սկսած փոխանցումների ծավալը չորս տարի շարունակ անշեղորեն աճել է։ Համաշխարհային տնտեսական ճգնաժամի ժամանակ՝ 2009 թվականին, կտրուկ անկում է գրանցվել։ Անմիջապես հաջորդ տարվանից նորի աճ է գրանցվել մինչև 2013 թվականը։ Իսկ դրանից հետո սկսվել է անկում, որը շարունակվում է մինչ այսօր։

Ըստ ՀՀ ԿԲ-ի տվյալների

Դրամական փոխանցումների նվազման պատճառը Ռուսաստանի տնտեսական վիճակի վատթարացումներ է, ինչը համաշխարհային շուկայում նավթի գնանկման ու Արևմուտքի կողմից այս երկրի դեմ կիրառված տնտեսական պատժամիջոցների  հետևանքն էր։ Այդ ամենը սկսվեց 2014 թվականից։ Արդյունքում ռուբլին զգալի արժեզրկվեց։ Դա հանգեցրեց նրան, որ Ռուսաստանից Հայաստան կատարվող տրանսֆերտները կտրուկ նվազեցին. արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցները այստեղ ապրող իրենց հարազատներին  ուղարկում էին արդեն արժեզրկված ռուբլի (թե դրամի, թե դոլարի նկատմամբ)։ Բացի այդ, մի շարք հայաստանցիներ ստիպված եղան ժամանակավորապես վերադառնալ հայրենիք, կամ առանց աշխատանքի մնալ Ռուսաստանում։ Թեև այսօր վիճակը որոշակի դրական միտումներ է գրանցում, սակայն պարզ չէ՝ ինչ ընթացք կունենան զարգացումներն այս տարի։

Հայաստան կատարվող տրանսֆերտների գլխավոր աղբյուրը այսօր էլ շարունակում է մնալ Ռուսաստանը, որտեղից գումարներ են փոխանցում հիմնականում արտագնա աշխատանքի մեկնած հայերը։ 2016 թվականին այս երկրից ՀՀ է փոխանցվել մոտ 897 մլն դոլար։ Դա մոտ 112 մլն դոլարով կամ 11%-ով զիջում է 2015-ի ցուցանիշին։ Մյուս երկիրը, որը ԿԲ-ն առանձնացնում է իր հրապարակման մեջ, ԱՄՆ-ն է։ Այս երկրից նախորդ տարի Հայաստան է փոխանցվել 176.6 մլն դոլարը, որի  նվազումը փոքր է՝ 1 մլն դոլար։

Իսկ մնացած մոտ 460 մլն դոլարը փոխանցվել է այլ երկրներից։ Դրանում ներառված են փոխանցումները բոլոր երկներից՝ հանած ՌԴ-ն ու ԱՄՆ-ը։ Այս ցուցանիշը մեկ տարում ավելացել է 14 մլն դոլարով։

Ըստ ՀՀ ԿԲ-ի տվյալների

Տրանսֆերտների կրճատումը զգալի բացսական ազդեցություն է ունենում Հայաստանում ներքին պահանջարկի վրա։ Շատ հայ ընտանիքների գոյատևման հիմնական աղբյուրը հենց արտագնա աշխատանքի մեկնած հարազատների ուղարկած գումարներն են։ Դրանց նվազումը հարվածում է այդ ընտանիքների գնողունակությանն ու կյանքի որակին։ Դա էլ իր հերթին ազդում է երկրում մանրածախ առևտրաշրջանառության ծավալների անկման վրա։ Օրինակ, ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2015 թվականին Հայաստանում մանրածախ առևտրաշրջանառության ծավալները նվազել են 10.1%-ով, իսկ 2016-ին՝ 2.6%-ով։ Իհարկե, միայն դրամական փոխանցումների կրճատում չէ պատճառը, որ մանրածախ առևտուրը պակասել է, սակայն դրա ազդեցությունը թերագնահատել պետք չէ։

Բացի այդ, պակասում է երկրում արտարժույթի քանակը, որը դրամի արժեզրկման ռիսկեր է պարունակում։ Մինչև 2014 թվականի անկումը,  դրամական փոխանցումների ծավալը համեմատական էր պետական բյուջեի հետ։

Այս ամենի ֆոնին ուշագրավ է նաև այն, որ ՌԴ-ից ՀՀ տրանսֆերտների ներհոսքին զուգահեռ ավելանում է ՀՀ-ից ՌԴ արտահոսքը։ Օրինակ՝ 2015  թվականին արտահոսքի ցուցանիշն աճել է 33.5 մլն դոլարով, 2016-ին՝ 47 մլն դոլարով։ Տեսակետ կա, որ Հայաստանում ապրողները իրենք են փորձել այս ընթացքում օգնել ՌԴ-ում ապրող հայրենակիցներին ու գումարներ ուղարկել այդ նպատակով։ Բացի այդ, մի առիթով  «Հետք»-ի զրույցում  «Լավ առաջարկ» անշարժ գույքի գործակալության տնօրեն Վլադիմիր Խաչատրյանը նշել էր. «Ռուսաստանաբնակ հայերի մի մասը, որոշակի սպասելիքներ ձևավորելով, որոշեցին Հայաստանում գտնվող իրենց անշարժ գույքի գները զգալի իջեցնել ու վաճառել, գումարն էլ տանել Ռուսաստան։ Դա շահավետ գործարքն էր նրանց համար, քանի որ դոլարով այստեղ, թեկուզ էժան, վաճառելն ու նույն դոլարը ռուսաստանում ռուբլով փոխանակելը ձեռնտու գործարք էր, այն պարզ պատճառով, որ դոլարը Ռուսաստանում գրեթե կրկնակի թանկացավ։ Այդ երևույթը մասամբ շարունակվում է նաև այսօր»։ Այսինքն՝ փողի արտահոսքը կարող էր պայմանավորված լինել նաև այդ ու այլ հանգամանքներով։

Դրամական փոխանցումների պարագայում հաճախ կարևորվում է զուտ ներհոսքի ցուցանիշը։ Զուտ ներհոսքը հավասար է ներհոսքի և արտահոսքի տարբերությանը։ 1 մլրդ 533 մլն դոլարը, որը ներկայացրինք հոդվածի սկզբում, ներհոսքն է, իսկ արտահոսքը (բանկերի միջոցով ֆիզիկական անձանց կողմից ՀՀ-ից արտերկիր փոխանցված գումարները) այս ընթացքում կազմել է  մոտ 817 մլն դոլար, որից 333 մլն դոլարը դեպի ՌԴ արտահոսքն է։ Արդյունքում զուտ ներհոսքը մոտ 716 մլն դոլարն է, որից 563.5 մլն դոլարը ՌԴ-ից է։ Ինչու՞ է հաճախ առավել կարևորվում զուտ ներհոսքը. քանի որ համարվում է, որ այն երկրում մնացած գումարն է, որը կարող է ծառայել տնտեսությանը։

2015 թվականի համեմատ նախորդ տարի արտահոսքն աճել է մոտ 56 մլն դոլարով կամ 7.3%-ով, իսկ զուտ ներհոսքը կրճատվել է 155 մլն դոլարով կամ 18%-ով։ Ինչպես տեսնում եք, զուտ ներհոսքի նվազման տեմպերը շատ ավելի մեծ են, քան ընդհանուր ներհոսքինը։ Նշենք, որ 2015-ին զուտ ներհոսքը կրճատվել էր 29%-ով։

Ըստ ՀՀ ԿԲ-ի տվյալների

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter